Թարգմանչի դիտանկյուն Վերլուծություն

Կարեն Օհանջ․ «Արամյանց»․ թարգմանչի դիտանկյուն

 

Կարեն Օհանջ․ «Արամյանց»

«Էդիթ Պրինտ» հրատարակչություն

 

 

Մոտ ժամանակներս լույս կտեսնի Կարեն Օհանջի «Միքայել» վեպը, որը հայերեն թարգմանությամբ վերնագրվել է «Արամյանց»: Իրականում վերնագրային այս երկու տարբերակները մեկ ամբողջության երկու բաղկացուցիչներն են, հետևաբար կարելի է ասել, որ գրքի ռուսերեն տարբերակից շեղում չի եղել. գիրքը պատմում է հայ մեծանուն բարերար և գործարար Միքայել Արամյանցի մասին և մաս է կազմում  «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած շարքի, որում լույս են տեսել Քըրք Քըրքորյանի, Գալուստ Գյուլբենկյանի և Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող գրքերը:

Արամյանցի մասին պատմող գրքի թարգմանությունն ինձ համար եղավ լրումը թարգմանական այն աշխատանքի, որը սկսել էի Մանթաշյանցի մասին գիրքը թարգմանելով, իսկ բուն թարգմանությամբ զբաղվելուն ինձ մղեց հենց այս երկու անձերի, ժամանակաշրջանի ու իրադարձությունների հանդեպ սերն ու հետաքրքրությունը: Չեմ կարող ասել՝ կթարգմանե՞ի այլ գիրք կամ կթարգմանե՞մ հետագայում որևէ գիրք, սակայն Արամյանցի մասին գիրքը թարգմանելուց հետո խորը շունչ քաշեցի և ինքս իմ առջև դրած նպատակն իրագործած համարեցի:

Թարգմանական ընթացքը և՛ հետաքրքիր էր, և՛ պատասխանատու, քանի որ գեղեցիկ լեզվով շարադրված տեքստը պետք էր ճիշտ հասցնել հայ ընթերցողին: Բացի այդ, գրքի հայերեն տարբերակում որոշեցինք անդրադառնալ այն դեմքերին, դեպքերին ու տեղանուններին, որոնք առկա էին գեղարվեստական գրքում: Այդ նպատակով իմ կողմից գրքում կազմվեցին ծանոթագրություններ, որը պակաս պատասխանատու հետազոտական գործ չէր, քանի օր գրքի հեղինակ Կարեն Օհանջը հանդիսանում է Միքայել Արամյանցի շառավիղներից: Գրքում տեղ են գտել նաև նրա ընտանեկան արխիվից և կառուցած տարբեր շինությունների լուսանկարներ, որով գիրքը հետաքրքրական և օգտակար է Արամյանցի կյանքով հետաքրքրվող յուրաքանչյուր ընթերցողի և, առհասարակ, մարդու:

Կարեն Օհանջի այս վեպը նվիրումի և անմնացորդ սիրո մի պատում է առ հայրենիք, առ արժեքներ,  առ մարդն ու Աստված:

Սեր, որն անպարտելի է և հավերժ, սեր, որն Արամյանցին՝ Թիֆլիսի պատվավոր քաղաքացուն, «ստիպեց» չլքել սիրելի քաղաքն անգամ այն դեպքում, երբ այդ նույն քաղաքն ուրացավ նրան ու նրա սերն իր հանդեպ:

Եվ սերը հաղթեց. նրա անունն ու գործը մշտապես դաջվեց սերունդների հիշողության մեջ: Միքայել Արամյանցի հայանպաստ, մարդանպաստ գործունեությունը, նրա հաջողությունները բիզնեսում, նրա բերած նորամուծությունները մշտապես իրենց ուրույն հետքն ու ներգործությունը թողեցին այն միջավայրի ու վայրի վրա, որտեղ նա ապրեց ու արարեց՝ Թիֆլիսում, Բաքվում և հայերի կյանքում: Կովկասի բուրժուազիայի ճարտարապետ. ահա այսպիսի անուն էին տվել ժամանակակիցներն Արամյանցին, որն իրավամբ ճաշակ թելադրող ու ստեղծող էր այնտեղ, որտեղ նրան վիճակված էր անցկացնել իր կյանքի վերջին օրերը:

Ամբողջության մեջ Կարեն Օհանջի այս վեպը կյանքի դրամա է և ապացույցն է այն մտայնության, որ մարդ երբեք չպետք է դադարի գործել և սիրել, ստեղծել և նվիրել, այս վեպը հավաստումն է այն հավատի և նվիրագործումի, որի կրողը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրը:

Անկախ ամեն ինչից…

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Դավիթ Սամվելյան

գրող, թարգմանիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև