Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Թերեզա Ամրյան․ «Մեծ տատիս պատմած հեքիաթներում միշտ կարևորվում էր մարդը»․ զրույց

 

Առաջին հեքիաթները լսել եմ պապիկիս մայրիկից։ Մեր ընտանիքի բոլոր անդամները պապիկիս մայրիկին ընե էին անվանում, որ մեր լեզվով «մայրիկ» է նշանակում։ Ամեն երեկո նստում էի ընեի կողքին, և նա ինձ համար եզդիական հեքիաթներ էր պատմում։  

Ընեի պատմած հեքիաթների հերոսները անջնջելի հետք են թողել իմ հիշողության մեջ։ Տարբեր հեքիաթներ կան այն մասին, թե ինչպես է մարդը գերի ընկնում դեու (dêw) կոչվող հսկա արարածներին․ այդ խոշորամարմին էակներն ուզում էին մարդուն դարձնել ստրուկ։ Բոլոր հեքիաթներում մարդն ազատագրվում է նրանց գերությունից՝ շնորհիվ մարդկային մտքի, խորագիտության, հնարամտության։

Որոշ հեքիաթներում և պատումներում հանդիպում է Խենթ Բալուլի (Belûlê Dîn) կերպարը, որ շրջում էր ամենուրեք, դատապարտում, քննադատում թագավորներին, ղեկավարներին, հոգևորականներին։

Ընեի հեքիաթների կանայք և աղջիկները աչքի էին ընկնում ոչ միայն քնքշությամբ, կանացի չարաճճիություններով, այլև համբերատարութամբ և իմաստնությամբ։ Ընեի հեքիաթներում գրեթե միշտ կինն էր աջակցում տղամարդուն և նպաստում էր նրա հերոսացմանը։ Օրինակ՝ քարի վրա նստած ծեր կինը ճանապարհ էր ցույց տալիս պատանուն, երիտասարդ աղջիկը ջուր, զենք կամ անհրաժեշտ տեղեկություն էր հասցնում իր սիրեցյալ հերոսին։

Ընեի հեքիաթները ոչ միայն անհոգություն էին պարգևում, այլև խելամտություն դաստիարակում։ Ընեի հեքիաթներում պատմվում էր նաև իրենց իրական առաքելությունից շեղված, ողջախոհությունը կորցրած, գոռոզացած, ընչաքաղց դարձած առաջնորդների մասին, որոնք անմիջապես զրկվում էին Աստծո տված շնորհից, և նրանց փոխարինելու էին գալիս հաստատակամներն ու արժանավորները։

Ժամանակի ընթացքում ընեի պատմած հեքիաթների շատ սյուժեներ գուցե երկրորդ պլան են մղվել, բայց անմոռանալի են այդ հեքիաթների հերոսները։ Գուցե պատճառն այն է, որ ընեի պատմած հեքիաթներում միշտ կարևորվում էր մարդը․այդ հեքիաթներում մարդն իր մարդկային մեծ հավատով էր հաղթանակ տանում գերբնականի նկատմամբ, իր մարդկային հավատի շնորհիվ էր փշրում չար կախարդությունները և դուրս էր գալիս խաբեության ճիրաններից։ Ընեի հեքիաթները երբեք չհնացող պատումներ են, իսկ հեքիաթների հերոսները միշտ կենդանի անձինք։ Ընեի հեքիաթների հերոսը սովորական մարդն էր, որ նպատակասլաց էր, համառ, երբեմն նույնիսկ ամենակարող։

 

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև