Հարցազրույց

«Գրականությունը մեզ նման ազգերի համար բացառություն է»․ զրույց գրող Անուշ Սարգսյանի «Անոն» գրքի շուրջ

 

Կյանքը պատերազմից առաջ և հետո․․․

 

Այսօր մի իրողություն ունենք երկրում, որը բաժանարար գծի նման մեզ  կանգնեցրել է կյանքը պատերազմից առաջ և հետո սահմանների միջև։ Դեռ չգիտենք՝ ի՞նչ է մեզ սպասվում, և ի՞նչ կարող էր լինել, եթե այն պատահած չլիներ կամ այլ ընթացքով ու ելքով ավարտվեր։ Իրավիճակը հուսահատեցնող է, բայց որպես քրիստոնյա ազգ՝ գիտենք կրել կորուստները, վիշտը և ուղիներ փնտրել՝ շտկելու մեր սխալները, ուղղելու մեր մեջքը։

 

 

Գրականությունը, արվեստը՝ իբրև հետպատերազմյան սպեղա՞նի, թե՞ զենք․․․

 

Գրականությունը մեզ նման ազգերի համար, կարծում եմ, բացառություն է՝ որպես մարդկային ճակատագրի արտահայտման միջոց։ Մեր գրականությունը դարերի ընթացքում ինչ֊որ առումով դարձել է հոգու, սրտի ընկեր։ Պատահական չէ, որ հայ ընթերցողը գնահատելիս գնահատում է նրա «հուզիչ», «սիրուն» լինելը։ Հուզականությունը մեր չափորոշիչներից է, ու ես դա համարում եմ կարևոր առանձնահատկություն։ Կատարսիսի հասնելու, ինքնամաքրվելու և զուլալվելու ամենակատարյալ ուղիներից։ Պատահական չէ, որ ընթերցող լայն շրջանակներ (ինչպես համոզել եմ՝ հետևելով ֆեյսբուքյան գրական և գրականամերձ անցուդարձին), դաստիարակչական, բուժիչ ու գաղափարական սնունդ են ուզում ստանալ ընթերցանությունից։

 

 

«Անոն» ժողովածուն․․․

 

 

«Անոն» հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, Արքմենիկ Նիկողոսյանի խմբագրմամբ։ Ժողովածուն «Գրքի երևանյան փառատոն֊ 2019»֊ ում արժանացել է «Արձակ» անվանակարգի առաջին մրցանակի։ Առիթից օգտվելով՝ շնորհակալությունս եմ հայտնում թե՛ ժյուրիի գրականագետներին, թե՛ հրատարակչությանն ու խմբագրին, որոնց օրհնությամբ հնարավորություն ունեցա ընթերցողին նվիրել իմ երկրորդ հոգեդստերը։ Չէ՞ որ յուրաքանչյուր գիրք հեղինակից մասնիկ է։ Իսկ որքանո՞վ է այն իմպուլսիվ, կերևա արձագանքներից։ Հուսամ՝ առաջին գրքիս պես «Անոն» նույնպես կսիրվի։

Գրքում ընդգրկված է վերջին տարիներին գրված իմ շուրջ տասնյակ պատմվածք և վիպակ, որի որոշ հատվածներ ժամանակին իմ ֆեյսբուքյան ընթերցողներին ներկայացրել եմ։ Ուրախ եմ, որ նրանք անհամբեր սպասել են գրքի ծնվելուն։

«Անոն» ժողովածուն ծրագրված էր տպագրության հանձնել դեռևս անցած տարվանից, բայց համավարակի, մեկուսացման, ապա պատերազմի պատճառով մոռացության մատնվեց, մինչև սթափվեցինք ու փորձում ենք հունի մեջ մտնել։ Խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին խնդրեցի, որ չարաբաստիկ քսան թվականը որևէ կերպ չարտահայտվի գրքում, և ուրախալի էր ինձ համար, երբ նա հայտնեց, որ գիրքը կտպվի քսանմեկ թվականին՝ «Քսանմեկերորդ դար» մատենաշարով։ Ինչպես ասում են՝ թվերի ոսկե համընկնում։ Հուսանք՝ ազգի, երկրի համար նույնպես այս տարվանից կսկսվի նոր ժամանակաշրջան, որը կբերի հզորացման, բարօրության, արժեհամակարգի բաղձալի հանգրվանի։

 «Անոն» ծնվել է կյանքից, նրանում չկա ոչինչ՝ հորինովի։ Պատմվածքները, համանուն վիպակը շարունակությունն են իմ նախորդ գրքի՝ «Սադի տակի շենքի» վեպ֊էսսեի, որ անգամ մեկ վիպական գործողությունների համատեքստում կարելի է դիտարկել։ Կյանքը փոքրիկ քաղաք Վանաձորում՝ երկրաշարժի ու հաջորդած տարիներին, երբ խորհրդային ժամանակի հետքերը դեռ շատ թարմ էին, իսկ անկախ պետություն դառնալու հեռանկարը՝ դեռևս ուրվագծման կարիք ունեցող։ Մարդիկ՝ կիսասովետական֊կիսաանկախական։ Գործողությունների ու երազանքների պատանդ։ Այսինքն՝ համարյա թե նույն հատկանիշներով, ինչ անցումային ժամանակաշրջանների բոլոր մարդիկ։

Գրքի բնաբանում, որ վերցված է «Անոն» վիպակից, ասվում է՝ «Սեր, դու, որ Աստված չես, թեև Աստված սեր է. լքիր մարմինն այն պահին, երբ նա արդեն մեռնում է: Բայց սիրելու պահին՝ դու, որ երկնքում ես, կրծքի տակ, աչքերում ու ամենուր, աստված եղիր ու փրկիր նրան: Փրկիր նրան չարից: Եթե դու կաս ու երկնքում ես, ու ծովում, ու հողում եւ ամենուր, առաջին հերթին եղիր մարմնում: Քանզի մարմինն առանց սիրո ոչինչ է: Ու չարից փրկելուց առաջ ու հետո, ու միշտ ու հատկապես հանապազօրյա հացից առավել տուր նրան ամենակարեւորը՝ ԱՊՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Քանզի սիրելու համար նա պիտի ապրի: Իսկ ապրելու համար պիտի սաստիկ ուզենա մեն-մի բան՝ ՉՄԵՌՆԵԼ»: Սա գրքի գլխավոր մտքերից է։ Կյանքի ու մահվան բազմատեսակ ձևերի մեջ գտնել ապրելու նպատակներ, որոնք չեն լինի ինքնաբերական, բայց և չեն լինի ճիգերի գնով։ Այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես կյանքում։

Եթե մեկ ընդհանուր խոշորացույցով նայենք՝ աշխարհի երևի բոլոր ազգերի գրականությունները այս առումով ընդհանրություն ունեն՝ լինել կյանքային, իրական, վեր հանել ժամանակի մարդու խնդիրները, ցավը, դրանցով ձևավորել պահանջներ, կարևորագույն հարցադրումներ, թե ինչպե՞ս  նրան դարձնել երջանիկ։  Ինչպե՞ս մարդուն մոտեցնել  իր նախաստեղծ էությանը, իսկ կյանքը՝ մոտ աստվածային նախախնամությանը։

Այս բոլոր հարցերից ընթերցողը կգտնի «Անոն» գրքում, հնարավորություն կունենա սեփական հարցերը ձևավորելու և պատասխանելու։ Ես բավարարված եմ որպես հեղինակ, որ ընթերցողին ինձ հետ «աշխատելու» հնարավորություն եմ թողել։

 

 

Աշխարհին պակասում է․․․

 

Ու եթե նորից խոշորացնենք, կտեսնենք, որ աշխարհին պակասում է… Սերը։ Իր բոլոր դրսևորումներով։ Ռոբոտացման, պատերազմների և ուժի գերակայության պայմաններում այնքան կարևոր են դառնում մարդկային հույզերի, սիրո և  ինքնակատարելագործման փոքրիկ գործողությունները, որ դրանցով կարելի է կարել աշխարհը փլուզող ճաքերը։ Սա գրականության  ակամա խնդիրներից է դարձել։

 

 

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ կուզեի նվեր ստանալ․․․

 

Շատ ողջունելի է, որ վերջին տարիներին գրքին, գրքի հրատարակման գործին մեծ տեղ է տրվում։ Դա նշանակում է, որ Թումանյանի ուխտին՝ միշտ դեպի լույսը, մենք հետևողական ենք։ Գիրք նվիրելու օրը համարում եմ նաև ուղերձ նվիրելու օր։  Կցանկանայի նվեր ստանալ Անի Քոչարի «Հանձնվել չկա՛» նորատիպ գիրքը։

 

 

© Երևանյան Էսքիզ 2021

Զրուցեց՝ Մարգարետ Ասլանյանը

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև