Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Իվան Մինատտի․ «Դու պիտի սիրես»․ բանաստեղծություն

Դու պիտի սիրես ինչ-որ մեկին,
դու պիտի սիրես ինչ-որ բան,
թեկուզ խոտը այս կամ գետը,
ծառը կամ քարը:
Ինչ-որ մեկի ուսին դու պիտի դնես ձեռքդ,
որ մերձությամբ այդ ձեռքի լիանաս:
Ինչ-որ մեկին դու պիտի տաս
ամպերդ ճերմակ,
անհանգիստ թռչունների անուրջները,
անզորությունը թռչունների`
լի տագնապներով.
(չէ՞ որ ինչ-որ տեղ
նրանց համար էլ
կան բույն` անդորրի, քնքշանքի),
դու պիտի սիրես ինչ-որ մեկին,
թեկուզ խոտը այս կամ գետը,
ծառը կամ քարը,
որովհետև ծառերն ու խոտերը
գիտեն մենության մասին
(կանգ առնելով մի ակնթարթ`
քայլերը հեռանում են ավելի),
խղճահարության մասին գիտի գետը
(իր իսկ խորությանը խոնարհված),
Իսկ քարը… ցավի, ցավի մասին գիտի քարը
(երբ անշշունջ սիրտն իր
ծանրորեն տրորում է ոտքը):
Քարերը, խոտերը,ծառերը, գետը-
բոլոր մենավոր հրաշագործների ուղեկիցներն են,
որ լոկ խոսում են այն ժամանակ,
երբ պապանձվում են մարդիկ:

Դու պիտի սիրես քեզ լքած ձեռքը,
որ կարողանաս օրերից մի օր
մեկընդմիշտ գրկել մայիսյան սիրտը
այն անծանոթի, որ ինչ-որ մի օր,
ինչ-որ մի կյանքում քեզ նվիրել է
ամպերն իր ճերմակ,
քեզ ազատել է անհրաժեշտության մռայլությունով
իբրև թե սիրող անխիղճ մի դևից,
որ լոկ քանդել է բույնդ քնքշանքի
և չի նկատել քո սրտին իջնող
ձյունը մենության:
Դու պիտի, պիտի բաց թողնես ՆՐԱՆ,
ով ոչ մի օր չի սիրել քո մեջ
խոտը, գետը, ծառը կամ քարը,
որովհետև ՆՐԱ ոտնահետքից
մի օր թառամել է Աստծո ամենասիրելի ծաղիկը,
որովհետև ՆԱ երկրպագում է
քարից ծորացող և չչորացող
միշտ թարմ արյունը նվիրվողների…

 

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Բոսնիա և Հերցոգովինա

 

 

 

 

Ընթերցել նաև