Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Զավեն Բեկյան․ «Աստվածուհի Թետիս»․ բանաստեղծություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս գիշեր

ամենախոշոր լուսինն էր, ո՞վ տեսավ;

Կախվել էր երկնքից հսկա մեղրահացի պես –

ու հմայված հայացքս բզզալով

երկա՜ր պտտվեց իր շուրջբոլոր․․․

 

Մեղրահացի պես էր և բոլորյալ սպեղանու։

Եվ տաք, լույծ սաթի պես էր —  և

ծորում էր իր՝ ասես ստինքից՝ սաթբերունի սեր։

Մեղրահացի պես էր և բոլորյալ սպեղանու,

 

Ոսկե խնկամանի էր նման

և ասես, հընթացս, խունկ էր ծխում

ախտավոր աշխարհի վրա․․․

 

 

*

 

 

            Աստվածուհի Թետիս

 

 

Հավաքագրի՜ր ինձ

մենության նավահանգիստներում տխուր թափառող

գործազուրկ նավազի որպես –

ու ես անդավաճան կհետևեմ քեզ՝

ուր էլ տանես, քո կողմնացույցի սլաքը կդառնամ –

ու որքան էլ տատանվեմ-տարուբերվեմ,

մեկ է, կայուն, միշտ կնայեմ քեզ՝

հանց Բևեռային աստղին շքեղ․․․

 

Ինչ ջրեր ասես՝ կճեղքեմ քեզ հետ։

Փոթորիկները հլու կգգվեն մեր սրունքներին

սովոր շնիկի պես – զի սիրո շու՜նն է

ամեն բան այս աշխարհում։

Քոյապատկան նավի նավաքթի վրայից եմ միայն

տեսնում  ու հասկանում աշխարհը։

Հավաքագրի՜ր ինձ, առանց քեզ

ուրիշ աշխարհ չունեմ ․․․

 

 

*

 

 

     Ծննդյան Ասուպ

 

 

Անիմանալի՜,

հանկարծակի

ներխուժեցիր

Այստեղ դու՝

բռնկվելով մի

լույսի ժապավեն

պատկերելու համար,

որ ձգվում է որպես

անցյալ, հիշողություն․․․

 

Եվ վերջում մի պտղունց

մոխիր է մնալու

քեզնից ընդամենը․․․

 

Ո՞վ էր քեզ սպասում –

լույսդ՝ քեզ տեսնողին,

և մորմոքը՝ նրան,

և մորմոքը՝ նրան,

ումից բաժանվեցիր,

ում էլ չես տեսնելու ․․․

 

 

*

 

Մե՜րձ լինեմ քեզ, ծառ,

ու մտերիմդ թող մի քիչ  լինեմ ․․․

 

Մազարմատներիդ խոնավ ու տարփոտ շարժումն եմ լսում,

մազարմատներիդ, որ մութ ըղձանքով

հողի սիրաբաղձ շշուկն են առնում

և  քո բունն ի վեր հղում սաղարթիդ․․․

 

Դու խնդությամբ ու հավքերո՜վ ես լի,

սաղարթապարար ծափ ու ծիծաղով

և տերևային համերաշխության

հանդարտ խշշոցով։ Ախ, թող մակաղեմ

մի գառնուկի պես ու ննջեմ ընդ քո․․․

 

Օ, մտերիմն ես դու տարաշխարհիկ բյուր քամիների

ու մերձավորը վաղորդայնի հետ եկող հովերի։

Ինչքա՜ն թեթև է նազանքդ ահա

միջօրեի մեջ – երբ որ երկնքից

ասես թե պարի հրավեր ունես ․․․

 

Եվ անձրևնե՜րն են քեզ հետ բախտավոր,

որ լաց ու խինդ են քեզ հետ բաժանում

ու արտասվաթոր պատմում երկնքի

մասին, որտեղից իջան, եկան քեզ ․․․

 

Մե՜րձ լինեմ քեզ, ծառ,

ու մտերիմդ թող մի քիչ  լինեմ ․․․

 

 

*

 

 

Ասես միջնադարյան

մի իջևանատան

մեջ էի հայտնվել։

Խոսում էին զանազան

լեզուներով անվերջ –

կան, չէ՞, մինչև լույս

անհոգնել զրուցող

զավզակներ ամեն տեղ ․․․

 

Արթնացա – անձրևն էր

հարվածում ջրհորդանի

թիթեղներին։ Անձրևը,

որ սակայն ինչ-որ բան էր

ուզում հայտնել, ողբացյալի

նման, լացակումած,

ծնկներին․․․ խփելով․․․    

 

 

*

 

Շառագույն հորիզոն

 

 

Նույն վարդն է առավոտյան,

նույն վարդն է երեկոյան։

 

Ալ պսակաթերթերի

էջերով անթերթելի,

գիրք անընթեռնելի՝

հնամյա մի վանքի

խորշերից գտած․․․

 

Նույն վարդն է առավոտյան,

նույն վարդն է երեկոյան։

 

Ոչ ծեգն է ծնունդ ինքնին,

և ոչ՝ մայրամուտն է մահ։ —

Ծնունդը՝ մահվան սկիզբ,

և մահը՝ ծնունդ մի այլ ․․․

 

Նույն վարդն է առավոտյան,

նույն վարդն է երեկոյան։

 

 

*

 

 

Տեսա ես երազիս մեջ՝

հասել էր ձեռքս նարինջին,

բայց դեռ չքաղած՝ մի թույլ ճիչ

եկավ ու հպվեց ականջիս ․․․

 

Պարզվեց՝ տունկը չէր նարինջի

եկել ու վրաս կռացել –

ախ, այգեպանի աղջիկն էր,

երազում ո՜նց էի մոռացել ․․․

 

Ծորում  էր մատներիս արանքից

այդ պտղի լույսը սիրուն։

Ով  շա՜տ է սիրում կյանքը՝

կյանքն էլ իրե՛ն է շատ  սիրում ․․․

 

 

*

 

       Հանգած մեղու

 

 

Շրջված

մեջքի

վրա, լռած՝

զնգուն երգի

մի ձայնանիշ ․․․

 

Եվ արևի

լույսն է դողում

կարեկցանքով

փայլարե նուրբ

իր թևերին․․․

 

Ու՜շ մի աղերս,

աղապատանք –

գոնե հանգչե՜ր

պատանքի մեջ

մի քույր ծաղկի․․․

 

Ոտքերին՝ դեռ

ծաղկափոշի

մի քիչ, թավիշ։

Հանգած երգի

մի ձայնանիշ․․․

 

 

*

 

 

               Ծեր ամուսինների զրույցը

 

 

«Ես ի՞նչ իմանամ, թե դու երբ․․․» ։

«Դու ի՞նչ իմանաս, թե ես երբ․․․»։ —

Այդպես լռում են իրար հետ․․․

 

«Ավելի լավ է՝

երկու թեթև թիթեռների պես

խաղանք մեր հիշողությունների

ծաղիկների վրա․․․»,-

ցածրաձայն լռում է նրանցից մեկը․․․

 

«Ծերացել եմ, աչքս բան չի տեսնում։

Ավելի լավ է՝ նայեմ երկնքին,

թեև վաղու՜ց էլ չեմ զգում

կապույտի համը․․․ »,-

լուռ արձագանքում է մյուսը․․․

 

«Ես գիտեմ, թե դու երբ․․․

Ես գիտեմ, թե նա երբ․․․»,-

նրանց գլխավերևով, շշնջալով,

անցնում է մտախոհ մի հրեշտակ․․․

 

 

*

 

             Աշխարհամուտ       

   

 

Հանց բողբոջելով ծաղիկն է բացվում

ու մխիթարվում քույր ցողի լացով։-

Ինչ-որ բան է դեռ հիշում  նա Անդից,

հուզմունք կա դողի մեջ իր վարսանդի․․․

 

Եվ աշխարհ գալով տեսնում է ինչե՜ր․․․

Բայց մինչև աշխարհ գալն ինքը ի՞նչ էր –

չգիտի՜ ոչինչ, ոչինչ չի հիշում,

սակայն ամեն ինչ  Այնտեղ ի՜նչ  ջինջ էր․․․

 

Ինչպես երեխան դուրս գա արգանդից,

Այսաշխարհիկի  սահմանը հատի,-

հիշողությունը կորցրա՜ծ Անդի,

մահկանացության կնի՜ք ճակատին․․․

 

 

 

Ընթերցել նաև