Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Մանրապատում

Էլիզա Մխիթարյան․ «Գեղարհեստական ապագայում»․ մանրապատում

 

Շշշշշշշշշշշշշ․․․․

Ապագայում, երբ փողոցներին կփռեն  էնպիսի ասֆալտ, որ կարիք չի լինի 6 ամիսը մեկ վերականգնելու, հենց էդ նույն հեռավոր ապագայում, երբ հարևա- նիդ տան հարսը կլինի բանաստեղծուհի ու կգրի անցյալի մասին, որ ներկան վախենալու չթվա, հա հա, հենց էդ նույն ապագայում կշարունակի ապրել  մի անտառ, անտառում ծառ, ծառում փչակ, փչակում մարդ, մարդու մեջ․

Շշշշշշշշշշշշշ․․․

Լայքի մեջ մնալու արվեստը բոլորին չէ հասու։ Այ օրինակ դու, մարդ ես, ով հերիք չի Խորհրդային միության տարիներին ապրել է, մի հատ էլ սիրել է առանց լայքերը հաշվելու, սիրելուց՝ սիրել է, ու չի սրտիկել, ծիծաղելուց՝ ծիծաղացել է ու ոչ մի հա-հա էլ չի դրել, ցավակցելուց՝ ցավակցել է, եթե պետք է եղել չեզոք մնալ՝ չեզոք է մնացել ու չի հաստատել սեփական ես-ի չեզոքությունը  թեթև լայքելով։ Ուշադրություն դարձրեք՝ թեթև։ Եվ դու, որ նոր ես ծնվել, հասկանում ես ավելի շատ քանց նա, ով ապրել է 2,3,4,5,6,7․․․տասնամյակ։ Դու ծնվել ես ու արդեն  հայտնի ես բոլորին, քեզ տեսել են քո ծնողների սոցիալական ցանցերի էջերում, քո քաշը, ուտելիքը, գնացած տեղը, հագած շորը, դեմքը, հետույքը ու մնացած ամեն ինչ տեսել են,  համընդհանուր  սրտիկել են, լայքել են, իսկ ինքը  վերևից  մի տեսակ բարի նայում է ու երբ գլուխդ բարձրացնում ես, ուզում ես խոսել հետը, որովհետև քո չասածը միայն ինքը կհասկանա, ասում է․

Շշշշշշշշշշշ․․․

Մի խոսիր, թող խոսեն։ Լսելուց շատ բան կսովորես։ Մի տեսակ բոլորը դոկտոր-պրոֆեսոր են կամ գերտաղանդավոր։ Այնքան տաղանդավոր, որ ժամանակն է ասելու այդ մասին։ Լավ, թող լինեն ոմանք գերտաղանդավոր, ոմանք դոկտոր-պրոֆեսոր, իսկ ես ուղղակի մանկավարժ։ Հասարակ մանկավարժ։  Թերևս նոր աշխատանքի անցած մանկավարժ, ում հետույքը ֆեյսբուքում ոչ-ոք չի տեսել։ Ես, այն հասարակ մանկավարժն եմ, ում մասին ապագայում պիտի գրի հարևանի հարսը, ով բանաստեղծուհի է լինելու և նկատելու է ինձ մնացածի մեջ, որովհետև ապագայում վիճակը ծա՜նր է լինելու։ Հիմա  եթե արժեհամակարգային խնդիրներ չլուծվեն, պատկերացնու՞մ եք, ինչ կդառնա դպրոցը և ո՞վ կդառնա մանկավարժը։

Շշշշշշշշշշ․․․

Սերը։ Հիմա ես նայում եմ քո թաց վարսերին և երևակայում իմ նավարկությունը նրանց ալեկոծումներում, իսկ հետո իմ երգերը կհնչեն քո բերանից, երբ ես չեմ լինի, իսկ դու կդառնաս ճաղատ երգչուհի, ում չլինելուց հետո  ամբոխները կուղեկցեն փառքդ։  

Սիրահարված մարդու ձեռքերը նման են ավազուտների, որ պատրաստ են ջնջվել երկրի երեսից այն պահին, երբ կանգ կառնեն տիեզերքի բոլոր ժամացույցները միաժամանակ, իսկ դու դեռ դպրոցական հասակում միտումնավոր ժամացույցի սլաքները մեկ րոպե հետ էիր տանում ու վազում նայելու նրան, ում նայել ես հիշողությանդ մեջ հնարավոր և անհնար ձևով տեղավորած բոլոր րոպեների ընթացքում, երբ հասկացար, որ հերիք չէ։

Մի րոպե, իսկ եթե հերի՞ք  է․․․

Շշշշշշշշշշշշ․․․․

Անհնար է թվում, բայց մի օր քարափները չեն սիրի հոսող աղբյուրներին և կընտելանան ուղղակի դարերի սովորույթին, որ պիտի օրհնվեն քարերը ջրերով պաղ։ Չսիրել։  Չսիրել նշանակում է նկատել միասին անցկացրած ժամանակը։ Չսիրել նշանակում է հաշվել ժամանակը։Երեսուն րոպե։ Երկար է։ Հերիք է։ Չսիրելն այն է, երբ հերիք է։ Երեսունմեկերորդ րոպեի կարիքը չկա։ Չսիրելն այն է, երբ ավել մեկ րոպեի կարիքը չկա։ Չսիրելը համոզելն է, որովհետև սիրելը համոզված լինելն է…

Շշշշշշշշշշշշ․․․․

Եվ հիմա, երբ ես արդեն ծնվել եմ, երբ գիտեմ, թե ում պիտի դիմեմ, երբ անհանգիստ լինի ներսս՝ խոստովանում եմ, որ երևակայում էի այս անիծյալ աշխարհն ու ապագան մինչ ծնվելս, և պիտի երևակայեմ մինչև մահ, թե ինչպիսին պիտի լինի աշխարհը դրանից հետո։

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև