Հարցազրույց Հոգևոր զրույց Մշակույթ

Կարինե Ջանջուղազյան․«Սերը ծածկում է ամենամեծ մեղքերը, ամենամեծ մեղքը սեր չունենալն է»․ հոգևոր զրույց

 

Ծնվել եմ․․․

 

Ես ծնվել եմ Ախթալայում, շատ համեստ հանքագործի ընտանիքում ու գիտեմ համեստության արժեքը։ Տեսել եմ պարզ մարդկանց ու աշխարհայացքս ձևավորվել է՝ գնահատելով պարզությունը, որն ակունքների ակունքն է։ Իմ մանկությունն անցել է հանքերում, ես անպատմելի սիրում էի հանքերն ու հավաքում էի փայլփլուն քարեր՝ ամեն անգամ երևակայելով, թե գանձերի որոնումներ եմ իրականցնում։ Այնուհետև Ստեփանավանում՝ անտառի մոտ էինք ապրում․ խոտերից, սեզերից, բամբուկից տներ էի սարքում, դղյակներ, ամրոցներ, ամբողջ անտառը լցնում էի այդ գողտրիկ անկյուններում, կերպարներ հորինում ու խաղում, հետո մայրս շաբաթօրյակ էր անում և տնակներս հօդս էին ցնդում (ժպտում է):

 

Բեմը, հանդիսատեսը․․․

 

Սոկրատն ասում է՝ ամեն մարդու մեջ լույս կա, հարկավոր է միայն տեսնել այն։ Եթե մեր սիրտը բաց է, մենք նկատում ենք դա։ Վերջերս դստերս ասում էի՝ ի՜նչ լավ մարդիկ կան քաղաքում․․․  Թվում է՝ չենք ճանաչում, անծանոթ են, բայց հերիք է մի քանի բառ խոսենք՝ հարազատ են դառնում․․․ Եվ, ընդհանրապես, ես զարմանում եմ՝ ինչու՞ պիտի բաց չապրենք․ երբե՛ք, երբե՛ք դա չեմ հասկացել։ Ոչինչ իմ կյանքում թաքուն չեմ արել, ամուսինս ասում էր՝ երբեք չստես, դա քո դեմքին միանգամից գրվում է (ժպտում է), անգամ բեմում, երբ, ցավոք, երբեմն ես տեխնիկապես եմ խաղում, ու դա պատահում է, զգում եմ, որ հոգիս բացակա է, որ դա բնավ արարման երեկո չէ․․․Ես, բնականաբար, շատ ծանր եմ դա տանում։ Դուստրս կինոռեժիսոր է, իմ ամենամեծ, իսկական քննադատն է, թեպետ միշտ էլ նշում եմ, որ նախ ինքս եմ իմ քննադատը, ու եթե նա այդպիսի ելույթներիս ներկա է լինում, միշտ ասում է, թե որ մասում ես խաբեցի (ժպտում է): Իմ դեպքում՝ հանդիսատեսը չի զգում դա, բայց դուստրս՝ իմանալով իմ ֆիզիկան ու քիմիան, տարբերակում է ապրածս-չապրածս։ Ես միշտ ասում եմ՝ լավագույն դերասանները կյանքում են, իմ մասնագիտությունն է՝ ցույց տալ նրանց, բացահայտել․ ես չեմ սիրում ստել բեմում։ Բեմն ինձ համար մենախոսություն է, այն երբեք չի կարող խաղ դառնալ, ես չեմ կարող հասկանալ այն օրենքները, որոնք վերագրում են բեմին․ յուրաքանչյուր դեր, կերպար նախ ի՛մ մասին է, ի՛մ կյանքն է։Ես չեմ կարող պատմել, առավել ևս բացատրել իմ և բեմի սերը, ճիշտ այնպես, ինչպես չեմ կարող բացատրել, թե ի՞նչ է արվեստը։ Բոլոր սահմանումները ես թողնում եմ հանդիսատեսին․ չէ՞ որ երկխոսությունս նրա հետ է, տպավորությունը նրանն է, ինձ ընկալել կամ չընկալելը նույնպես։ Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ասում են՝ քո քույրերն ու եղբայրները դրսում քեզ սպասում են, նա պատասխանում է՝ իմ քույրերն ու եղբայրները նրանք են, որոնք իմ խոսքը լսում և ընկալում են։ Ես էլ հենց այդ ընկալողների համար եմ ապրում, լցվում և բժշկվում եմ նրանցով։ Խոսքն արվեստ է, բոհեմ է, կուլտուրա։ Խոսքը պիտի կառուցողական լինի։ Իրականում ես շատ փակ մարդ եմ, որքան էլ դժվար է դա պատկերացնել․․․

 

Սերը․․․

 

Ներդաշնակության պահը ես ինքս եմ որոշում, ընտրում։ Կարող եմ ծաղիկ ընտրել ու ապրել դրա ողջ արարչագործությունը, հանդիպել դրա մեր Աստծուն, հիանալ երկնքով, ամպերով, ծիածանով, անձրևով, կայծակով և հասնել գերագույն երանության, որովհետև Աստծո հետ հանդիպումը պետք չէ գերբնականության մեջ փնտրել, իրականում ամենապարզ բաների մեջ կարող ենք գտնել և զգալ Նրա ներկայությունը, հասնել մեր երջանկությանն ու խաղաղությանը։ Դա շնորհ է։ Ես հասկացել եմ, որ մարդուն տրված է որոշումներ կայացնելու շատ մեծ իշխանություն։ Տարիների հետ հանգել եմ այն բանին, որ ուզում եմ խոսել վերապրածիցս՝ չտրվելով պատերի տակ հունցվող ասեկոսեներին, մարդկանց կարծիքներին։ Դա միակ բանն է, ինչը իմն է, ինչն ինձ համար ճշմարիտ է․ ես սովորական մարդ եմ՝ իմ վերելքներով, անկումներով, և դա հրաշալի է։ Ես սիրում եմ կյանքը։ Արարչագործությունից մենք փոքրիկ շնորհներ ունենք, որոնք մենք բաշխում ենք պահերի մեջ։ Ես գոհ եմ Աստծուց, անկախ փոքրիկ խռովքներից, որ յուրաքանչյուրն էլ ունի կամ կարող է ունենալ, որովհետև իրականում ամեն բան իր ժամանակն ունի․ սերմը գցում ենք հողի մեջ, այն պիտի աճի և հասունանա, ծառ կամ ծաղիկ դառնա, այդպես էլ մեր՝ դեռևս չիրականացած երազանքները, պիտի գտնեն իրենց պահը․․․ Ես դեռ շատ անելիքներ ունեմ, թեպետ կան բաներ, որոնք կարող էին ավելին լինել, ես կարող էի ավելին անել, բայց չեմ արել․ պատճառները տարբեր են, ամենացայտունը՝ դրանց պահը չէր, ուրեմն․․․ Իմ մեջ, սակայն, մի աներես սեր է ապրում՝ զգացածը փոխանցելու մեծ կարիքը․ ես ոչինչ չեմ կարողանում միայնակ վայելել։ Ես պիտի պարտադիր կերպով կիսեմ հիացումներս, բաժանեմ գեղեցիկը բոլորին ու լիանամ դրանով։ Տաղանդավոր մարդկանց բացահայտելիս՝ պիտի ամենուր պատմեմ նրանց մասին, եթե անհրաժեշտ է, նույնիսկ գոռամ, որ նրանք պե՛տք են, պե՛տք են մեզ։ Զարմանալի է, բայց դուստրս էլ գենետիկորեն ժառանգել է դա։ Ես շատ տարբեր բաների միջով եմ անցել, ունեցել բազմաբովանդակ ապրումներ, որոնք ինքն իրենց են զտվել ու դարձել այն, ինչ պիտի դառնային՝ սեր, սեր, սեր․․․ Հետաքրքիրն այն է, որ այլ բանի չեն վերածվել, միմիայն սիրո (ժպտում է):

 

 

Գրքեր, ընթերցանություն․․․

 

Վերնագրեր և թվեր ես շատ վատ եմ հիշում, բայց վերջին կարդացածս գիրքը կնշեմ՝ Գի դը Մոպասանի «Սիրո խոսքեր» ժողովածուն։ Հետաքրքիր և ազդեցիկ գիրք էր։ Վերջերս ընթերցել եմ նաև Անտոն Չեխովի նամակները՝ ուղղված իր կնոջը․ սիրո թեմաները միշտ էլ գրավում են։ Իմ կյանքն էլ սիրո խտացում է միշտ եղել։ Եվ, առհասարակ, մենք բոլորս Լույսի, Սիրո հետևորդներ ենք՝ անկախ այն փաստից՝ գիտակցում ենք դա, թե ոչ, որովհետև ենթագիտակցորեն միշտ ձգվում ենք դեպի Լույսն ու Սերը։ Մեր մեջ ի ծնե մեր մոր արգանդից դրված է Հավիտենությունը, Լույսը ճանաչելու փափագը․ որտեղ մեր սիրտը, այնտեղ մեր գանձը․․․ 

Պիտի նշեմ, որ Մարկեսն իմ սերն է (ժպտում է): Չեմ կարող առանձնացնել այդ հեղինակի որևէ գործ, որովհետև բոլորն են հանճարեղ։ Վերջերս նաև մի շատ հետաքրքիր ուկրաինացի գրողի եմ բացահայտել՝ Սիգիզմուդ Կրժիժանովսկուն։ Անչափ տպավորիչ ձեռագիր ունի։ Ես նաև պոեզիայի մեծ սիրահար եմ։ Տերյանն ինձ համար բացարձակ է։ Նրա տեքստերի հիման վրա երգեր եմ գրել իմ կյանքի ամենածանր պահերին։ Կիթառի մի քանի ակկորդ գիտեի, հայրս էր փոքր տարիքում սովորեցրել։ Նա միշտ ինձ ասում էր, որ կյանքը շատ թախիծներ, տխուր կողմեր ունի, և երբ մի օր հանկարծ տխրես՝ երգիր ու դա կօգնի։ Երբ կորցրի ամուսնուս, իսկ դա իմ կյանքի ամենադժբախտ, ամենածանր օրերն էին, վերցրի կիթառս, բացեցի սիրելի Տերյանի գիրքը և սկսեցի նրա հետ ընկերություն անել․ այդպես ծնվեցին երգերս։ Առհասարակ, ես շատ ընկերներ ունեմ այս աշխարհում՝ պոետներ, նկարիչներ, դերասաններ, երգիչներ․․․ Ես երբեք մենակ չեմ եղել, և ոչ ոք մենակ չէ աշխարհում․ դա մեր ընտրությունն է։

Թումանյանն էլ ինձ համար անհերքելի մեծություն է։ Մեր հայ բանաստեղծներին անհնար է չսիրել։ Վերջերս քիչ եմ կարդում, որովհետև էլեկտրոնային ընթերցանությունն ինձ համար աղետ է։ Ես սարսափում եմ գրքին չհաղորդակցվելուց, հոտը չզգալուց․․․

Ուզում եմ նաև հիշատակել գերմանաբնակ հայ արձակագիր Սևակ Արամազդի «Արմեն» վեպը, որն ինձ ցնցել է, երկար տարիներ այդ վեպից հետո ես չէի կարողանում հիացումից ուշքի գալ։ Տարիներ հետո ճակատագրի նախախնամությամբ մենք հանդիպեցինք ու դարձանք լավ ընկերներ, ես բացահայտեցի նրան նաև որպես հրաշալի բանաստեղծ։

 

Ժամանակը․․․

 

Ինձանից լավ իմ հանդիսատեսին ոչ ոք չգիտի․․․ Քառասուն տարին քիչ չէ։ Ես գիտեմ ինչքան խաբված է իմ ժողովուրդը, ինչքան է խաբել ինքն իրեն տգեղով, ինքնախարազանումով նվաստացրել, վիրավորել հանդիսատեսին․ իրականում դա չէ իր հոգու կարիքը․․․ Գուցե այդպիսի ժամանակներ են եղել, գուցե հիմա էլ այսպիսի ժամանակներ են․․․ Գիտեք, ես շատ եմ հոգնել հեղափոխական լինել․ իմ ողջ գիտակցական կյանքում ես հեղափոխական եմ։ 1986 թվականից պատերազմների, պայքարների մեջ է անցել իմ կյանքն ու կան բաներ, որոնք ես տանուլ տվեցի այդ ժամանակ, այդ ժամանակին։ Ես շատ լավ եմ զգացել և զգում Ժամանակը։ Դրա շունչը հիմա էլ ինձ հետ է, բայց ես չեմ ծերացել, մի քիչ ֆիզիկապես հոգնել եմ։ Բայց ես սկզբունքային եմ իմ բոլոր դերերում, կերպարներում․ իմ հանդիսատեսը պիտի հեռանա դահլիճից հույսով ու հավատով, իմ մատուցած ավարտում լուսաբացի գաղափարն է։ Եթե ես պիտի չկարողանամ տալ նրան բանալիներ, լուծումներ ու ելքեր, ամենաքիչը պիտի տամ դրա հույսը, որը զորություն է․ պարապ բան չէ հույսը, առաջ մղող ուժ է․․․ Անգամ, եթե դերս բացասական է (ի դեպ առաջիկայում մի ֆիլմում հենց այդպիսի դերով հանդես կգամ), իմ կերպարը պիտի վերջում ապաշխարհի (ժպտում է), դա կարող է լինել մի հայացքով, հոգոցով, բայց պարտադի՛ր, պարտադի՛ր պիտի լինի։ Իմ դերը պիտի ունենա կենսագրություն, ու բնավ կարևոր չէ մեծ դեր է, թե փոքրիկ․․․

 

Ճնճղուկ Էդիթը, երջանկությունը բեմից ու դերից դուրս․․․

 

Որպես մարդ, որը միշտ իր մեջ է փնտրել իր ինքնությունը, ես երբեք չեմ սիրել, երբ ինձ համեմատել են Էդիթ Պիաֆի հետ։ Նա եղել է ինձ համար ոգեշնչման աղբյուր, շատ բաներ եմ սովորել իրենից, բայց հետևել եմ իմ ներսի լույսին, գերխնդիրս եղել է ինքնաբացահայտումը, ինքնակերտումը։ Դա նաև իմ արտիստական սկզբունքներից մեկն է։ Պիաֆը, Ազնավուրի պես, ինձ համար հանճարեղ է, ինչ խոսք։ Նա եկավ իմ կյանք, որպեսզի ես կարողանամ շարունակել սիրել։ Մեր բեմադրած պիեսում մենք խնդիր դրեցինք մեր առաջ՝ ոչ մի տառ չհորինել։ Մենք ամբողջովին օգտվել ենք իր խոսքից, մտացածին ոչինչ չի եղել բեմադրության մեջ․․․

Իմ կյանքը, սակայն, բեմից դուրս շարունակվում է։ Ես նախ իմ անհատի կյանքն ունեմ, ուր ապրում են զավակներս՝ աշխարհում ամենից թանկը՝ ինձնից էլ, կյանքիցս էլ, նույնիսկ արվեստիցս։ Ես ամեն օր եմ հիշում, որ նրանց լույս աշխարհ եմ բերել՝ երջանիկ տեսնելու համար, և ես ապրելու եմ այնքան, մինչև իմ ուզածի չափ նրանց երջանիկ տեսնեմ․․․ Մարդիկ հաճախ սարքում են այդ երջանկությունը, բայց ես մեծ երազանք ունեմ, որ մենք բոլորս իրապես կգտնենք ազնիվ, անկեղծ երջանկությունը։ Հաճախ լսում ենք՝ կինը տղամարդու փառքն է։ Ցանկություն է առաջանում շատ տղամարդկանց հետադարձել՝ ցույց տուր ինձ կնոջդ, որ ճանաչեմ քեզ (ժպտում է)։ Եվ, այնուամենայինիվ, թող յուրաքանչյուր տղամարդու պսակն իր կինը լինի․ Հիսուսն ասում է՝ Սերը ծածկում է ամենամեծ մեղքերը, ամենամեծ մեղքը սեր չունենալն է․․․  

 

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի 

© Երևան  2020

Զրույցը վարեց՝  Տիգրանուհի Մարգարյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև