Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Էդիթ Սյոդերգրան․ «Երկիրն այն, որ չկա»․ պոեզիա

 

Իմ հոգին

 

 

Իմ հոգին կարող է փոխանցել և չիմանալ ճշմարտությունը

իմ հոգին կարող է միայն լալ ու ծիծաղել և ձեռքերը ծալել,

իմ հոգին չի կարող հիշել և պաշտպանել

իմ հոգին չի կարող դիտարկել և հաստատել:

Երեխա ժամանակ ես տեսա օվկիանոսը. այն կապույտ էր

պատանության տարիներին ինձ մի ծաղիկ հանդիպեց. այն կարմիր էր

հիմա մի անծանոթ է նստում իմ կողքին. նա անգույն է

բայց ես վախենում եմ նրանից ոչ ավել, քան արքայադուստրը վիշապից:

Երբ ասպետը եկավ, արքայադուստրը կարմիր էր ու սպիտակ

բայց ես աչքերիս տակ մուգ շրջանակներ ունեմ:

 

 

*

 

 

Աստված

 

 

Աստված մի օթոց է, որի վրա մենք պառկած ենք՝ տիեզերքում տարածված

մաքուր, ինչպես հրեշտակները, սուրբ-կապույտ աչքերով՝ պատասխանելով աստղերի կանչին,

աստված մի բարձ է, որի վրա մեր գլուխներն ենք հենում,

աստված պատվարն է մեր ոտքերի,

աստված պահոցն է ուժի և կուսական խավարի, 

աստված անբասիր հոգին է անտեսանելիի և արդեն քայքայված մարմինը անմտածելիի,

աստված հավերժության լճացած ջուրն է,

աստված պտղաբեր սերմն է չգոյության և մի պտղունց փոշին մոխրացած աշխարհների,

աստված միջատներն է անհամրելի և հափշտակությունը վարդի,

աստված դատարկ ճոճք է ոչնչի և տիեզերքի միջև,

աստված բանտ է բոլոր ազատ հոգիների համար,

աստված տավիղ է ցասումի ամենազորեղ ձեռքի համար,

աստված այն է, ինչին փափագն ի զորու է համոզել իջնել երկիր:

 

 

*

 

 

Երկիրն այն, որ չկա

 

 

Ես փափագում եմ երկիրն այն, որ չկա,

Ես հոգնել եմ արդեն իմ այս բաղձանքից:

Լուսինը խոսում է ինձ հետ արծաթե գաղտնագրերով

այն հողի մասին, որը չկա:

Երկիր, որտեղ իրականանում են մեր բոլոր ցանկությունները զարմանահրաշ,

Երկիր, որտեղ ջարդուփշուր են լինում կապանքները մեր բոլոր,

Երկիր, որտեղ հովացնում ենք մենք ճակատը մեր արնածորող

լուսնի ցողի մեջ:

Իմ կյանքը այրող պատրանք էր,

բայց ես մի բան եմ գտել, մի բան, որ շահել եմ իսկապես.

ճանապարհը դեպի երկիրն այն, որ չկա:

Երկրում այն, որ չկա

իմ սիրեցյալն է քայլում պսպղուն պսակով:

Ո՞վ է սիրեցյալն իմ: Գիշերը մութ է

Եվ աստղերն են դողում ի պատասխան:

Ո՞վ է սիրեցյալն իմ: Ի՞նչ է նրա անունը:

Երկնակամարն ավելի ու ավելի բարձրաբերձ

Եվ մարդու երեխան խեղդվում է անվերջ մշուշների մեջ

Եվ պատասխանը չգիտի:

Բայց մարդու երեխան այլ բան չէ, քան որոշակի մի բան:

Նա իր ձեռքերն է տարածում ավելի բարձր, քան երկինքները բոլոր:

Եվ գալիս է պատասխանը.

Ես եմ միակը, ում սիրում ես դու և միշտ սիրես պիտի:

 

 

 

*

 

 

Ժամանակակից միանձնուհի

 

 

 

Ես կին չեմ: Ես չեզոք սեռ եմ:

Ես երեխա եմ, շլացնող դեպք և բախտորոշ հանդգնություն,

Ես կապերիզն եմ ծիծղուն ալ կարմիր արևի …   

Ես ցանց եմ բոլոր ընչաքաղց ձկների համար,

Ես կենաց ճառ եմ բոլոր կանանց փառքի համար,

Ես քայլ եմ դեպի վտանգ և կործանում,

Ես ցատկ եմ դեպի ազատություն և ինքնություն…

Ես արյան շշունջն եմ ականջում մարդու,

Ես հոգու տենդն եմ, կարոտն ու մերժումը մարմնի,

Ես մուտքի նշան եմ նոր դրախտների:

Ես բոց եմ, ինքնամփոփ ու ցոփ,

Ես ջուր եմ, խորը, բայց մինչև ծնկները խրվել խիզախող,

Ես կրակ եմ ու ջուր՝ ազատ և ազնիվ միությունում…

 

 

*

 

Գոյության հաղթանակ

 

 

 

Ի՞նչ եմ վախենում: Անսահմանության մասնիկն եմ ես:

Ես բաժնեմասն եմ տիեզերական ուժի, զորության,

առանձին աշխարհ՝ բյուր աշխարհների մեջ ծովածավալ,

առաջին մեծության աստղ, վերջինը մահացող:

Հաղթանակ կյանքի, հաղթանակ շնչառության,

գոյությա՛ն հաղթանակ:

Հաղթանակ ժամանակի զգացողության, սառցակալումի, երակներիս միջով հոսող,

ունկնդիր գիշերվա լռիկ հոսքի,

կանգնած գագաթին լեռան՝ արևով ողողված:

Ես քայլում եմ արևի ներքո

Ես ոչինչ չգիտեմ, արևից բացի:

 

Փոխարկող-ժամանակ, ժամանակ-կործանիչ, ժամանակ-դյութ,

դու գալիս ես նոր խարդավանքներո՞վ, ծրագրերո՞վ հազար-հազար,

որպեսզի ինձ կյա՞նք առաջարկես

որպես փոքրիկ մի սերմ, կամ չարաթույն մի օձ, ծովում ցցված մի ժայռ:

 

Ժամանակ — դու՛ մարդասպան — հեռու՛ ինձնից…

Արևը լցնում է կուրծքն իմ հաճելի մեղրով

ծայրեծայր

և ասում է նա. աստղերը բոլոր մի օր մահանան պիտի, 

նրանք փայլում են, սակայն, մշտապես անվախ, անվեհեր:

 

 

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև