Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Լյուդմիլա Ուլիցկայա․ «Երջանիկ ընտանիք»․ պատմվածք

 

Բերթան և Մաթիասը կիրակի օրերին միշտ գնում էին իրենց որդու մոտ։ Բերթան բուտերբրոդներ էր պատրաստում,  թեյ էր լցնում թերմոսի մեջ և զգուշությամբ թղթե ժապավենով փաթաթում էր ավելը։ Համենայն դեպս աման էլ է վերցնում ու այդ ամենը դասավորում էր Մաթիասի պատրաստած պայուսակի մեջ։ Մաթիասը կնոջը տալիս էր վերարկուն, կա՛մ պլաշչ, կա՛մ ժակետ ու նրանք ծաղիկներ գնելու համար գնում էին շուկա։ Հետո կանգառում երկար սպասում տրամվային, որը ոչ հաճախ էր պատահում մարդկանց։

Տարիների ընթացքում Մաթիասը դարձել էր ավելի կարճահասակ և ավելի շատ էր սկսել նմանվել կարմիր փայտից պատրաստված պահարանի. նրա մուգ վարդագույն դեմքին նկատվում էր շիկակարմիր գույն և ձեռքերին՝ գորշ պեպեններ։ Մի ժամանակ երևի Բերթան հասակով հավասարվում էր նրան, բայց հիմա նա մի կեսգլուխ բարձր է Մաթիասից։ Ի տարբերություն ամուսնու՝ Բերթան ավելի դանդաղ էր ծերանում։ Երկար բեղերը, որ երիտասարդ տարիներին տգեղացնում էր իրեն, հիմա, չնայած շատացել էին, բայց ավելի աննկատ էին դարձել ծերացած դեմքի վրա։

Նրանք երկար ճանապարհ էին գնում տրամվայով, որտեղ կախված տարվա եղանակից լինում էր շոգ կամ ցուրտ, բայց միշտ տոթ էր։ Ամուսինները քարացած նստում էին։ Միշտ էլ տեղ էին տալիս նրանց։ Չնայած, երբ ամուսնացել էին, նրանց այդ ժամանակ էլ էին տեղ զիջում։

Ճանապարհը, անկասկած, նրանց տարավ աղյուսից պատրաստված պարսպի մոտ, ուղեկցեց մինչև դարպասները և թողեց նրանց մաքուր, խնամված կածանի մոտ, որի երկու կողմերից խոտերի, ձյան կամ էլ խոնավ մառախուղի մեջ նրանց դիմավորեցին հին ծանոթները. Իսահակ Բենցինովիչ Գալպերինը՝ վառ կապույտ աչքերով, մուգ վարդագույն այտերով ու կապտավուն ճաղատով, նրա կինը՝ Ֆայինա Լվովնան շատ զգուշավոր, ամուր փակված բերանով և դողդողացող ձեռքերով, ինժեներական զորքերի գնդապետ Իվան Միտրոֆանովիչ Սեմերկոն, թիկնեղ, ինչպես Իլյա Մուրոմեցը, հրաշալի կիթառ է նվագում, երգում է, և խեղճն այնքան երիտասարդ է, հետո տատիկի ու պապիկի հետ երկու տարեկան և երկու ամսական Բորենկա Մեդնիկովը, Կրաֆտների ոչ այնքան համակրելի, հաղթանդամ մարմին ունեցող, անփույթ, սպիտակամաշկ ընտանկքը, որ  իրենք իրենց մասին խոսում էին ճոռոմ։ Բարեհամբույր, հանգավորվող անուններ ունեցող ծեր Ռաբինովիչները, միշտ գրկախառնված, բաց մոխրագույն մազերով, իրար նման՝ ծերացած Խայա Ռաֆայելովնան և Խայիմ Գաբրիելովիչը։

Մի պտույտ էլ անելուց հետո կածանը նեղանում էր և նրանց հանում էր ուղիղ իրենց որդու մոտ։ Վովոչկա Լևին, ով յոթ տարեկան չորս ամսական էր, դիմավորեց նրանց՝ շատ տարիներ առաջ այսպիսի առիթի համար ընտրված ժպիտով, շրթունքը մի կողմ տարած և մերկացրած փոքրիկ ատամիկները, որոնք դեռ չէին հասել մեծ չափերի, նրանց մեջտեղում երևում էր նոր ընկած ատամների տեղերը։ Նրա լայն, դուրեկան դեմքի մնացած արտահայտությունները վրեժխնդիր էին լինում, որ դրանք ներկայացնելու համար հենց իրենք չեն ընտրվել, դրանք աննկատ անհետացան, կորան, դեմքի հազարավոր շարժումներից` թողնելով այդ միակ ժպիտը։

Բերթան հանեց կապոցով ավելը, քանդեց կապը, չորս անգամ ծալեց թերթը, իսկ Մաթիասը ավելով կանաչ նստարանը մաքրեց փոշուց կամ ձյունից։ Բերթան փռեց թերթը ու նստեց։ Նրանք  մի քիչ հանգստացան, իսկ հետո մաքրեցին տունը շատ լավ, չշտապելով, բայց արագ, լավ տանտերերի նման։

Փոքրիկ ուղղանկյուն սեղանի վրա Բերթան անձեռոցիկներ փռեց, թեյ լցրեց սայթաքող, պլաստմասե կափարիչների մեջ, շարքով դրեց նույնանման պատրաստած նոր սենդվիչները։  Դա նրանց ամեն շաբաթվա ընթրիքի սեղանն էր, որը տարիների ընթացքում դարձել է այս ամբողջ ծեսի առանցքը, ավելը փաթաթելուց սկսած մինչև դատարկ թերմոսի կափարիչը պտտելը: Ընդհանուր հիշողություններ բերող խոր լռությունը  չէր խախտվում ոչ մի պատահական բառով, բառերի համար ուրիշ ժամ և ուրիշ տարի էր նախատեսված։ Ընթրիքը ավարտելուց հետո,  նրանք հեռանում էին՝ իրենց հետևից թողնելով նոր լվացված  հատակների և օդափոխված սենյակների հոտը:

Տանը՝ ճաշի ժամանակ, Մաթիասը խմում էր կիրակնօրյա կես շիշ օղին։

Երեք անգամ նա լցնում էր  մեծ, արծաթյա, կոպիտ նկարով բաժակի մեջ, որը Բերթայի հոր Զատիկի բաժակն էր, Բերտան երեք անգամ խոր շունչ էր քաշում՝ չկարողանալով այլ կերպ պատասխանել նրան։ Այնուհետև սպասքը տանում էր  խոհանոց, հատուկ եղանակով՝ օճառով և անուշադրի սպիրտով լվանում էր դրանք, սրբում  հին, մաքուր սրբիչով և նրանք պառկում էին բարձր, ամուսնական մահճակալի վրա։

— Ա՜խ, դու ծերուկ,- շշնջաց Բերտան՝ փակելով իր փոքրիկ աչքերը մեծ կոպերով:

— Ոչինչ, ոչինչ,- փնփնթաց ամուսինը, ձախ ձեռքով ուժեղ և ծանր իր կողմը շրջելով թեքված կնոջը։

Նրանք կիրակնօրյա սովորական երազներ էին տեսնում, ընթրիքից հետո եկող երազներ, շատ երջանիկ ութ տարիներ, որոնք նրանք ապրեցին երեքով, սկսելով այդ անկայուն, կյանքի փոփոխվող օրվանից, երբ նա տանջվելով իր վատ մտքերով, իր ուռած կրծքերով և այլ խնդիրներով գնաց ուռուցքաբանի մոտ՝ ամուսնուն այդ մասին չասելով։ Նախկին բժշկուհին, նրա ընկերուհու քույրը, երկար նրան քաշքշում էր, սեղմում  կրծքին և մի քանի բժշկական անամոթ հարցեր տալով, ասում.

— Բերթա, դու հղի ես, և ժամկետը մեծ է:

Բերթան նստեց աթոռին՝ առանց կրծկալը հագնելու և լաց եղավ՝ կնճռոտելով ծեր դեմքը։ Մեծ արցունքները արագորեն հոսեցին այտերի կնճիռների երկայնքով, դանդաղելով բեղիկների վրա, և սառնորեն կաթացին մեծ, սպիտակ կրծքի վրա։ Մաթիասը զարմացած նայեց նրան, երբ իմացավ այդ մասին, նա վաղուց գիտեր, քանի որ նրա առաջին կինը չորս անգամ աղջիկներ էր պարգևել նրան, բայց նրանց մարմինների ծուխը վաղուց էր ցրվել Լեհաստանի գունատ դաշտերում: Կնոջ լռությունը նա յուրովի էր հասկանում. էլ ինչ ասել, երբեք չէր կարող մտածել, որ կինն այդ մասին չգիտի։

— Ես քառասունյոթ տարեկան եմ, իսկ դու շուտով վաթսուն։

Նա ուսերը թափ տվեց և քնքշորեն ասաց․

— Նշանակում է մենք ծեր հիմարներ ենք, մեծ տարիքում կդառնանք ծնողներ։

Երկար ժամանակ նրանք չէին կարող անուն ընտրել իրենց տղայի համար, նրան մինչև երկու ամսականը անվանում էին «ինգելե», որը եբրայերեն նշանակում էր «տղա»։

— Ճիշտ կլիներ նրան անվանել Իսահակ,- ասում էր Մաթիասը։

— Ո՛չ, հիմա այդպես երեխաներին չեն անվանում։ Ավելի լավ է թող լինի Յակով՝ իմ մացած հոր պատվին։

— Նրան կարելի էր անվանել Իեգուդա, նա կարմրահեր է։

— Անհեթեթություններ մի´ ասա։ Երեխան իսկապես շատ գեղեցիկ է, բայց հո՞ չենք անվանի նրան Սողոմոն։

Նրան անվանեցին Վլադիմիր։ Նա Վովոչկան էր, լռակյաց, ինչպես Մաթիասը և հեզ, ինչպես Բերթան։

Երբ նա դարձավ հինգ տարեկան, հայրը նրան սկսեց սովորեցնել այն ամենը, ինչն իրեն էին սովորեցրել այդ տարիքում:

Երեք օրվա ընթացքում տղան սովորեց ծուռ, միմյանց նման, մրջյունների պես տառերը և մի շաբաթ անց սկսեց գիրք կարդալ, որը ողջ կյանքի ընթացքում աջից ձախ կարդում էր իր հայրը։ Մեկ ամիս անց նա հեշտությամբ կարդում էր նաև ռուսերեն գրքերը: Բերթան գնում էր խոհանոց և տխուր լվանում էր սպասքը։

— Օ, ի՜նչ տղա է , ի՜նչ տղա։

Բերթան հիանում էր նրանով, բայց ժամանակ առ ժամանակ մի սառը հոսանք էր անցնում, որը նման էր ձմռանը կամարից պոկվող բեկորի և ինչպես ասեղ դիպչում էր մերկ, տաքացած ձեռքին, դիպչում էր սրտին։ Նա լվանում էր իր սպասքը, սերուցք էր հարում, որը երբեք չէր ստացվում հարևանուհիների մոտ, խմորեղեն էր թխում և կերակուրներ էր պատրաստում։ Նա փոքր-ինչ շեղվել էր խոհարարական բաղադրատոմսերի վրա և լրիվ մոռացել էր խեղճ ցորենի շիլայի մասին՝ ալյումինե տարաների տակ լողացող, կանաչ ապուրի մասին, որ եփել էր երիտասարդ կծող եղինջից, այն քաղել էր քանդված երկհարկանի տան ետևից, որտեղ սկզբում ապրում էին քառասունութ, իսկ պատերազմի վերջում ութսուն՝ միշտ սոված, հիվանդ և կեղտոտ երեխաներ։ Նա մոռացել էր տղաների՝ կապույտ, մեղմ-կոպիտ գլուխների, նրանց մերկ, դուրս ցցած, անպաշտպան ականջների և աղջիկների պարանոցների վրայի կապույտ երակների մասին։ Նրա մեծ սերը  այս երեխաների նկատմամբ այժմ փոխանցվում էր Վովոչկային։

Իր կյանքի ամեն օրը նա վայելում էր կարմրավուն, թմբլիկ տղայի հետ անցկացնելով,  հաճախ ձեռքերով դիպչում էր նրան, համոզվելու համար, որ տղան իրենն է։ Մայրը լողացնում էր նրան, տղան՝ բղավում էր, և կինն հիացած նայում էր անհամաչափ մեծ ոտքերին և փոքրիկ կոնքերին:

Երբ նա մեծացավ, Բերթան նույն հիացմունքով էր հետևում նրա մանկական խաղերին, որոնք նման էին իսկական և ձանձրալի աշխատանքի, տղան ժամերով հյուսում էր գույնզգույն շերտակտորներից գորգեր, դրանք խորամանկորեն միացնում իրար։

Մաթիասը, ով Փարիզում ուսում ստացած Վարշավայի դերձակներից էր, աշխատում էր կարի փակ գործարանում և որդուն կտորներ էր բերում։ Ինքն էլ օգնում էր որդուն դրանցից ժապավեններ կտրել․․․

Բերթան հոգու խորքում ամաչում էր որդու հանդեպ իր մեծ սիրուց, նա դա նույնիսկ համարում էր մի փոքր մեղք։ Հակված չլինելով ինքնավերլուծության, նա չէր հասցնում իր զգացմունքները այն շեմին, երբ հարկավոր էր դրանք արտաքուստ ճանաչել, ապրում էր ներքուստ՝ դրանցից խուսափելով։

Մաթիասը աշխատանքից գալիս էր, ճաշում և նստում էր բազմոցին։ Վովոչկան հարմարվում էր նրա կողքին, ինչպես տորթիկ, որը թխվել էր ավելացած խմորից, մեծ կարմիր տորթի կողքին: Նրանք կարդում էին, զրուցում, իսկ Բերթան սնահավատորեն գնում էր խոհանոց և լվանում էր իր փայլող սպասքը․․․

Երազում նա հեշտությամբ, հարևան սենյակի նման անցյալ էր մտնում և հեշտորեն տեղաշարժվում էր այնտեղ, երջանիկ շնչելով նույն օդը որդու հետ։ Նրա ամուսինը՝ Մաթիասը, ստալինյան ​​բեղերով, լուռ ներկա էր որպես դեկորացիայի հիմնական մաս։ Այս երազները նման էին շատ անգամ տեսած  ներկայացումների, որոնք շատ երկար էին տևում և միշտ վերջանում էին մեկ քառորդ ժամ անց նախքան այն պահը, երբ Բերթան ձեռքերի վրա բակից ներս էր բերում Վովոչկային, սփրթնած այտի վրա թարմ քերծվածքով, այդ քերծվածքները ստացել էր մոդելը պատրաստելուց՝ առավոտյան աշխատանքների ժամանակ, որոնք եկել էին խորամանկորեն գործված գորգերին փոխարինելու։ Գծավոր վերնաշապիկի օձիքը արձակված էր, և ամբողջովին բաց ու երկար պարանոցին՝ հետ գցած գլխի պատճառով ոչ մի երակ չէր զարկում։

Ամեն ինչ տեղի ունեցավ մի ակնթարթում և վատ պաստառ էր հիշեցնում. ճանապարհի կեսին կտրուկ գլորվեց մեծ, կարմրակապույտ մի գնդակ, նրա ետևից կարծես պարսատիկից (рогатка) բաց թողնված տղա վազեց, լսվեց մեքենայի արգելակների ձայն, որը կիրակի օրվա միակ մեքենան էր։ Գնդակը դեռ շարունակում էր իր դանդաղ շարժումը, հասցրել էր հատել բեռնատարի ճանապարհը և կորցրել հետաքրքրությունը շարժման նկատմամբ, իսկ տղան ձեռքերը տարածած, անշարժ պառկած էր մեջքի վրա, դեռևս բոլորովին առողջ՝ թարմ արյունով, որից ոչ մի կաթիլ չէր թափվել, դեռ չկանգնեցրած հոսանքը իր մատների ծայրերին, բայց անդառնալիորեն մեռած։

Մաթիասը կանգնած էր պատի փոքրիկ հայելու կողքին`օճառոտ այտերով ու բարձրացրած կզակով և աջ ձեռքը, հեռացնելով ծանր ածելիով, փորձեց սափրել պարանոցի դժվար մասը։

․․․Ժամը յոթին ծերունիները արթնացան։ Բերթան իր բարակ, մոխրագույն ոտքերը մտցրեց մորթյա հողաթափերի մեջ և գնաց թեյնիկը դնելու։ Նրանք նստած էին կլոր սեղանի շուրջ, որը ծածկված էր կոպիտ, ֆաներայի նման սփռոցով։ Սեղանի մեջտեղում դրված էր ճաշարանից բերված ամանը, որի մեջ լցված էին մեղրաբլիթներ։ Մաթիասի մեջքի հետևում՝ մի անկյունում, դրված էր մանկական աթոռ, որի վրա արդեն  տասնհինգ տարի ինչ կախված է փոքրիկ, շագանակագույն բաճկոն, որը կարել էր ինքը, իր սեփական պիջակից։ Ձախ ուսը՝ պատուհանի կողմինը ուժեղ այրվել էր, բայց հիմա, էլեկտրական լույսի տակ, չէր նկատվում։

— Դե ինչ, տու՛ր,- ասաց Բերտան և ձգվեց ակնոցին։ Մաթիասը շփոթվեց։

 

 

Թարգմանությունը՝  Սյուզաննա Ղազարյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև