Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Էլիզաբեթ Գրաֆ․ «Հեռախոսազանգը»․ պատմվածք

 

 

Արդեն մեկ ժամ կլիներ, ինչ նստած էր հեռախոսի մոտ՝ աթոռակին. սիրելիի զանգին էր սպասում: Նա խոստացել էր այդ օրը կապ հաստատել, իսկ ինչ խոստանում է, անպայման, կատարում է:

Երբ նրա մասին էր մտածում, սիրտը կարոտով էր լցվում: Ինչքա՞ն ժամանակ էր անցել իրենց վերջին հանդիպումից հետո: Երե՞ք ամիս: Չո՞րս: Չէր կարողանում հստակ հիշել, միայն գիտեր, որ այդ օրվանից մի ամբողջ հավերժություն է անցել:

Հեռախոսով հազվադեպ էին խոսում: Նա հիմնականում ինչ-որ հեռավոր տեղերում էր լինում կամ ճանապարհներին, և այդ վայրերում հեռախոսներ չկային, ընկերների հետ նա մարտնչում էր լեռներում՝ քաղաքակրթությունից հեռու: Դա նրանց փոքր բանակի գոյատևման ռազմավարությունն էր, միակ հաղթաթուղթը գերհզոր հակառակորդի դեմ. նա և մյուսները դժվար տեղերը լավ գիտեին, քանի որ այնտեղ իրենց զգում էին այնպես, ինչպես հարազատ տանը:

Երբ մտածում էր իր երազանքի մասին, ժպտում էր: Դա մի լուսավոր բաղձանք էր ազատության ու անկախության մասին: Բայց միաժամանակ այդ երազանքը նաև այն էր, ինչը սիրելիին բաժանեց իրենից, այն պատճառը, որ այդ վայրկյանին նա իր կողքին չէր կարող լինել: Ու այդ պատճառը հետապնդում էր նրան վճռականությամբ ու մարտական ոգով՝ այս երկու հատկանիշներով, որոնք այնքան էլ չէին համապատասխանում սիրած տղամարդու մեղմ անհատականությանը: Ինքը, այնուհանդերձ, սովորել էր այդպես ապրել ու ամբողջ հոգով ցանկանում էր, որ իր միակը հաջողությունների հասնի:

Երբ հայացքն ուղղեց պատի ժամացույցին, հասկացավ, որ արդեն ժամանակն է: Ամեն պահի կարող էր հեռախոսը զնգալ, և վերջապես կլսեր սիրելի ձայնը: Նա կասեր, որ սիրում է իրեն ու շուտով կվերադառնա Գերմանիա՝ տոնելու իր ծննդյան օրը, ինչպես տոնեցին չափահասության տարեդարձը: Լուսանկարիչը գիտեր դա ու երկուսին էլ նկարել էր համարյա այնպես, կարծես նրանք արդեն ամուսնական զույգ լինեին: Այդ նկարներից մեկում սիրած տղամարդը միայնակ էր. երազկոտ նայում էր տեսախցիկին, մի թեթևակի ժպիտ էր խաղում նրա զգայուն ու հաստ շրթունքներին: Այդ լուսանկարը գանձի պես էր պահպանում: Այն միշտ իր մոտ էր: Հիմա ևս իր ջերմ մատների արանքում էր: Հայացքը չէր կարողանում կտրել սիրելիի՝ մուգ աչքերով դեմքից, որ ուղիղ իրեն էր նայում, և սիրտը ուրախությունից թպրտում էր՝ լցված բաղձալի զանգի սպասման ուրախությամբ:

Անկասկած, նա աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն էր… Բայց ամենից առաջ ինքը նրա հանգիստ, մեղմ վարվելաձևին ու ներաշխարհին էր սիրահարվել, հետո միայն՝ արտաքին տեսքին:

Մի պահ, երբ խորասուզված հայացքը լուսանկարին էր հառել, բոլորովին անսպասելի համակվեց մի տարօրինակ անհանգստությամբ: Այդ զգացողությունը, որքան հասկանում էր, հիմնովին տարբերվում էր սպասվելիք ուրախության ակնկալիքից:

Այդ միտքը սակայն անմիջապես վանեց:

Նրան ի՞նչ պետք է պատահած լիներ: Հայրենի երկիրը, որի համար պայքարում էր, հինգ մատի պես էր ճանաչում: Բացի այդ, նա խոստացել էր, որ հոգ կտանի իր մասին:

Պատի ժամացույցի սլաքները անդադար շարժվում էին: Պայմանավորվածությունից արդեն կես ժամ անցել էր: Սպասման այդ րոպեները նյարդայնացնող էին:

-Զանգահարի՛ր, -ճչաց, -զանգահարի՜ր վերջապես:

Բայց վճռականորեն որոշեց հանդարտվել. վերջապես նա կարող էր պատերազմական գոտում լինել, ոչ թե տարածքից դուրս:

«Ես սիրում եմ քեզ: Ինձ համար ուրիշ տղամարդ չի կարող լինել», -մտածում էր:

Եվ գիտեր՝ նա էլ իրեն է սիրում:

«Զգո՛ւյշ եղիր, թանկագի՛նս, ամեն ինչ հենց վերջանա, ես անմիջապես կգամ քեզ մոտ, ընդմի՜շտ, -սրանք այն խոսքերն էին, որ նա արտաբերել էր վերջին հեռախոսազրույցի ժամանակ, -կամուսնանք ու ընտանիք կկազմենք: Դու ի՞նչ ես մտածում այդ մասին»:

Ի՞նչ էր ինքը մտածում դրա մասին: Ինչպիսի՜ հիմար հարց:

Զգաց, որ թմբիրի մեջ է. տեսնում է նրան իր առջև, նրա ծիծաղը, աչքերը…

Մի ուժգին զանգ պատճառ դարձավ, որ վերադառնա իրականություն:

Սիրտը թրթռաց: Հեռախո՜սը: Քաշեց լսափողը, սիրելիի անունը շշնջաց ու շունչը պահեց:

Այդ ձայնը…

Դա նրանը չէր, նրա լավագույն ընկերոջ ու մտերիմ զինակցի ձայնն էր.

-Ես քեզ բան ունեմ ասելու…

Արյունը վայրկենապես սառույցի պես կանգ առավ երակներում, և զգաց՝ ինչպես է իր հոգու մի մասը վերածվում հազարավոր բեկորների:

Այլևս խոսելու կարիք չկար: Արդեն գիտեր ճշմարտությունը:

Լսափողը ձեռքից ընկավ ու շրխկոցով վայրէջք կատարեց կարծր սալահատիկին:

Իսկ լուսանկարը, օդում պտույտ կատարելով, ընկավ հատակին, որտեղ էլ մեղմ հանգրվանեց՝ հանգիստ գտնելու:

 

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև