Հարցազրույց Նորություններ

«Ծովահենը»․ զրույց երիտասարդ գրող, դրամատուրգ Հասմիկ Կարապետյանի հետ

 

 

Օրերս Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս կընծայի արդի գրող Հասմիկ Կարապետյանի «Ծովահենը» վիպակը։ Գրքի ստեղծման պատմության, առանձնահատկությունների և, առհասարակ, գրականության մասին զրույցը հեղինակի հետ՝ ստորև։

 

 

 

 

 

Գիրք գրելը՝ հոգու պահա՞նջ, թե՞ ժամանակի նորաձև տենդենց․․․

 

— Իսկ Չարենցն իր գլուխգործոցները ժամանակի նորաձևությանը հետևելո՞վ էր գրում…

Առհասարակ, գիրք գրելը դժվար բան է: Գրելով փորձում ենք արտահայտել մեր ներսում կուտկված և՛ փոթորիկը, և՛ կյանքի ալեկոծություններն ու նման շատ ու շատ բաներ: Հետևաբար, կարող եմ պնդել՝ գրելը համալսարանում քննություն հանձնելու նման մի բան է: Սակայն տարբերությունն այն է, որ «ուսանող» կա՝ քննությունը շատ լավ է հանձնում, «ուսանող» կա՝ կտրվում է: Գրողը կտրվողների շարքին է դասվում (լավ իմատով): Գրելը խոստովանություն է, ինքդ քո հետ անկեղծանալն է, սեփական թերությունները նկատելն ու մանրակրկիտ վերլուծելն է: Գրելու ընթացքում առաջանում է ինքնարտահայտման հոգևոր պահանջ, որ գալիս է ապրածդ օրվա, իրադարձությունների պատկերներով: Պատկերացրեք, որ հոգևոր պահանջը այն հիմնակմախքն է, որից հետո անպայմանորեն ձևավորվում է մարմինը:

 

«Ծովահենը». գրքի ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները, ուղերձը․․․

 

«Ծովահենը» վիպակը ստեղծվեց մետրոյում` ինստիտուտից տուն վերադառնալիս, երբ սկսվել էին քննությունների հանձնման օրերը… Կարճ ասած՝ պեսիմիզմի «կատարյալ» հոգեվիճակի արդյունքում է ստեղծվել: Վիպակը գրելիս բախվել եմ տարբեր իրադարձություններին, մարդկանց, որի արդյունքում էլ ստեղծվել են Էնջլի, Սկորսեզեի, Հավերժ Հարբեցողի և այլ հերոսների նման հետաքրքիր ու վառ կերպարներ:

Ի սկզբանե վիպակը գրվել է  որպես դիպլոմային աշխատանք: Սկզբում այն փոքր արձակ պատմությունների տեսքով է հանդես եկել, և միայն հետո  վիպակի վերածվել: Երբ մտքումս ստեղծում էի հերոսներին՝ տալով նրանց բնավորություններ ու «շեղումներ», մտածում էի՝ արդյո՞ք անհրաժեշտ է ժամանակակից հայ գրականությանը նման հերոսներ, որոնք, չեմ թաքցնի, կատարյալ խելագարներ են: Միայն հետո հասկացա, որ խելագարներ մեզ՝ ստեղծագործողներիս ու ընթերցողներիս, շատ են պետք, որ… չխելագարվենք: Երևի թե, վիպակիս առանաձնահատկությունը հերոսների տարբերվող լինելն ու նրանց խելագար արկածներն են: Վիպակը հագեցած է հեգնանքով, ժամանակային անցումներով, մղձավանջներով, որոնք ընթերցողին  կարծես հուշում են, թե ինչպես կարելի է դավաճաններին պատժել:

Մի փոքր անդրադառնամ վերնագրին՝ ինչո՞ւ «Ծովահենը»: Ծովահեններին՝ ծանոթ ենք որպես չար, վատ, կողոպտող կերպարի: Այս դեպքում փորձել եմ արդարացնել ծովահեն-անտագոնիստին. ծովահեն չեն ծնվում, այլ դառնում են, բայց շատ հաճախ շրջապատն է քեզ ստիպում անմեղսունակ նավավարից դառնալ կողոպտող-ծովահեն: Եվ գլխավոր հերոսուհին՝ Էնջլը, լիովին փաստում է այդ իրողությունը: Վիպակում շեշտվում է կորստի գաղափարը, որը գլխավոր հերոսուհու մտերիմ «ընկերն» է (ինչպես ծովահենի ուսին մշտական տեղ գտած թութակը): Սակայն երբ կորցնում ենք, սկսում ենք ավելի շատ գանահատել և ավելի ուժեղ դառնալ: Վիպակում նաև տեղ է գտել անմահության, զոհաբերության գաղափարը, որը որպես պատիժ դժբախտացնում է գլխավոր հերոսուհուն:

Վիպակի ուղերձն է՝ չկոտրվել, չընկճվել, չծնկել: Եթե չունես սեփական նավդ, կարող ես փնտրել այն ու անպայման կգտնես, բայց եթե սկսես կողոպտել ուրիշներին, քոնը երբեք չես ունենալու: Չակերտները չբացվելով՝ ավելացնեմ, որ վիպակի մտահղացման հեղինակները մետրոյի նարնջագույն ժետոնն ու հսկիչ աշխատակցուհու անբարեհամբույր դեմքի արտահայտությունն է եղել:

 

 

Գրականություն տանող ճանապարհը

 

Գրականությունը նմանեցնում եմ արևին.  բավական չէ հետապնդում է մեզ, դեռ ավելին՝ տաքացնում է: Սակայն գրականությունը տաքացնում է մեր միտքն ու հոգին, սնում, եթե ծարավ ենք, հագեցնում, եթե հոգնած ենք՝ հանգստացնում: Նման է փաղաքշող մոր, որից երբեք չենք ուզում հեռանալ: Հիմա եմ հասկանում՝ ինչ ճիշտ էր ասում մեծն Իսահակյանը, երբ գրում էր «Կգա ոգու սով»…կարծես՝ նախազգուշացնում էր, սաստո՛ւմ էր: Այո՛ քաղց կլինի, երբ հոգու սննդից կտրվենք: Գրականության ճանապարհը լուսավոր է, ազատ, անսահման է Տիեզերքի նման:

Գրաքննադատներ կան, որոնք պնդում են արդի գրականության դեռևս չձևավորված, խեղաթյուրված, անկայուն վիճակի ողբերգության մասին: Կարծում եմ՝ արդի գրականությունը, ինչպես առաջ, փնտրտրուքների մեջ է, քանի որ կյանքն ու ժամանակը խելագար արագությամբ  են ընթանում, ու գրականությունն էլ հետևում է այդ խելագար ընթացքին:

 

Գրականությունն ու Թատրոնը…

 

Կա մարդկային տեսակ, որը միշտ հարմարեցնում է իրեն թե՛ շրջապատը, թե՛ շրջապատող իրականությունը: Գրականությունը հե՛նց այս տեսակին է պատկանում. տո՛ւր նրան արվեստի ցանկացած ճյուղ (երաժշտություն, պար, թատրոն, կինո) ու նա կհարմարեցնի, կզարգացնի այդ արվեստը: Սակայն սինկրետիկ արվեստն էլ առանց գրականության չի կարող գոյատևել, քանի որ ամեն կատարյալ արվեստի ստեղծման հիմքում ընկած է գրական որևէ գործ կամ պատմություն: Թատրոնն էլ ստեղծվել է անտիկ դրամատուրգիայից, և զարգացել է գրականությանը զուգահեռ: Գրականությունն է ամեն կատարյալի ստեղծման նախաշավիղը: Եթե խոսեմ արդի թատրոնի մասին, կարող եմ պնդել, որ ռեժիսորները գրականությունն այլ մոտեցմամբ ներկայացնելու առումով, բավականին հնարամիտ լուծում են գտել՝ օգտագործելով ժամանակի պահանջն ու շունչը: Մենք հետևում ենք ջինսե տաբատով Համլետի ողբերգությանը, լսում՝ բջջայինով խոսող՝ Ռիչարդ V-րդ խելագար թագավորի խոսակցությունը, կամ զարմանում Չեխովի «Երեք քույրերի» ոչ ստանդարտ մտածելակերպից…և այս ամենն ընդունելի է:

 

Ժամանակակից մարդն ու գրքերի աշխարհը. Էլեկտրոնայի՞ն, թե՞ թղթային գիրք․․․

 

Որքան էլ զարմանալի է՝ վերջերս ավարտեցի Ումբերտո Էկոյի և Ժան Կլոդ Կարիերի զրույցների հիման վրա ստեղծված «Հույս չունենաք, որ կազատվեք գրքերից» երկխոսությունը, որտեղ խոսք է գնում էլեկտրոնային կրիչների ու թղթե տարբերակով գրքերի մասին: Ինքս փորձում եմ չկտրվել թղթային տարբերակից, առավել շատ «համագործակցել» թղթի, քան թե էլեկտրոնային տարբերակի հետ: Հենց հիմա էլ, թղթին եմ հանձնում այս մտքերս, ոչ թե համակարգչին: Վիպակս ևս ստեղծվել է թղթի վրա և զարմանալին այն է, որ թղթի վրա գրելով՝ ծանոթացա տրամադրությանս վայրիվերումներին. ահա՛ մի տեղ ինչ-որ բառ բարկացած եմ գրել, մյուսում՝ մտքերս ավելի հանգիստ են, հանդարտ, ներդաշնակ: Սա է թղթի հետ համագործակցումը: Ժամանակակից մարդը, դժբախտաբար, բախվում է այն մտքին, որ էլեկտրոնային գիրքն առավել արդյունավետ ու հարմար տարբերակ է: Կարծում եմ՝ ոչ: Բացատրեմ: Երբ մեր ձեռքն ենք վերցնում որևէ գիրք, առաջին հերթին սկսում են աշխատել մեր որոշ զգայարնները, այսինքն՝ գիրքը սկսում է ծանոթանալ մեզ հետ: Ես շոշափում եմ գիրքը՝ աշխատում է շոշափելու զգայարանս, գրքի թերթերի հոտին ծանոթ են բոլոր գրքամոլները, ահա՛ աշխատեց հոտառության զգայարանը, տեսողության զգայարանին չեմ անդարդառնա. պարզ է, իսկ լսողության զգայարանը առավել քան ուժեղ է, քանի որ կարդալով միաժամանակ լսում ենք մեր ու հեղինակի ձայնը: Խնդրե՛մ: Իսկ մեզ ի՞նչ կարող է  առաջարկել գրքի էլեկտրոնային տարբերակը. Միայն հարմարավետություն, ուղիղ մեջք, բայց փչացած տեսողություն, ճառագայթային հարձակումներ… Առավելություններն այդքան էլ շատ չէին, ճի՞շտ եմ: Հետևաբար դատե՛ք ինքներդ:

 

Ձեր կարդացած վերջին գիրքը․․․

 

Վերջին կարադացածս գիրքը, երջանկության բանաձևը ներկայացնող  (ծիծաղել է չէ՞) Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքն է եղել: Առահասարակ, սկսեցի սիրել Մենսոնի ներկայացրած ինքնակատարելագործման բանաձևի մոտեցումը, է՛լ չեմ խոսում գրելու յուրօրինակ ու հեգնանքով լի ոճի մասին: Ուղերձը հետևյալն է՝ թքա՛ծ ունեցիր, ոչ թե քեզ շրջապատող իրականության, այլ այն խնդիրների վրա, որոնք քեզ թույլ չեն տալիս առաջ ընթանալու: Սա կատարյալ շարժառիթ է, որը հույս է տալիս բազմոցին կյանքը մաշող, անհույս հասարակությանն ու ստիպում առաջ շարժվել: «Այս գիրքը ցույց կտա, թե ինչպես է պետք ցավը դարձնել զենք, տրամվան՝ ուժ, պրոբլեմը…՝ մի քիչ ավելի տանելի պրոբլեմ»: Կարծում եմ՝ այսքանով, ամեն ինչ պարզ դարձավ:

 

Լուսանցքից դուրս. առաջիկա ծրագրերը, անելիքները․․․

 

Առաջիկա ծրագրերումս ընդգրկել եմ հաջորդ գրքիս ստեղծումը, միաժամանակ չմոռանալով՝ ասպիրանտուրա ընդունվելու ու գիտական աստիճան ստանալու փոքրիկ երազանքիս մասին: Չակերտները չբացելով՝ ավելացնեմ՝ պայքարե՛ք Ձեր երազանքների համար, ծնկի՛ եկեք ու դրանից հետո ավելի զորացեք ու ուժեղացեք,  հարգե՛ք Ձեզ ու փայփայեք Ձեր երազանքները, որոնք անպայման կյանքի եք կոչելու:

 

 

© Երևանյան Էսքիզ 2021

 

 

Զրուցեց՝ Մարգարետ Ասլանյանը

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև