Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Էսսե Թարգմանություն

Դմիտրի Բասով. «Իմ Պետերբուրգ». էսսե

 

Ինքնաթիռը հասնում է Պուլկովո լուսադեմին՝ ժամը չորսին․․․ Աչքերում ավազ․․․

Երկու ժամ կա մինչ առաջին ավտոբուսը․․․

Վաղ առավոտ է։ Թարմ է․ գիշերը անձրևել է, բայց հիմա հախճապակե երկնքում չկա նույնիսկ մեկ ամպիկ, արևի թույլ շողերը՝ արտացոլվելով ջրափոսերում, թռչկոտում են պատերին․․․

Թափուր Լիգովսկին դղրդում է առաջին տրամվայից։ Պետերբուրգյան տրամվայները զարմանալիորեն համապատասխան են սեփական փողոցներին․․․ Ռելսերի արանքում սպիտակ ջրափոսերով փռված է ծառերից թափվող նրբախավը, և տրամվայի հետևից սվսվում է անժամանակ բուքը․․․

Հին շքամուտքի նեղ աստիճանը և բաց թողնված անստորագիր զանգերի շղթան հանրակացարանի դռանը․․․

Քարեր և ջուր։ Կանաչ բրոնզ և սև թուջ։ Անվերջ վերանորոգում։ Պատմության հոտը։

Կենդանաբանական այգի։ Ճաղավանդակներից անդին ցնցող և սյուրռեալիստական վազքի մեջ են ընձուղտները՝ սնկապարար մանր անձրևի ներքո․․․

Հանկարծակի հեղեղ։ Վազք, և թաց բարդիների գլխապտույտ հոտը կախարդում է․․․ Հսկայական ցատկեր մանր ջրափոսերով․․․ Փրկարար մետրո․․․ Եվ օրորվող վագոնով ճախրում է մեղմ քամին՝ տարուբերելով խոնավ մազերը․․․

Հարսանեկան մեքենաները հերթով մոտենում են առափնյա փողոցին։ Մերձբալթյան պողոտայի պատուհաններում կուրացնող փայլով հրավառվում է արևը․․․ Ծովափնյա բազկաթոռներ՝ հետքով ավազի և տաք սուրճ՝ սառը քամու ներքո․․․

Ուրիշի հին սֆինքսը անտարբեր նայում է հեռուներ։ Շմիդտայի կամուրջ։ Անգլիական առափնյա։ Հմայիչ Silver Wind-ը ճերմակ այսբերգով քարկապված է մոխրագույն ափին․․․

Ամառային փոքրիկ սրճարան՝ Համալսարանային առափնյային։ Տարօրինակ պիցցա՝ սառը գարեջրով, ժպտացող աչքեր՝ դիմացը, ծիծաղող երկինքը՝ սուրբ Իսահակի տաճարն ի վեր, իտալական մակույկների խուլ աղմուկը, որ հասնում է Պետրոպալովկայի կողմերից․․․

Նևայի հայելում արտացոլվում է բարձր երկինքը։ Ափից այն կողմ՝ խորաթափանց լազուրը անէանում է արևի ցրված ցոլքերում։ Ավելի հեռու, մուգ գծով փռված է հանդիպակաց ափի ստվերը, որին մոխրագույն զանգվածով խոնարհվում են բարդիների միահյուսված մերկ ճյուղերը՝ ծիկրակելով տանիքներից։ Իսկ այս ամենն ի վեր՝ ճեղքելով բարձունքը, լողում են Սմոլնի մենաստանի ճերմակ ու կապույտ գմբեթները․․․ Առագաստներ։

Առագաստներ․․․

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՌԴ/ Սանկտ — Պետերբուրգ

 

 

 

Ընթերցել նաև