Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վիպակ

Գոհար Նավասարդյան․ «Ինձ պիոններ չնվիրես»․ հատված վիպակից

 

Մարկն ու Արևը նորից մնացին դեմ դիմաց կանգնած։ Աղջիկը շրջվեց ու քայլեց դեպի փողոցը։ -Գիտես, ես գիրքն էի ուզում վերցնել։ Հուսով եմ՝ վերջացրել ես։

-Վերջացրել եմ,-քթի տակ ժպտալով պատասխանեց Արևն ու պայուսակից գիրքը հանելով՝ մեկնեց Մարկին։ Երիտասարդը գիրքը բացեց, ասես հենց այդ պահին էր կարդալու, թերթեց մի քանի էջ ու մատիտով առաջին իսկ նշված տողերը բարձրաձայն կարդաց. «Աշխարհն ինձ տվեցին, հենց այդպես, վերցրին ու տեղավորեցին գրկիս մեջ։ Ես հասկացա, որ հազարավորներից ճիշտ մեկին եմ ընտրել, որովհետև գրկելուն պես սիրտս տաքացավ։ Ես մոռացա աշխարհում ամենքին ու ամեն ինչ։ Իմ գրկում մեկն էր, ով ինձ պետք էր բոլորից շատ ու բոլորի փոխարեն»։ Վերջին բառերը Մարկը կարդաց դանդաղ ու արտահայտիչ։ Արևը շփոթվեց, այտերը վարդագունեցին, կարծես ամաչեցին տողերը լսելիս։ Իսկ Մարկին թվաց, որ աղջիկն ամաչեց նրա համար, որ ինքը տեսավ, թե ինչ տողեր է ընդգծել… Մարկը էջը թերթեց, գտավ ևս մեկը. «Ես զգացի, որ մեր հոգիներն իրար գրկեցին»։ Արևը քայլերն արագացրեց, Մարկը բարձրաձայն ծիծաղեց՝ չիմանալով, որ դեռ երկար է ինքն իրեն նախատելու իր անզուսպ ծիծաղի համար։ Ապա սկսեց թերթել՝ ևս մեկ նշում գտնելու համար։ Արևը միանգամից կանգ առավ, կտրուկ շրջվեց ու ձեռքը Մարկին պարզելով` ասաց.

-Գիրքը տու՛ր։ Մարկը շփոթվեց, չգիտեր՝ ինչ ասեր։

-Տու՛ր գիրքը,-կրկնեց Արևը։ Մարկն իրավիճակը փրկելու համար սկսեց արդարանալ.

-Ուղղակի նշումներդ կարդացի, ի՞նչ վատ բան կա։

Արևը գիրքը վերցրեց, մի հեգնական հայացք նետեց Մարկի երեսին ու արագ հեռացավ, գրեթե վազելով։ Արագ ընթացքից շարֆը սահեց ուսի վրայով, իջավ ծնկներից ներքև։ Մարկը մնաց տեղում կանգնած, մարդիկ անցնում էին, ուսով հարվածում, ինքն անշարժ էր. Արևին նեղացրեց։ Նախորդ սպասումով լի օրերը, որ անտանելի էին թվում, ուղղակի երազ էին գալիք օրերի համեմատ։ Ոչ մի հանգիստ վայրկյան Մարկի սիրտը չգլորեց։ Եթե շուրջ երկու շաբաթ սովորել էր անընդհատ սպասել՝ գոնե մի ժպիտի արժանանալու համար, այժմ հույս անգամ չուներ նոր հանդիպման։ Երբ սպասումն ակնկալիք չունի, ժամանակն ավելի դանդաղ է անցնում։ Մտքում հայհոյում էր ինքն իրեն ծիծաղելու համար, բայց ինչու՞ ծիծաղեց, իրեն լա՞վ զգաց Արևի նշած մտքերից, թե՞ զարմացավ, որ նշել է հենց դրանք։ «Ախր գոնե տանը կարդայի, երբ մենակ լինեի»,-անընդհատ մեղադրում էր իրեն։ Ամբողջ գիշեր մի րոպե անգամ Մարկն աչք չփակեց։ Աչքերի առաջ անընդհատ Արևի վիրավորված ու բարկացած դեմքն էր, դողացող ծնոտն ու գրեթե լացակումած աչքերը։ «Շա՜տ լուրջ նեղացրի քեզ, երբեք չէի ուզենա։ Մի՞թե ամաչեց, Աստվա՛ծ իմ»։ Դռան զանգից սթափվեց։ Քույրն էր։ Սառան արագ ներս մտավ, ձեռքի թղթապանակներն ու պայուսակը դրեց բազկաթոռին և վազեց խոհանոց։ Մարկն աչքերը տրորելով մոտեցավ բազկաթոռին։ Դեռ չէր նստել, երբ քրոջ պայուսակից մի գիրք դուրս սահեց ու ընկավ ոտքերի առաջ։ Կռացավ, վերցրեց ու ցնցվեց՝ աչքերին չհավատալով։ Նույն գիրքն էր, որ Արևից էր վերցրել։ Կատաղած մի կողմ նետեց գիրքն ու դուրս եկավ տնից։ «Քանի օր է՝ մտածում էի, որ այդ գիրքը մեզ կմտերմացնի, ընդհանուր թեմա կունենանք խոսելու, մի տեղ կհրավիրեի, հաճելի զրույց կունենայինք, կճանաչեինք իրար, բայց ինքս իմ ձեռքով ամեն ինչ փչացրի»։ Մտքերի մեջ ընկած՝ քայլում էր փողոցներով՝ հանդիպած քարերին ու տերևներին ուժեղ հարվածելով, երբ հասավ այն ծաղիկների կրպակին, որի մոտ Արևը կանգ էր առել իրենց առաջին «հանդիպման» ժամանակ։ Նայեց ծաղիկներին, պիոնները հիշեց, մի պահ ուզեց վերցնել ու նվիրել Արևին, հետո փոշմանեց։ «Միշտ մտածում էի՝ սերն առաջին հայացքից ինչպե՞ս է լինում կամ լինու՞մ է ընդհանրապես։ Ինչպե՞ս են սիրահարվում անծանոթ մեկին՝ առանց նրան ճանաչելու, հետը շփվելու։ Այժմ արդեն գիտեմ։ Սիրահարվում են միանգամից՝ առանց իրենք իրենց հարցնելու, առանց ծանրութեթև անելու։ Մեկը մտնում է կյանքիդ մեջ, տակնուվրա անում այն ու մնում դրա մեջ հավերժ կամ հեռանում, ինչպես որ ինքը ցանկանա։ Իրականում մենք չենք ընտրում, թե ում սիրենք։ Մեր սրտերն են ընտրում մեր փոխարեն՝ զգայարանների, իմ դեպքում՝ աչքերի օգնությամբ։ Ես տեսա նրա խոշոր աչքերը, նուրբ, ճերմակ մատները, անսովոր ժեստերն ու սիրահարվեցի, ինչպես լինում է ֆիլմերում՝ առաջին հայացքից։ Սիրահարվեցի առանց վայրկյան անգամ մտածելու, առանց հիշելու իմ լուրջ կարծիքը առաջին հայացքից սիրահարվելու մասին։ Ես ծաղրում էի բոլոր նրանց, ովքեր իրենց «ես»-ը մոռանալու աստիճանի տարվում էին պատահական մեկով։ Դա ինձ խելամիտ ու իմաստալից չէր թվում։ Այժմ ես նրանցից մեկն եմ, գուցե ավելի վատը, քանի որ օրերս չեմ պատկերացնում առանց նրա… Իր դեղին շարֆով, դանդաղ, բայց վստահ քայլվածքով մտավ օրերիս մեջ, խառնեց գիշերներս ու ցերեկներս, ժամերս ու մտքերս։ Իսկ հիմա վիրավորված նայում է աչքերիս, ասես ես եմ իր ներկան պղտորել։ Դեռ կխոսենք այդ մասին, շարֆերի ու անձրևի սիրահար»: Իրեն ծանոթ մայթերը հերթական անգամ չափելուց հետո հոգնած վերադարձավ տուն։ Մտավ հյուրասենյակ, գիրքը դեռ հատակին էր։ Խոր հոգոց հանելով` վերցրեց այն ու գնաց ննջարան։ Թերթեց էջերը, ընդգծած ոչ մի հատված չկար։ Էջանշանը բացեց անձրևանոցով աղջկա մի նկար։ Մարկի սիրտը թրթռաց, հիշեց Արևին, հիշեց իրենց՝ երկու անծանոթներին մեկ անձրևանոցի տակ։ Կարդաց կողքի էջի վերջին տողը. «Արևն իմ սրտում էր. անձրևն ինձ չէր խանգարում»։ Դատարկ սենյակում մի շշուկ լսվեց. «Մեկ է, հասնելու եմ քեզ, Արև՛»։ Գիրքը ձեռքին մոտեցավ մահճակալին, պառկեց ու սկսեց կարդալ։ Առաջին էջերը կարդաց թեթևակի՝ առանց կենտրոնանալու։ Հետո անկախ իրենից ընկղմվեց գրքի մեջ, ինչպես սովորաբար լինում է հետաքրքիր գրքեր կարդալիս։ Չհասկացավ էլ, թե ինչպես ժամանակն անցավ։ Շատ տողեր միանգամից տպավորեցին, չկարողացավ արագ առաջ անցնել, կարդաց մի քանի անգամ, փորձեց մտապահել։ Ահա առաջինը. «Մեկը նստում է ուղեղումդ ու անընդհատ կրկնում. «Դու սիրում ես նրան, դու պիտի՛ սիրես նրան, որովհետև արդեն գտել ես»… ու ուրիշ ոչինչ չի մնում անել՝ սիրելուց բացի…»: «Ինչ իրակա՜ն է, գրողը տանի։ Գրել են այն, ինչ մի օր ես էի գրելու»,-հիացած ասաց Մարկը։ Ապա կարդաց հաջորդը. «Անունդ միշտ լեզվիս վրա է՝ հաճախ մի քանի անգամ, իրար հետևից՝ առանց նախաբանի ու վերջաբանի։ Անունդ ուղղակի հետս է միշտ՝ քո փոխարեն…»։ Սենյակի սառը լռությունը, որ պարբերաբար կոտրվում էր էջերը թերթելուց, ևս մեկ անգամ խախտվեց.

-Ա՜խ, Արև՛, Արև՛,-լսվեց Մարկի ձայնը։ Եվս մեկ միտք. «Արևը հաստատ կընդգծեր»,-մտածեց Մարկն ու բարձրաձայն կարդաց. «Կյանքը բաղկացած է ոչ թե ժամանակից, այլ ակնթարթներից, որոնք մենք հիշում ենք»։ Ու հիշեց Մարկն իր ու Արևի պարը, երբ աղջիկն իր գրկում էր, ու թվում էր՝ միշտ այդպես է լինելու։ Երիտասարդը թեթև ժպտաց ու մտածեց պահի անցողիկության մասին։ Այո՛, ակընթարթները կանցնեն, բայց հիշողություն դարձած կմնան սրտումդ, մի՜շտ։ Դու կհիշես անցած ամեն մի վայրկյանը, երբ սիրտդ ուզում էր դուրս թռչել տեղից։ Կհիշես ու միշտ կժպտաս՝ մեկ ափսոսալով, մեկ զղջալով, մեկ երազելով։ Կժպտաս իհարկե այն դեպքում, երբ քեզ բախտ է վիճակվել ավելի շատ երջանիկ հիշողություններ հավաքել, քան ծանր։ Աչքերն արդեն լարվել էին, բայց դեռ չէր կտրվում գրքից։ Հասավ Արևի նշած տողերին. «Ինձ թվաց, թե մեր հոգիները գրկեցին իրար»։ Մարկն ամաչեց Արևին նեղացնելու համար։ Այժմ այդ տեսարանն աչքին այլ երանգ ստացավ։ «Տեսնես աչքերը շա՞տ տխուր մնացին, մոռացա՞վ կատարվածը, թե՞ երբեք չի մոռանա»,-մտածեց Մարկը։ Արևի մասին մտքերով ընդմիջումներ անելով՝ ամբողջ գիշեր կարդաց երիտասարդը։ Կեսգիշերն անց փակեց գիրքը՝ վրան դնելով նշումներով մի թերթ։

«Էս գիրքը մեզ բաժանեց, ինքն էլ կմիացնի»,-լսվեց Մարկի վճռական ձայնը։

***

Նախորդ օրն անցել էր վատ տրամադրությամբ։ Արևի աչքի առաջ անընդհատ Մարկի քմծիծաղն էր՝ իր նշած տողերը կարդալիս։ Ամեն անգամ այդ պահը հիշելիս այտերը կարմրում էին, ամաչում էր, որ անծանոթ մեկը կարդաց իր հոգուն հարազատ մտքերը։ Լիլիթի զանգը ճիշտ ժամանակին էր. անծանոթների մասին այդքան չեն մտածում։

-Լի՛լ, երևի ես դասի չգամ, տրամադրություն չկա։

-Ինչի՞, Արև, մոռացե՞լ ես ժպիտով արթնանալ։

-Չգիտեմ, տանն եմ ուզում մնալ։

-Իսկ եթե խնդրե՞մ։ Ուզում էի՝ մի քանի խանութ գնայինք միասին։ Համ էլ տրամադրությունդ կբարձրանա։ -Լիլի՛թ, դու համոզելու մեծ վարպետ ես։

-Դե կսպասեմ, չուշանաս։ Մանուշակագույն հաստ շարֆով փաթաթված՝ Արևը դուռը փակեց ու շրջվեց դեպի աստիճանները։ Դեռ քայլ չէր արել, երբ զարմանքից քարացավ։ Աստիճանների վրա պիոնների փնջերով արկղեր էին դրված։ Վարդագույն ու սպիտակ պիոններ էին՝ լայն բացված թերթերով։ Ողջ շենքում տարածվել էր պիոնների նուրբ բույրը։ Արևը զարման- քից ու հիացմունքից այլայլվեց, մոտեցավ ու վերցրեց առաջին արկղի վրայի բացիկը։ Զգուշությամբ բացեց ու կարդաց. «Երբ սկսում ես սիրահարվել, ամեն ինչի մեջ գեղեցիկն ես տեսնում: Սրտումդ եղած մռայլությունը չվում է հեռու` տեղը զիջելով Նրան»։ Աղջիկը ցնցվեց, կարդաց, աչքերին չհավատալով՝ նայեց մյուս արկղերին, յուրաքանչյուրի վրա մի բացիկ կար։ Կռացավ, վերցրեց երկրորդը։ «Երգ լինեիր, անընդհատ հնչյուններդ ուղեղումս մնային։ Երգեի անդադար՝ ինքս ինձ նախատելով, որ մտքիցս դուրս չես գալիս, ոչ մի րոպե չեմ մոռանում։ Սիրած երգերը չե՜ն մոռանում…»։ Արևը հիշեց գիրքը, իր հավանած տողերը, աչքերը հուզմունքից լցվեցին։ Վերցրեց երրորդ բացիկը, արդեն անհամբեր, արագ բացեց. «Անունդ միշտ լեզվիս վրա է՝ հաճախ մի քանի անգամ, իրար հետևից՝ առանց նախաբանի ու վերջաբանի։ Անունդ ուղղակի հետս է միշտ՝ քո փոխարեն…»։

Ինչ խոսք, անակնկալն ինքնատիպ էր։ Արևը, շարֆը ուղղելով, դուրս եկավ մուտքից։ Գլուխը դեռ վերև չէր բարձրացրել, երբ Մարկը մոտեցավ նրան։

 

 

 

 

Ընթերցել նաև