Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Լիլիթ Բաղդասարյան․ «Դու հող ես»․ բանաստեղծական շարք

 

In saecula saeculorum

 

1

 

դեռ գոյությունից առաջ լույսն իջավ խավարի մեջ,

աշխարհը տեսանելի դարձավ

ու հողը սկսեց կլանել լույսը

 

գիտակցումից հետո լույսը դատապարտվեց

մթությանը բանականության անդունդների

 

բայց հոգին, որ դեռ լույս էր,

գտավ իր հայելին ամենախոր անդունդի մեջ,

որ իրենը չէր, բայց լույս էր՝

իր տեսքով և նմանությամբ

 

2

 

ահա այստեղ ես Դու

անտառի և քաղաքի միջև

 

Դու հող ես,

որի վրա են աճում այս բոլոր ծառերը

և կառուցվում այս բոլոր տները

 

քո հայացքում Երկինքն է՝

իր կապույտ խաղաղությամբ,

բոլոր թռչուններով,

ամպերով՝ սպիտակ, երբեմն` մոխրագույն,

իր սև գիշերներով՝

աստղազարդ, երբեմն՝ դատարկ

 

ու այն բոլոր ճյուղերով,

որ բարձրանում են քեզանից,

բայց չեն հասնում քո Երկինք․․․

 

3

 

Դու հող ես,

 

ու քո մեջ են խլրտում բոլոր այս միջատները՝

հույզերը, որ վազվզում են շերտերիդ մակերեսներում

ու վերջանում ավելի խորը,

ուր թթվածին չկա,

ուր չկան արմատներ,

ուր սերմեր չեն ընկնում․․․

 

 

4

 

Դու հող ես,

 

ու մինչ հայացքումդ Երկինքն է

քո բոլոր շերտերի տակ դժոխք ես պահում,

որ երբեմն եռում է,

եռում

ու սպառնում քո անտառներին,

քո քաղաքներին,

իրար խառնում քո միջատներին

 

իսկ Երկինքդ խաղաղ է,

խաղաղ,

անգամ, երբ անձրևում է

քեզանից համբարձված խոնավությամբ․․․

 

 

5

 

Դու հող ես

 

բոլոր քամիներն իրենց բոլոր ուղություններով

չափում են քո բոլոր մակերեսներն

ու մատնում ժամանակի գոյությունը՝

 

օրորելով ճյուղերը քո վրա աճող ծառերի

 

 

 

6

 

Դու հող ես

 

բոլոր ջրերի տակ

բոլոր ջրերի ափին

բոլոր ջրերից անդին

ներծծված բոլոր ջրերով,

որ հիշողությամբ են սնում

դեպի ներս տարածվող բոլոր արմատները քո ծառերի,

որոնց ճյուղերը շարունակում են ժամանակը՝

իմաստավորելով շարժումը պատուհաններից ներս․․․

 

 

7

 

օրերը ճոճվում են,

ժամերը ճոճվում են

ծառերը շարունակում են ճոճվել՝

պատուհաններից դուրս,

ուր երբեք ոչինչ չի փոխվում,

բացի տերևների գույներից,

ծաղկաթերթերից

ու սառնությունից քամու,

որն արտաշնչում է ժամանակը`

 

Արևի մասին՝

հորիզոնից ներս ու հորիզոնից դուրս

 

փոփոխությունները պատուհաններից ներս են․․․

 

 

8

 

շարժման անընդհատ օղակների մեջ

Էությունն ընդգրկում է ժամանակը,

Դու ընդգրկում ես Էությունը

Երկնքի և Երկրի միջև

հավասարապես

հոգու և մարմնի մեջ

 

Էությունն ընդգրկում է քեզ․․․

 

 

9

 

դեռ գոյությունից առաջ,

երբ լույսն իջել էր խավարի մեջ

հողը կլանել էր լույսը

գիտակցումը դատապարտել էր այն

բանականության անդունդներին

 

հետո

Մարդը

սիրեց․․․

 

 

Ընթերցել նաև