Արձակ Երգիծանք Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Լուսինե Աղաջանյան․ «Հավվերքություն»․ պատմվածք

Սարը կիսով չափ վերելք է, կիսով չափ վայրէջք: Մարդիկ հենց այդպես էլ հաղթահարում են սարն ու հաղթահարվում սարից:
Բայց Մանուշի երկու անձնական սարերը ծանր էին ու նա հաճախ էր գլորվում բարձրունքն ի վար, ցածրունքն ի վեր: Ուզածն ի՞նչ էր՝ ամուսի՛ն: Մի աշխարհ մարդ կար, բայց ո՛չ իր համար: Նրան թվում էր, թե բոլոր կանայք կճուճի խուփի պես գլորվել ու գտել էին հենց ի՛ր բաժին պուտուկը:
-Գայա՛ն, ասում եմ չգնա՞մ հայտարարություն տամ. հը, ամոթ բա՞ն է,-ասաց մի օր ընկերուհուն:
-Հա՛, քեզ գցի ժողովրդի բերանը, որ իմանան բանի կարո՛տ ես, էլ զսպե՛լ չես կարող,-վրա պրծավ ընկերուհին:
-Իզուր էլ սրան բան ասի, ամեն անգամ էս նույն նախադասությունն է,-մտքում փոշմանեց Մանուշը,-դե Գայա՛ն, բան էր ասի, հո չարի՞,-հետո ֆռթացրեց սուրճի վերջին կումը, որ լռեցներ վիրավորանքն ու ասաց հրամայական տոնով.
-Բաժակս դարձնում եմ, նայի՛:
-Տո քեզ ի՞նչ նայեմ, ամբողջ կյանքդ անգի՛ր գիտեմ…
-Դու էլ չիմացա՛ծդ ասա,-ձայնը բարձրացրեց Մանուշը, իբր դրանով հաղթել ուզելով կյանքում իր տեղը գտած ընկերուհուն:
-Ախչի՛, բաժակովդ մեկ տղամարդիկ են՝ մեծ ու փոքր, կարճ ու երկար, հաստ ու նիհար: Դռանդ դիմաց գլուխ են ջարդում, դուռդ է՛ս է բացվելու է ու ներս լցվեն, պատրա՛ստ եղիր:
Ամեն անգամ 45-ամյա կույս Մանուշը փոշմանում էր, որ Գայանի մոտ խոսք էր բացում ու իր անզորությունը ներկայացնում ծանակման: Բայց բացվելն էլ մի տեսակ պահա՞նջ ասեր, թե՞ անհրաժեշտություն, թե՞ սրտի թեթևություն էր, դեռ չէր կողմնորոշվում:
-Խե՛լք չունես, Մանո՛ւշ, խե՛լք չունես: Հիմի էլ մարդ մարդ կառնի:՞ Մարդիկ իրանց մարդկանցից են բաժանվում, դառնում մեկի սիրուհին, որ լա՛վ ապրեն: Վրեքը խոսող չե՛ն ունենա, դիմացը ծառա չե՛ն լինի, հաշվետո՛ւ չեն դառնա…Մարմիններն էլ կտան սիրելու ու կվայելեն էն, ինչ ամուսնու հետ չե՛ն վայելել…Իսկ քո ուղեղը սա չի ՛մտնում…..Ախչի՛, դու իրոք հե՛չ մի անգամ բան չես տեսե՞լ:
-Դե տեսել եմ, ընչի՞ չեմ տեսել,-պաշտպանվեց Մանուշը,-էնքա՜ն եմ տեսել: Մեր մոտ, որ տղամարդ են բերում, մենք շորերը հանում ենք, ամեն ինչն էլ տեսնում ենք: Բայց անտերը գործնական վիճակում հե՛չ չեմ տեսել, չե՛մ պատկերացնում: Ու եթե ճիշտը կուզեք իմանալ, երևի հե՛նց իմ աշխատանքի բնույթի պատճառով է, որ ուզող չունեմ:

-Ախչի՛, հո չասի՞ր….Ուրեմն ձեր մոտ հեչ մի ամուսնացած կին չկա՞:
-Դե, է՛դ էլ ես ճիշտ. կա՛,-Գայանի աննրբանկատությունը այնպես շփոթեցրեց Մանուշին, որ սա սկսեց արյունոտելով քորել թևը:
-Լավ, ելնեմ գնամ, սկսեցի քորվել, դեղս պիտի խմեմ…
Մանուշը դիահերձարանի լաբորատորիայում քույր էր աշխատում: Ինքը տգեղ աղջիկ էր. երեսը կոճակ-կոճակ դուրս տված, մարմինը լխկած ու կախված, վրան ամեն ինչը մեծ, յուղոտ ու ծանր: 15 տարի է աշխատում էր ու մենակ մեռած տղամարդ էր տեսնում, իրենց բոլոր անկենդան օրգաններով: Բայց ,,ուզում,, էր: Էդ ուզելն էլ այնքան ներսից չէր գալիս, որքան հետաքրքրությունից: Ընկերուհիները խղճում էին, բայց իհարկե նաև մեղադրում նրան անճարակ լինելու հարցում.
-Թարա՛խ է, թարա՛խ,-ասում էր Գայանը,-պարկով մեկ թարախ է: Տանեցիների հետ յոլա չի գնում, ուր մնաց օտար մեկի տուն գնա ու ապրի՞: Այսինքն տանեցիք ո՞ւր են մնում, ինքն ի՛ր հետ էլ յոլա չի գնում, վայթե քնած տեղն ինքն իր հոգին հանում է, քորվելով ու խլվլալով: Ախր տղամարդիկ էլ էդ տեսակներից խորշում են: Որձը ի՛նձ նմանի է սիրում. միշտ հարդարվա՜ծ, միշտ խնամվա՜ծ, ժպիտը դեմքի՜ս, քմահա՜ճ…Երեք երեխա ունեմ, բայց հլը հետևիցս լի՜քը նայող կա:
-Եսիմ, ամեն դեպքում մեղք է Գայա՛ն, էդպես մի՛ ասա,-սաստեց Գոհարը,-մենք էս է թոռ կունենանք, իսկ դա հլը կույս է:
-Դու առաջ քե՛զ խղճա, որ տարվա մեջ մի ամիս ես մարդ տեսնում, մյուս 11-ը նվիրել ես ռուսներին:
-Օֆ, իրոք Գայա՛ն, հեչ մեկիս վիճակն էլ մի բան չէ:
-Տատս միշտ ասում էր, օֆ չիդեմ՝ Քո՞ւռն ընկնիմ, թե՞ Արաքսը: Ամուսնանա՞մ, թե կույս մնամ: Ահա իմաստուն կնոջ հարցադրումը, որ սերնդե սերունդ կարող են տալ ու էլի պատասխան չստանալ: Ես մի բան գիտեմ, Գոհա՛ր, կինը իրավունք ունի՛ լավ զգալու, մնում է ի՛նքն ընտրի, թե ո՛ւմ հետ…էսքա՛ն բան: Ախչի՛, ոնց քցում-բռնում եմ, մեզ երեքիս էլ կյանքի փոփոխությունը չի խանգարի: Մենակ չասես, բա մեր մարդի՞կ…Բաժակդ դարձրո՛ւ…
Մանուշի կյանքի ամեն օրը կարելի էր վերնագրել՝ ,,Սպասում,,: Իրեն թվում էր, թե հենց ամուսնանա, կյանքը նոր սկսվելու է, մնում է վերնագիրը մտածել:
-Ե՛ս էլ եմ ուզում ամուսնանալ, ե՛ս էլ եմ ուզում երեխա ունենալ, այսինքն էլ ես եսիմ երեխա ունենա՞մ: Է՜, ուսանող ժամանակս արդեն ինձ մեծ էի զգում: Հենց մեր համակուրսեցիներից մեկն ամուսնանում էր, զգացում ունեի, թե հաջորդը ե՛ս էի լինելու: Ամեն ձմեռ ասում էի՝ թե որ մինչև գարուն չամուսնանամ, ամառը ձախ եմ գնալու: Ամառն էլ գալիս էր, ասում էի՝ քի՛չ էլ սպասի: Ու այդպես արդեն 20 տարի անցավ, էլ ե՞րբ…
Նա այս նույն տեքստը, մի քանի ստորակետի փոփոխությամբ, հաճախ էր արտասանում իրեն հարազատ թվացած մարդկանց մոտ: Ու, երևի, բերնեբերան Մանուշի խոսքը գնաց հասավ մի գյուղ, ուր 72-ամյա Վազգեն պապի ամուսնանալու նոպան բռնել էր: Նրա խոսքն էլ հետադարձ ճանապարհով, նույն բերնեբերան էստաֆետը բերեց հասցրեց Մանուշին, թե էսպես ու էսպես մի մարդ կա, որ քեզ ուզում է առնել:
-Բա ինքը ինձ տեսե՞լ է, որ…
-Ախչի՛, տեսնելս ո՞րն է, դուք հո 18 տարեկան չե՞ք, ձեր տեսնելու վախտերն անեցել են, ձերը ձեռ տալովի է:
-Է հա՜, ինչ կլինի՞ որ, թող էդպե՛ս լինի,- երևի բերաններին պատասխանել էր Մանուշը, քանի որ սրանք հավաքվել, գործը գլուխ էին բերել, ու այնպես արագորեն էին գլուխ բերել, որ գործի գլուխը վրան չէր կանգնում, իսկ աղջիկները գլխապտույտ ունեցան: Մենակ էն իմացան, որ Մանուշին առնող է եղել, երկու օր առաջ տարել են, մի օր առաջ էլ խնձորներ ուղարկել:
-Լա՜վ,-մտածեցին աղջիկները,- հիմա մեզնից ի՞նչ է հասնում անել:
Որոշեցին նվեր վերցնել ու անկոչ հյուր գնալ գյուղ, իրենց ընկերուհուն այցի, որովհետև մի նուրբ նյուանսով հասկանում էին, որ Մանուշը նեղված է իրենցից:
Հենակներով մի մարդ բացեց դուռը:
-Մենք Վազգենին ենք հարցնում:
-Ե՛ս եմ, դուք ո՞վ եք…
-Մենք Մանուշի ընկերուհիներն ենք, Վազգե՛ն պապի, եկել ենք ձեզ հետ ծանոթանալու:
15 օր էր անցել Մանուշի ամուսնական կյանքից, բայց կարծես այդ կյանքի վրայով անցած լիներ ու այն էլ մի 15 տարի: Նա հոգնած աչքերով եկավ, դիմավորեց ընկերուհիներին, փաթաթվելով էլ մի քիչ թնկթնկաց: Հետո աղջիկներին հրավիրեց խոհանոց, սեղանի մոտ: Վազգենն ինքը սկսեց խոսակցությունը, կարծես մի տեղից, որտեղից կտրված լիներ իր խոսքը:
-Ես իմ տղեքին ասի՝ հո ես իմ հաճույքի հըմար չե՞մ կնիկ բերըմ: Ամենքդ ձեր կնիկներին առնըմ գիշերը որ տաք տաք քընըմ եք, հեչ ձեր հերը մտներիդ ընկնըմա՞: Իրանք էլ, թե՝ դո՛ւ տանդ տե՛ր ես բերըմ, թոշակդ ուտո՛ղ ես բերըմ: Ասի, այ՛ լակոտներ, ահան, տունս էլ եմ կտակըմ ձեր վրա, պրծա՞նք…Ըստի, իրանք հանգստացան, քաշվան ղրաղ: Գնացինք երկու հոգով ձեռքը բռնինք, բերինք: Կնկանս մեռնելուց 10 տարի է անցել, հոգնել էի իմ շվաքի հետ մենակ կռվելով, լավա էս աղջիկն եկավ, հիմի իրա հետ կկռվեմ:
-Վազգե՛ն պապ, էլ ով՞ ունես գյուղում. ազգական, մի հետաքրքրություն, գնալ-գալ կա՞: Մեր Մանուշը քաղքի աղջիկ է, ժիր կյանքի է սովոր,-չգիտես ինչու բարբառը տեղում փոխեց հոգատար Գոհարը:
-Ախպրտիքս էլ ստի՛ են, բայց ես իրանց հետ կռված եմ: Ա՛յ տա,-ձեռքը խփեց սեղանին,- սրանք նամարդ դուրս էկան: Մերըս արդեն 100-ին մոտ կնիկ էր, մի բուռ դառած, հետս էր ապրըմ, սրանք ամիսը մի անգամ գալի տեսնըմ, 10 րոպեից դուրս էին թռնըմ: Ես է՛ս ոտիս էդ կնկան պահեցի: Մեռած տեղն էլ շորերը հանեցի, լողացրի, տեղը տեղին պառկացրի իրա տեղըմ: Սրանք էկան օտարի պես, գլխին պատրաստի կանգնան: Դարձա ասի՝ ա՛յ տա, էս կնիկն ինձ առաջովն էր բերել, ձեզ հետևո՞վը….էդ խի՞ չեկաք մի բաժակ ջուր տայիք…Տո դուք մարդ ե՞ք…
Մանուշն անընդհատ գնում-գալիս էր խոհանոցից հացատուն, կամ սենյակ, կամ այգի, թվում էր մի բան պիտի հետը բերի, բայց դատարկ գալիս էր նստում, հետո էլի գնում ու գալիս: Աղջիկները հայացքն էին փնտրում, որ մի հարց տային, աչք ունքով գոնե՝ հը՛ ասեին, զուր էր: Մանավանդ Գայանի գռեհիկ հարցերով լի աչքերին Մանուշը չէր նայում:
-Ախչի՛, դե դո՛ւ էլ մի տեղ վե՛ր ընգի վայ՛,-եղբայրներին հիշած Վազգենը զայրույթը թափեց կնոջ վրա:
-Դե դուք նոր եք իրար տեսնում, Վազգե՛ն, խոսե՛ք, ծանոթացե՛ք, ես իրանց շուտ-շուտ եմ տեսնում:
-Դե, դո՛ւ էլ տես, որ էլ շուտ-շուտ չտե՛ս տենալ…Էլ դու էն ազատ վառեկը չես, որ որտե ուզես թառես: Դու տա՛ն կնիկ ես, քեզ իմ հոգսն էլ բավականա…
Աղջիկներն հասկացան, որ Մանուշի հետ բառ փոխանակել չի լինի, ելան, որ գյուղի ավտոբուսին հասցնեն: Վազգենն իր հենակներով նրանց մինչև այգու ցանկապատը ճամփու դրեց, աղջիկներն էլ բերած հարցերն հետներն էլի հետ տարան: Երբ Վազգենը մի ձայն լսելու չափ հեռու մնաց, Գայանը ծիծաղելով խփեց ծնկներին.
-Ախչի՛, դրան որտեղի՞ց գտավ:
-Օ՛ֆ, ի՞նչ իմանամ, հոգո՞ւն էր հասել,-Գոհարը անկեղծորեն նեղսրտվեց,-էդ բիձեն իրեն ի՞նչ կարող է տալ:
-Ախչի՛, Մանուշն էդպես էլ մի կենդանի տղամարդ չտեսավ, հա՞…
-Ծիծաղում ես Գայա՛ն, բայց կտեսնես, ինքը հետ կգա…
-Չէ՜ մի…Մանուշի մերը ճամփու դնելուց ասել է՝ հետևդ չնայե՛ս…
-Վա՛յ, վա՜յ…Մեղք էր Մանուշը, մի աղաման առնում, մահանա էր անում խոհանոցից դուրս էր գալիս, էն բիձեն էլ որ ձեռքը խփեց սեղանին, ինքը վեր թռավ ու գրող չափեց, ես տեսա…
-Դու էլ բա՛ն ասիր՝ մեղք էր՝ թող մարդ չառներ…
-Ինքն ի՞նչ իմանար…
-Թող իմանա՛ր…
-Լա՜վ ասիր, ախչի՛ մինչև չառներ որտեղի՞ց իմանար…Խոսում ես էլի Գայա՛ն…
Երբ ավտոբուսը գյուղից դուրս եկավ, Գոհարին թվաց, թե Մանուշը մի սարի հետևում մնաց, որն հաղթահարել էր նրան ու պարտակել…

 

 

Գյումրի

 

 

 

 

Ընթերցել նաև