Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Թիմ Օ’Բրայըն․ «Ուղևորություն դեպի Դաշտ»․ պատմվածք

 

Պատերազմից քսան տարի անց, ես վերադարձա Վիետնամ՝ դստերս՝ Քեթլենի հետ: Մենք այցելեցինք Կայովայի մահվան վայրը, այն տեղը, ուր նա անհետացել էր կեղտի ու ջրի մեջ․ պատերազմը նրան ընկղմեց խորքը, երբ դաշտը ցաքուցրիվ եղավ օդում, և հիմա ես փնտրում էի ներողամտության, գթության, հանդուրժողականության նշաններ, կամ նման որևէ նշույլներ, որոնք կարող էր հայցել այս երկիրը:

Այստեղ դեռ դաշտ կար, և այն այնպիսին չէր, ինչպիսին իմ հիշողության մեջ էր մնացել:  Այն շատ ավելի փոքր է, մտածեցի ես, և ամենևին էլ չարաբաստիկ չէ: Եվ, ընդհանրապես, արևի պայծառ լույսի ներքո դժվար էր պատկերացնել, թե ինչ էր տեղի ունեցել այս հողում քսան տարի առաջ: Գետի երկայնքով մի քանի ճահճացած տեղերից բացի, ամեն ինչ չոր է, ինչպես ոսկորը: Ոչ մի ուրվական, հարթ խոտածածկով դաշտ միայն: Խաղաղ վայր: Դեղին թիթեռներ: Մեղմ զեփյուռ, ընդարձակ կապույտ երկինք: Գետի ափին երկու ծեր գյուղացիներ, մինչև ծնկները ջրի մեջ կանգնած, ուղղում էին այն նեղ ամբարտակը, որի վրա մենք դրեցինք Կայովայի մարմինը՝ հանելով այն հեղուկ ցեխից: Ամեն ինչ հանգիստ էր: Ինչ-որ մի պահ, հիշում եմ, գյուղացիներից մեկը գլուխը բարձրացրեց, և ափերով ծածկելով աչքերը, սևեռվեց մեզ՝ դաշտի միջից. նայեց,  ճակատից սրբեց քրտինքը և վերադարձավ իր աշխատանքին:

Ես կանգնած էի՝ ձեռքերս խաչաձև ծալած: Ինձ պաշարել էր հուզմունքը, ժամանակի զգացողությունը: «Զարմանալի է, — մտածում էի ես, — քսան տարի»:

Իմ հետևում՝ ջիպ մակնիշի մեքենայում, մեզ ուղեկցող թարգմանչի հետ նստած էր Քեթլենը, և ժամանակ առ ժամանակ լսվում էր, թե ինչպես են նրանք շշուկով խոսում: Նրանք  ընկերացել էին: Ո՛չ նա, ո՛չ թարգմանիչը, երևի թե չէին էլ հասկանում, թե ինչ է կատարվում, թե ինչու՞ ես պնդեցի գտնել այդ տեղը. Կուանգնգայի քաղաքից երկու ժամ տևող ծանր երթևեկություն, կեղտոտ, քարուքանդ ճանապարհներ, օգոստոսի տաք, այրող արև — և ահա դաշտը՝ անհայտ մի բանի եզրին բազմած:

Ես վերցրի տեսախցիկը, մի քանի կադր որսացի, ապա նորից, աչքերս չորս արած՝  սևեռվեցի դաշտին: Որոշ ժամանակ անց Քեթլենը վերջապես դուրս եկավ ջիպից, մոտեցավ և կանգնեց կողքիս:

— Գիտե՞ք, թե ինձ ինչ է թվում, — ասաց նա, — այստեղից գարշահոտ է փչում: Աստված իմ, ես նույնիսկ չգիտեմ ինչի հոտ է գալիս… Ինչ-որ բան է նեխել:

— Հոտ է գալիս: Ինչ խոսք, ես գիտեմ:

— Ուրեմն ե՞րբ ենք շարժվում:

— Շուտով, — պատասխանեցի ես:

Նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց լռեց: Խոժոռվեց մի քանի վայրկյան, աչքերը կկոցելով նայեց դաշտին, թոթվեց ուսերը և վերադարձավ դեպի մեքենան:

Քեթլենը նոր էր դարձել տասը տարեկան, և այս ճանապարհորդությունն իր համար տարեդարձի նվերի պես մի բան էր, որպեսզի տեսներ աշխարհը, հոր կյանքի մի մասնիկը։ Հիմնականում նա ավելի լավ էր դիմանում, քան ես, և առաջին երկու շաբաթն առանց բողոքների մասնակցում էր պարտադիր տուրիստական ​​արշավներին: Հո Չի Մինի դամբարանը Հանոյում։ Սայգոնի մոտակայքում գտնվող մոդելային ֆերմա: Կուտիի ստորգետնյա թունելներ: Եվ հուշարձաններ, պետական ​​գործակալություններ, մանկատներ:

Քեթլենը հիմնականում հաճույքով էր ընդունում այդ ամենը՝ էկզոտիկ սնունդ և գազաններ: Եվ նույնիսկ ձանձրույթի ու անհարմարությունների ժամանակ նա հանդուրժող էր և ուրախ: Սակայն, այնուամենայնիվ, մի փոքր տարակուսած էր թվում: Նրա համար պատերազմը նույնքան հին էր, որքան քարանձավաբնակները և դինոզավրերը:

Մի անգամ առավոտյան Սայգոնում նա հարցրեց, թե դա ինչ էր:

— Այս ամբողջ պատերազմը, — ասաց Քեթլենը: — Ինչու՞ մարդիկ խելագարվեցին և հարձակվեցին այլ մարդկանց վրա:

Ես տարուբերեցի գլուխս:

— Իրականում, ոչ ոք չէր խելագարվել: Պարզապես ոմանք ուզում էին մի բան, մյուսները՝ մեկ այլ:

— Իսկ ի՞նչ էիր ուզում դու:

— Ոչինչ: Ողջ մնալ:

— Ընդամենը դա՞:

— Այո՛:

Քեթլենը հառաչեց.

— Դե, ես այս ամենն ընդհանրապես չեմ հասկանում: Նույնիսկ քո՝ այստեղ ի սկզբանե հայտնվելը։

— Չգիտեմ, — ասացի ես: — Այդպես էր պետք։

— Բայց ինչո՞ւ։

Ես փորձեցի մի քանի բառ գտնել, բայց, արդյունքում՝ թոթվեցի ուսերս և քթիս տակ մռթմռթացի․

— Սա խորհրդավոր բան է: Չգիտեմ։

Օրվա մնացած մասը Քեթլենը լուռ էր: Բայց ահա երեկոյան, նախքան քնելը, նա ձեռքը դրեց ուսիս և ասաց.

— Գիտես, երբեմն դու իսկապես շատ տարօրինակ ես, հը՞:

— Դե, ես այդպես չեմ կարծում, — ասացի ես:

— Այո՛, շատ տարօրինակ։ — Նա ձեռքը հետ տարավ ուսիցս և խոժոռված նայեց ինձ: — Ահա, օրինակ՝ դու եկել ես այստեղ: Ինչ-որ հիմարություն է տեղի ունեցել տարիներ առաջ, և դու դա ոչ մի կերպ չես կարողանում մոռանալ:

— Եվ դա վա՞տ է։

— Ոչ, — պատասխանեց նա կամացուկ, — հրաշալի է։

Օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում՝ մեր ճանապարհորդության ավարտին, ես կազմակերպեցի այս լրացուցիչ ուղևորությունը Կուանգնգայ: Զբոսաշրջային ծրագիրը գերազանց էր, բայց ես ի սկզբանե ուզում էի տանել դստերս այն վայրեր, որտեղ ես ծառայել էի: Ես ուզում էի ցույց տալ նրա Վիետնամը, որի պատճառով գիշերներն արթնանում եմ — ստվերոտ ճանապարհը՝ Միկե գյուղից այն կողմ, Կաբո Բատանգանի մոտ գտնվող կեղտոտ հին խոզանոցը: Այնուամենայնիվ, քիչ ժամանակ էր մնում, և ես ստիպված էի ընտրություն կատարել: Ի վերջո, ես որոշեցի նրան բերել այս մի բուռ հողի մոտ, որտեղ նահատակվեց իմ ընկերը՝ Կայովան: Դա կարծես պատշաճ էր: Եվ բացի այդ, ես այստեղ գործ ունեի:

Հիմա, նայելով այս դաշտին, ես խորհում էի՝ արդյո՞ք սա սխալ չէր: Ամեն ինչ չափազանց սովորական էր: Անվրդով արևոտ օր էր, և դաշտը ամենևին էլ այն դաշտը չէր, որը ես հիշում էի: Ես պատկերացրի Կայովայի դեմքը, նրա ժպտալու հատուկ ձևը, բայց հիշելիս զգում էի միայն ճնշվածություն և անհարմարություն:

Մեջքիս հետևում լսվեց զրնգուն ծիծաղ․ թարգմանիչը Քեթլենին աճպարարական հնարքներ էր ցույց տալիս:

Ամեն ինչ փոխվել էր։

Այժմ այստեղ կան թռչուններ և թիթեռներ, կենդանի բնության մեղմ շրշյուն: Ներքևում՝ հողի տակ, անկասկած, դեռևս կային մեր հետքերը՝ կանթաշշեր, փամփշտակալներ, զինվորական կերակրամաններ: Այս փոքրիկ դաշտը, խորհում էի ես, որքան բաներ կուլ տվեց, տարավ մեզնից։ Լավագույն ընկերոջս։ Հպարտությունս։ Հավատս իմ հանդեպ՝ որպես մի մարդու, որն օժտված է թեկուզ փոքր, արժանապատվությամբ և քաջությամբ:

Այնուամենայնիվ, իրական ապրումն իմ մեջ գլուխ չէր բարձրացնում: Այն պարզապես չկար: Այն անձրևոտ, երկար գիշերից հետո ես ասես քարացել եմ, անհետացել են բոլոր պատրանքները, նախկին քմահաճություններն ու հույսերը խեղդվել են կեղտոտ հողում: Անցան տարիներ, բայց քարացնող ցուրտն այդպես էլ ամբողջությամբ չլքեց ինձ: Ժամանակ առ ժամանակ ես ունակ չեմ ուժեղ զգացմունքների՝ տխրության, կարեկցանքի, սիրո, կրքի, և չգիտես ինչու մեղավորությունը փնտրում եմ այս դաշտում, մեղադրում, որ այսօր այսպիսին եմ, մեղադրում եմ, որ խլեց ինձնից՝ հենց ինձ։ Քսան տարի շարունակ այս դաշտը մարմնավորում էր այն կոտորածը, որով ծածկվեց Վիետնամը, այդ ողջ այլանդակությունն ու սարսափը: Հիմա այն դարձել է այն, ինչ կա: Հարթ, տխուր, աննկատ տեղ:

Ես իջա դեպի գետը՝ փորձելով գտնել տեղանքի գոնե մի քանի նշաններ, բայց ապարդյուն, միայն այն բլուրը գտա, որտեղ այդ գիշեր Ջիմմի Քրոսսը դիրքավորեց իր հրամանատարական կետը: Ուրիշ ոչինչ: Որոշ ժամանակ ես հետևում էի երկու ծեր գյուղացիներին, որոնք աշխատում էին այրող արևի ներքո: Հետո ևս մի քանի լուսանկար արեցի, ձեռքի թափահարումով հրաժեշտ տվի գյուղացիներին և վերադարձա դեպի մեքենան:

Քեթլենը թեթևակի հայացք նետեց վրաս և հարցրեց.

— Հուսով եմ, դու ստացա՞ր բավականություն:

— Այն էլ ինչպիսի՜:

— Հիմա կարո՞ղ ենք գնալ:

— Մեկ րոպեից: Իսկ մինչ այդ, հանգստացիր, — ասացի ես՝ շոշափելով մեքենայի հետևի նստատեղին քաթանե կտորից փաթեթը, որը Միացյալ նահանգներից էի բերել։

Քեթլենը կկոցեց աչքերը:

— Այդ ի՞նչ է։

— Հե՛չ, բա՜ն է էլի, — ցրեցի ես:

Նա նորից նայեցի փաթեթին, Քեթլենը ցատկեց ջիպից և հետևեց ինձ՝ դաշտի միջով: Մենք անցանք Ջիմմի Քրոսսի հրամանատարական կետի մոտով, այն վայրի մոտով, որտեղ Կայովան ջրի հատակն անցավ, և հետո այն կողմ հասանք, ուր գետի մոտ գտնվող դաշտը վերածվում էր ճահճի: Ես հանեցի կոշիկներս ու գուլպաներս:

— Լավ, — ասաց Քեթլենը, — բա հետո ի՞նչ պիտի անենք:

— Մի քիչ կլողամ:

— Որտե՞ղ:

— Հենց այստեղ, — ասացի ես: — Դու սպասի՛ր:

Նա հետևում էր, թե ես ինչպես եմ բացում քաթանե փաթեթը: Դրա մեջ Կայովայի որսորդական հին, փոքրիկ կացինն էր։

Ես մերկացա մինչ վարտիք, հանեցի ձեռքիս ժամացույցը և մտա ջուրը: Ոտքերս ջրի մեջ տաք էին: Եվ այժմ ես հիշեցի այդ զգացողությունը՝ փափուկ, յուղոտ հատակ: Խորությունն այստեղ մոտ ութ դյույմ էր:

Քեթլենը ջղաձգվեց: Նա թարս էր չափում ինձ, ձեռքերը դողում էին:

— Լսի՛ր, սա անմտություն է, — ասաց նա: — Այստեղ թրջվելն է անգամ դժվար: Ինչպե՞ս ես պատրաստվում լողալ:

— Ես կկարողանամ։

— Բայց սա… Աստված գիտե, թե սա ինչ է, բայց հստատ ջուրը չէ, սա մի տեսակ շիլա է:

Նա սեղմեց քիթը և սկսեց նայել, թե ինչպես եմ ես դեպի խորք գնում, մինչև ջուրը հասավ ծնկներիս: Կոպիտ ասած, ես որոշեցի, սա այն տեղն է. մենք վերադարձել էինք այստեղ՝ հանելու Կայովայի դին, և Միտչել Սանդերսը գտել էր նրա ուսապարկը: Ես ջարդեցի, հետո նստեցի: Ես կքանստեցի, ապա նստեցի հատակին։ Եվ դարձյալ ճանաչողության այս զգացումը։ Ջուրը հասնում էր կրծքավանդակի կեսին, այն խորը կանաչավուն-շագանակագույն գույն ուներ, գրեթե տաք: Մակերևույթին սահում էին փոքրիկ ջրային բզեզները: «Հենց այստեղ է», — մտածեցի ես: Կռացա առաջ, խրեցի արմունկս հատակ, թույլ բացեցի սեղմված ափս, և կացինն իր ծանրությամբ անցավ ջրի տակ: Ողջ մակերևույթով փոքրիկ պղպջակներ ալիքվեցին:

Ես ուզում էի առիթին արժանի բան ասել, նշանակալից և ճիշտ մի բան, բայց ոչինչ չէր ստացվում: Նայեցի դաշտին:

— Դե լավ, — վերջապես ասացի ես: — Ամեն բան արված է։

Ձայնը տարօրինակ հնչեց: Սղոցող, ինչպես կավճի ճռռոցը, լի մի բանով, որի մասին ես նախկինում չգիտեի: Ես ուզում էի ասել Կայովային, որ նա հրաշալի ընկեր էր, լավագույններից լավագույնը: Բայց այն ամենը, ինչ կարող էի անել, ձեռքերս ջրին զարկելն էր։

Արևը կուրացնում էր: Քսան տարի: Ասես երեկ էր, և ասես երբևէ չէր եղել: Գուցե, ինչ-որ իմաստով, ես անհետացել էի Կայովայի հետ միասին, և այժմ, քսան տարի անց, վերջապես հետ վերադարձա: Թեժ կեսօր, շենշող օգոստոսյան արև, և պատերազմը ավարտվեց: Մի քանի րոպե չկարողացա տեղիցս շարժվել: Ասես արթնանալով ամառային նիրհից, դեռ ծույլ ու դանդաղ, իմ շուրջն էր հավաքվում աշխարհը: Հիսուն մետր հեռավորության վրա, դաշտում կանգնած էր մի ծեր գյուղացի և ամբարտակի երկայնքով նայում էր ինձ: Այս մարդու դեմքը մութ ու հանդիսավոր էր:

Եվ, մինչ մենք նայում էինք իրար, ես զգացի, թե ինչպես ինչ-որ բան փակվեց, ապա մեկ այլ բան բացվեց իմ սրտում: Մի պահ թվաց, թե ծերուկը կարող է գալ, և մենք մի փոքր կխոսենք պատերազմի մասին, բայց փոխարենը նա բռնեց բահը, բարձրացրեց գլխի վրայով և մռայլորեն պահեց այն որոշ ժամանակ՝ դրոշի նման: Այնուհետև նա իջեցրեց այն, ինչ-որ բան ասաց ընկերոջը և նորից սկսեց փորել ըմբոստ չոր հողը:

Ես դուրս եկա ջրից:

— Այս ի՜նչ կեղտ է, — ասաց Քեթլենը: —  Զզվելի տարթով ես պատվել, նման ես ինչ-որ… Ոչի՛նչ, դու դեռ սպասիր, ես անպայման ամեն բան կպատմեմ մայրիկին, նա, հավանաբար, քեզ կուղարկի ավտոտնակում քնելու:

— Այո, դու ճիշտ ես, — ասացի ես։ — Պետք չէ նրան պատմել։

Ես հագա կոշիկներս, բռնեցի դստերս ձեռքը և դաշտի միջով տարա դեպի մեքենան։

Երբ մենք մոտեցանք ջիպին, Քեթլենը շրջվեց և նայեց դաշտին:

— Այն ծերուկը, — ասաց նա, — բարկացա՞վ քեզ վրա, թե՞ նման բան:

— Հուսով եմ՝ ոչ:

— Նա զայրացած տեսք ուներ:

— Ոչ, — ասացի ես: — Ամենն ավարտվել է:

 

1990 

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև