Հարցազրույց

«Կասկադ 6.15». երբ գիրք է գրում լրագրողը․ զրույց հեղինակ Մարիաննա Հակոբյանի հետ

 

Մանկությունը․․․

 

— Ամենակարող է։ Մանկությունը գեղեցիկ շրջան է՝ անվախ երազանքներով լի։ Մանկությունը չի մտածում՝  կստացվի՞, թե՞ ոչ, մանկությունը վախ չի ճանաչում, միայն սիրել ու զգալ գիտի։ Երեխան զգալով է գնում այս կամ այն մարդու գիրկը ու չի սխալվում՝ լավ ու վատ «ձյաձյաների» ու «ծյոծյաների» հարցում։ Մանկությունը պարզապես մոռացկոտ է, մեծանում է դառնում վախկոտ ու չի հիշում, որ ամենակարող է։ Ճապոնացիները մի հետաքրքիր միտք ունեն, ասում են՝  ամեն մարդ ամեն օր իրեն պետք է զգա աշխարհի փրկիչ։ Գրքիս առաջաբանում հենց մանկությանն եմ անդրադառնում․

«Ասում են՝ պետք ա հայտնի դառնաս, նոր գիրք գրես, Ֆեյսբուքում ակտիվ ստատուս գրող լինես, շատ լայքեր հավաքես, Ինստագրամում բլոգ վարես, շատ հետևորդներ ունենաս կամ գիտնական Հարարիի նման իրոք ասելիք ունենաս։ Թե չէ՝ ով ա կարդալու։ Երբ փոքր էի ինձ խոստացա, որ մեծանամ՝ երազանքներս չեմ մոռանա։ Դա դարձել է հետաքրքիր խաղ ինձ համար ու անկախ քառակուսիներից, թե որը որից հետո պետք է անել, որ հաջողվի, երազանքներիս ցուցակում հաջորդը գիրքն է։ Ես նոր բան չեմ գրել, ես իմ ձևով եմ գրել։ Ի վերջո, իմաստը տարբեր լինելու մեջ է․․․»

 «Մանկության հետ պետք է զգույշ լինել։ Փոքր ժամանակ հեշտ է սիրելը, հետո դժվարանում է, զգացմունքները բթանում են, մնում են այն տուփի մեջ, որտեղ պոկված «բրելոկն է», ձմեռ պապիով ու ձյունիկներով ապակե գունդը, մաշված նկարը, կիսադատարկ դուխու շիշը, ոջիլի սանրը, գետից հանած կախարդական քարը, քրքրված տուփով «կարթերը», շաքար խնձորի փայտիկը, դպրոցից մնացած «զամոկով հուշատետրը», որի բանալին չկա, իսկ էջանիշներն իրենց նպատակին երբեք չծառայեցին։ Գիտակցությունը կգա ու խելացի մտքեր կթելադրի, բայց խելքով երջանիկ չես լինի»։

 

Ճանապարհ, որ տանում է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․․․

 

— ․․․Սկսվում է ընտանիքից։ Եթե ընտանիքում գրքի հանդեպ հատուկ վերաբերմունք կա, եթե գրապահարանը հեղինակություն է վայելում, եթե շքեղ ու ճաշակով է տան փոքրիկ գրադարանը, ապագայում շքեղ ու ճաշակով  կլինի նաև տունն ու զգեստապահարանը։ Պապիկս մինչ օրս գնում է օրվա թերթերը, կարդում, ընդգծում, բերում իմ սենյակ, ասում՝ կարդա։ Ու ոչ միայն թերթեր, շաբաթը մեկ նոր գիրք է ընթերցում, հետո դնում իմ սեղանին։ Գրականություն տանող ճանապարհին շնորհակալ եմ հատկապես պապիկիս։

 

 

«Կասկադ 6.15». երբ գիրք է գրում լրագրողը…

 

— Մտահոգվում են ծանոթ քաղաքական գործիչները, որոնց հետ երբևէ առնչվել ես (ծիծաղում է):

 

Ժամանակակից աշխարհն ու մեր ժամանակի հերոսները՝ «Կասկադ 6.15» գրքում…

 

— Անկեղծ են, խոսում են «ա»-երով, մեզ ծանոթ բառերով ու արտահայտություններով։ Բառերը ընտրելիս չեն մտածում ձևի մասին, չեն վախենում սխալվել։ Մեր ժամանակի հերոսները գրքում էլ սիրո կարիք շատ ունեն, հակասական են ու ամպի չափ շատ ուզում են ներդաշնակություն գտնել։

 

Երազանքի հասարակության մոդելը․․․

 

— Ընտանիքը պետության փոքր մոդելն է, ինչ ներսում է, նույնն էլ դրսում։ Ուզում ենք առանց դավաճանների հայրենիք՝ ընտանիքում պետք է դավաճանությունը բացառել, ուզում ենք «թարգել» ֆեյքերին՝ պետք է «թարգել» սիրուհիներին ու սիրեկաններին։ Բաժանություններ չենք ուզում, ամուր ընտանիքներ ենք ուզում, ուզում ենք, որ պետությունն էլ չբաժանի սևերի ու սպիտակների։ Եթե սիրո պակաս չունենք՝ երջանիկ ենք, ադեկվատ ենք՝ հետևաբար ոչնչից ու ոչ մեկից կառչած չենք՝ ոչ գործից, ոչ անցանկալի մարդկանցից,  միշտ պատրաստ ենք փոփոխությունների, որովհետև դրա մեջ է զարգացումը։ Ընտանիքում ամուսնուց միշտ կառչած, սեփական կարծիքը չունեցող կինը դատապարտված է ստորացման, ինչպես և պետության մեջ աթոռից կառչած ցանկացած ղեկավար։ Մի խոսքով, երջանիկ մարդկանց եմ ուզում տեսնել, որոնց մտքով երբևէ չի անցնի դիմացինին նեղացնել։

 

Երևան. ներշնչանքի՞ քաղաք, թե՞ քաղաք, որտեղ կորցնում են ներշնչանքը…

 

— Հիմա դժվար է շնչել, էլ ուր մնաց ներշնչվել։ Դժվար օրեր ենք ապրում, բայց ես հավատում եմ, որ ամեն դժվարության հետևում թաքնված օրհնություն կա ու նույնիսկ այս անելանելի իրավիճակից ելք կա։ Հայը համառ, չվերացող, պայքարող տեսակ է, ինչքան ցավում է, ուժեղանում է։ Կորուստը պետք է դարձնենք ձեռքբերում, ընտանիքներում նորից պետք է տղաներ ծնվեն ու մխիթարեն, բուժեն ցավը, նորից կյանքով լցնեն ապրելու իմաստը կորցրած մայրերին ու հայրերին։

 

Հայ արդի գրականություն.  Ձեր վերջին կարդացած գիրքը…

 

— Մարկ Արեն․ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր․ անատոլիական պատմություն»։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2021

 

 

 

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

Ընթերցել նաև