Հրատարակչություն Նորություններ

Էլիզա Մխիթարյան․ «ՌոմանտիՂմ»․ լույս է տեսել երաժիշտ, թարգմանիչ, արձակագիր Էլիզա Մխիթարյանի առաջին գիրքը

 

Արտասովոր խորագրով այս գիրքն արդեն ընթերցողի սեղանին է։ Մեկը մյուսից հետաքրքիր, սուր հումորով համեմված կարճ պատմվածքները Էլիզա Մխիթարյանի ուրույն ձեռագրի արտացոլումն են և այցեքարտը։

«Ռոմանտիղմ բառը բնավ չի կեղտոտում ռոմանտիզմ հասկացությունը, այլ ընդհակառակը՝ ընդգծում է այն, շրջանցելով բառի պաթետիկ երանգը։ Մեր ժամանակների մարդը թաղված է կենցաղում եւ միաժամանակ ձգտում է երջանկության։ «Ռոմանտիղմի» պատմվածքները ցույց են տալիս, որ իզմ-երից դուրս աշխարհ կա, որտեղ կենցաղավազքում մարդիկ չեն կորցնում իրենց սերը կյանքի, հայրենիքի, տղամարդու կամ կնոջ և, առհասարակ, ամեն ինչի հանդեպ։ Ընթերցողը խելացի է։ Գեղարվեստական կարճ տեքստում փոխանցված ասելիքը հաճախ այնպես է մեկնաբանում, որ գրողին է անգամ զարամացնում։ Իմ հերոսները ինձ շրջապատող մարդիկ են, ամենապարզ ու հասարակ, մարդիկ, որոնց հետ մենք առնչվում ենք ամեն օր, կերպարներ ու տեսակներ, որոնք կան մեր կյանքում կամ գոնե լսել ենք նրանց մասին։ Իմ հերոսները կենդանի են, ապրում են ու շնչում, կարծում եմ, դա է պատճառը, որ ընթերցողները հաճախ ասում են, որ գրքում գտնում են իրենց կամ կողքիններին․ դա և՛ կարեւոր է, և՛ զվարճալի, որովհետեւ մարդը ունի շատ թերություններ, որոնց մասին մի փոքր հումորով խոսելը չի խանգարի»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ հեղինակը։

 

«Աշխարհի կենսագրության մեջ գրվող գրականությունը բազմալեզու է, սակայն միակրոն․ դրա առանցքը սիրտն է, հավատամքը՝ սերը, հետևաբար բազմաբևեռությունը, արծարծվող թեմաները ամբողջանում են միայն այն դեպքում, երբ գրականությունը համամարդկային է։

«ՌոմանտիՂմ» ժողովածուն ազգերի պատմության մեջ անմահացող մարդեղենի վկայումն է, գիրք՝ ներսեղենների, տիեզերական քաոսի մեջ լույսի արագությամբ բազմացող աղմուկների աղետում հիշեցման ազդակ․ գերզարգացող ժամանակների խելահեղ շրջապտույտում նույնիսկ, մարդկային սիրտն ի վերջո, միևնույն է, փափագում է, ձգտում դեպի միակ կատարյալը՝ հասարակը՝ ԶԲԱՆՍ ՍԿԶԲԻ, նախաարարչական մերկության։Աշխարհում գրվող ոչ մի գրականություն հանճարասերմ չէ, եթե չի արտացոլում մեր մեջ հողի հայելին՝ հոգեդարձով դեպի արմատներ։

«ՌոմանտիՂմ»-ը մարդու մասին է, մարդու համար, մարդու հետ։ Հոգեփոխության ծանր և ի հակադիր այս ամենի՝ ծայրահեղ անկանխատեսելի վայրկյանի մեջ թափառող ճակատագրերի պար է՝ կրակե շապիկների տակ, որովհետև մարդկային կյանքը գալարում է՝ հոսանքի դեմ և դրան հակառակ։

Գրքի արտասովոր խորագիրը լիարժեք արտացոլում է Ներսի և Դրսի դուռը․«ՌոմանտիՂմ»-ը հայ արդի գրականության մեջ ուրույն և անշփոթելի ձեռագիր է՝ հանձնված ժամանակների վերծանմանը, ժամանակակից սերունդների հոգեզննությանը», — նախաբանում նշում է գրող, թարգմանիչ, Երևանյան Էսքիզ հրատարակչության հիմնադիր Մարգարետ Ասլանյանը։

Նշենք նաև, որ գրքի համակարգչային ձևավորումն իրականացրել է Լիանա Մինասյանը, կազմի ձևավորումը՝ արձակագիր, թատերագետ, գրաֆիկ դիզայներ Սաթե Հովակիմյանի։ Գրքի խմբագիրն է Թվ Ալիք շաբաթաթերթի խմբագիր, տնօրեն Սերգեյ Հարությունյանը, սրբագրիչը՝ Մավրիկ Ալեքսանյանը։ 

 

 

 

Ընթերցել նաև