Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Էդուարդ Խաչիկյան. «Սպիտակ գայլը». պատմվածք

Կինը նոր տարվա գոճին մորթեց ձնածածկ բակում, ապա արնաթաթախ տարավ խոհանոց: Մինչ խնամքով լվանում էր, թվաց՝ մեկն ակնդետ հետևում է, բայց երբ շրջվեց՝ ոչ ոք չկար: Իսկ պակասամիտ տղան արդեն բակում էր ու, հայացքը քոթուկին հառած, նայում էր՝ ինչպես է լերդանում արյունը: Րոպեներ առաջ, երբ ցանկապատին հենված վայելում էր բոսոր արևամուտը (կարմիրը միակ գույնն էր, որ ներսում զգացումներ էր արթնացնում), ցնցվեց մահագույժ ծղրտոցից, բայց երբ քայլեց ձայնի ուղղությամբ, խոճկորն անսպասելի սսկվեց:
Մատը թաթախեց արյան մեջ, տարավ շուրթերին, հետո քոթուկի մեջ խրված դանակն հանելով՝ քերեց փայտը՝ պարունակությունը բերանը դնելով: Ու այդ ժամանակ էր, որ լսեց ծանոթ ոռնոցը: Մի պահ քարացավ, ջղագրգիռ նայեց կամրջի կողմը, ապա շարունակեց ծամծմել թեփախառն արյունը: Սպիտակ Գայլին առաջին անգամ տեսել էր այն օրը, երբ հոր հետ վերադառնում էին դարբնոցից: Արդեն հին, փայտե կամրջի վրա էին, երբ նժույգն անսպասելի խրտնեց ու ծառս լինելով՝ շպրտեց տախտակամածին: Հայրը գլխիվայր գետնին զարնվելով՝ հոգեվարքի մեջ թպրտաց, իսկ ինքը ուշաթափվելուց պահ առաջ տեսավ գայլի թախծոտ աչքերը, զգաց ռունգերը լցվող արնահոտը…
Հին, միջնադարյան կամուրջը տեղացիները ՙՍատանայի դուռ՚ էին կոչում, քանզի Եղեռնի տարիներին Բիթլիսից գաղթած որբ աղջնակը՝ նրբիրան Մանեն, ապա և ծխական քահանան ինքնասպանություն էին գործել՝ կամրջից ցած նետվելով: Որոշ ծերեր այդ դեպքերը շաղկապում էին իրար, թեև ոչ ոք չէր իմանում բուն պատճառը, իսկ դարբնի զոհվելուց (քահանայի երեց որդին էր) ու նրա անչափահաս տղայի գժվելուց հետո հնարավորինս խուսափում, շրջանցում էին կամուրջը: Հետո մեկը մյուսի հետևից մահացան քահանայի հարազատները, և գյուղն ինքն իրենից խորթացավ: Աստվածաթող այդ վայրից սկսեցին հեռանալ շենի ջահելները, ու այն դատարկվեց, ինչպես մարզադաշտը՝ խաղից հետո:
Տեղացիները չէին սիրում շոշափել այդ հարցը, բայց ձմռան ցուրտ երեկոներին, վառարանների շուրջ իրար գլխի հավաքվելիս, քչփչալով պատմում էին կամրջատակից լսվող զարհուրելի տնքոցների, լուսնյակ գիշերներին գյուղի մերձակայքում թափառող սպիտակազգեստ Մանեի մասին, թեև ոմանք նույնացնում էին նրան հրեշածին գազանի հետ, որի սրտակեղեք ոռնոցը լսվում էր մահաժամերին…
Կինը խոզի որովայնը բացել ու տապակելուց առաջ ներսում գազար, սխտոր ու կլոր պղպեղ էր շարում, երբ նորից թվաց, թե հետևում են: Շրջվեց՝ տղան էր. կանգնել էր թիկունքում՝ դատարկ հայացքը եղյամապատ պատուհանին:
– Մտի՜ր սենյակ, հիմա կգամ:
Ենթադրեց, թե որդին տեսել է մորթվող խոճկորին. գիտեր՝ ինչպես է արյունից գրգռվում: Մի անգամ բահով ջնջխել էր հավանոց մտած հսկա շան գանգը, ապա գյուղով մեկ հետապնդել գամփռի տիրոջը՝ անտառապահին: Եթե հարևանները չմիջամտեին՝ անմեղ արյուն էր թափվելու:
Կինն անլսելի հառաչեց. ամուսնու մահից հետո ամեն ինչ արեց, որ տղայի տառապանքը մեղմանա, օրնիբուն մաշվեց՝ նրա խենթությունները տանելով: Հարևան գյուղից ուզողներ եկան՝ արցունքադեմ մերժեց. համակերպվել էր ճակատագրին: Միակ հոգսը, թերևս, որդու՝ քաղցկեղի պես զարգացող խելագարությունն էր, որն օրեցօր անտանելի էր դառնում: Սկսել էր վախենալ տղայից, նրա՝ ոչինչ չասող հայացքից, հորթային մնչոցից, վրայից բուրող ճահճահոտից: Ժամերով կորչում էր եղեգնուտում ու տուն վերադառնում, երբ աչքերը շաղվում էին քաղցից: Չէ՜, իր կյանքից բան չհասկացավ: Ապրած օրերը նմանվեցին եղինջածածկ մատուռի, որը պահում է սոսկ մոմահալ խորանի հիշողությունը: Տառապանքի ու մաքառումների միջև մշտապես ճողվելով, հարևանների խեթ, թշնամական հայացքները չնկատելով (տեգրոջ թաղմանը միայն երեք մարդ էր եկել)՝ գուրգուրեց-մեծացրեց որդուն, նրա հետ՝ ցավի փշոտ ծաղիկը, որն արմատակալեց՝ հոգում անբուժելի վերքեր թողնելով:
Բախտը կողոպտեց իրեն գրպանահատի ճարպկությամբ, վիրաբույժի նշտար դարձավ՝ տառապանքի դռները բացելով: Ու կյանքը հոսեց-բարակեց: Իր Հայրո՜ն: Նա էլ ապրածից բան չհասկացավ. մխաց թաց ցախի պես, իր քառասուն տարիները մսխեց մանրադրամի անփութությամբ, հետո քուլայի պես անհետացավ՝ տանելով իր հետ այն երջանիկ օրերը, որոնք հորիզոնին լուծվող քարավանի նման չքացան՝ վերածվելով ավազափոշու:
Լերդացող մորմոքը տրոմբի պես խցանվեց ուղեղում՝ կրծքից հոգոցներ կորզելով. սկեսրայրի մասին քիչ բան գիտեր, բայց համագյուղացիների պես հավատում էր, որ քահանան նետվել է կամրջից՝ մեղքի ծանրությանը չդիմանալով, որ չի կարողացել ապաշխարության աղոթքով մաքրվել՝ ցրելու համար մեղանչման խաշամը: Հոր մեղքերի համար հատուցեց ամուսինը, իսկ տասնվեցը բոլորած որդին այդպես էլ մնաց խելապակաս…
– Շուշա՜ն:
Հարևանուհին էր: Չտեսնելու տալով՝ անցավ նույն դիրքում քարացած տղայի կողքով, սևեռուն նայեց խոճկորին:
– Ալյուրս վերջացավ, թե ունես՝ պարտքով տուր:
– Մի բաժակն հերի՞ք է:
– Նոր տարվա ձեռքը կրակն ենք ընկել,– բողոքեց,– հարցնող լինի՝ ինչների՛ս է պետք, ո՛ւմ ենք զարմացնում:
– Կարգ է,– բաժակի մեջ ալյուր լցնելով՝ ժպտաց,– մեկ էլ տեսար՝ փեսադ եկավ:
– Չէ մի չէ,– քմծիծաղեց,– քաղաքի ընկեր-բարեկամին թողած, գալու է՝ աներ-զոքանչ խաղացնի. ախր ո՞ւմ է պետք էս անճամփա, քամբախ գյուղը:
Շուշանը շարունակում էր ժպտալ:
– Է՛հ,– ծորացրեց հարևանուհին,– զուր տեղն էլ տանջվում, քրքրվում ենք:
Հեռացավ՝ դուռը թակի պես շրխկացնելով. կինը վառեց գազօջախը: Ու չգիտես ինչու իրեն համեմատեց Աստծու կողմից անիծված ջայլամի հետ, որն անհուսորեն կորցրել է թռչելու ունակությունը: Եթե որդու մոտ կարողանար բացվել՝ ցավը կես կլիներ, իսկ այսպես, ապրում է մթին զնդանում՝ միայնակ տապակվելով: Չմեղմացող մորմոքն էլ որդի պես տնավորվել է հոգում ու ապրում է ինքն իրեն՝ գոյատևման նոր կենսաձև գտնելով:
– Տե՜ր Աստված,– մղկտաց,– էլ չեմ դիմանում:
Խոճկորը ձիթապատեց, մտցրեց գազախցիկը, ու նոր էր մեջքն ուղղել, երբ ուղեղը շամփրեց այրող ցավը: Ափն ինքնաբերաբար տարավ կոկորդին, շրջվեց, ասես մշուշների միջից տեսավ որդու մթագնած հայացքն ու աղմկաձայն տապալվեց:
*†*
Թաղվելով-ընկնելով քայլում էր ձյուների միջով, ձեռքում՝ արնոտ դանակը: Առջևից անձայն սլանում էր Սպիտակ Գայլը, երբեմնակի կանգնել-շրջվելով, հետո մի քանի ոտյունով կտրեց-անցավ գետակի նեղահունը, վազեց դեպի եղեգնուտ: Տղան ուժասպառվեց: Չգիտեր՝ ինչու է գազանին հետևում, բայց անհաղթելի մի ուժ նրա հայացքը գամել էր փարթամ բաշին, որը մերթընդմերթ երևում էր լուսնացոլքի ներքո: Իսկ գայլն առաջանում էր փափուկ ցատկերով՝ փայլատակող աչքերը մթությանը հառած, հետո ծռեց ճանապարհը՝ լեռան կողմն ուղղվելով: Շարունակ արագացնում էր վազքը, երբեմն՝ դեսուդեն նետվում, վազում խոտորնակի, կրկին վերադառնում ձնածածկ կածան:
Տղան քաղցած էր, իսկ ոտքերը սկսել էին կապարի պես ծանրանալ: Վերջապես հասավ անձավի մուտքին, ուր անհետացել էր Սպիտակ Գայլն ու չկամությամբ սողոսկեց. ներսում տաք էր: Նստեց խոնավ քարին, անտարբեր տնտղեց դանակը. արնահոտ էր գալիս: Գիշատիչը տեսիլքի պես անցավ կողքից ու մուտքի մոտ ապառաժվելով՝ կնճռոտ դունչն ուղղեց լիալուսնին: Տղան նույնպես ցանկանում էր ոռնալ՝ ներսում հավաքված մաղձը թափելու, բայց կոկորդից անհոդաբաշխ ձայներ հորդացին:
Որոշ ժամանակ լսում էր գայլի թախծոտ կաղկանձը, ապա կոշիկները հանելով ու խոնավ հատակին կոլոլվելով՝ քնեց: Երազում տեսավ մոր ժպտացող դեմքը, զգաց տապակվող գոճու ախորժաբույրը, հետո ամեն ինչ ծածկվեց արյունով, որը մարմանդ լցվեց կոկորդն ու քթանցքերը:
Շնչահեղձվելով՝ արթնացավ և տեղում նստելով՝ սևեռվեց մուտքին. իրիկնամուտ էր: Սրթսրթալով դուրս եկավ քարայրից, կիսամշուշի մեջ հայացքը ձախուաջ արեց՝ Սպիտակ Գայլին փնտրելով, ապա սիրտը տագնապալից թրթռաց, երբ աչքերում պայթեց մայրամուտի վերջնաշողը: Նայում էր արևածաղկի պես կախարդված՝ հայացքը հրակարմիր արեգակից չկտրելով, հետո լսեց հրապուրիչ վնգստոցը:
Գազանը ցածում էր, կիրճ տանող թավուտի եզրին. երերալով քայլեց ներքև:
Շարժվում էր բոկոտն, ցած գլորվելու վտանգն աչքի առաջ, իսկ երբ հասավ նոսր անտառակին, լույսն արդեն բացվել էր: Սաղարթների միջից, ինչպես՝ ցանցկեն մաղից, արնահոսում էին արփիաշողերը, իսկ լանջերի ձյունը վարդագույն էր, աչք ցավեցնելու չափ շլացնող:
Տարանջատ ժայռերի արանքում մի պահ նկատեց գայլի երկարավուն ստվերը, որը պահ հետո կորավ ծերպի հետևում: Վայրիջում էր գայթելով, բայց անսպասելի ընկավ՝ ոտքերն առաջ պարզած: Որոշ ժամանակ անշարժ պառկել, ծանր շնչում էր, հետո չորեքթաթ սողաց՝ լարումից քրտնելով: Չնկատեց ձյունն իրեն վերջնամահիճ ընտրած սարյակին, չտեսավ սարսափից քարացած նապաստակին. ոտաբոբիկ իջնում էր՝ ձմռան պաղությունն արհամարհելով:
Վերջապես հասավ անդունդի եզրին, նայեց ներքև. օդը ներծծված էր ձյան տակ մնացած կանեփի բույրով. Սպիտակ Գայլը վիհի խորքում էր ու պարզորոշ տեսավ նրա լուսաշող մարմինը՝ մազաթափումից տեղ-տեղ փնջված բրդախրձերով: Բնազդն հուշում էր, որ պետք է հեռու մնա խորխորատից, բայց գայլականչից ուղեղը վերստին մթագնեց: Չէր իմանում, որ հրապուրիչ կլանչը վրեժի մոլուցքը հագեցնելու փափագից է, որ անթաղ հոգու մեջ վերստին դիվոտել է մարդակործան չարքը. դանակը շպրտեց մի կողմ ու փշփշոտ ձնաթմբի վրա դեմքնիվայր պառկելով՝ ակնաքթիթ հառվեց անդունդին: Երկար ու անթարթ նայում էր, հետո խորքերից ձյան թացության հետ բարձրացավ գայլի անհամբեր վնգստոցը: Ու այդ ժամանակ էլ նկատեց, որ գազանը կերպափոխվել, դարձել է ձյունազգեստ աղջիկ:
— Արի ինձ մոտ,– պարզորոշ լսեց,– ծնողներդ արդեն այստեղ են:
— Դու ո՞վ ես,– զարմացավ,– ո՞ւր է Սպիտակ Գայլը :
— Քեզ է սպասում, արդեն ուզում է վերև բարձրանալ…:
— Դեպի լեռնե՞րը:
— Ավելի բարձր…:
Որոշ ժամանակ դյուրագրգիռ ականջ էր դնում, ապա առաջ մղվելով՝ անկասելի սուզվեց մշուշոտ վիհը: Գահավիժման ընթացքի մեջ քարացավ ժամանակը, կեղևակալած ուղեղի տակ հոգեվարքեցին գիտակցության վերջին բջիջները, որոնք ծովախեցու պատյանի պես պահել էին վերհուշի պատառիկներ, հետո երևաց մոր կերպարանքը՝ կախվածի պես թպրտացող ոտքերով. տղան անգրգիռ էր: Աչքերում հալվում էր վերջին բոսորաշողը, որն օծված էր հաշիշաբույրով: Միտքը կլանված էր գլապտույտ անկումով, ինչպես պարաշուտիստը՝ ազատ անկման թռիչքի ժամանակ, իսկ լռությունը հիմա մուրացկանի հլզված կարկատանով էր:
Չգիտեր, որ մոտեցող վախճանը հարազատ պապի արարմունքի պատասխանն է, որ Սպիտակ Գայլը խաղաղվի միայն այն պահին, երբ քահանայի տոհմածառը հիմնովին չորանա: Չէր իմանում նաև, որ շուտով վերջանալու է երկրային տառապանքը, ու դրա ավարտը սկիզբ է դնելու մի նոր, գիտակցված տանջանքի: Երեկվա անհասկանալի թախիծը արդեն լուծվել էր քամու սվսվոցին, ցնդել նույնքան հանկարծակի, ինչպես և առաջացել էր:
Ուղեղն հիմա դյութված էր գահավիժման բերկրանքով ու սպասում էր կպրասև հատակին մի խենթ, տղայական անհամբերությամբ: Հարվածը չզգաց, բայց ցավը մի պահ ցնցեց մարմինը ու նրան առավ իր մեջ, ինչպես ծովի ալիքը՝ հուսաբեկ նավաբեկյալին, ապա հրաբխի նման պայթեցրեց զգայնության միջուկը՝ ակնախոռոչներից արյուն քամելով…

 

 

 

Ընթերցել նաև