Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Վեպ Ցեղասպանության քրոնիկոն

Դիդո Սոտիրիու․ «Արնաշաղախ հողեր»․ հատված գրքից

Մինչ խոսում էինք, հեռվից խառը ձայներ ու ոտքերի դոփյուն լսվեցին: Վերևում` ժապավենի նման ձգվող սայլուղու վրա, փոշու սև ամպ բարձրացավ, ասես նախիր էր իջնում: Ձեռքներս ճակատներիս հովանի արած՝ փորձեցինք հասկանալ, թե ինչ էր կատարվում: Երեք ձիավոր քառատրոփ արշավով հասան Ալի դայու բակ: Մեծ հարգանքով ողջունեցին նրան:
-Ի՞նչ է եղել, Մեհմեդ,- հարցրեց Ալի դային ոստիկանին:
-Ալի դայի, լսել եմ, որ աշխատող ձեռքերի կարիք ունես,- պատասխանեց նրան:- Սրանք, որ իջնում են, հայ են, տանում ենք… ման տալու: 
Նա խորամանկ աչքով արեց` ձեռքը թրի նման տարուբերելով, որպեսզի հասկացնի, որ կոտորելու մասին է խոսքը:
-Տղամարդ չունենք, որ տանք քեզ, կնանիք ու երեխեք են: Բայց դու արի նայի, պինդ աղջիկներ ու խելացի, ուշիմ տղաներ կգտնես: Շուտ կմեծանան, կծառայեն քեզ: Գյուղապետը երեք հոգու վերցրեց…
Ալի դային մտածկոտ լսում էր: Հետո շրջվեց ու ասաց ինձ.
-Ինչի՞ չգնանք նայենք, որ: Կորցնելու ի՞նչ ունենք:
Որքան ավելի էինք մոտենում մարդկային նախիրին, այնքան ավելի պարզորոշ էր ականջներիս հասնում մի դառնակոծ ողբ, միաձայն խուլ հեծեծանք, որի արձագանքը տարածվում էր ամբողջ դաշտում:
-Գթացե՜ք մեզ:
-Խղճացե՜ք:
Հերարձակ կանայք քայլում էին՝ մանուկները՝ գրկներին. դեռ հազիվ քայլել սովորած փոքր երեխաները կառչել էին մայրերի փեշերից ու լալիս էին: Կանանց հետևից քայլում էին ծեր կանայք` իրենց թոռներին հենված, որ չընկնեն, քանի որ ընկնողին տեղնուտեղը գնդակահարում էին: Ոստիկանների մտրակներն անդադար գործում էին: Ծեծում ու արյունլվա էին անում թե՛ մեծերին, թե՛ փոքրերին:
Աչքդ չթարթած՝ շրջակա թուրքական գյուղերից հետաքրքրասերների մի ամբոխ հավաքվեց` տեսարանների, ալան-թալանի ծարավ:
Ժանդարմները հռհռում էին: Մայրերի գրկներից հափշտակում էին մանուկներին ու շպրտում թրքուհիներին, ինչպես շուկաներում պտղավաճառներն են ձմերուկները շպրտում:
-Վերցրեք, ձրի ենք տալիս: Սատկելու են խեղճերը:
Մի քանի սանձարձակներ աղջիկներ էին ջոկում: Պատռում էին նրանց հագուստը` գեղեցիկ կուրծք փնտրելով, ձեռք էին գցում նրանց ազդրերին` գռեհիկ խոսքեր ասելով:
Պահակախմբից մեկն ասաց նրանց.
-Ա՛յ ախմախներ, պառավներին բռնեք, ոսկեղենն ու լիրաները ման եկեք, իրենց պարկանման էնտեղերում են պահել: 
Ուզում էի հարձակվել նրանց վրա: Ընկերս` Պանայիսը, գլխի ընկավ, թե ինչ էի ուզում անել, ու թևս քաշեց:
-Մի՛ խառնվի, գլխներիս ուրիշ փորձանքներ էլ չբերես: Նո՞ր ես հասկանում, որ ստրուկ ենք: Ո՛չ կյանքներս է մեր ձեռքում, ո՛չ պատիվներս:
Ալեկոծված հեռացանք: Հայհոյելուց բացի ուրիշ ոչինչ չէինք կարող անել: Երբ Ալի դային վերադարձավ, հետը երկու սարսափահար հայ պատանիներ բերեց:
-Գնդակից փրկեցի նրանց,- ասաց,- իմ տանը հաց կուտեն, կապրեն:
Նա վրդովված էր այն տեսարանից:
-Մարդ ամաչում է, որ ապրում է,- ասաց:- Վերջ, աշխարհը փչացավ: Շիտակ բան չի մնա:
Առանց պատասխան տալու գլուխս իջեցրի ու մոլեգնաբար բրիչը ձեռքս առա: Հայ պատանիները պահ էին մտել ամբարում ու դուրս գալու միտք չունեին: Էդավիեն նրանց համար հաց, կաթ, ընկույզ բերեց: Ոչնչի ձեռք չտվեցին: Սարսափելի էր ամբողջ գիշեր տեսնել մթության մեջ փայլող նրանց աչքերը: Մենք ուշադիր էինք նրանց հանդեպ, մեր հոգատարությամբ աշխատում էինք թեթևացնել նրանց տառապանքը, վստահություն ձեռք բերել:
-Ավելի լավ կլիներ, որ ծնված չլինեի,- ասաց Ստեփանը` տասնվեց-տասնյոթ տարեկան պատանի` երկու եղբայրներից մեծը:
Ընկերացանք: Նա դպրոցական էր, գյուղական աշխատանքներում փորձ չուներ ու հաջորդ օրվանից իմ օգնության կարիքն էր զգում: Նիհար, նրբակազմ, խիտ ու գանգուր մազերով ու մեղմ, տխրալի աչքերով` մոմի նման հալվում էր ժամառժամ: Մինչդեռ մյուս հայ պատանին` Սերգոն, հարմարվեց ու մխիթարվեց:
-Ստեփան,- ասացի ես նրան մի երեկո, երբ պառկեցինք քնելու,- դու կրթված տղա ես, չգիտե՞ս, որ մարդը գազան է ու ամեն ինչի կարող է դիմանալ: Քար դարձրու սիրտդ: Նույնն էլ մենք ենք արել… Ապրել է պետք, խեղճ տղա:
-Ինչի՞ համար ապրեմ,- ասաց կտրուկ:- Չեմ ուզում ապրել:
-Էդպես մի խոսի, Ստեփան: Կյանքը քաղցր է, ինչ էլ որ պատահի: Էս բանը ես եմ ասում քեզ, իսկ իմ աչքերը շատ ու շատ բաներ են տեսել:
-Թե իմանայիր՝ իմո՜նք ինչեր են տեսել:
-Ընտանիք ունե՞ս: Ուզում եմ ասել` հույս ունե՞ս ձերոնց գտնել պատերազմից հետո:
Պատանին գունատվեց: Հասկացա, որ ցավոտ տեղին էի դիպել: Պառկած տեղից բարձրացավ, նստեց` հենվելով արմունկներին: Կանթեղի լույսը նրան ծերունու տեսք էր տալիս: Խոր, դաժան կնճիռներն ակոսում էին դեմքը: Նա խոսել էր ուզում: 
-Ես քեզ ամեն ինչ կպատմեմ, ինչպես որ եղավ: Տասն օր առաջ թուրք ավազակապետ Նուրին մեր գյուղ եկավ: Մարդիկ կարծեցին, թե նա փրկավարձի համար է եկել, ինչպես առաջներում էր գալիս: Ու իրոք, նրա առաջին գործը գյուղից երեք հազար լիրա պահանջելն էր: Հայրս համայնքի նախագահն էր: Քահանային հետն առած՝ դռնեդուռ շրջեցին: Գումարը հավաքեցին ու լրացրին իրենց ու համայնքի փողերով: Երբ հայրս ոսկիները տարավ ու հաշվեց, ավազակապետ Նուրին հանդարտվելու փոխարեն կատաղեց: «Ա՛խ դու, բոզամիջնորդ հայ, մի՛ ոսկի, գոնե մի՛ ոսկի ավել չես բերել, հա՞: Փող շատ ունեք, հա՞, ոնց որ ասում են: Քսակներդ լիքն են: Հետ դարձի ու հինգ հազար լիրա բեր ինձ ու ձեր կնանոց ոսկեղենը: Ու հլա էս էլ լսի, ա՛յ խղճուկ, ոչ մի բան չպակասի` ո՛չ մանկական խաչ, ո՛չ նշանի մատանի, ո՛չ էլ ոսկի ատամ: Չքվի՛: Երկու ժամ ժամանակ եմ քեզ տալիս: Մունետիկ կանչել տուր, եկեղեցու զանգերը խփի, ես իմ փողն եմ ուզում»: Հայրս շտապ տուն եկավ ու ամեն ինչ պատմեց մորս: «Երեխեքին առ ու, քանի դեռ ժամանակ կա, գնացեք պահ մտեք»,- ասաց ու ցուցմունքներ տվեց նրան, թե որ թաքստոցը պիտի գնայինք: Ճանապարհները դատարկ էին, քանի որ Նուրիի ավազակախումբը հավաքվել էր դպրոցում` սպասելով փրկագնի բաժանմանը: Մայրս երկմտում էր, չէր ուզում հեռանալ տնից: Երկու ավագ եղբայրներս մեր խանութից տուն չէին դարձել, ու չգիտեինք՝ ինչ էր պատահել հետները: Մեր ծծկեր երեխան հիվանդ էր, տաքություն ուներ: «Չեմ գնում,- ասաց մայրս,- կմնամ էստեղ, որ տեսնեմ՝ հորդ, Վարդանի ու Կարապետի հետ ինչ է լինելու…»:
Քիչ անց լսեցինք եկեղեցու զանգերը: Մունետիկը դուրս եկավ ու կանչեց. «Տասնհինգ տարեկանից բարձր բոլոր տղամարդիկ հավաքվեն եկեղեցում»: Վախեցած նայեցի մորս: Նրա հայացքը պտտվում էր պատերի, կահ-կարասու, միջնահարկի վրայով: Ընկավ գիրկս, սեղմեց կրծքին ու համբուրում էր. «Չէ, Ստեփան, չես գնա իմ մոտից: Մի վախեցի, տղաս, քեզ պահ կտամ, կպաշտպանեմ: Դու փոքր ես երևում, շատ փոքր: Ոչ ոք գլխի չի ընկնի տարիքդ…»:
Մունետիկի ձայնն արձագանքում էր մեր ականջներում. «Ով չներկայանա՜, տեղնուտեղը կգնդակահարվի՜»: Էդ պահին մեր դռան առաջով հորս էին անցկացնում: Նրա ձեռքը մի ցցափայտ էին տվել` քահանայի գլուխը վրան ցից հանած… Փակ պատուհանի խլափեղկերի արանքից տեսանք մեր պատուհաններին ուղղված՝ հորս արտասվալից հայացքը: Մայրս դեմքը թաքցրեց ափերի մեջ ու լաց էր լինում: Հետո օրորոցից հանեց մեր փոքրիկին, մի կապոց արեց, ու հենց որ շուրջը խաղաղվեց, գնացինք: Պատեպատ, դռնեդուռ, հազար ու մի զգուշությամբ հասանք գերեզմանատան թաքստոցին, որ էդպիսի դեպքերի համար էին սարքել: Երբ հասանք կիսամութ, խոնավ դամբարանը, որի մուտքը ընտանեկան մի գերեզման էր, տեսանք, որ շատ ժողովուրդ էր հավաքվել. ծնկի իջած, լուռ աղոթում էին: Ոչ ոք չէր խոսում, ոչ ոք չէր շնչում: Մեզ համար մի փոքր տեղ բացեցին, որ կանգնենք: Մեր մանկիկը ցավից տնքում էր ու քիչ անց սկսեց բարձր ձայնով լացել: Մայրս օրորում էր նրան, դատարկ կուրծքը տվեց, որ ծծի, համբուրում էր նրա աչիկները, նրա ճակատը, մազերը, իր բրդե շալը դրեց նրա փորիկին, ոտիկներն էր տրորում, որ տաքանան:
«Հոգի՜ս, սրտի՜կս, բալե՜ս»,- ասում էր նրան ու նայում շուրջը` կատաղած ամբոխին, ասես օգնություն էր հայցում: «Մի երեխու պատճառով տեղներս իմանալու են»,- կանչեցին մի քանիսը: «Ափիոն, ափիոն չունի՞ ոչ ոք, տանք` խմի»: Հետո մի կամաց, խռպոտ ձայն լսվեց. «Խեղդե՛ք, այ մարդ: Շուտ արեք, խեղդե՛ք: Ի՞նչ եք սպասում»: 
Մայրս վախեցած հետ քաշվեց ու կպավ պատին: Նրա աչքերը լայնացան, սարսափելի դարձան: Մեր փոքրիկին սեղմեց կրծքին, ծածկոցով ծածկեց: Բայց երեխան թպրտում էր, ոտները խփում, ճչում: Այնժամ… բազում ձեռքեր միասին ձգվեցին, որ հափշտակեն նրան: Մի տարեց կին բարձով արագ ծածկեց մանկան գլուխը: «Սեղմի, դժբախտ կին,- ասաց մորս,- ուժեղ սեղմի` լացը չլսվի: Ավելի՛ ուժեղ: Ավելի՛: Ավելի՛: Ավելի՛: Այ… ը…ըսե՛նց»: Նա ձեռքը պարզեց երեխայի վրա ու երբ հետ քաշեց, մեր մանկան ձայնն ընդմիշտ լռեց: 
Մորս ծնկները թուլացան, փլվեց գետնին, երկու ձեռներում քնքշությամբ սեղմեց մեր ծածկած մանկանն ու կամացուկ ասում էր նրան. «Էլ մի լացի, ջիգյա՜րս, չէ, իմ լա՜վ բալա: Կսպանե՜ն մեզ…»: Հետո դարձավ ինձ: Մթության մեջ ինձ նայող նրա աչքերը սարսափեցրին ինձ. «Ստեփան, երեխեն ինչի՞ չի զարթնում: Ինչի՞ չի շնչում: Ստեփան: Չլինի՞ թե…»:
Հայ պատանին դադարեցրեց պատմելը. լաց էր լինում: Չգիտեի՝ ինչպես հանգստացնել նրան:
-Ի՞նչ իմանաս,- ասացի նրան:- Գուցեև հայրդ, եղբայրներդ կենդանի են: Հեքիաթի նման անհավատալի շատ դեպքերի մասին եմ լսել:
-Մեր գյուղում տղամարդ չթողեցին կենդանի,- արձագանքեց:- Նրանց բոլորին միասին վառեցին եկեղեցում: Երբ Նուրին գնաց, մեզ խաբեցին, ու դուրս եկանք թաքստոցներից: Ասեցին. «Մի վախեցեք: Եղածն եղած է: Հիմա ոստիկանները կգան, ու կարգուկանոնը կվերականգնվի»: Իսկ ոստիկանների գալուն պես բռնեցին, շարք կանգնեցրին մեզ ու հրացանակոթով ու մտրակներով խփելով՝ ստիպեցին քայլել գիշեր ու ցերեկ: Գյուլդերե մտնելուց առաջ մի կատաղի թուրք սպա եկավ, հավաքեց բոլոր խոշորակազմ տղաներին: Սկսեց հայհոյել ասկյարին. «Ո՞նց ես աչքիցդ բաց թողել, ու էս բոլոր սրիկաները սաղ են մնացել: Չտեսա՞ր, որ եքա տղամարդ են: Ուզում ես՝ էլի հայությո՞ւն լցվի երկրով մեկ: Գնդակահարի դրանց իսկույն ևեթ»:
Մայրս ոչ լաց եղավ, ոչ հակառակվեց, երբ ինձ վերցրին նրա մոտից: Ասեց. «Մինչ նոր հանդիպում, Ստեփան: Առաջինը ես եմ գնում, կգտնեմ քեզ, տղաս… մյուս աշխարհում»: Ու իրեն ժայռից ցած գցեց:
Երբ Ալի դային եկավ ծառաներ ջոկելու, իմ ու Սերգոյի հերթն էր եկել, որ գնդակահարեին…

Ստեփանի մղձավանջային փորձությունների նման շատ ուրիշ պատմություններ էլ լսեցի հետագայում, է՛լ ավելի ահավոր` Էրզրումում, Կիլիկիայում, Դիարբեքիրում, Սեբաստիայում, Նիկոմիդիայում և այլուր: Ժամանակն այդ ամենը խունացրել է այսօր: Եթե որևէ պատմության գիրք բացեք, ընդամենը մի քանի չորուցամաք տողեր կկարդաք «հայերի ջարդի ու տեղահանության մասին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»: Կգտնեք նաև մի քանի սառը վիճակագրական տվյալներ: Ոմանք ասում են, թե զոհերի թիվը հասել է մեկ միլիոնի, մյուսները` թե միլիոնից ավելի են, մյուսներն էլ` թե մերոնց` հույների հետ միասին զոհվածների թիվը հասնում է մեկ ու կես միլիոնի: Մի մոռացեք փնտրել նաև մեղավորներին, քանզի այդ մասը միշտ շփոթեցնող է: Միայն թուրքերը չեն, որ պատասխանատու են կատարվածի համար: Հարկավոր էր մեջտեղից հանել քրիստոնեական բնակչության մի հոծ զանգված, որն իր ձեռքերում էր պահում Անատոլիայի հարստությունն ու բանալիները, քանզի այն խանգարում էր Գերմանիայի ընդլայնմանը, իսկ հետագայում՝ նաև Անտանտի թիկունքում կանգնած կապիտալիստներին: Բաղդադից ու Մոսուլից սկիզբ առնող ու մինչև Զմյուռնիա հասնող երկաթուղային գծի վրա, ուր հատվում էին Մերձավոր Արևելքի նավթն ու Փոքր Ասիայի առասպելական հարստությունները, այնտեղ էին թավալվում օտարերկրյա մոնոպոլիաների տնտեսական գերիշխանության ամենից անպատիվ ու նենգ երազանքները: Ոսկե գեղմի պատմությունը շարունակվում էր…

 

 

Թարգմանությունը՝  Շամրիկ Խաչատրյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հունաստան

 

 

 

 

Ընթերցել նաև