Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հեքիաթ

Գոհար Գալստյան․ «Շատրվաններով քաղաքի հեքիաթը»

 

Կար-չկար քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում ապրող մի բանաստեղծ կար։ Նրա լինելու մասին կարող էին հաստատել այնտեղ վաղուց ի վեր ապրող բնակիչները, որոնք համեմատաբար վերջերս էին նկատել, որ իրենց հարևանությամբ մի նոր մարդ է հայտնվել։

Ամեն առավոտ նրանք տեսնում էին, թե արևածագից առաջ նա ինչպես է բացում իր սենյակի լուսամուտը և երազկոտ հայացքով նայում հորիզոնին, իսկ երբ արևի առաջին շողերը հայտնվում են, նա հմայված ականջ է դնում արշալույսի առաջին թռչունների երգին… Այդ ժամանակ նա ինքն էլ ամբողջ էությամբ ասես երգում է։ Եվ երբ թռչունները թռիչքով պոկվում են ծառերի սաղարթներից, բանաստեղծն ինքն էլ ասես թև՜ է առնում՝ թռչում նրանց հետ, և նրանցից ավելի վերև։

Բանաստեղծի լինելու մասին արվարձանի բնակիչների այս փաստարկներն, իհարկե, այնքան համոզիչ էին, որ քչերի մտքով կանցներ հիշել նրա չլինելը։ Բայց մեր բանաստեղծը շատ ժամանակներ առաջ էլ՝ չէր եղել…

Դե իհարկե, կասեք՝ խոսքը արվարձանում նախկինում չլինելու մասին է, դա հո պարզից էլ պարզ է, իսկ նա ինչ-որ մի տեղ պիտի եղած լիներ, և իհարկե՝ ճիշտ պիտի լինի ձեր մտքերի ընթացքը։ Ահա այդ մասին կարող էին հաստատել մի ժամանակ քաղաքի կենտրոնում ապրող մարդիկ, որոնց կողքին մի օր ծնվել էր բանաստեղծը, բայց ցավալին այն էր, որ այդ մարդիկ էլ՝ եղել էին ու մի օր հանկարծ չէին եղել…

Ամռան աստղազարդ գիշերներին, երբ ցերեկվա տապից շիկացած փողոցի ասֆալտը երեկոյան զովի հետ գոլացել էր, բանաստեղծը՝ դեռ երեխա, բակի իր տարեկից ընկերների հետ, ոտաբոբիկ դուրս էր եկել փողոց, և գլուխը վեր պարզած, մազերը զով քամու ծփանքին տված, վազել էր՝ աչքը կտրած իր ամենապայծառ աստղի հետևից…

Այդպես նրա ետևից փողոցի երկայնքով ընկերներն էին վազել, մինչև որ հասել էին քաղաքի կենտրոնական հրապարակ, ուր ժամացույցի աշտարակի մուրճերն ազդարարել էին կեսգիշերը…

Փողոցում դադարել էր երթևեկությունը և քաղաքն այնքան խաղաղ ու ապահով էր եղել, որ զարմանալի չէր այդ ժամին երեխաների դրսում լինելը։ Մանավանդ որ՝ միայն նրանք չէին դրսում։ Ամռան գիշերներին բոլորն էին արթուն, և նրանց ծնողներն ու հարևանները իրենց մոտիկ բակերում էին կամ՝ փողոց դուրս եկած, որ հեռվիհեռու աչքները պահեն նրանց կողմը…

Իսկ նրանք մոտեցել էին հրապարակի շատրվանին, որը ժամեր առաջ երգել ու խայտացել էր գույների թովչանքներով, նստել էին մեծ շատրվանի ավազանի մոտ, ու իրենց բոբիկ ոտքերը թաթախելով ջրում՝ մի պահ սարսռացել էին։ Այդ պահին ամբողջ երկինքը սարսուռի հետ թափվել էր ցած։ Ու երբ բանաստեղծը ավազանի ջրում տեսել էր իր աստղը սուզվելիս, ջուրն ալիքվել էր ու թրթռացել, ջրի հետ  բանաստեղծի սիրտն էլ թրթռացել էր, և նա ցատկել էր ավազանի մեջ՝ իր աստղը հանելու։    

Ընկերներն այդ պահին ջուրն էին թափվել նրա ետևից, մտել էին լողալու, իսկ նրանց ցերեկային ձայների զիլ արձաքանքից խախտվել էր խորհրդավոր գիշերվա լռությունը։ Մի գիշերային թռչուն էր սահել ավազանի վրայով և այդ պահին խռովվել էր բանաստեղծի հոգին, ու մտքում եղած երգը իր ներսից թև էր առել ու բոլորից զատվելով՝ թևածել էր երկինք՝ իր աստղի մեջ ապրելու։

Ավազանի բերանին, երբ բանաստեղծը նստել էր՝  ջրում լողացող ընկերները մի քիչ զարմացել էին։ Գուցե էլի էր պատահել այդպես, որ նա, թեև իրենց կողքին էր, բոլորովին էլ իրենց հետ չէր։

Իսկ բանաստեղծի համար հրապարակն ու շատրվանները այնքան թանկ մի հիշողություն ունեին, որը նա երբեք չէր մոռանում։ Դեռ շատ ավելի փոքր էր՝ լրիվ երեխա, երբ հայրը տեղեկացել էր հրապարակի նորաստեղծ երգող շատրվանների առաջին անգամը փորձարկելու մասին: Հայրը այդ գիշեր չէր քնել, շատ ուշ սպասել էր երբ փորձարկման ժամը մոտենա, և երբ ժամը հասել էր ու ժամացույցի աշտարակն ազդարարել էր գիշերվա երեքը, արթնացրել էր բոլորին ու բերել հրապարակ։ Իսկ այն, ինչն այդ գիշեր նրանք տեսել էին՝ բանաստեղծը երբեք չէր մոռանում…

Հսկա ջրավազանում հայտնված տասնյակ ու տասնյակ շիթերով ցայտող շատրվաններ՝ ասես կախարդական փայտիկով չափ առած, այդ անտես չափ տվողի ձեռքի ամեն շարժման հետ հեզասահ խայտում էին… Վերուվար, աջուձախ էին անում՝ երաժշտության ամեն հնչյունի հետ բոցավառվելով… Կարմիր, կանաչ, վարդագույն, կապույտ, դեղին, մանուշակագույն լույսերով, որոնք երկնքից վեր՝ աստղային հեռու միգամածություններում իրենց բնօրինակներն ունեին՝ միշտ թրթռուն  բանաստեղծի տեսիլներով։

Այն ժամանակ դեռ մանուկ՝ բանաստեղծի երազանքը աստղերն էին, և բոլորին ու հենց իրեն էլ թվում էր, թե ինքը աստղագետ պիտի դառնա, այնինչ՝ նա այն ժամանակ արդեն աստղերի հետ էր խոսում և աստղախոսության մասին դեռ չէր կռահել՝ որպես բանաստեղծության։

Արվարձանում ապրող բանաստեղծի մի ժամանակ չլինելու մասին պատմող՝ քաղաքի կենտրոնում կորսված բակն ու ամառային արևից շիկացած ասֆալտի վրայով վազվզող մարդիկ՝ հենց միայն բանաստեղծի աստղային զրույցներում էին հավերժ ապրելու։

Նրանք միշտ լինելու էին, քանի դեռ գրվում էր բանաստեղծություն։

Իսկ բանաստեղծի սրտում, ինչպես որ քաղաքի կենտրոնում կորսված փողոցի կողքին՝ միշտ հաստատ էր լինելու հրապարակը, կենտրոնում ցայտող շատրվաններով, որոնք ամռան երեկոներին միանում են, երբ ժամացույցի աշտարակից մուրճերն ազդարարում են սկիզբը ներկայացման…

Հարյուրավոր շիթերով նրանք նորից ու նորից խայտում են լույսերի մեջ, և երաժշտության հնչյունների հետ վեր են խոյանում՝ հասնելու համար ասես տիեզերական միգամածություններում և բանաստեղծի տեսիլների մեջ ապրող իրենց երկվորյակներին։

Եվ երբ ժամացույցի աշտարակից մուրճերն ազդարարում են բարի գիշեր, երբ շատրվանները մարում են ու ներկայացման ավարտն է ազդարարվում քաղաքի բոլոր բնակիչների համար, բարի գիշերը շուրթերին՝ հրապարակն ու անգամ արվարձանը խոր քուն են մտնում…

Ահա այդ ժամանակ է, որ բանաստեղծը արթուն է մնում։ Արվարձանի իր սենյակում նա կամացուկ մոտենում է պատուհանին, լայն բաց է անում իր փեղկը, և երբեմն միայն գիշերային թռչուններն են տեսնում նրան, որ ահա՝ եկավ… Խոսելու համար աստղերի հետ… Եվ պատմելու իր քաղաքի պատմությունները՝ եղած ու չեղած մարդկանց երազների ցնորական խայտանքներով պարուրված…

 

                                                                                              

Ընթերցել նաև