Հարցազրույց Մշակույթ

Էմմա Մանուկյան․ «Կերպարը սիրվում է, երբ դրան իրապես ապրումակցում ես»․ հարցազրույց

 

Մասնագիտությունը․․․

 

Ինձ համար այնքան բարձր տեղում է մասնագիտությունս, որ ես շատ հաճախ վիրավորվում ու ապշում եմ այս մասնագիտությունը կիսող այն կոլեգաներից, որոնք սրասափելու չափ կոտրում են արվեստի այս ճյուղն, իջեցնում այն հնարավոր և անհնար բոլոր ձևերով՝ ցույց տալով, թե որքան կարելի է չսիրել այն։ Սա այն արվեստն է, որը պիտի այնքա՜ն սիրես․ ես այլ կերպ չեմ պատկերացնում։ Միայն սերը դեպի մասնագիտությունը կարող է անմահացնել այն։ Աշխարհում ամենալավ պահն ինձ համար՝ պրեմիերայի գիշերն է, մոգական մի բան է (ժպտում է)։ Աշխատանքիդ արդյունքը քեզ սնուցող աղբյուրն է, անապատում ջուր բերողը։ Ես դեռ շատ հեռու եմ իմ առջև դրված աճից, բայց տարիների հոսքում շատ կարևոր բաների եմ հասել, սովորել եմ մի շարք ոսկե կանոններ, որոնք այսօր ապահովում են անխափան ընթացքս։

 

Դերերը, ուրիշի ճակատագրերը․․․

 

Այնուամենայնիվ, ես դեռ չեմ խաղացել այն դերը, որը կարտահայտեր հենց ինձ, իմ բարդ բնավորությունն ու էությունը։ Ինձ հոգեհարազատ շատ կերպարներ եմ մարմնավորել, բայց դրանցից ոչ մեկն իմ էությանը մոտ անգամ չի եղել։ Ես երբեք ինձ հետ տուն չեմ բերում ուրիշի ճակատագրերը․ դա ինքս ինձ հետ ներդաշնակ մնալու ամենակարևոր նախապայմանն է։ Ունեմ հատուկ նոթատետրեր, որտեղ գրի եմ առնում իմ բոլոր կերպարներն ու դրանցից յուրաքանչյուրի վրա առանձին, յուրովի աշխատում, հղկում, ասես կավ լինեն՝ թրծում եմ, ամեն կերպարիս հետ փորձում հասկանալ, թե ինչպիսի երաժշտություն է ապրում նրա ներսում։ Գրչի հետ աշխատելն այս դեպքում անքակտելի, նույնիսկ պարտադիր մաս է։ Ես մաքրագրում եմ իմ կերպարն ու մեր երկխոսության արդյունքում է ծնվում այն, ինչ հետո հաջողության գրավական է դառնում։ Ես շատ զգացմունքային եմ, բայց կերպարներիս նման կերպով մոտենալս բացառապես սթափ գիտակցության արդյունք է։

Թատրոնում խաղացած իմ ամենասիրելի դերը՝ իննամյա Կատյայի կերպարն է, որը ես մարմնավորել եմ՝ Դոստոևսկու «Անկոչ Աննա» վեպի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, իսկ ֆիլմում․․․ Ցավոք, դեռևս չկա այն սիրելի կերպարը, որը կուզեի մարմնավորել։ Թեպետ պիտի նշեմ, որ վերջին դերերիցս մեկը շատ պատասխանատու էր և ֆիլմն ասպարեզ էր հանում սոցիալական լուրջ խնդիր, ազդակ․ հերոսուհին թրաֆիքինգի ենթարկված կին էր։ Սցենարներ կան, որոնք կարդալիս դերասաններն արդեն կողմնորոշվում են՝ արդյո՞ք կա անհրաժեշտություն կերտել այդ դերը, թե՞ այն այնքան շոշափելի է, որ հենց հաջորդ օրն էլ պատրաստ ես նկարահանվել։ Այդպիսին էր վերոնշյալ դերս՝ ես այն զգացի ողջ բջիջներով։ Լսարանը միանգամից կռահում է դերասանի՝ այս կամ այն դերի մեջ ապրումներն իրապես զգալն ու ձևացնելը։ Կերպարը սիրվում է, երբ դրան իրապես ապրումակցում ես։ Ցավոք, խնդիրներն այնքան խոր արմատ ունեն, որ մի ֆիլմով, մի նման կերպարով չի կարող լուծվել բռնության հավերժահարցը։ Գուցե մեկ, երկու, տասը, երեսուն մարդ դարձի գա, բայց գլոբալ առումով երկրի մասշտաբով դա կանխելը, անհնար է։ Մեր երկրում էլ դա ավելի քան տարածված երևույթ է, և, հավատացեք, որ իրականում ֆիլմում ներկայացվածը շատ ավելի զուսպ ու փոքրամասշտաբ անդրադարձ է, քան փաստացի տիրող վիճակը։ Հայաստանը միայն գիշերային գեղեցիկ Երևանը չէ, երջանիկ թվացող մարդիկ, հմայիչ կանայք․․․ Այդ ամենի հակառակ կողմում մենք աննկարագրելի հոգեբանական, սոցիալական խնդիրներ ունենք։

 

Ընթերցում եմ․․․

 

Գրականության հարցում նախասիրություններս տարբեր են։ Հիմնականում ռուսերենով եմ կարդում։ Անսահման սիրում եմ Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար» գործը, գլխավոր հերոսն ինձ համար տղամարդու իդեալ է։ Ֆեոդոր Դոստոևսկու գործերի կանանց կերպարները կառանձնացնեմ, նրանցից մեկին մարմնավորել եմ, միշտ իմ մեջ են այդ կերպարները։ Ժամանակակիցներից ուշադրությունս գրավեց Միլան Կունդերան․ «Անմահություն»-նն ընկղմեց ինձ իր խորքերն, ապա ստիպեց սահուն կերպով անցնել նաև մյուս ստեղծագործություններին, որոնք, սակայն, առաջին ազդեցիկ տպավորությունը փոքր-ինչ կոտրեցին՝ ընթացքը թուլացավ։ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» նույնպես սիրելի գրքերիս ցանկում է, միանգամայն այլ երկինք է։ Լև Տոլստոյի Աննա Կարենինա վեպից առանձին հատվածներ շատ մեծ տպավորություն են թողել ինձ վրա, պարբերաբար մտովի վերադառնում եմ այդ հատվածներին, սակայն վերընթերցել երբեք չեմ սիրել ու չեմ հիշում ոչ մի գիրք, որը վերընթերցած լինեմ, քանի որ սիրում եմ անընդհատ նորը, թարմը բացահայտել։ Այդ մասով միայն պոեզիային կարող եմ նորից վերադառնալ, պարբերաբար վերընթերցել այն բանաստեղծությունները, որոնք միշտ ձեռքիս տակ են, հիմա, օրինակ՝ Օսիպ Մանդելշտամ եմ շատ վերընթերցում։ Պիտի նշեմ, որ Մանդելշտամի արձակն ինձ չի գերել, ավելին՝ հավատս չի գալիս, որ այդ պոեզիան ու արձակը նույն մարդն է հեղինակել (ժպտում է)։ Վերջին կարդացածս գիրքը Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» է։ Հիմա մի շատ հետաքրքիր կին գրողի եմ բացահայտել ինձ համար՝ Ամելի Նոտոմբին, յուրահատուկ ծանոթություն է իմ և իր գործերի միջև, իր «Խողովակների մետաֆիզիկա» վեպն եմ ընթերցում, խելահեղ ռիթմ ունի այս հեղինակի գրիչը, ինչը շատ հատուկ է այսօրվա ընթերցողի պահանջին, որովհետև մենք ապրում ենք մի դարաշրջանում, ուր մարդիկ չեն կարողանում մինչև վերջ դիտել անգամ երկուսուկես րոպե տևող հոլովակներ, և ռիթմը, դինամիկան ցանկացած բանում շատ կարևորվում է։ Ես ավելի շատ էպիկական ռիթմի սիրահար եմ, այս դեպքում գերադասում եմ այն վերոնշյալ արագությունից։ Կենսագրական գրքեր էլ եմ շատ սիրում։ Վերջերս մի հետաքրքիր փաստավավերագրական ֆիլմ դիտեցի, որը պատմում էր Բելլա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Բուլատ Օկուջավայի, Սերգեյ Դովլաթովի ու այդ ժամանակի մի քանի այլ գրողների մասին, այն ինձ շատ տպավորեց ու դրա ազդեցությունը նպաստեց, որպեսզի ժամանակս նվիրեմ նաև այս գրողների գործերի վերընթերցմանը։ Մասնագիտության բերումով արձակն ինձ համար ավելի սիրելի է, սովորաբար արձակի կերպարներից գողանալու բան ունենք (ժպտում է):

 

 

Երջանկությունը․․․

 

Հորս եմ նման․ տրամադրության վայրիվերումների մարդ եմ։ Ինձ այդ անկումներից փրկում է միայն աշխատանքը, ծանրաբեռնվածությունս, միանգամից ցրում բոլոր բացասական ամպերն ու կարգավորում ներաշխարհս։

 

Կատարելությունը․․․

 

Միջակությունն ատելի է ինձ համար․ պիտի լինել կամ բացարձակ, կամ չլինել։ Հենց այդ պատճառով այս տարիների ընթացքում ես մի քանի մասնագիտություն եմ փոխել, երբ հասկացել եմ, որ պիտի գրանցվի ոչ թե գերազանց, այլ միջին արդյունք։ 

Կատարյալ մարդիկ չկաn, ես էլ եմ հեռու կատարյալ լինելուց։ Անգամ մայրս ինձ համար կատարյալ չէ որպես կին, սակայն բացարձակ է՝ որպես մայր․․․

 

Երևանը․․․

 

Երբեք չեմ բացակայել, չեմ կտրվել Երևանից այնքան, որ զգամ իմ և նրա լիարժեք կապը։ Որքան էլ տարօրինակ, գուցե վտանգավոր հնչի, բայց ես Երևանին խորապես կապված չեմ։ Գուցե պատահի այնպես, որ երկար տարիներ ապրեմ հայրենիքից հեռու և միայն այդ ժամանակ համարձակորեն ասեմ՝ ես առանց իմ քաղաքի չկամ, այս կամ այն նստարանը, այգին, փողոցը միայն իմ սրտինն են, միայն իմն են, բայց հիմա ես չունեմ այդ զգացողությունը։ Ես կարող եմ հողաթափերով, չհարդարված, անփույթ սանրվածքով դուրս գալ փողոց՝ ընդունելով քաղաքս իբրև տուն, բայց պաթետիկ սեր մեր միջև չկա։

 

Ազատությունը․․․

 

Ես կդադարեմ լինել ազատ, երբ սկսեմ հիմնվել ուրիշների կարծիքներին․․․ Ինձ համար ազատությունն իմ լսարանին մեր լեզվից չշեղելն է, ապահովել իմ կերպարի պատշաճ բառաֆոնդը հեռուստասերիալներում և զերծ մնալ ժառգոնից, որը որոշ մարդիկ այնպես են արմատացրել, որ թվում է մեսրոպատառի հետ է այն դեռ ծնվել։ Իմ լսարանն իմ միջոցով չի կարող վատ պաշար հավաքել։ Դրամատիզմը չպիտի ռաբիսությանը զոհ գնա։

 

 

Համբերությունը, ժամանակը․․․

 

Մշտապես պակասող, չհերիքող բան է․․․ Բոլոր ժամանակներում, ամենուր մեզ պակասել է համբերությունը։ Գրականությունը, փիլիսոփայությունը, մարդու վրա մասսայական ներգործություն ունեցող ամեն բան մեզ մշտապես համբերություն է փորձել սովորեցնել, թեպետ մեր օրերում ամեն բան նպաստում է, նույնիսկ ազատության գաղափարի ներքո բացահայտ հորդորում, որ մարդը անհանդուրժող լինի, չհամբերի, ասել է թե՝ մենք իրավունք ունենք այս կամ այն բանին ըմբռնումով չմոտենալու։ Մենք անգամ չենք կարողանում ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, մի քիչ ավել մտածել դրա շուրջ, որովհետև այնպիսի ռիթմերում ենք ապրում, որ դա դարձել է աղետ, չարիք․ եթե որոշ ժամանակ առաջ ես հաճույքով երկուսուկես ժամ տրամադրում էի որևէ վավերագրական ֆիլմ նայելուն, ապա այսօր ես մեկ րոպե չեմ կարողանում տրամադրել՝ մինչև վերջ դիտելու որևէ բան, որովհետը միանգամից ինչ-որ բան գլխումս պտտվում է, սկսում հուշել, որ ես դա կարող եմ քսանհինգ վայրկյանում էլ դիտել․․․ Սա իմ և շրջապատիս աղետն է։ Մենք չգիտենք համբերել։ Պատճառները փնտրում ենք ոչ թե մեր, այլ երևույթների մեջ։ Մենք անընդհատ շտապում ենք, բայց ու՞ր, ինչու՞։ Բոլորն ասես մրցավազքում լինեն, միայն կրկնում են՝ արագացրե՛ք, արագացրե՛ք։ Ու այսպես մի օր տեսնում ենք, որ մի ամբողջ կյանք անցավ․․․

 

Մենությունը․․․

 

Ինձ համար վայելք է մենությունը։ Ընտանիքս, դուստրս ամենակարևորն են ինձ համար, նրանց հետ ժամանակ անցկացնելը, բայց ես մշտապես մենանալու կարիք ունեմ․ մենակ սրճարանում թեյելու, մենակ նստելու, մենակ զբոսնելու, խորհելու։ Պիտի կարողանաս սիրել մենությունը։

 

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի 

© Երևան  2020

Զրույցը վարեց՝  Տիգրանուհի Մարգարյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև