Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Նոբելյանակիր Պոեզիա

Լուիզ Գլուքը՝ 2020 թվականի Նոբելյան մրցանակակիր՝ գրականության ասպարեզում․ «Վայրի հիրիկ» գրքից․ պոեզիա

 

Այնտեղ՝ իմ տառապանքների վերջում,

Դուռ կար։

Լսիր ինձ․ այն, ինչ կոչվում է մահ,

Հիշում եմ։

Բարձունքում աղմկոտ է,

Կեչիների ճյուղերի թափահարում։

 

Հետո՝ դատարկություն։ Լույսի սկավառակը

Առկայծեց երաշտավոր հողի վրա։

Ողջ մնալ այդքան սարսափելիորեն՝

Զգալով ինքդ քեզ

Թաղված կավահողում։

Բայց սա էլ անցավ․ այն, ինչից վախենում ես,

Հոգի լինել ի զորու չէ,

Խոսել, կտրուկ ավարտել, ամուր ծիլը

Մի քիչ ծալել։ Եվ այն, ինչ ես դարձա՝

Թռչունները կտցում էին խիտ թավուտներում։

Դու դա չես հիշում․

Այլ աշխարհից հեռացում,

Ես քեզ կասեմ,

Որ կարողանում եմ նորից խոսել։

Ինչ էլ վերադառնա՝

մոռացումից վերադարձիր՝

գտնելու ձայնդ․

մի մեծ ցայտաղբյուր է հորդում կորիզում կյանքիս՝

մուգ կապույտ հագած,

ստվերը հետ գցած

օվկիանի

գաղտնիքների

լազուրին։

 

 

*

 

Գարնանային ձյուն

 

 

Նայիր գիշերային երկնքին․

իմ մեջ երկու էություն կա, երկու տեսակի հզորություն։

Ես գտնվում եմ այստեղ՝ ձեր կողքին, պատուհանի մեջ՝

հետևելով ձեզ։ Երեկ

լուսինը բարձրացավ այգու խոնավ հողն ի վեր ։

Այսօր հողը փայլում է, ինչպես լուսին,

ինչպես մեռած մատերիա՝ լույսի կեղևի տակ։

Կարող եք փակել աչքերը։

Ես լսել եմ ձեր աղերսանքներն ու աղոթքները՝

հնչած դեռ վաղուց,

և դրանցում ամփոփված պահանջները։

Ես ցույց տվեցի ձեզ այն, ինչ փնտրում եք․

հավատ չէ դա, այլ կապիտուլացիա՝

իշխանությունից առաջ,

որի հուսադրող հենքը բռնությունն է։

 

 

*

 

Ձմռան վերջ

 

 

Քարացած աշխարհի վրա ճչաց թռչունը՝

արթնացած մենության մեջ՝ սև ճյուղերի արանքում։

 

Դուք ուզում էիք ծնվել․ես ձեզ թույլ տվեցի։

Մի՞թե իմ թախիծը երբևէ խոչնդոտել է ձեր ցանկություններին։

 

Առաջ ձգտողներ,

այնտեղ, ուր լույսը խառնված է խավարին,

թեժ զգացողությունների ծարավներ,

 

ճիշտ այնպես, եթե դուք լինեիք նոր արարած՝

իրեն արտահայտել կամեցող,

 

կյանքով լի, փայլով լի՝

 

ոչ մի վայրկյան չմտահոգվող,

թե ինչ կարժենա դա ձեզ համար,

անզոր հասկանալու, որ իմ ձայնը

ձեզանից տարբերվող մի բան է,

 

դուք չեք լսի այն մյուս աշխարհում

նույնքան պարզությամբ,

որքան թռչունների կանչում կամ ճիչում երեխայի․

 

ոչ մի հստակ հնչողություն, միայն

չնահանջող արձագանք,

որ նշանակում է՝ մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

 

Մեզ իրար կապող

մեկ չընդհատվող նոտա։

 

 

Նյու-Յորք/ԱՄՆ

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև