Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Զավեն Բեկյան․ «Պանթեոն»․ պոեզիա

 

 

ԱՂԱՑՆԵՐ

 

Երբ սկսվել էր մեծ հունձքն ու

կալսումը անեզրական անդաստանների

և արտերի անծայրածիր – երբ ոլոռը

թռչում էր ձախ, ժիր ցորյանը՝ աջ –

շեշտակի ու նպատակասլաց։

Երկու՜նքն էր — և քառսուն հրեշտակ՝

ճերմակաբոց զգեստներով՝ ասես

ալրաթաթախ ջրաղացպաններ,

երկանք էին պտտում,- և աստղախառն

հոսում էր անկաշկանդ ալյուրը տերունական,

որ թխվի աստվածային հացը՝ Բանը

հանապազորյա, շուրթերի համար

նշխարակարոտ – և  ի ճաշակու՜մն ․․․

Օրհնյա՜լ է պտույտն անդադար

երկնային ջրաղացքարերի, գովյա՜լ է

 պտույտը՝ վնգացող գալակտիկաներին

զուգընթաց, անկա՜նգ է հարահոսը

Բանի — և ադամորդին հար

Իր մարմինը՝ հացեղեն Բանը պիտի

 ճաշակի։ Եվ նաև նրանցից պոետները՝

արարածները տարօրինակ, իրենց

ձե՜ռքը պիտի մեկնեն երբեմն

երկնային երկանքների ընթացքին

և իրենց հա՜ցը խառնեն Հացին ․․․

 

 

 

*

 

ՀՂԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

Ծիլը՝ ցորենհատիկի մեջ,

չգիտի լույսը վերգետնյա,

բայց սրբազան դողով

բարձրանում է Հղացման հետևից։

 

Այդպես էլ մենք՝

ապրում ենք մեր գոյի ներսում,

շոշափելով աշխարհի պատերը,-

ու դեռևս միայն

տեսանելի լույսը գիտենք։-

 

Քանի դեռ մեր ձևը, մեր հատիկը,

չի սպառել իր

բաժին բովանդակությունը՝

հղացում առ հղացում,

ծլարձակելով

Տարաշխարհիկի համար։

 

Քանզի Էությունը Համընդհանուր

այսպես հատվածական է հոսում

բյուր ձևերի հոսքում։

Եվ բոլոր հղացումները Մեծ Խոսքի

մեջ են պատսպարված ի սկզբանե։

 

 

*

 

                ՊԱՆԹԵՈՆ

 

 

Բոլորը նույն կերպ են խառնվում հողին –

անկախ նրանից՝ անգերեզման թե

մարմարե ու գրանիտե մահարձանների տակ –

հողը հետ է ստանում իրենը։

 

Ժամանակն իր հսկա քայլերն է անում ՝

հիսնամյակներով, հարյուրամյակներով — և

ամեն քայլի հետ անուններ են

սուզվում անհուշության մշուշում։ Միայն

Ընտրյալ զորեղների անուններն են մնում

շուրթերին, գրքերում, մտքերում բանավոր։

 

Ահա մտիր, ու՞ր է շիրիմը Չարենցի

այսքան մարմարի ու գրանիտի մեջ, մինչդեռ

նա միշտ կենդանի օրորվելու է

գորովանքի օրորոցում ապրողների։

Իսկ բազալտե անունները շատերի

հարագիտարաններում ու տեղեկագրերում

պիտի փնտրեն՝ հասկանալու համար,

թե ով՝ ով է։ Հողը կլանում է,

իսկ քարը, միևնույնն է, ոչինչ չի փրկում։

 

 

*

 

 

ԱՄՌԱՆ  ՕՐ

 

 

Սաղարթներում տեղադրված

լուսազգայուն սարքերի պես

թռչուններն են աղմկում-արձագանքում

լույսին՝ դեռևս ադամամութի

կաթնալույսից, մինչև որ

իր <<Առավոտ լուսոն>> աղաղակի

աքաղաղը՝ քրմահանդերձ վառվռուն։

 

Արևածաղիկը՝

մի ռադիոտեղորոշիչի պես,

պատրաստվում է իր պտույտով հետևել

արևի շարժմանը,

մինչև գոլ եջքը

երեկոյի։

 

Ո՞վ է սփռում

աստղերի շեղջը երկնքում, ու՞մ

կրակխառնիչն է խառնում

Ծիրկաթնի ճերմակ հուրը

մինչև լուսաբաց ․․․

 

Տեսնես՝ ի՞նչ տեսք ունեն

աստղերը՝ բզեզի աչքի

ցանցկեն աստղադիտարանից

դիտված ․․․

 

 

 

*

 

 

ՕԳՈՍՏՈՍ

 

 

Ամառը զառանցում է

ոսկե հալոցքի մեջ։

Արտերի մեղմ ոսկին՝ մինչև

հորիզոն։ Առասպելական

Ֆեբոսը հանկարծ չուղղի՞

իր կառքն առ ստորև՝

ծղոտեղեն ուղիներով ընթանալու ․․․

 

Ո՛չ միայն ամառը։ Երազանքի հալոցքի մեջ

երբ ետ ես գնացել, անչափ ետ՝

մինչև մանկություն, զառանցում ես և դու՛ ։–

Սայլուղիները, մանրախիճը բոկոտն ոտքերիդ տակ ․․․

Լճակը ճիմ ու քարից՝ ինքնաշեն,-

ուր պարմանիներն՝ ընդդեմ կեսօրվա

տապի՝ իրենց գորտալողով ու ջրացայտքերով,

ճիչերով հախուռն / զարթնում են

ունկերիդ մեջ / ․․․ Ցորենի արտը կիսահաս՝

կաթնուկ հատիկներով – թե բովես՝

ամենահամեղ աղանձը կստանաս ․․․

Փոքրիկ, տափակ մի քար – նետիր

լճակի վրա — և քանի անգամ որ ոստոստա

մակերեսին՝ այդքան տառ ունի անունդ,

կամ պիտի ունենար, եթե ․․․

 

 

 

*

 

 

ՈՒՂԵՐՁ

 

 

Հե՜յ բոլոր մոլոր մոլորյալներին,

բոլոր իմ շուրջ այսպես բոլորյալներին։-

Ոսկե խո՜սք  կճառեմ աշտարակից,

կդարձնե՜մ ձեզ ինձ պաշարակից,-

պաշարս կբացե՜մ ասուպեղեն,

գիսաստղե՜ր ցույց կտամ հուր-հրեղեն։

Ես ձեզ կշշնջամ սիրո խոսքեր,

կհաշտվեն, վերջապես, հարդն ու ոսկին ․․․

Կբացե՜մ մշուշը Կաթընծիրի –

ձեզ տաք-տաք աստղե՜ր կնվիրեմ։

Աշխարհում չկա՛ ինձ պես կախարդ –

հաշտեցնում եմ ՝ ասացինք՝ ոսկի ու հարդ։

Հե՜յ բոլոր մոլոր մոլորյալներին,

բոլոր իմ շուրջ այսպես բոլորյալներին ․․․

Ախ, ես չունեի՜ մտքեր հետին –

այդ դու՛ք հավատացիք ինձ՝ պոետիս ․․․

 

 

*

 

 

       ԵՐԵԿՈՅԱՆ  ԶԲՈՍԱՆՔ

 

 

Երեկոյան դշխուհին՝ ամենապայծառը

երկնայիններից, Վեներան է

բարձրանում հորիզոնի անկյունից,

Կլեոպատրա թագուհու նման,

հսկելու, ակնածելու իր տիրույթները։

Ձեռքին՝ գազալամպ, շրջում է

իր բարձրադիր դղյակի շուրջ,

 ուր, պատերի տակից,

դեռահաս պատանիներ են՝ արբունքի

քաղցրավուն դողէրոցքի մեջ, գաղտագողի

ծիկրակում թագուհու քայլն ամեն

ու ճառագուն բարեմասնություննե՜րն ամեն ․․․

 

Որքան դժվար է ապրել

երկրայինը՝ երկնքի հանդիման։

Զբոսայգին, ճեմող դշխոները հողածին,

որ պատրաստ են զնգալ գազելի պես

մի սիրող շուրթի բառերի նվագակցությամբ։

Քոնն են, պարմանի՛,

 ուղեծրերը նրանց կանխատեսելի,

թե սիրո հմուտ աստղաբանը դառնաս։

Բայց միշտ էլ գրավում է անհասը՝

կին լինի, աստղ թե մոլորակ՝

ճակատագրի խութերի շուրջ բոլորված։

 

 

*

 

 

Ինչպես փուլերը լուսնի –

մերթ լրվում է ու մերթ նվազում

եռանդդ, պոե՛տ, որ բուսնի

վարդդ ժամանակի ավազում։

 

Հեղում ես տքնանքդ սրտդողած

ու հանձնում տարիների դատին։

Բայց ի՞նչ իմանաս՝ քանի՞ տող

կմնա Բալթասարի այս պատին։

 

Աշխարհը՝ Բալթասարի այս պատը,

ի՜նչ գրեր չի տեսել իր վրա։-

Անցե՜լ են վաղանցուկ՝ անապատով

սլացող սամումի նման ․․․

 

Դու պա՛հը ապրիր, պոետ,

երբ պատվում են քեզ ի վերուստ –

ու հաղորդակցվում ես մի ակնթարթ

զվարթնական խորալին քաղցրահունչ ․․․

 

 

*

 

                        ԼՈՒՍՆԱՅԻՆ  ՄԵՆԱՍՏԱՆ

 

 

Չեչաքարե ճամփաներ են,

անցո՜րդդ պապանձյալ։

Ինչ թեթև է՝ արտաբերել

աղոթքը առ Բարձրյալ ․․․

 

Լռություն է համատարած,

չկա շնչի նշույլ։

Ընդառաջիր բազկատարած

մենության մութ ոգուն ․․․

 

Շշնջա մեղքդ, անցյալդ –

ոչ ոք քեզ չի լսի։

Մտորումդ սահում է ցած,

դառնում փոշի լուսնի ․․․

 

Չկա ոչինչ կապույտ հեռվում –

հորիզոնն՝ անագե։

Աշտանակ ես ու չես վառվում –

ծխոտ հառաչանքից ․․․

 

Միանձն ես դու այսպես կորած,

ներսուզված վշտերում։

Բայց դեռ հուսում ես մոլորված –

էլի Տերն է տերդ ․․․

 

 

 

*

 

ՏԻՐԱՄՈՐԸ

 

 

Քո ոտքերի մոտ, ընտանի

կենդանու պես պատսպարված,

հոգնած լույսն է հանգստանում։

Ներբաններիդ հողն է փարված։

 

Հոնքերիդ տակ ծիծեռնաթև

բարու բու՜յն են աչքերը քո։

Քո աչքերից լույս է կաթում,-

վերանում է բյուր մթնաքող։

 

Թե խոսք ասես՝ քո շուրթերից

մեղրի պես է այն ծորալու,

ասես թափվող վարդ թերթերից՝

Սիրո նեկտար զարմանալի։

 

Մանուկնե՜ր են գիրկդ ձգվում ՝

առ կենարարն ու կենսատուն,-

և՝ ուր Ձագուկն է ճառագում ՝

ասես աստղ բազմապատիկ։

 

 

 

Ընթերցել նաև