Միջոցառումներ Շնորհանդես

Թադևոս Ծպնեցյանի՝ ապրիլյան քառօրյային նվիրված «Մեռնող սլաքներ» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը

2019 թվականի Հոկտեմբերի 5-ին THE CLUB ակումբում տեղի ունեցավ երիտասարդ արձակագիր Թադևոս Ծպնեցյանի անդրանիկ՝ «Մեռնող սլաքներ» փաստավավերագրական գրքի շնորհանդեսը։ Վեպը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմին, որի մասնակիցն է եղել հեղինակը։ 

«Պատերազմը հոշոտում է մարդկային կյանքերն առանց երկմտելու, ստիպում գնահատել համամարդկային արժեքներից մեծագույնը` խաղաղությունը։ Խաղաղության գինն անկշռելի է, հոտը` ընկածների արյան բույրը։ Համամարդկային առաքելություններից ամենակարևորը խաղաղությունը փայփայելն ու պահպանելն է։

Բանակային կյանքի երկու տարին որպես գիրք ամբողջացնելու գաղափարը առաջացավ ապրիլյան մարտական գործողություններից հետո, երբ հարաբերական հանգստություն էր սահմանում։ Բլոկնոտը, որը գնել էի ամիսներ առաջ աֆորիզմներիս ու բանաստեղծություններիս համար ծառայեց միանգամայն այլ նպատակով ու ամեն գիշեր վառարանի կողքին հերթափոխ կատարելուց հետո մինչև լուսաբաց գրառումներ էի կատարում անցած գնացած օրերի մասին։ Բավականին երկար խմորվեց ու վերջ ի վերջո այսօր այն հանձնում եմ ընթերցողիս դատին։ Շնորհակալ եմ բոլոր ներկաներից, շնորհակալ եմ ինձ հավատացող ու օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր ընկերոջից ու հարազատից։ Վեպիս առանձնահատկություններից թերևս ամենակարևորներից է այն որ հերոսներից շատերն այս պահին մեզ հետ նույն դահլիճում են…»,- հուզմունքով նշեց գրքի հեղինակ Թադևոս Ծպնեցյանը։

 

«Աշխարհում մղվող բոլոր պատերազմները մանանեխի հատիկի չափ հոգապահուստ հավատի խաչելություն են: Մենք, որ ստեղծված ենք նույն մայր Հողից և ՄԻԱԿ ԱՐԱՐՉԻՑ` բազմաստվածության արնահեղ կռիվ ենք տալիս բազմակրոնության թմբիրում` ոչ մի կերպ չընդունելով տիեզերական միակ կրոնը` մարդասիրությունը: Մեզ շրջապատող մարդկանց կարմիր ձեռքերում մի փնտրեք խաղաղության դաշտեր. հողի հիշողությունը վիժած սերմերին փաթաթված փուշ է… Նրանք, որոնք տեսել են նռնակված հավատների վրա հեղվող արցունքները արևի` չեն մոռանա արյան հոտը… Աշխարհում ծառերը կմեռնեն կանգնած այնքան ժամանակ, մինչև մարդը կսրբագրի ՀՈՂԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ, պատերազմները կտևեն այնքան, մինչև համամարդկային աղերսով կուղղվենք ԼՈՒՅՍԻՆ, որը հար կմնա ամենաորոնվածը ողջ հողագնդում…

«Մեռնող սլաքներ» փաստավավերագրական վեպն ամենաուղիղ առերեսումն է ԼՈՒՅՍԻՆ, որովհետև ամեն պատերազմ, եթե նույնիսկ արնահեղված է, միևնույն է, լուսաբաց է` որդեկորույս մայրերի, ծնողի համար սև գլխաշորով, նահատակի համար` հրեշտականալու լույսի ծեսի մեջ… Խոնարհումս, բոլոր ծնողներին, որոնց հայացքը հավերժ երկնքին է սառած մնում… Մարդիկ, որոնք կենցաղային ու նյութական տառապանքներից են խոսում, դրամատիզացնում այս կամ այն խնդիր, մի օր նեղություն կրեք, հիշեք` մեր շուրջ վերք-հայացքներով որդեկորույս հայրեր ու մայրեր են ապրում, պատկերացնու՞մ եք չեն մեռել, ապրում են ու ապտակում մեզ մեր չնչինությունը…»,- իր խոսքով անկեղծացավ գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության հիմնադիր Մարգարետ Ասլանյանը։

 

«

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես ուզում եմ խոնարհվել մեր հերոսների և հերոսածին մայրերի առաջ։ Փորձել ինչ-որ սփոփանքի խոսքեր ասել․ քիչ է, շատ քիչ։ Շնորհավորում եմ այստեղ գտնվողներիս և շնորհակալություն հայտնում Թադևոսին։ Շնորհավորում եմ մեզ, քանի որ ծնվել է մի գործ, որտեղ պատմվում է զինվորական կյանքի ու հերոս տղաների մասին` նրանք հերոս են, նրանք խիզախ են, նրանց մասին լսելիս կարդալիս ու խոսելիս լինում է, որ հուզմունքն ու կորստյան ցավը միախառնվում են։ Հանուն տղերքի պիտի սիրենք ու գնահատենք մեր հայրենիքը։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ երկունքի համար, հատկապես որ առաջինն է։ Վստահեցնում եմ․ այս հոգևոր աշխարհում` գրական ասպարեզում, առաջնեկդ տղա է ու զինվոր։ Կանաչ ճանապարհ գրքիդ, Թադևոս ջան։»,- հավելեց դերասան, ասմունքող Նիկոլայ Եղիազարյանը, որը նաև գրքից մի քանի հատված ընթերցեց։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Օրերս գրական նորամուտը նշեց երիտասարդ արձակագիր Թադևոս Ծպնեցյանը՝ «Մեռնող սլաքներ» փաստավավերագրական վեպով, որ իրականության մի ապրված հատվածի վավերացումն է, որի կերպարների նախատիպերը իրական են, ինչ խոսք, պարտավորեցնող և հետաքրքիր է։ Շարքային զինվորի 2 տարվա բանակային առօրյան՝ տեղ-տեղ զավեշտով, իրականության՝ սթափ ու բազմակողմանի ներկայացմամբ։ Հոգեբանորեն այս առօրյային հարմարվելու դժվարությունները, տիրող բարքերի մասին համակողմանի դատողությունները, այն, ինչ կա՝ իրական, առանց ռոմանտիկ պաճուճանքի։ Այստեղ անգամ կանխազգալով մեռնող սլաքների տխուր անխուսափելիությունը՝ գիտակցված առաջ նետվող տղերքի անձնազոհ նվիրումն է, տղերքի, որոնք նոր են հատել չափահասության շեմը և դեռ տակավին կյանք չտեսած՝ ստանձնում են խաղաղությունը կերտողների ահռելի պատասխանատվությունը։ Սա վարակիչ,դաստիարակող օրինակ է ընթերցողի, հատկապես պատանի ընթերցողի համար։ Ունենք հստակ շեշտադրված, ուղղորդված ասելիք, նշանակետ։Պատմելու անմիջական ոճը, առանց ծաղկափթիթ գրքային, ավելորդ գեղարվեստական պաճուճանքի, կենդանի ու պատկերավոր, հումորի չափաբաժինը տեղին, ինֆորմացիայի թույլատրելիի սահմանը չհատելով՝ վեպը դառնում է յուօրինակ ուղեցույց, փոքրիկ էքսկուրս՝ բանակային 2 տարվա միջով։ Հերոսների մտորումները, հռետորական հարցումները ընթերցողին դարձնում են դեպքերի անմիջական մասնակից։ Միաժամանակ կոտրվում են իդեալականացված կարծրատիպերը՝ զինվոր-բանակ իրողության, պաթետիկ բառե հայրենասիրությանը գալիս է փոխարինելու իրականությունը՝ իր բոլոր բացերով, այնուամենայնիվ,այստեղ մենք սովորում ենք լինել հանդուրժող, միասնական, որովհետև հակառակը մեզ դարձնում է խիստ խոցելի․․․ Գրքին համուհոտ են տալիս ընկերական խենթ ու խելառ օրերի դրվագները, զինվորի հանդեպ շրջապատի հարգանքն ու զգացմունքայնությունը։ Հրետանավորի առօրյան, մարտունակության նախադրյալներն ու դրանց հասնելու ուղիները, անհնարինը հնարավոր դարձնելու ելքերը բացահայտվում են այս գրքում։ Ինչպիսի զինվոր ու զավակ լինել,ընկեր ու անգամ ռոմանտիկ սիրահար, նաև՝ ինչպիսի հասարակություն լինել՝ հանդեպ բանակի ու զինվորի․․․ Առաջին լուրջ փորձն արձակում անշուշտ հետաքրքիր խիզախում է, ուստի ձեռնպահ ենք մնում շատ խիստ, մանրադիտակային քննությունից, հատկապես որ ժանրը և թեմայի արդիականությունը թույլ են տալիս։ Այստեղ մեծ հաշվով ասելիքն ու անհերքելի արժեքները տեղ հասցնելու նպատակն է կարևոր։ Մեռնող սլաքները առաջ տանելու կամքով՝ ամեն մեկիս ցանկությունն է, որ պահոցում մնան չկրակված փամփուշտներ և խաղաղությունը հաստատուն լինի՝ որպես անխախտ բացարձակ արժեք․․․»,- նշեց գրող, թարգմանիչ, սույն գրքի խմբագիր՝ Մարինա Գևորգյանը։

 

«Ճիշտ են ասում` ժամանակը բուժում է վերքերն ու հիշողությունները փակում անցյալում, բայց պատերազմի հետ կապված ոչ մի հիշողության, ոչ մի ակնթարթ ի զորու չէ լռեցնել ժամանակը։ Բառերս հիմա շարվել են կոկորդումս ու դժվարանում եմ ասել ճոխ բառեր, որոնք կներկայացնեն մեր տղաների քաջագործությունները։ Մեր հայրենիքը, մեր հողը մեր սրբությունն է, մեզնից յուրաքանչյուրը առանց ինչ-որ պահ ափսոսալու պատրաստ էր զոհել կյանքը՝ հանուն մեր սրբության։ Հազար փա՛ռք մեր մարտիրոսված հերոսներին, հավերժ խոնարհում նրանց կյանք տված ծնողներին…»,- եզրափակեց Արթուր Գինոսյանը, որը հեղինակի նբանակային ընկերն է, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներից մեկը։

 

 

Ընթերցել նաև