Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Էլիզա Մխիթարյան․ «Շատ կողմերով հեքիաթի գաղափարական ուղենիշն համընկնում է ճակատագրի հետ»․ զրույց

 

Հեքիաթն այն առաջին իրողությունն է, որ ինձ համար ունեցավ իսկապես ճակատագրական նշանակություն։

Թերևս, անկեղծության ժամ հայտարարեմ և պատմեմ այս պատմությունը։ Մինչ ծնվելս բժիշկները վստահեցրել էին ընտանիքիս անդամներին, որ երեխան տղա է։ Ես ծնվեցի քիչ քաշով, ոտքերի կողմից, պորտալարը վզիս փաթաթված ու ասում են՝ ամբողջովին կապտած, և բժիշկներին թվաց՝ խեղդվել եմ։ 

Բարեբախտաբար, ամեն ինչ ունեցավ լավ ավարտ և Աստված տվեց ինձ հնարավորություն այսօր այս պատմությունը պատմելու։ Երբ ընտանիքիս անդամներն իմացան, որ երեխան աղջիկ է, տարբերակներ առաջարկեցին անվան, սակայն տատիկս արդեն որոշել էր, որ անունս պիտի Էլիզա լինի՝ ի պատիվ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի համանուն հերոսուհու։ «Վայրի կարապները» հեքիաթն այսօր իմ ամենասիրելին է։ Մի անգամ տատիկս ինձ բացատրեց, թե ինչու՞ է այդ հեքիաթն այդքան սիրում և մենք միասին կարդացինք այն։ Հեքիաթը պատմում է Էլիզայի և իր 11 եղբայրների մասին, որոնց խորթ մայրը կախարդել էր՝ վերածելով վայրի կարապների, իսկ Էլիզային տգեղացրել էր, որպեսզի նրան ոչ ոք չճանաչի և վտարեն թագավորությունից։ Ի վերջո աղջիկը վերականգնում է իր գեղեցկությունը, եղբայրները նրան գտնում են և ճանաչում, սակայն կախարդանքը վերացնելու համար, Էլիզան պիտի եղինջից բլուզներ գործեր եղբայրների համար և այդ ընթացքում չարտաբերեր ոչ մի բառ։ Եվ անգամ այն փաստը, որ այդ ընթացքում նա սիրահարվել էր արքայազնին ու չխոսելու համար նրան համարում էին վհուկ ու  պատրաստվում էին այրել՝ նա բառ չարատասանեց, և ի վերջո հասցրեց գործել բլուզներն ու հեքիաթն ունեցավ երջանիկ ավարտ։ Թերևս, մարդկային շատ բարձր արժեքների մասին ես առաջին անգամ իմացել եմ այդ հեքիաթի միջոցով, և երևի դա է պատճառը, որ մանկուց հավատարմությունը դեպի սեփական գաղափար,  առ թանկ մարդիկ, սիրելիիդ, նպատակասլացությունը՝ ամենաազնիվ, բայց քարքարոտ ճանապարհով հասնելու արդյունքի, ապրելու ոչ թե ընդդեմ, այլ հանուն — ինձ համար ամենակարևոր տեղում են։ Շատ կողմերով հեքիաթի գաղափարական ուղենիշն համընկնում է իմ ճակատագրի հետ, և ես իրոք կրում եմ իմ անունն ամենայն պատասխանատվությամբ, որովհետև վստահ եմ, որ անունները, որոնք մեզ տրվում են, պատահականություններ չեն։

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև