Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Զարուհի Բաթոյան. «Անմոռուկ» գրքից․ բանաստեղծություններ

«Գարնանային»  շարքից

Դուրս էի եկել փաթիլներ հավաքելու:
Ցած չիջան. գարուն էր արդեն:
Միայն կաթիլները
մատներս լվացին:

*

Ես գիտեմ`
իմ արևներն այրեցին ձեռքերդ,
թե չէ ինչո՞ւ պիտի բացեիր ափերդ…

*

Մի թռչուն

Մեր տունը փոքր է, պատուհանից
ոչ մի տեսարան չի բացվում,
փոքր,
շատ փոքր այգի կա`
մի կերպ, զոռով աճած հարևանի այգին,
ուր ծառեր են
ու վարդեր, որ մամաս է մշակում ու ձևավորում,
ուր ճնճղուկների հետ մի թռչուն այնպես է երգում,
որ անտառը մեր այգու համեմատ դառնում է ոչինչ,
տխրությունս էլ հետը…

*

Երբ տխրությունը դուրս նետեցի,
Կապույտ ծաղիկներ աճեցին պատուհանիս տակ:
Չկա գիշերը, չկա տխրությունը, չկաս դու,
նրանք են ժպտում ճաղերից այն կողմ…

*

Ամառը գա, մեր տնից
ծովին նայող պատուհան բացեմ
քեզ համար… ծառերին
հեքիաթներ կապեմ
ծղրիդներին
ներս կանչեմ, թող ամառը գա`
քեզ գրկեմ` տան դուռը բաց…

*

Գարուն

Կա՛թ, կա՛թ, կա՛թ. ո՛չ անձրև,
Ո՛չ արցունք, գարուն:

*

Ծերացած գարուն

Թե թռչունների ձայնը
չլիներ, կկարծեի` աշուն է…
Բալենու ծաղիկները
թե չբացվեին, կմտածեի` աշուն է:
Գարունն այդ ե՞րբ այսպես ծերացավ…

*

Արթնացիր
Մի բուռ աշխարհ եմ բերել քեզ:
Մի սիրտ արև…
Մի թև կարոտ, մի աչք համբույր եմ բերել:
Մի սիրտ արև…
Արթնացի՛ր…

*

Գարնանային այս լռության մեջ
ոչ մի մանուշակ չկա,
ոչ մի մանուշակագույն…

*

Երբ ոչ մի լուր չկա, կարոտս առնելու համար
եղանակի տեսությունն եմ նայում.
Ի՞նչ եղանակ է քո քաղաքում հիմա…

*

«Անմոռուկ» գրքից

Մի օր արի, թեկուզ վաղը… Եվ լռությունը կփշրվի:
Բոլոր երջանիկ պատմությունները կկրկնվեն ու եթե ընդհատվեն էլ, ապա միայն սովորության համաձայն` նորից շարունակվելու համար:
Մի օր արի, թեկուզ վաղը, որ այս կրկնվող ամառը փշրվի:

*

Անմոռուկ

Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:

*

Սպասելիս

Երկրորդ հարկի իմ պատուհանից
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ
նույն դեմքն ունեն…
Դո՛ւ էլ անցիր մեր փողոցով…

*

Օտար քաղաքները խլեցին,
տարան մարդկանց,
ում սիրում էի…
Հիմա ապրում եմ՝ բաժանված
մի քիչ, մի քիչ՝ ամեն քաղաքում…

*

Անկում

Ամեն անգամ,
հենց որ տերև է պոկվում ծառից,
ուզում եմ հասնեմ-գրկեմ,
որ անկման ցավը չզգա…

*

Որ գաս…

Մեր տանը թիթեռներ եմ պահում,
որ գաս, նստեն ուսիդ:
նրանց քույրիկս բերեց գնալուց առաջ`
իր հարսանիքին,
Ճերմակ թելերով կապեց առաստաղից:
Այդ օրվանից նրանք ապրում են իմ սենյակում:

*
Հին կարոտ

Այս փոշոտ ու տոթ քաղաքի հետ
մի հին ու անհասկանալի կարոտ է կապում
բնիկներից չեմ, ոչ էլ պապերս են քայլել
այս ձանձրույթի միջով,
ե՞րբ և ի՞նչ եմ թողել այս քարերի մեջ…

*

Հենց Ամանորի անուն են տալիս
միշտ հիշում եմ
այն մեկը
որի նախօրիեին սիրահարված էի
քեզ…
Ուրիշ Ամանոր
էլ չի գալիս:

*

Թիթեռներ

Գուցե մի օր
ես կարողանամ բաց թողնել իմ ներսում ապրող թիթեռներին,
որ թևերով անվերջ քերծում են պատերը:
Ինչո՞ւ նրանք էլ մյուսների պես
մեկ օր չեն ապրում…

 

 

 

Ընթերցել նաև