Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Գրիշ Սարդարյան․ «Հո՛, Ձա՛, Ղա՛տ»․ պատմվածք

 

 

— Ա՛յբ Բե՛ն Գի՛մ

  — Դա՛ Ե՛չ Զա՛

  — Է՛ Ը՛թ Թո՛

  — Ժե՛ Ինի՛ Լյո՛ւն

  — Խե՛ Ծա՛ Կե՛ն

  — Հո՛ Ձա՛ Ղա՛տ

  — Ճե՛ն Մե՛ն Հի՛

  — Նո՛ւ Շա՛ Ո՛

  — Չա՛ Պե՛ Ջե՛

  — Ռա՛ Սե՛ Վե՛վ

  — Տյո՛ւն Րե՛ Ցո՛

  — ․․․

  — Ե՛վ Օ՛ Ֆե՛,- շարունակություն ենթադրող հնչողությամբ եզրափակեց Եվօֆեն, մեր միջի առաջադեմը, նա ամենակրտսերն էր և միշտ  շարք ու շարունակականություն էր քարոզում, ստիպում էր տեղերից ձայն հանել, ներկա՛, ներկա՛, ներկա՛, այդպիսով վերականգնվում էր Այբուբենի 13 սերնդի միասնականությունը, թեև այն ձևական բնույթ էր կրում՝ բացակա օղակի պատճառով, անհետ կորած Վյուն Փյուրքեն էր մեղավոր, կորչելու սովորություն ուներ անառակ որդին, իսկ Այբուբենը մի՞թե չէր թողնելու մնացյալին ու շտապեր մոլորյալ որդու հետքերով․․․

Ահա այդպես էլ գնաց հերթական անգամ իր կորուսյալ Վյուն Փյուրքեին վերադարձնելու հույսով հայր Այբուբենն ու այլևս չվերադարձավ։

Եվ դեռ կարելի էր միասնությունը պահել, փրկվել վերջնական բաժանումից, բայց չլսեց կրտսեր Եվօֆեի հորդորները Ժե Ինի Լյուն, մեր միջի փոքրիկ չինացին, աշխատասեր, ժրաջան ու անտարբեր, նա մեր շփոթմունքին այնպես նայեց, ասես Այբուբենի հետ որևէ կապ չուներ, հարմար առիթ էր, նա դարսեց, դարսդարսեց գույքը, զիզի-պիզի պարագաներ, բազմաթիվ արկղեր տեղավորեց ու սայլերով սլացավ, ականջալուր չեղավ Այբուբենից բխող խոսքերին, թե ամեն բան կարող եք ձեր մեջ գտնել, եթե միայն ուժ գործադրեք միմյանցից կառչելու։ Եվ պետք չէր հեռանալ, անկեղծ եմ ասում՝ պետք չէր։ Ներդաշնակությունը խախտվեց։ Կամաց-կամաց ցրվեցին բոլորը։ Եվօֆեն, որ ամենակրտսերն էր ու վախկոտը, մոգոնեց հեռաձայնելու այս եղանակը, յուրաքանչյուրս մեր տեղից գոչում էինք յուրաքանչյուր առավոտ ու վերջ։ Ու անցիր գործերիդ։ Իսկ մենք երեք եղբայր էինք, հաստատվեցինք յոթ բլուրների արանքում, հիմնեցինք Հոձաղատը, երեքը՝ մեկում, տրոհվելու վտանգ չկար, կամքը մեկ էր, խոսքը մեկ էր, գործը մեկ էր, հարևանությամբ Էըթթոն էր, ևս երեքը մեկում, երեք եղբայրներ անցան բազում արկածների միջով ու բազմաթիվ պատմություններ պատմեցին, ստիպեցին գրի առնել, գայթակղեցին անկախ իրենցից, և մենք գրի առանք, Հոձաղատը դարձավ գրչության ծաղկուն հայրենիքը, երբեք չկորցրեց կապը Այբուբենի հետ, Եվօֆեն ձևական ձայնել էր տալիս, սակայն տեղյակ չէր, թե եռյակներից որն ինչով է իրականում զբաղված, հակառակ սրան՝ Հոձաղատը իսկապես հավատում էր Այբուբենի միասնականությանը, թղթին էր հանձնում և՛ կանչերը, և՛ պատմությունները։ Այսպիսով լուր տարածվեց, թե Հո Ձա Ղատը պատմություն է։ Եթե Եվօֆեն բանավոր էր պահպանում Այբուբենի ներկայությունը և անխտիր ստիպում էր կանչել, ապա Հոձաղատի ծոցում միասնական այբուբենով գրի էին առնում եռյակ եղբայրություններից հասնող ամեն իրադարձություն։

  — Այո՛. Հո Ձա Ղատը պատմություն է,- համաձայնեց Եվօֆեն,- և եթե ես Այբուբենի այսօրն եմ հոգում, Հոձաղատի կողմերում էջ առ էջ կուտակվում է Այբուբենի անցյալը։

Սակայն մեր բախտը չբերեց։ Ի հայտ եկան ընդվզողներ։

  — Դա էր պակաս։ Էն գլխից տարբերում էինք թացը չորից։ Այբուբենի միակ ժառանգը Դա Եչ Զան է։ Կրկնեք միաձայն՝ «Դա՛, Ե՛չ, Զա՛», «Դա՛, Ե՛չ, Զա՛», «Դա՛, Ե՛չ, Զա՛»,- դղրդում էր հրապարակը երեք եղբայրների հետևից։ Դա Եչ Զան էր, մեր միջի ձայնավորն ու հռետորը, նրա ձայնը միշտ էլ տաք տեղից էր գալիս, լավ խառնեց բոլորիս, բոլորս առժամանակ լսում էինք.

  — Դա՛ Ե՛չ Զա՛

  — Դա՛ Ե՛չ Զա՛

  — Դա՛ Ե՛չ Զա՛

Քայլերթի, ձայներթի պայթյուններով լռեցվել էին արդեն մյուսները։ Դղրդում էր օրուգիշեր.

— Դա՛ Ե՛չ Զա՛

 — Դա՛ Ե՛չ Զա՛

 — Դա՛ Ե՛չ Զա՛

Եվ թվում էր՝ Ճենմենհին էլ էր ճվճվում նրանց հետ, այդ ճլորածի ձայնը չես շփոթի, մեջ-մեջ էր ընկնում ժամանակ առ ժամանակ, Զա-ի վրա անպայման մատնվում էր։

  — Էհե՜յ, բռնվեցի՞ր, Ճենմենհի։

Մենք դեռ շարունակում էինք գրի առնել եղբայրություններից յուրաքանչյուրի պատմությունը, Դաեչզան բռունցքն էր ճոճում, ինչպես Զ-ի վերամբարձ կլորակը.

  — Էհե՜յ, գլխներիդ գալիքը չգիտեք։ Չկա միասնական այբուբեն, դադարեցրեք գրել մեր լեզվով, դադարեցրեք խոսել մեր լեզվով,- ինչ հետաքրքիր դրության էինք հանգել, այս մեղադրանքները կրկնվում էին գրեթե բոլոր կողմերից։

  — Դաեչզան է խառնել Այբուբենի միասնականությունը,- որոշեց Եվօֆեն, որն անընդհատ շարունակականություն էր ենթադրում։

  — Ես ձեզ եմ հարցնում,- հնչում էր Դաեչզայի սարսափաձայնը, ձեզ եմ հարցնում, ո՞վ անտերության մատնեց մեր եղբայր Վյուն Փյուրքեին, ո՞վ։ Բոլո՛րդ,- եզրահանգում էր Դաեչզան։

Իսկ Վյուն Փյուրքեից տեղեկություն չկար ու չկար։ Պակասող օղա՛կը։ Վերջին անգամ նրան տեսել էինք ընթրիքի սեղանի շուրջ։ Մի քանիսը կարծեցին, թե նա կվերադառնա, հաշվի առնելով, որ Դաեչզան սպառնում է վերջնականապես կործանել Այբուբենի միասնականության կարգը։ Սխալվեցին։ Չվերադարձավ։

Այն օրը, ընթրիքի սեղանը լիքն էր տարատեսակ բարիքներով և տասներեք եղբայր նստած էին շուրջբոլորն ու հաճույքով վայելում էին Այբուբենի ընձեռածը։

  — Այս ամենը իմ հայրն է ընծայել իր որդիներին,- սքանչանքի գիծ էր անցնում Վյուն Փյուրքեի այտերով։ Հենց այդ գծավոր ժպիտով էլ մտապահեցինք նրան։ Կատակում էինք, խոսում դեսից, խոսում դենից, զրույցները անչափ հետաքրքիր էին, լրացնում էինք միմյանց, հետո նա ոտքի ելավ, ասաց, որ պիտի գնա, այս անգամ բացակայությունը երկար կձգվի, բայց անպայման կվերադառնա, ու դուրս գալիս համբուրեց փոքրիկ Եվօֆեի ճակատը, նա այդպես վարվեց, որովհետև Եվօֆեն ամենակրտսերն էր, իսկ Եվօֆեին թվաց, թե այդպիսով ինչ-որ բան է ցանկանում փոխանցել։ Հետագայում սա դարձավ Եվօֆեի անհանգիստ, նախաձեռնողական բնավորության պատճառը։ Հավատացած, որ Այբուբենի միասնականության վերականգնումն իր պարտքն է, նա համոզեց Դաեչզային դադարեցնել թշնամական աղմուկը և գրի առնել սեփական պատմությունը։ Եվօֆեն կարողանում էր բանակցել։ Այսպես եղբայրներից յուրաքանչյուրը գրի առավ Այբուբենի իր պատմությունը։

  — Ո՜չ, Հոձաղատը ողջ պատմությունը չէ։ Դա Այբուբենի պատմության տարբերակներից մեկն է միայն,- ասաց Եվօֆեն։

Եվ ով գիտե․․․

Մենք էլ էինք կասկածում։

  — Գրեք Այբուբենի Ձեր պատմությունը,- առաջարկում էր Եվօֆեն։

Դաեչզան գլխահակ գրում էր, Այբբենգիմը գրում էր, Ռասեվեվը, մեր միջի այդ անծայրածի՛րը, ստեղծագործում էր ու ստեղծագործում․․․ Եթե ունակ չէինք մեկմեկու փարվել, որպեսզի լրացնեինք Այբուբենի միասնականությունը, եթե չէինք կարող ձեռք-ձեռքի տալ, որպեսզի օգնեինք իրար, ապա մեկս մյուսի ձեռքի տակ կարող էինք օգտակար լինել միմյանց, յուրաքանչյուրս անխնա կարող էր օգտվել մյուսից, թերևս այդպես էլ կար ու նրանց պատմություններում Հոձաղատն էր հիշատակվում ոչ պակաս, քան մեզանում Այբբենգիմը, Ժե Ինի Լյուն և այլն, և այլն, ասել է թե՝ մի նոր սայթաքում, այդ «Եվ այլնը» հենց շփոթմունքի մի նոր պատճառ դարձավ։ Եվօֆեն, որն անընդհատ շարունակականություն էր ենթադրում, պատմություններ մեջբերեց նորանոր եղբայրների մասնակցությամբ, ի հայտ եկան Յե Յե Յեն, Վո Վո Վոն, Օհ Ահ Ան․․․ և այլն, և այլն, և այսպես շարունակ, բազմակետեր էր ենթադրում Եվօֆեն․․․

Ոմանք անմնացորդ հավատացին այդ գունագեղ հեքիաթներին։ Օրինակ՝ Այբբենգիմը, մեր միջի այդ կղզիացած, վեր խոյացածը։ Ոմանք անմիջապես փոխ առան այդ հեքիաթները, ոմանք ընդվզեցին.

  — Ամեն բան հեքիաթ է,- ի պատասխան հայտարարեց Եվօֆեն,- Այբուբենը հեքիաթների համար է ստեղծված, դուք կարող եք հյուսել ձեր հեքիաթը։

Դուք կարող եք ունենալ ձեր հեքիաթը։ Գովազդում էր Եվօֆեն։ Հեքիաթ է Վյուն Փյուրքեն, հեքիաթային է Հոձաղատը, հեքիաթային է անծայրածիր Ռասեվեվը, հեքիաթ է երեք եղբայրներով սկսվող ու ավարտվող յուրաքանչյուր պատմություն․․․

Ռասեվեվը չէր հավատում։ Ցերեկը հավատում էր, իսկ գիշերը չէր հավատում։ Գիշերային հեքիաթները սարսափ էին հարուցում։ Այո, էսպես նայելով գուցե տարվեինք Նյուշավոյի հեքիաթային ճարտարապետությամբ, դղյակներով, ամրոցներով, որոնցով եռյակ եղբայրությունը շրջապատել էր իրեն, տպավորիչ էին նրա կառույցները, բայց իրական չէին, տասներկուսն անց պայթում էին, ցնդում էին, վերածվում դդումների, տասներկուսն անց իրական էին Ռասեվեվյան հեքիաթները, հեռաստաններ, ծառաստաններ անսահման, անծայրածիր, այնտեղ մի հյուղակ պատահեր թե չէ՝ տեղով իրադարձություն էր, գիշերային հեքիաթներում ժպիտն էր խաղում խստադեմ Էըթթոյի այտերին և նա նմանվում էր բացակա Վյուն Փյուրքեին, ու նա կասկածում էր Վյուն Փյուրքեի հաշվով, ինչքանո՞վ էր իրական, երեք եղբայրները փնտրում էին նրան աշխարհի չորս ծեգերում, փնտրվում է Վյուն Փյուրքեն, փնտրվում է Վյուն Փյուրքեն, Եվօֆեն փնտրտուքների արդյունքներն ամփոփում էր ամենօրյա ներկա-բացակաների իր շքերթում և պարզվում էր, որ չի գտնվել Այբուբենի նախնական սերնդի տասներեք ներկայացուցիչներից մեկը, գուցե ամենակարևորը, փոխարենը հայտնաբերվել են նորանոր եղբայրներ, Ուհ Փուհ Փեն, Քահ Քահ Քան և այլոք, այլոք, որ դեռ շարք ու շարունակականություն էին ենթադրում, բոլոր ծակերը փակվում էին կարծես, բայցևայնպես, Այբուբենի միասնականությունը չէր վերականգնվում, թե ի՞նչ տարբերություն, ի՞նչն էր պակաս, մասնիկները կային և առավել քան երբևէ, ավելցուկով կային, լիությամբ, ողջ փայլով, մեր միջի այդ պակասող օղակը, չէ՛, վաղուց էր ճնշում բոլորին, հորը կլանեց, տարավ խորախոր խոռոչներից ներս, անմնացորդ, առանց հետք, ոչ շոր, ոչ մարմին, ոչ ոսկոր, փոխարենը նորանոր եղբայրներ, ստացիր, գումարիր անվերջ շարքերին, գումարը չի փոխվի, գումարելիներից մեկը չկա, մեզանից մե՛կը, ստացվում է, որ ամենակարևորը չկա, ինչը և բարկացնում է, գանգատ և դժգոհություն, Եվօֆեն հիշեցնում էր Այբուբենի հավաստիացումը, թե ամեն բան կգտնեք ձեր մեջ, և առաջարկում բավարարվել Վյուն Փյուրքեին ներքուստ փնտրելով, անտրոհ, կիսատրոհ առաջ էր ընթանում Այբուբենի տասներեք սերունդը՝ գումարած նորանոր սերունդներ, գումարած նորանոր սերունդներ, որ ոչ տեսել էին, ոչ լսել էին Այբուբենի մասին, որոնց համար միասնականություն էր ապահովում Եվօֆեն։

  — Ա՛յբ Բե՛ն Գի՛մ

  — Դա՛ Ե՛չ Զա՛

  — Է՛ Ը՛թ Թո՛

  — Ժե՛ Ինի՛ Լյո՛ւն

  — Խե՛ Ծա՛ Կե՛ն

  — ․․․

  — Ճե՛ն Մե՛ն Հի՛

  — Նո՛ւ Շա՛ Ո՛

  — Չա՛ Պե՛ Ջե՛

  — Ռա՛ Սե՛ Վե՛վ

  — Տյո՛ւն Րե՛ Ցո՛

  — ․․․

  — Ե՛վ Օ՛ Ֆե՛

  — ․․․

Օրերից մի օր էր։ Արևոտ մի օր։ Չկար Հոձաղատը։ Կորել էր։ Հեռացել էր Վյուն Փյուրքեի պես, մոլորվել, ով գիտե, կասկածներ, կասկածներ, վաղուց էր երևի կորչել, պարզապես չէին նկատել, տեսակետ կար, որ Հոձաղատ երբևէ չի եղել, փոխարենը ուրիշն է ձայնել, Ռասեվեվյան տեսակետ կար, ըստ որի Հոձաղատը հայրենիք է եղել և շքեղ պատմություն, բուրաստան՝ յոթ բլուրների արանքում, մրգաստան՝ մարգերի ու մրգերի միջև բազմած, պատմությունը կրկնվելու միտում ուներ, բայց այլ բան էր Հոձաղատը, այլ էր Վյուն Փյուրքեն։ Հոձաղատը կարծես կար, բայց ձայնը չէր լսվում, ինչպես ժամանակին ձայնն էր միայն լսելի, իսկ ինքը չէր երևում, ուղեղային ցնորք, սրտատրոփ զավզակություն, ով որ կհայտնաբերի, թե այդ ինչ երևություն է եղել Հոձաղատը․․․

Իսկ մենք երեք եղբայր էինք, կապոտած, բերանկապ, հորի հատակին պահում էր մեզ ու մեր փոխարեն վաղուց ի վեր ձայնում էր Չապեջեն, մեր միջի քոչվոր, անլվա, անշուքը, սրում էր իր դաշույնը ու քթի տակ մռմռում.

  — Հո Ձա Ղատը պատմություն չէ,

    Հո Ձա Ղատը հայրենիք չէ,

    Հո Ձա Ղատը մարտարվեստ է, որը պետք է մեզ։

Այսպես մռմռում էր Չապեջեն գաղտնիքը վերջին խոսքերի, որ իր ականջին հառաչել էր մորթատանջ Վյուն Փյուրքեն․․․

 

 

Ընթերցել նաև