Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Գևորգ Բադալյան․ բանաստեղծություններ

Բոհեմական

 

Այս հին փողոցի լույսերը դեղին

Ու լիրբ քրքիջը այն ներկած կանանց,

Շամիրամաշուրթ խոսքերով անգին

Անցորդ են պեղում սրճատան դիմաց:

 

Սիրում են նրանց պոետները միշտ

Քանզի տալիս են նրանք առավել,

Սեր վայրկյանական` անբասիր ու ճիշտ

ՈՒ գիտեն նրանք ոչինչ չսպասել:

 

Տալիս են նրանք մարմին ու հոգի,

 

Դառնում են մի պահ լուռ տեր ու ծառա,

Ձևական ոչինչ,կոպիտ են,բռի

Մեկ կողմնակից են,մեկ դառնում հակա:

 

Այս հին փողոցի  մաշված օրերում

Լոկ չեն հասկանոմ այն ներկած կանայք,

Որ իրենց կոկետ,բրունետ  սրտում

Ծնվեց մի բալլադ,մի պոեմ,մի կյանք…

 

*

 

Վերհուշից

 

Տողեր ես քամում անցած երգերից

Մաշում ես անհայտ մնացած ներկան,

Երբ դու հոգնում ես սիրավեպերից

Նոր ես հասկանում սիրո բացական:

 

Ու վայլում ես կոնյակի նման

Շուրթերիդ վրա՝ կաթիլ առ կաթիլ,

Ցնդում է սակայն վայելքն աննման

Բաժակը կրկին մնում է նանիր:

 

Ու չես էլ նայում արդԵն դու ժամին

Կյանք է ձևանում մի քանի վայրկյան,

Համակերպվում ես սիրավեպերին՝

Երբ հասկանում ես սիրո բացական:

                     

*

 

Լույսը բացվեց ու մենք չկանք,քույր իմ կեղծ,

Մենք գերի էինք ատելության մի սիրուն,

Չեղանք կյանքում գեթ մի անգամ մենք անկեղծ,

Չհավատացինք ամենքս մեր որբ սիրուն:

 

Ու մեզանից փոշի անգամ չկա,քույր,

Չկա անգամ բաժանումի տառապանք,

Երազներով մենք ապրեցինք կյանքը կույր

Ուշքի կգայինք գուցե հիմա, բայց չկանք..

 

*

 

Մեծացել ենք…

Մեր տանը՝ ես,

Դու՝ ձեր տանը,

Օրվա պես մթնեց

Մնաց խավարում,

Քո սերը՝ քո մեջ,

Իմ մեջ՝իմ սերը,

Ոչ արդյունք մնաց,

Ոչ մի թաց արցունք…

Էհ ինչ արած,

Մարդ ու կնիկ

Մի կողմ դրած

Քեզ տղադ է սիրում,

Աղջիկս՝ ինձ:

Օրեր կգան սրտով,սիրով

Ինձ ու քեզ ինչ,

Մի օր առաջ,մի օր հետո

Ինձ մեր տանից են հանելու,

Քեզ՝ ձեր տանից,

Ու ինչքան էլ խռով մնանք

Մենք մեր հողից

Մեկ է դու քո հողն ունես,

Ես՝ իմ հողը,

Եվ մեր խռով,

Սիրով մի տեղ,

Մի տեղ զոռով

Անցուդարձից

Մնալու է միայն մաշված

Այս մի տողը…

 

 

 

Ընթերցել նաև