Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պատմվածք

Թեոդոր Շթորմ․ «Ծերունին»․ պատմվածք

Ուշ աշնանային մի հետմիջօրեի փողոցով դանդաղ իջնում էր խնամքով հագնված մի ծեր տղամարդ: Հավանաբար զբոսանքից տուն էր վերադառնում. կոշիկները, որ հիշեցնում էին անցյալի նորաձևությունը, փոշոտված էին: Ոսկե գլխիկով եղեգնյա երկար ձեռնափայտն առել էր թևի տակ: Մուգ աչքերով, որոնցում կարծես իր կորցրած ողջ երիտասարդությունն էր արտացոլված, և որոնք առանձնահատուկ կերպով հակադրվում էին ձյունաճերմակ մազերին, նա հանգիստ նայում էր շուրջը կամ քաղաքին, որ,  երեկոյան արևով ողողված, աչքերի առջև էր: Նա կարծես թե անծանոթ էր, որովհետև անցորդներից քչերն էին միայն բարևում նրան, թեև որոշները հայացքն ակամա ուղղում էին այդ լուրջ աչքերին: Վերջապես ծերուկը կանգ առավ մի մեծ առանձնատան առջև, մի անգամ էլ աչքը գցեց քաղաքին ու մտավ նախասենյակ: Դռան զանգը հնչելու պահին ներսի սենյակի՝ նախասրահին նայող նեղլիկ լուսամուտի կանաչ վարագույրը հետ քաշվեց, ու հետևում տեսանելի դարձավ ծեր կնոջ դեմքը: Տղամարդը ձեռնափայտով նշան արեց նրան:

-Դեռ լույս չկա, — ասաց նա իր հարավային թեթև առոգանությամբ, և տնտեսուհին նորից թողեց վարագույրը:

Ծերունին քայլեց ընդարձակ նախասենյակով, ապա առաջ անցավ. պատից կախված էին կաղնու փայտից մեծ պահարաններ՝ ճենապակե սկահակներով. դիմացի դռնով մի փոքրիկ սրահ մտավ, որտեղից նեղ սանդուղքը տանում էր դեպի հետևի տան վերնահարկի սենյակները: Նա դանդաղ վեր բարձրացավ, բացեց վերի դուռը ու մտավ ոչ այնքան մեծ մի սենյակ: Այնտեղ խորհրդավոր էր ու լուռ, մի պատ կար՝ գրեթե ծածկված դարակներով ու գրապահարաններով, մյուսից նկարներ էին կախված՝ մարդկանց ու երկրների, կանաչ սփռոցով սեղանի առաջ, որի վրա կիսաբաց գրքեր էին դրված, մի ծանրաշարժ թիկնաթոռ կար՝ կարմիր թավշյա բարձով: Երբ ծերունին գլխարկն ու ձեռնափայտը դրեց անկյունում, նստեց թիկնաթոռին, և թվում էր՝ զբոսանքից հետո հանգստանում է՝ ձեռքերը ծալած: Հենց թիկն տվեց աթոռին, հետզհետե սկսեց մթնել, լուսնի շողը պատուհանի միջով վերջապես ընկավ պատի նկարին, և երբ լույսի շերտը դանդաղ լողում էր, տղամարդու աչքերն ակամա հետևեցին նրան: Ահա ինքը քայլում էր սև հասարակ շրջանակով մի փոքր նկարում:

-Էլիզաբե՜թ, -շշնջաց ծերունին կամացուկ և երբ արտաբերեց այդ բառը, ժամանակը փոխակերպվեց. իր երիտասարդության տարիներն էին:

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Գերմանիա

 

 

 

 

Ընթերցել նաև