Թարգմանչի դիտանկյուն Վերլուծություն

Կազուո Իշիգուրո «Օրվա մնացորդը»․ թարգմանչի դիտանկյուն

 

Կազուո Իշիգուրո «Օրվա մնացորդը»

«Զանգակ» հրատարակչություն

 

 

«Օրվա մնացորդը» պատմություն է մարդու մասին, որին կործանեցին այն գաղափարները, որոնց վրա նա կառուցել էր իր կյանքը։ Այսպես է Կազուո Իշիգուրոյի վեպը նկարագրում ժամանակակից մեկ այլ հեղինակ՝ Սալման Ռուշդին։ Քննադատների կողմից «գեղեցիկ ու դաժան» բնորոշվող այս գիրքը անձայն հուսահատության ու լռեցված զգացմունքի մասին նուրբ գլուխգործոց է։ 1989թ․ գրված վեպը հեղինակի համար տեղ ապահովեց Եվրոպայի ամենահայտնի գրողների շարքում։ «Օրվա մնացորդը» ճապոնացի ծագմամբ բրիտանացի գրող Կազուո Իշիգուրոյի թվով երրորդ վեպն է, որտեղ, ի տարբերություն նախորդ երկու գործերի, հեղինակը ճապոնական-ազգային թեմաներից անցում է կատարում բրիտանական-միջազգային թեմայի։ Հարցազրույցներից մեկում Իշիգուրոն նշում է, որ թեման գիտակցաբար է ընտրել՝ նպատակ ունենալով գրել միջազգային հանրության համար։ Եվ այսպես, ինչի՞ մասին է «Օրվա մնացորդը», ո՞վ է վեպի հերոսը, ի՞նչն է վեպը այդքան սիրված ու հայտնի դարձնում։

«Օրվա մնացորդը» վեպի հերոսը ծերացող ծառայապետ Ստիվընսն է, որը նոր տիրոջ հորդորով առաջին անգամ համարձակություն է ունենում լքելու Դարլինքթըն Հոլը՝ առանձնատունը, որտեղ աշխատել է երկար տարիներ, և ուղևորվում է Անգլիայի արևմուտք՝ ոչ երկարատև ճամփորդության։ Առերևույթ խաղաղ ու անվրդով սյուժեի առաջին շերտի տակ հույզերի ու զգացմունքների ալեկոծություն է։ Ստիվընսը ընթերցողին տանում է ճամփորդության՝ ժամանակի ու տարածության միջով։ Անգլիական բնաշխարհի գեղեցիկ ու սահուն նկարագրություններին զուգահեռ՝ հերոսը հետուառաջ է անում ժամանակի մեջ՝ ճամփորդության ընթացքում արվող իր օրագրային գրառումները լցնելով անցած ժամանակի վերհուշներով և ներկա իրողության մասին դատողություններով։

Վեպում բարձրացվող թեմաները բազմաշերտ են ու բազմազան։ Անհատի վատնած կյանքի ու քողարկված զղջման թեմային զուգահեռ՝ հետնանկարում պատկերվում է մի ողջ դարաշրջան՝ իր սոցիալ-քաղաքական իրադարձություններով ու վայրիվերումներով։ Այս առումով «Օրվա մնացորդը» նաև պատմական ու քաղաքական վեպ է, որտեղ ազնվականներին սպասարկող ծառայապետի աչքերով քննարկվում են Առաջին համաշխարհայինից հետո տեղի ունեցող իրադարձությունները․ պատերազմում պարտված Գերմանիայի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքը, Միացյալ Նահանգների վարած երկակի քաղաքականությունը, հրեաների հանդեպ սկսվող հալածանքները, նացիզմի ծնունդն ու տարածումը և անգլիական ազնվականության գիտակցված կամ չգիտակցված ներդրումը դրա տարածման հարցում։ Սա Ստիվընսի հետ մեր ճամփորդության մի կողմն է՝ արտաքինը, որի ֆոնին հերոսի անձնական ապրումներն ու խնդիրներն են զարգանում։

Վեպի մյուս, գլխավոր սյուժետային գիծը ճամփորդությունն է դեպի ներս՝ դեպի Ստիվընսի անձը։ Հատկապես սեփական ապրումների ու զգացմունքների հարցում Ստիվընսի պատումին վստահել չի կարելի, քանի որ նրա ասելիքը ավելի շատ լռության և ոչ թե ասվածի մեջ է։ Ողջ վեպով կարմիր թելի պես անցնող «ծառայապետն բնորոշ արժանապատվության» և մասնագիտական «մեծության» գաղափարները, որոնց Ստիվընսը զոհել է իր «ես»-ն ու անձնական երջանկությունը, ոչ այլինչ են, եթե ոչ սեփական սխալների ու վախերի համար հորինված անհաջող արդարացում։ Այժմ էլ՝ ծերության շեմին, զուսպ, հումորի զգացումից զուրկ, հնաոճ և անհեթեթության հասնող ֆորմալ բառապաշարով ու պաշտոնական կեցվածքով մեր հերոսը իր երեկոյացող «օրվա մնացորդ»-ը վայելելու փոխարեն անդադար հետ է նայում՝ փորձելով իր ու ընթերցողի աչքում արդարացնել իրեն։ Նա մասնագիտական պարտքին է փորձում վերագրել հոր և սիրած կնոջ հետ հարաբերություններում թույլ տված սխալները, անտարբերությունն ու դաժանության հասնող սառնությունը։

Վեպի գաղտնիքը այն բանում է, որ չափազանց մարդկային է, չափազանց ներսից ու չափազանց մեծ խորությամբ է զննում մարդկային կյանքը։ Ընթերցողը անխուսափելիորեն ինչ-որ պահի իր մեջ ծառայապետ Ստիվընսի է գտնում, քանի որ յուրաքանչյուրիս կյանքում եղել ու լինելու են կորցրած հնարավորություններ, իրականություններ, որ կարող էին լինել, բայց չեղան, որովհետև բավականաչափ համարձակ չէինք կամ պարզապես հանգամանքները թույլ չտվեցին, միշտ լինելու են հուսահատություններ, կորցրած սերեր ու ափսոսանքներ, միշտ լինելու է կյանքը այս կամ այն չափով վատնած լինելու զգացողությունը։

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ռուզաննա Սուքիասյան

գրող, թարգմանիչ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև