Միջոցառումներ Շնորհանդես

Կայացավ Դարիկո Խաչատրյանի «Բացված ծովախեցի» գրքի շնորհանդեսը

 

2019 թվականի Հոկտեմբերի 30-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Դարիկո Խաչատրյանի «Բացված ծովախեցի» գրքի շնորհանդեսը։ Բանաստեղծությունների այս ժողովածուն եկավ «վկայելու ջրի առոգանությունը»։ Հատընտիր գրերից, ինչպես նաև հոդվածներից բաղկացած գիրքն ուշագրավ է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև խիզախումով։

«Շատ դժվար օրեր են Պոեզիայի համար, — նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը,- գրել մեր օրերում, պոեզիա գրել՝ խիզախում է, մեծ քաջագործություն, որովհետև պոեզիա գրելը, պոետիկ մտածելը և պոետ ծնվելը բացառիկների շնորհն է, վկայումը նրանց․․․»։

Գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության հիմնադիր, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի ղեկավար Մարգարետ Ասլանյանն ընթերցեց գրքի՝ իր կողմից հեղինակած նախաբանը․

 

․․․Եվ երգն էր ծաղիկ,

ու հեռվից եկած օրերի մեջ էր,

լսվում էր հոգու գողտրիկ պատմություն,

թե հարյավ ձայնը ջրեր են լալու…

Աշոտ Ավդալյան

 

«… Ավազահատիկների լռության մեջ վայրի պտտահողմի արցունք կա դեղին: Մայրամուտի նարինջը կիսվում է, և երկնքից տասնյակ հրեշտակներ են իջնում տափաստանի վերքին: Ուխտագնացությունը դեպի հոգի` երկար ճանապարհ է Բանաստեղծության քավարանով, ուր ծովի պես մեր անհատակ խորքերն արձագանքում են մենության, հիշողության, անձկության ծովախեցիների ուրվասահքը, և հայելացած խոռոչներն արտացոլում են ասացման առավոտի մերկությունը կաթե. աշխարհում ամեն վայրկյան ավարտվում է ինչ-որ ծովի Բանաստեղծություն, երբ անզգուշորեն խոզերի առաջ շաղ ենք տալիս նվիրումի մարգարիտները…»,- ապա ավելացրեց,- Կնոջ սիրտն անեզր, խորը ծով է։ Երբ բացվում է կնոջ հոգու ծովախեցին, ուրեմն ն աշխարհին իր ասացման շնորհն է բաժանում, փխրուն առավոտը։ Դարիկո Խաչատրյանի պոեզիան անհերքելի ժառանգություն է, որին մեզանից յուրաքանչյուրը պիտի դողով մոտենա, հոգատարությամբ ու քնքշանքով, որովհետև սա ընդամենը ինչ-որ մի կնոջ պոեզիա չէ, սա մի ամբողջ ազգի դեմք է։»։

 

 

Ընթերցել նաև