Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Խոսե Մարիա Ինոխոսա․ «Մենք սպասում ենք Դատաստանին» շարքից․ պոեզիա

 

Սերմնացան

 

Հողին

ընկնում է սերմը

որ կրում է իր մարմնում

թաքնված

կյանքի

պտուղը

 

Երկիրը պտտվում է։

Ձվարաններում

Կրակոտ Դանայեի

Զևսը ակնկալում է

ցորենի հատիկը

բույսի վերածող

սերմ։

Եվ հողը

շարունակվում է։

 

 

 

 

 

*

 

Զեփյուռ

 Ռաֆայել Բուսուտիլին

 

Զեփյուռը

թաքնվում է

ծառերում։

 

 

Փափուկ

ռիթմ։

 

Զեփյուռը

պատռում է

օդը

 

Փափուկ

ռիթմ։

 

Զեփյուռը

բարձրացնում է

աղմուկի կայծակները

եգիպտացորենի դաշտերն ի վեր։

 

Քնած ծով։

 

Միապաղաղ և անփոփոխ

ռիթմ։

*

 

Պարզություն

 

Ձյան մատները

թմբկահարում էին

շքամուտքին

տարածության։

 

Ամպերի կոնագծերը՝

հախճապակե

նիմբի տեսքով,

ձյունածածկ լեռան վրա են։

 

Գիծ

և հարթություն։

 

Ես ուզում եմ, որ իմ տեսողությունը

լինի միայն տարածության մեջ՝

պարզ,

բայց միևնույն ժամանակ՝ բարդ։

 

*

 

N

 

Իմ սառը ձեռքից ճաշակելու համար՝

թափահարելով թևերը՝ իջնում են աստղերը,

և Մեծ Արջն այլևս չի լինի սպիտակ,

որովհետև մոռացել է սեփական կրկնօրինակման կիրքը։

 

Փռեցին օսլայած գորգեր՝

ջնջելու համար հետքերն իմ,

սև կանանց՝ իմ տանն ապրող,

բայց նրանք արձակվեցին առագաստներով իմ նավի։

 

Մինչ այդ ժամանակ, պատշգամբից գունատված լուսաբացի

ես նայում եմ կորերին հորիզոնի,

ես տեսնում եմ՝ Լոնդոնի կողմից բարձրանում է ծուխ,

դեղին, այն ծնվում է ծխնելույզներում,

և, արդեն ճերմակահեր, կանչում է ինձ բարձր ճիչերով

ու թափառականի դեմքով

հարցնում է հյուսիսի ճանապարհը։

 

Մշուշի միջից ուսերս թափահարելով՝

նվիրում եմ նրան Մորզեի այբուբենը։

 

Е

 

Ես ներկել եմ աչքերիս թաղանթը

կիտրոնե-դեղինով,

ես փակել եմ կոպերս,

որ զննեմ արևը։

 

Իմ թռիչքում ես որսացի

եղեգի ձայնով

և արմավենու ռիթմով

գեյշայի երգը։

 

«Լի Թայ-Բոն գրեց

իր վերջին բանաստեղծությունները

օդի պղպջակներով՝ ջրին,

անթի նավակում,

և թղթի վրա՝

ճմրթված երկու ափերի միջև»։

 

Գեյշան շարունակում է իր երգը

փոխակերպված ջրաշուշանում։

«Դու կխմես լույս լույսից,

նախքան եղյամը

կդնի իր տակացուն

քո ծաղկող նշենու ծառին»։

Իմ բամբուկե նավակից

ես տեսա, թե ինչպես էր

վայրի բադերի հետ շողոքորթում

չինական նշանների ալմուդը:

 

*

 

Կեսգիշերային ապաշխարանք

 

Քարանձավի խորքում սառը կայծքարերից

թափահարում են թևերն անհանգիստ անդամներս,

իմ մազերը՝ տարածությունը կանաչով լցնող,

հախճապակե դելֆիններին

և անդրաշխարհի կարմիր տառապանքները

ծածկող ծովային ջրիմուռներ են։

 

Ես չեմ վախենում անորոշ լուսարձակումներից,

ես չեմ խնդրում ներել մեղքերս,

ինձ պետք չեն գլուխս թագադրող

փշածածկ ձեռքեր,

որոնք մատներով սեղմում են ուղեղս

և ցայտում են իմ արյունով

աշխարհի անպտուղ հարթությունները։

Ինձ համար նույնիսկ կարևոր չէ

կգան-չեն գա ծիծեռնակները՝

իրենց կտուցներում տանելու համար

փշածածկ մատների թագը՝

սեղմող չարչարված ուղեղն իմ։

Ես — լուսանների և փղերի պաշտպան՝

անապատներում լճերի և ծովերի,

հառնում եմ միշտ տափաստանների ու ճահիճների խորքից՝

բարձր ճակատով։

 

*

 

Թևերը պետք են ճախրելու համար

 

Միայն անիսոնի հատիկը կարող է շարժվել իմ ձեռքի վրա,

որովհետև իմ ձեռքը այնքան կարմիր ու սպիտակ է, որքան քո կուրծքը,

որովհետև, երբ նավերը խորտակվում են լույսի մեջ,

մենք հենվում ենք կուսաթաղանթին, որ շրջապատում է մեզ,

նախքան լսելը՝ սրտի զարկերը ծառի, որի տերևները

թռչունների թևերից են,

ծառի, որ կրում է թռչունների սիրտը։

 

Որովհետև այդ անիսոնի հատիկը Մահն էր՝

հենց նոր լքած սպիտակ կեղևը,

գտնված ավազում ծովափի՝

Տոռիխոսի գնդակահարությունից ակնթարթ առաջ,

մինչև հողում խորտակվում էր անամոթ ստվերը

միակ ծառի, որի կենսահյութը թռչնի արյուն է։

Դեռ լուսաբացից առաջ

ճերմակ աղավնին կհավաքի իր արյունը մեր

գլխուղեղի տանիքում,

և այդ արյունը՝ կեսօր դարձած, կարող է դառնալ

մեզ համար մաշկ․․․

 

*

 

Այս կույս հողի վրա ճախրում են միայն թռչունները,

նրանց թևերը թերթում են օդը՝

կարմրած անեզր սրտերի արյամբ,

ընդմիշտ խաչված ալյումինե խաչերին

և պատված մաշկով մերկ կանանց,

որ հեգ զառանցում են լաբիրինթներում։

 

Այս փշալարի հետևում բոլոր լեզուներով

եթե չեն կեղտոտում ստվերները, չեն ջնջվում ճանապարհները՝

մի մոլորակից մյուսը թևերը լայն բացած,

լսողության վրա ալիքների՝ նույն ռիթմով,

ազատ թողնելով գիտակցության ձայնը՝

կացնահարող ոսկորները և պատռող՝ լսողությունը։

 

Այս կույս հողում ծաղկել է մարմարը

և ծաղիկների բույրը նրա կդանակահարի

բազմաթիվ որդերի բորբոսնած մարմինը,

որոնք ձգում են սեփական երակներից հոսքը ցրտի։

Կողասյամի ներքո ծխելով մեր մուշտուկը՝

մենք հանգիստ սպասում ենք Դատաստանին։

 

 


Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսպանիա

 

 

 

Ընթերցել նաև