Հովվին դուր է գալիս ցանկացած եղանակ
Մի ճամփորդ հովվին հարցնում է.
-Այսօր ինչպիսի՞ եղանակ կլինի:
Հովիվը պատասխանում է.
-Այնպիսին, ինչպիսին ինձ է դուր գալիս:
-Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ եղանակը կլինի հենց այնպիսին, ինչպիսին քեզ է դուր գալիս, -զարմանում է ճամփորդը:
-Գիտակցելով, որ հնարավոր չէ ունենալ այն, ինչը քեզ է դուր գալիս, սըր, ես սովորել եմ ընդունել այն, ինչ տեղի է ունենում: Այնպես որ, ես միանգամայն համոզված եմ, որ կլինի այնպիսի եղանակ, որը ինձ դուր է գալիս, -պատասխանում է հովիվը:
Երջանկությունն ու դժբախտությունը կախված է ոչ թե երևույթների էությունից, այլև այն բանից, թե մենք ինչպես ենք արձագանքում այն բանին, ինչը տեղի է ունենում:
*
Օվկիանոսի գեղեցիկ կղզին
Ծերունին կյանքի մեծ մասն ապրել էր մի կղզում, որն համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկը: Եվ, երբ նա տեղափոխվեց մեծ քաղաք, ինչ-որ մեկն ասաց.
-Ի՜նչ հիանալի է ապրել մի կղզում, որն աշխարհի հրաշալիքներից մեկն է համարվում:
Մի քիչ մտածելուց հետո, ծերունին պատասխանեց.
-Գիտե՞ք, ճիշտն ասած, եթե ես իմանայի, որ կղզին այդքան նշանավոր է, գոնե, ինչպես հարկն է, կնայեի:
Մարդկանց պետք չէ սովորեցնել՝ ինչպես նայել: Նրանց ուղղակի պետք է փրկել դպրոցից, որը նրանց կույր է դարձնում:
*
Որտեղ փնտրել ճշմարտությունը
Մի երիտասարդ տղամարդ, ով ուզում էր, ինչ գնով էլ լինի, գտնել Ճշմարտությունը, այնքան ուժեղ գտնվեց, որ թողեց իր ընտանիքը, ընկերներին և գնաց Ճշմարտությանը փնտրելու: Նա եղավ բազմաթիվ երկրներում, կտրեց, անցավ շատ ծովեր, բարձրացավ լեռներ, անցավ ծանր փորձությունների ու տառապանքի միջով:
Մի օր նա արթնացավ այն մտքից, որ ինքն արդեն յոթանասունհինգ տարեկան է, բայց դեռ չի գտել ճշմարտությունը, ու հուսահատությունից որոշեց դադարեցնել որոնումներն ու վերադառնալ տուն:
Ու, քանի որ նա այլևս առաջվա նման ջահել չէր, տունդարձի ճանապարհը նրանից խլեց երկար ամիսներ:
Նա հասավ տուն, բացեց դուռն ու… գտավ բոլոր այդ տարիներին իրեն սպասող Ճշմարտությանը:
Հարց. «Այդ ճամփորդություններն օգնեցի՞ն նրան գտնել Ճշմարտությունը»:
Պատասխան. «Ոչ, բայց ճամփորդություններն օգնեցին ճանաչել նրան»:
*
Ումն է պետք
Աշակերտը ուսուցչին բարեխղճորեն ամեն ամիս տեղեկություն էր փոխանցում իր հոգևոր առաջընթացի մասին:
Առաջին ամսում նա գրեց. «Զգում եմ գիտակցականության ընդլայնում և միասնականացում արտաքին աշխարհի հետ»: Վարպետը նայեց գրառումն ու շպրտեց զամբյուղի մեջ:
Երկրորդ ամսում աշակերտը գրեց. «Վերջապես ես շրջապատող բնության մեջ բացահայտեցի աստվածայինը»:
Վարպետը հիասթափված էր:
Երրորդ ամսում աշակերտը խանդավառությամբ գրեց. «Բոլորի և Միակի առեղծվածը իմ մտքերի սևեռուն զարմանքին է արժանացել»:
Վարպետը հորանջեց:
Հաջորդ նամակում մտքի թարմություն կար. «Ոչ մեկը չի ծնվում, ոչ մեկը չի մեռնում, քանզի ԷԳՈ գոյություն չունի»:
Վարպետը հուսահատությունից ձեռքերը տարածեց:
Այդ նամակից հետո անցավ մեկ ամիս, հետո՝ երկու, հետո՝ հինգ, հետո՝ մի ամբողջ տարի: Ուսուցիչը որոշեց իր աշակերտին հիշեցնել, որ ժամանակն է տեղեկություն փոխանցել հոգևոր զարգացման մասին:
Աշակերտը պատասխանեց. «Բայց դա ո ՞ւմն է պետք»:
Գրառումը կարդալուց հետո վարպետի դեմքին հրճվանք երևաց.
-Տե՜ր Աստված, փա՛ռքդ շատ, -ասաց նա,- վերջապես տեղ հասավ…:
Նույնիսկ դեպ ազատություն ձգտումն է սահմանափակում:Դու իրապես ազատ ես այն ժամանակ,երբ այլևս նշանակություն չունի՝ դու ազատ ես, թե ոչ: Ազատ կարող է լինել միայն նա, ով ինքնաբավ է:
*
Անվախ ժամապահը
Մի զորակոչիկ, ով նոր էր հավաքագրվել բանակ, առաջին անգամ հերթապահում էր անցակետում: Նա հրաման էր ստացել՝ առանց հատուկ թույլտվություն ավտոմեքենա չթողնել:
Որոշ ժամանակ անց նա կանգնեցրեց մի ավտոմեքենա, որի մեջ նստած էր գեներալը: Գեներալը ասաց վարորդին, որ վերջինս ուշադրություն չդարձնի ժամապահին:
Բայց զորակոչիկը եկավ առաջ, ավտոմեքենայի վրա պահեց ավտոմատն ու հանգիստ ասաց.
-Ներեցե՛ք, պարոն, բայց ես առաջին անգամ եմ հերթապահում: Հիմա ու ՞մն եմ առաջինը կրակում՝ ձեզ, թե՞ վարորդին:
Մեծության կհասնես միայն այն դեպքում, երբ ուշադրություն չդարձնես նրանց, ովքեր դիրքով բարձր են քեզնից և անես այնպես, որ քո դիրքին ուշադրություն չդարձնեն նրանք, ովքեր ի պաշտոնե ցածր են քեզնից: Այդ ժամանակ դու չես մեծամտանա և չես լինի ստորադասված:
*
Բծախնդիր ուսուցիչը
Մինչ իմաստուն ու կարեկցող դառնալը՝ ուսուցիչը ստիպված էր սխալների և թյուրըմբռնումների փշոտ ճանապարհով անցնել: Ահա այդպիսի մի օրինակ:
Երբ նա դպրոցի տնօրեն էր, մի անգամ աշակերտներից մեկն եկավ ու ասաց, որ ուզում է տեղափոխվել ուրիշ դպրոց:
-Ինչո ՞ւ, տղա ՛ս: Ի ՞նչ է պատահել: Ի ՞նչը քեզ դուր չի գալիս: Չէ՞ որ դու գերազանց գնահատականներ ունես:
-Ոչինչ էլ չի պատահել, պարո ՛ն: Ուղղակի ես ուզում եմ տեղափոխվել այլ դպրոց, ու վերջ:
-Գուցե խնդիրն ուսուցիչնե ՞րն են: Գուցե դու ինչ-որ մեկին սիրահարվե ՞լ ես:
-Ո ՛չ, պարոն, խնդիրը ուսուցիչները չեն:
-Այդ դեպքում, գուցե աշակերտնե ՞րն են: Դու ինչ-որ մեկի հետ կռվե ՞լ ես:
-Ո ՛չ, նման բան չի պատահել:
-Իսկ կարո ՞ղ է ուսման վարձն է շատ թանկ:
-Ո ՛չ, պարոն, դա էլ չէ:
Տնօրենը երկար լռեց, հույս ունենալով, որ երկարատև դադարը կստիպի աշակերտին ճշմարտությունն ասելու: Հանկարծ աշակերտը սկսեց արցունքները սրբել: Տնօրենը հասկացավ, որ հաղթել է: Ամենափափուկ ու ամենահասկացող ձայնով նա ասաց.
-Դու լաց ես լինում, որովհետև քեզ ինչ-որ բան անհանգստացնո ւմ է, այդպե ՞ս չէ:
Տղան հեծկլտաց:
-Դե ՛, պատասխանիր, խնդրում եմ, ինչո ՞ւ ես լաց լինում:
Տղան նայեց տնօրենի աչքերի մեջ ու ասաց.
-Որովհետև դուք ինձ տալիս եք բոլոր այս հարցերը:
*
Գլխացավ
Երիտասարդ մեկին, ով սովորում էր ճեմարանում, մի անգամ ասել էին, որ քահանայից մարդիկ ընդամենը մի բան են ցանկանում. լսել իրենց խնդիրները: Միայն լսել, լսել, լսել…
Շատ հնարավոր է, որ քահանան չկարողանա օգնել, բայց պարտավոր է համբերատար լսել: Հենց այդպես էլ որոշեց անել երիտասարդ քահանան՝ լսել:
Որքան էլ ներսը ըմբոստանում էր, նա իրեն ստիպում էր լսել, լսել, լսել…
Եվ մարդիկ շատ շնորհակալ էին նրանից:
Բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէր…
Մի անգամ նրա մոտ եկավ տարեց մի կին և սկսեց դժգոհել ահավոր ու սարսափելի գլխացավից :
-Ասացե՛ք ինձ, ի՞նչն է ձեզ անհանգստացնում,-հրավիրեց զրույցի քահանան:
Նա խոսում էր, խոսում էր, խոսում էր, իսկ քահանան լսում էր, լսում էր, լսում էր:
Դա միշտ աշխատել է:
-Հա՛յր, ես այստեղ մեկ ժամ առաջ եկա ահավոր ծանր գլխացավով: Իսկ հիմա այն անցնում է, անցնում է, անցնում է:
Եվ քահանան մտածեց. «Ես գիտեմ, գիտեմ, գիտեմ: Որովհետև հիմա արդեն իմ գլուխն է ցավում»:
*
Ինչպես հասնել Դաոյի
Մի անգամ աշակերտը հարցրեց իր ուսուցչին.
-Ի՞նչ ասել է Դաո:
Ուսուցիչը պատասխանեց.
-Դաոն ամեն ինչ է:
-Ինչպե՞ս հասնել Դաոյի,-հետաքրքրվեց աշակերտը:
-Եթե ձգտես հասնել դրան, ապա այն բաց կթողնես, -պատասխանեց ուսուցիչը:
Չի կարող բնական լինել նա, ով ջանում է բնական լինել կամ էլ փորձում է չփորձել:
*
Հետաքրքվա՞ծ ես կանանցով
Տղան հանդիպում է մեկ այլ տղայի:
-Դու քանի՞ տարեկան ես:
-Ես՝ հինգ, իսկ դո՞ւ:
-Չգիտեմ:
-Ո՞նց, դու չգիտե՞ս՝ քանի տարեկան ես:
-Դե՛ չէ, չգիտեմ:
-Իսկ քեզ կանայք հետաքրքո՞ւմ են:
-Դե, չէ՛:
-Ուրեմն դու չորս տարեկան ես:
*
Ինչպես աղջիկներին տարբերել տղաներից
Թոմին նոր էր վերադարձել լողափից:
-Այնտեղ ուրիշ երեխանե՞ր էլ կային,-հարցրեց նրան մայրը:
-Այո՛,-պատասխանեց Թոմին:
-Աղջիկներն էին, թե՞ տղաներ,-հետաքրքվեց մայրը:
-Որտեղի՞ց իմանամ, նրանք հագուստով չէին:
*
Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ
Մի անգամ մուրացիկ մեկը տեսավ բանկիրի, ով դուրս էր գալիս գրասենյակից:
-Պարո՛ն, ես մի բաժակ կոֆե եմ ուզում,-խնդրեց նա:
Բանկիրը նայեց մուրացկանին ու խղճաց նրան. վերջինս դժբախտ ու կեղտոտ տեսք ուներ:
Բանկիրը պատասխանեց.
-Ահա՛, վերցրո՛ւ մեկ դոլլար: Սրանով դու կարող ես գնել տասը գավաթ սուրճ:
Հաջորդ օրը մուրացկանը բանկիրին սպասում էր գրասենյակի դռների մոտ: Տեսնելով բանկիրին՝ մուրացկանը մոտեցավ նրան ու ոտքով հարվածեց.
-Հե՜յ,-զարմացավ բանկիրը,-ի՞նչ է, գժվեցի՞ր:
-Սա քեզ՝ քո ախմախ կոֆեի համար: Դրա պատճառով ես ամբողջ գիշեր աչք չեմ փակել:
*
Երբ է Աստված ծիծաղում
Աստված ծիծաղում է երկու դեպքում: Նա ծիծաղում է, երբ բժիշկն ասում է մորը. «Մի՛ անհանգստացեք, ես կբուժեմ ձեր տղային»:
Աստված ինքն իրեն ասում է. «Ես պատրաստվում եմ երեխային տանել ինձ մոտ, իսկ նա մտածում է, որ կարող է փրկել տղային»:
Նա նաև ծիծաղում է, երբ տեսնում է, որ երկու եղբայրներ իրենց ունեցած մի կտոր հողը կիսում են երկու մասի՝ ասելով. «Հողի այս կտորը պատկանում է ինձ, մյուս մասն էլ քոնն է»:
Նա ասում է ինքն իրեն. «Տիեզերքը պատկանում է ինձ, իսկ սրանք իրենց իրավունքներն են հաստատում դրա մի մասի վրա»:
Երբ մարդուն տեղեկացրին, որ նրա տունը գետը տարել է, ծիծաղեց ու պատասխանեց. «Չի կարող պատահել: Տան բանալիներն իմ գրպանում են»:
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի