Հարցազրույց Հոգևոր զրույց

Գոհար Մնացականյան․ «Շատ հաճախ փոքր քաղաքներում արվեստասեր մարդիկ չունեն մշակութային ժամանցի վայրեր»․ զրույց

 

«Բոհեմ» արվեստանոց-թեյարանի ստեղծման նախապատմությունը․․․

 

«Բոհեմ»-ի նախատիպը մեր ընկերական նեղ շրջանակի հավաքներն էին, որոնք կարող էին տեղի ունենալ, օրինակ՝ իմ արվեստանոցում։ Մենք հավաքվում էինք, հետաքրքիր գաղափարներ առաջարկում, քննարկում և հասկացանք, որ կարող ենք այս ձևաչափը դարձնել ավելի բաց և ներառել առավել լայն շրջանակ։

Ստեղծվեց «Բոհեմը» բացելու գաղափարը, որն այսօր նաև սպասարկում է իրականացնում և այցելուները հնարավորություն ունեն հաճելին և համեղը միասին ճաշակելու։ Սա ի սկզբանե մտածել էինք, որովհետև Բոհեմը գոնե ինքն իրեն պահելու խնդիր ուներ իր առջև։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե մշակույթը և բիզնեսը համատեղելի չեն, այնուամենայնիվ, մինչ այսօր միայն դրական արձագանքներ ենք ստացել մեր գործունեության վերաբերյալ, հատկապես արտերկրից և դա շատ ուրախալի է, երբ դրսում գնահատում են։ 

Շատ հաճախ փոքր քաղաքներում կա խնդիր, որը կապված է հիմնականում մշակութային այս կամ այն հարթակների բացակայության հետ և արվեստասեր մարդիկ չունեն իրենց քաղաքում տեղ, որտեղ կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել։ «Բոհեմը» ստեղծվել է մեր համայքնում այդ բացը լրացնելու և մշակութասեր  մարդկանց իր շուրջ համախմբելու նպատակով։ «Բոհեմը» նաև լրացնում է ոչ ֆորմալ մշակութային կրթության բացը, որովհետև շատ հաճախ մեզ մոտ բաց դասեր, քննարկումներ, վարպետաց դասեր և շատ այլ հետաքրքիր ծրագրեր են իրականացվում։

«Բոհեմ»-ի տնօրենը լինելուց զատ, նաև ՀԿ կազմակերպության տնօրեն եմ, ինչպես նաև դասավանդում եմ կերպարվեստ՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, և որ ամենակարևորն է, փորձում եմ իմ Սևան քաղաքին վերաբերող գրեթե բոլոր ծրագրերին ներգրավվել և ունենալ իմ փոքրիկ ներդրումը՝ դրա զարգացման հարցում։

 

Երջանկության բանաձևը համաճարակի օրերին․․․

 

Իմ երջանկության բանաձևն ամեն օր առավոտյան ափ գնալու և այնտեղ սուրճ խմելու մեջ է։ Եթե անկեղծ, ես շատ եմ սպասել այսպիսի օրերի, որովհետև վերջին տարիներին անընդհատ վազքի մեջ էի և չէի հասցնում զբաղվել այն ամենով, ինչով կցանկանայի, օրինակ հիմա գրեթե ամեն օր հեծանիվ եմ քշում։

 

 

Իր հայրենիքը սիրում է նա, ով․․․

 

Սիրում է իր ընտանիքը, սիրում է իր բակը, իր բակում տնկած ծառը, թաղամասը, քաղաքը և այդ պես շարունակ սերը մեծացնելով ներառում է ողջ երկիրը՝ իր հայրենիքը, սերը հայրենիքի հանդեպ այս բոլորի միասնությունն է, ոչ թե վերացական կենաց․․․

 

 

Երազանքի հասարակության մոդելը

 

Բնության հետ ներդաշնակ հասարակությունն է։ Մարդը չպիտի վնասի բնությանը, այլ ընդհակառակը, պիտի գիտակցի, որ ինքը բնության մի մասնիկն է։

 

 

21 –րդ դարի մարդը և իր խնդիրները

 

Յուրաքանչյուր դարաշրջանում ապրող մարդ ունի իր խնդիրները, որոնց որպես կանոն հաջորդ դարաշրջանի մարդը մոռանում է, որովհետև ունի արդեն իրենը։ 21-րդ դարի մարդը նոր արժեհամակարգ ձևավորելու խնդիր ունի, որովհետև պետք է ճկուն լինի, մանավանդ հիմա, երբ հնարավորությունները փոխվել են և մարդու աշխարհայացքը ևս փոփոխվելու կարիք չունի։ Հիմա հինը և նորը անվերջ բախման, պատերազմի մեջ են, սակայն վստահ եմ՝ մի քանի տասնամյակ անց, այդ խնդիրն այլևս չի լինի։ Մյուս խնդիրը՝ կենդանի շփման վերացումն է, սակայն դա 21-րդ դարում անխուսափելի է, երբ մարդկային կենդանի շփումը կամաց-կամաց վերածվում է էկզոտիկ երևույթի։

 

 

Ուրեմն պատերազմի և խաղաղության մեջտեղում․․․

 

Սովորաբար փորձում եմ պատերազմի և խաղաղության միջև ընտրություն չանել, որովհետև կարծում եմ, որ պատերազմն էլ շատ կարևոր է։ Դա նման է իրար հաջորդող շրջափուլերի, ոչ միայն աշխարհում, այլև մարդու ներսում։ Պատերազմը հարկավոր է, որպեսզի վերագնահատենք խաղաղությունը։

 

 

Եթե հետ տայի ժամանակը․․․

 

Ավելի շատ կիջնեի բակ խաղալու և ավելի քիչ կսովորեի․․․․ Դպրոցում  լավ կսովորեի միայն այն առարկները, որոնք իրոք ինձ հետաքրքրում են, չէի սովորի՝ ուղղակի լավ սովորելու համար։

 

 

Մանկության հետաքրքիր դիպված

 

Դեռ փոքր ժամանակվանից շատ էի սիրում նկարել։ Երբ ինձ տարան նկարչության, առաջին նկարումս պատկերել էի երկու աղջիկ՝ շատ մեծ գլուխներով, և երբ ծնողներս տեսան, սարսափել էին նկարից, այնինչ իմ ուսուցիչը՝ ընկեր Սողոմոնյանը, շատ հավանել էր և անգամ նկարը ներկայացրեց այդ ժամանակ կայանալիք ցուցահանդեսին։ Այս դիպվածն ինձ համար ճակատագրական եղավ նաև մոտիվացիա գտնելու տեսանկյունից և ես շարունակեցի զբաղվել իմ սիրելի գործերից մեկով՝ նկարչությամբ։

 

 

Առաջին գիրքը․․․

 

Առաջին գիրքը, որ ես կարդում էի ինքնուրույն և ընկալում էի, Աստվածաշունչն է։ Ես այն ինքնուրույն եմ վերցրել, երևի 1-ին դասարանի վերջում և դա ինձ համար շատ նոր ու հետաքրքիր էր։

 

 

Գրականության դերը մարդու կյանքում

 

Եթե շատ անկեղծ լինեմ, ես ինքս  ինձ հաճախ մեղադրում եմ գրականության հետ ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ լինելու համար, մանավանդ պոեզիայի։ Թեպետ շատ հաճախ վատ պոեզիա, առանց վերապրումների գործեր կարդալու արդյունքում, ես այն համարում էի կեղծ գրականություն։ Գրականությունը հենց 21-րդ դարի մարդու այդ խնդիրը լուծելու լավագույն միջոցն է։ Ես հիշում համալսարանում, երբ արվեստի պատմություն էինք անցնում, խոսում էինք նաև տվյալ ժամանակաշրջանի գրողների մասին, որոնք ներկայացրել են իրենց ժամանակները, խնդիրները և առաջ քաշել նաև լուծումներ՝ իրենց գրականության միջոցով։

 

 

Ժամանակակից գրականությունը․․․

 

Ես ունեմ շատ ընկերներ, որոնք ժամանակակից գրողներ են։ Իրենց գործերին գուցե հիմա գնահատական տալը և ասելը ՝ արդյո՞ք արժեքավոր են, թե ոչ, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մենք իրենց հետ հավասար ապրում ենք նույն ժամանակները և տեսնում ենք այն, ինչ իրենք։ Իրենք կյանքին նայում են կողքից, մենք՝ ոչ։ Եվ եթե հիմա շատ գործեր թվան պարզունակ, թվա, թե կարիք չկա այդ մասին խոսելու, առավել ևս գրելու, գուցե որոշ ժամանակ անց, երբ փոխվեն նաև ժամանակները՝ ընկալվեն և գնահատվեն յուրովի, այլ կերպ ասած՝ ժամանակն ամեն բան իր տեղը կդնի ի վերջո։

 

 

Եթե մի օր գիրք գրեք․․․

 

Երբ հաճախ քայլում եմ ափով, ավազի հատիկները, քարերը նմանեցնում եմ մարդկանց։ Սկսում եմ մտածել, օրինակ՝ նրանցից ովքե՞ր են հաջողակ։ Եթե գիրք գրեմ, ապա դա կլինի փոքրիկ գիտական ուսումնասիրություն, թե ինչպես է մարդկային կյանքն ընթանում՝ բացառապես բնության մեջ գործող մեխանիզմներով․․․

 

 

«Բոհեմը» և գրականությունը

 

«Բոհեմ»-ում մենք շատ հաճախ ունենում ենք գրական միջոցառումներ, ունենք նաև գրական անկյուն, գրադարան, որտեղից նաև օգտվում են մարդիկ, ունենք բավականին գրքեր, որոնք մեզ նվիրել են հենց ժամանակակից գրողները, հիմնականում հենց գրական հանդիպումներից հետո։ «Բոհեմ»-ի գրականասեր հանդիսատեսը շատ հավատարիմ է, և ես ուզում եմ գրական միջոցառումների շարքն ընդլայնել, ավելի հաճախակի ներկայացնել «Բոհեմ»ում այդպիսի միջոցառումներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝  Գոհար Մնացականյանի անձնական արխիվից

© Երևան  2020

Զրույցը վարեց՝  Էլիզա Մխիթարյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև