Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Զավեն Բեկյան․ «Պոլիփեմոսի տիրույթը»․ պոեզիա

 

ՕՖԵԼՅԱ

 

 

Մի ջրշուշան է օրորվում ջրի

հարթության վրա՝ Ոգու պես ներհուն։

Իր պսակը ցող-մրմունջով է լի

Չպսակվածի – և սուգ է պահում․․․

 

Դողում է՝ ասես անամոքելի՝

Սահմանազատման այրող տենդի մեջ ։-

Եվ զույգ կապույտի՝ ջուր ու երկնքի

միջև մոլորված սպասում է խեղճ․․․

 

Ջրերի վրա Քայլո՜ղ, ում ներբանն,

ախ, դեռ չհպված՝ ջրերն է հուզում, –

աչացդ փայլը թող լու՜յս տա ճամփին

ներա, ով երկնի պսակն է ուզում․․․

 

 

*

 

 

 ԱՂՋԻԿՆ  ՈՒ  ԱՍՊԵՏ ՏՂԱՆ

 

 

Երեք հարյուր վաթսունհինգ օր

սպասում էր, որ ավարտի

աղջիկն իր այդ նուռ ուտելը –

ամեն օր՝ մի սուտակ հատիկ ․․․

 

Երեք հարյուր վաթսունհինգ օր

նուռ էր ուտում աղջիկն այդպես՝

իր սրտի մեջ՝ ինչպես բերդում։

Օրե՜րն էին դանդաղ թերթվում ․․․

 

Հուսահատ  էր ասպետ տղան։

Ձին իր վաղուց էր հեռացել։

Զրահներին պատել էր ժանգ։

Դարձի ճամփա՜ն էր մոռացել ․․․

 

— Աղջի՛կ, բացի՜ր դուռը բերդիդ,

տե՛ր արա ինձ քո նռանը,

թեկուզ հետո դարձնես ինձ

պահապան շուն՝ քո դռանը ․․․

 

Բայց աղջիկը մոռացե՜լ էր –

երեք հարյուր վաթսունհի՜նգ օր․․․

Տղան թողեց ու հեռացավ,

անիծելով բախտն իր, մոլոր․․․

 

 

   Ծ․ Հ․ — Ըստ ավանդության, ինչ-որ մեկը հաշվել և հայտնաբերել է,

          որ նռան հատիկների թիվը երեք հարյուր վաթսունհինգ է։

 

 

*

 

 

ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

Տեղատվությու՜նն է

մարգարե ալիքների ․․․

Հետ քաշվելով ափերից,

խեցիների մեջ թողնելով

ձայնը՝ եկող տարվա

ունկերի համար։ Հիմա դեռ

լուսնահարվողների տարմն է

լողափերին, ինչպես

ջուր՝ ավազի վրա ․․․

Եվ եղերամայրեր են

բոկոտն վազվզում

ափերի երկայնքով,

անշնչացած ձկներ

հավաքելով ողբի

զամբյուղներում։

Ավաղ։

 

 

*

 

 

  ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ

 

 

Գնչուները ձեռքի ափ են կարդում։

Լուսինը՝ մութ լճակ։

Դատավորը՝ վճիռ՝ ձայնով կիսարթուն։

Սիրահարը՝ մի զույգ աչք։

 

Տերտերները եռանդուն քարոզ են կարդում։

Եպիսկոպոսը՝ Սուրբ Գիրք։

Ընթերցասեր քամին տերևներ է թերթում։

Մի գող՝ Քր․ օրենսգիրք։

 

Հովիվը գայլի գլխին Ավետարան է կարդում։-

Սա ասում է՝ պրծի՛ր, հոտը սարն անց կացավ ․․․

Ամպերը երկնքում մի պոեմ են բարդում։

Ընթերցասեր արևը բարկացավ ․․․

 

Երեխան մութ այգում լուսատտիկ է կարդում,

որ սահում է, ինչպես պուճուր հրեշտակ,

ճակատագրի <<մորզե>> կետ-գծերն է թարթում –

իսկ երեխան՝ չգիտի – անգիտա՜կ ․․․

 

Պոետն ինքնամոռաց իր գրածն է կարդում,

որոնելով միշտ մի թարմ ականջ։

Մեկը գտնվում ՝ լսում է, կեղծ՝ աչքերը թարթում։-

Պոետը լռում է հոգնատանջ․․․

 

 

*

 

ՊԵՂԱԾՈՆԵՐ

 

 

Երբ լրացավ երկնային վրիժառության

լուսինների թիվն, ու

հետ կծկվեցին նենգ ուղեծրերը դրանց,

և Վեզուվը կանգնեցրեց հոսքը

հրահեղուկ մոխրի,- Պոմպեյ քաղաքը

դարձավ դարբին Վուլկանի քանդակների

թանգարան՝ բաց երկնքի տակ ․․․

Ինչպես ամենահաջողված լուսանկարներն են

ստացվում բնորդի միամիտ պահին՝

անկեղծ ու արտահայտիչ, այդպես

Պոմպեյի քաղաքացիներն անմահացան՝

ամեն մեկը՝ յուրահատուկ մի դիրքով։

Ահա դատավորը՝ դատավճիռն արձակելու պահին,

երբ ոգեշնչված ասել է <<Ալֆան>>, ապա

մոխիրը փակել է նրա բերանը հանկարծ

<<Օմեգայի>> վրա։ Ահա զինվորը՝

գինու կավե փարչը գրկին սեղմած

ու զարմանքով նայելով դեպի

գժված արտահոսող լեռան կողմերը ․․․

Ահա մարմնավաճառը՝ փողոցի մի անկյունում

ստացած վարձի ոսկեդրամը

կրծքաբաժանում թաքցնելիս։

Զոքանչի կիսատ մնացած վեճը՝ փեսայի հետ –

արձանախումբը։ Ահա սիրահարներն՝

անկողնում, աշխարհի ամենաշքեղ

արարողության խոյանքի վեհ պահին ․․․

Ահա քուրմը՝ զոհասեղանի մոտ բազկատարած ծնկած։

Միայն մի քանդակ մինչև օրս

հնագետները չեն կարողանում վերծանել։-

Դա մի մարդ է՝ մի ձեռքով գլուխը գրկած,

իսկ մյուս ձեռքը՝ կարկառած դեպի հեռուներ,

միմիկայի մկանները՝ վեհապանծ կծկված,

ասես  Զևսինը՝ հրամայելու պահին։-

Հավանաբար՝ քանդակն է դա պոետի ․․․

 

 

*

 

 

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

 

 

Ինքն իր հետ

բարձրաձայն խոսելով

անցավ աշխարհի

ճամփեքով – մարդիկ

ասացին՝ խենթ է,

ձեռք թափ տալով։

Իսկ զառանցողին միշտ

հարգանքով են նայում,

ասում են՝ ի՞նչ իմանաս,

թե ում հետ է խոսում,

գուցե հենց ․․․ Աստծու՞ ․․․

Մենախոսության

տեսակներ են։ Տեսնես՝

սրանցից ո՞ր մեկն է

բանաստեղծությունը ․․․

 

 

*

 

 

Հորիզոնական ձմե՜ռ –

բարդու սերմերի մի երամ է

սահում օդում, իսկը

ձյան փաթիլներ՝ միայն թե

հորիզոնական ․․․ թափվող։

Մոտերքում ՝ անտես մեկի

թռիչքը, կարծես թե,

շշուկներ օդանույշի,

սիրենների երգի պես

գայթակղող-տանող։-

Թվացյալը՝ թվացյալ, բայց

տարածությունն իսկապես

իր խորքերն է բացում,

սփռում անասելի

մի կարոտ հեռացման։

Բարդու սե՜րմ լիներ մարդ՝

բարդու վերամբարձիկ

երազի մեջ ճոճվող ․․․

 

 

*

 

 

ՊՈԼԻՓԵՄՈՍԻ ՏԻՐՈՒՅԹԸ

 

 

Մահը կույր է

և շոշափելով է

ճանաչում իր հոտը –

նա, ով քողարկված է

ոչխարենիով՝

փրկված է,

իսկ ով մերկ է

ճշմարտության պես՝

այս քարանձավ

/ ըստ Պլատոնի /

աշխարհի զոհն է։

Բայց հավանաբար

փրկված է Այն Մյուսում ՝

իբրև Ոչ Ոք։

 

 

Ընթերցել նաև