Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Նամակ

Գյուստավ Ֆլոբեր․ նամակներ

 

Էռնեստ Շևալյեին, 6 սեպտեմբերի, 1842թ.

 

Կարդում եմ Ռոնսարի, Ռաբլեի, Հորացիոսի գործերը1, բայց քիչ-քիչ և երբեմն-երբեմն, այնպես, կարծես կոնֆետ եմ վայելում: Գրեթե բոլորի համար գրական սնունդ են թերթերը, պատմությունը կամ փիլիսոփայությունը, ճիշտ այնպես, ինչպես մեծահարուստները ամեն օր ուտում են տապակած կարտոֆիլ, տավարի խաշած միս, լոբի, կոտլետներ հորթի մսից՝ ջրելով դրանք խնձորի հյութով, գինով կամ ջրով: Իրական համադամասերները, սակայն, տենչում են ավելի նուրբ ճաշատեսակներ, ոչ թե սոուս և ավելի նրբահամ գինիներ: Օհ, ինչ լավն է Ռոնսարը: Որպեսզի երկար-բարակ չգրեմ հիացմունքիս պատճառների մասին, քեզ՝ որպես հին գրականության գիտակի, ուղարկում եմ սա.

Անկողնում, գիշերվա մութի մեջ

Վերջապես կձուլվենք միմյանց

Եվ կգգվենք, ինչպես

Բոլոր սիրեկանները, որոնք

Տրվում են ժամանակի

Անհամեստ հաճույքներին:

 

* Պիեռ Ռոնսար (1524-1585), ֆրանսիացի պոետ,

* Ֆրանսուա Ռաբլե(1494-1553) Վերածննդի շրջանի ֆրանսիացի հեղինակ, «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հեղինակը,

* Հորացիոս(Ք. ա. 1-ին դար), հռոմեացի գրող և բանաստեղծ:

 

 

 Նոժան, 2 սեպտեմբերի, 1843թ.

 

Օհ, առանց ծխամորճի կյանքը կլիներ ճնշող, առանց սիգարի՝ անգույն, իսկ առանց ծխախոտի՝ ընդհանրապես անտանելի: Հիմարներն ասում են. «Տարօրինակ է ձեր հաճույքը, այն վերանում է ծխի հետ»: Իսկ մի՞թե կյանքում լավագույն բաները չեն չքանում՝ ինչպես ծուխը: Վերցնենք թեկուզ փառքը կամ սերը: Իսկ երազանքնե՞րը: Դրանք ո՞ւր են չքանում, ընկերներ: Ասացեք, խնդրեմ, երիտասարդների ամենահրաշալի հրապուրանքներից, իտալուհու ամենակրքոտ համբույրներից, հերոսի թրի ամենահմուտ հարվածից ավելի՞ շատ բան է մնացել, քան վերջին անգամ իմ ծխած ծխամորճից: Պետք է ասել, որ գործնական մարդիկ շատ ծիծաղելի են,  և մենք նրանց ենք պարտական այն հազվադեպ հումորային դրսևորումների համար, որ դեռևս պահպանվել է մեր դարում: Ո՛չ խորանի առջև կանգնած քահանան, ո՛չ բեռի տակ կքած էշը, ո՛չ այլաբանությունների մեջ խճճված բանաստեղծը, ո՛չ էլ առաքինի կինը ինձ այնպես ծիծաղելի չեն թվում, ինչպես «լուրջ» մարդը:

Եվ այսպես, տեղեկացար, որ ծխում եմ, ուզում եմ տեղեկացնել նաև, որ երբեմն-երբեմն կարդում եմ Ռոնսարի գործերը, հրաշալի Ռոնսարի, որի հանդեպ հատուկ համակրանք եմ տածում ոչ միայն ես: Տարօրինակ բան է հեղինակությունը: Մտածել միայն, որ մի այնպիսի պեդանտ, ինչպիսին Մալերբն է1, և ձկան նման պաղարյուն Բուալոն2 ստվերում են թողել այսպիսի մարդուն, և որ ֆրանսիացիները՝ բանական էակներ, դեռևս համակարծիք են նրանց հետ: Օ՛, ճաշակ, օ՛, խոզեր,  ֆրակ հագած խոզեր, վերարկու կրող երկոտանի խոզեր…

Հիմա իմացար նաև, որ կարդում եմ Ռոնսար: Իսկ հետո ուզո՞ւմ ես իմանալ, թե էլ ինչ եմ անում դրանից բացի: Ահա, ես լողում եմ Սենայում, ցավոք, ծով չէ, մի վայր է, որ կոչվում է Լիվոն և գտնվում է մարգագետինների կողքին, աղմկող ջրվեժին մոտ: Մոտ օրերս պատրաստվում եմ զբոսանք կատարել տեղանքում, իսկ հետո, հավանաբար մի շաբաթից կվերադառնանք Ռուան՝ Նորմանդիայի մայրաքաղաքը, Ներքին Սենայի հյուպատոսության գլխավոր քաղաքը, բազմաթիվ մանուֆակտուրաներով հայտնի քաղաք, Դյուգերնեի, Կարբոնյեի, Կոռնեյլի, Ժուվենյեի, Էգուեի հայրենիքը, նաև Ֆոնտանելի, Ժերիկոյի, հայր և որդի Կրեպեների: Այնտեղ բամբակե գործվածքների մեծ առևտուր է ծավալվում, այն հայտնի է իր գեղեցիկ եկեղեցիներով և հիմար բնակիչներով: Բայց այն ատելի է ինձ, գարշելի, ես  երկնային ողջ պատուհասն եմ տենչում նրա գլխին միայն այն պատճառով, որ այնտեղ եմ ծնվել: Վա՛յ այն պատերին, որոնք ապաստանեցին ինձ, վա՛յ հարուստներին, որոնք ճանաչում են ինձ մանկությունից և վա՛յ մայթերին, որոնց վրա իմ տառապանքն է դրոշմված: Օ՜, Աթիլլա, մեծ մարդասեր, ե՞րբ պիտի արշավես այստեղ քո չորս հարյուր հազարանոց բանակով, որպեսզի կրակի մատնես Ֆրանսիան՝ կոշիկի քուղերի և կախիչների երկիրը: Եվ խնդրում եմ, կսկսես դա սկզբում Փարիզից, հետո կգաս Ռուան…

 

* Ֆրանսուա Մալերբ(1555-1628), կլասիցիզմի շրջանի ֆրանսիացի բանաստեղծ

* Նիկոլա Բուալո Դեպրեո(1636-1711), բանաստեղծ, քննադատ, կլասիցիզմի տեսաբան, «Քերթողական արվեստ» պոեմի հեղինակը

 

 

Ռուան, 15 ապրիլի, 1839թ.

 

Դու խղճում ես ինձ, իմ թանկագին Էռնեստ, բայց արդյոք ինձ պե՞տք է խղճալ, արդյոք ես տիրոջ վրա զայրանալու որևէ պատճառ ունե՞մ: Ճիշտ հակառակը՝ երբ նայում եմ շուրջս, երբ հիշում եմ անցյալս, նայում ներկային, իմ ընտանիքին, ընկերներիս, սիրելիներիս, հասկանում եմ, որ աննշան բացառությունները չհաշված՝ մնացած ամեն ինչի համար պիտի փառք տամ Աստծուն: Ես հանգամանքներից դժգոհելու պատճառ չունեմ: Բայց միևնույն է, ես բավարարված չեմ. մենք անընդհատ զբաղված ենք գուշակություններով, ինքներս մեզ համար մտացածին աղետներ հորինելով, երևակայական պատկերներ ենք ստեղծում, որոնք հետո քշվում են ասես քամուց, ինքներս ենք փշեր աճեցնում մեր ճանապարհին, իսկ այդ ընթացքում կյանքն անցնում է, գալիս են իրական աղետները, իսկ հետո մենք մահանում ենք՝ այդպես էլ չճաշակելով արևի և ոչ մի շող, չունեցած ոչ մի հանգիստ օր և երբեք չտեսնելով անամպ երկինք:

Ոչ, ոչ, ես երջանիկ եմ: Եվ ինչո՞ւ ոչ: Ի՞նչը պիտի ինձ ճնշեր: Հնարավոր է՝ ապագան լինի տխուր: Թքած, եկ բաժակ բարձրացնենք փոթորկից առաջ, իսկ հետո թող թեկուզ կայծակը մեզ խփի, բայց առայժմ ծովը խաղաղ է:

Քեզ մոտ էլ նույնն է: Իսկ ես կարծում էի, թե իմ համեմատ դու ավելի խոհեմ ես, ընկերս: Դու նույնպես հեկեկում ես ողջ ձայնով, Աստված իմ, քեզ ի՞նչ է եղել: Տեղյա՞կ ես, արդյոք, թե ներկայումս երիտասարդ ուսյալները  ինչ հիմար են: Նախկինում դրանք ավելի խելացի էին, հետաքրքրվում էին կանանցով, մենամարտերով, վայելքներով, իսկ այժմ նրանք մնացել են Բայրոնի ազդեցության տակ, ընկնում են հիասթափության գիրկը և  փակում իրենց սիրտը զգացմունքների համար: Նրանք մրցում են իրար հետ, թե ում դեմքն է ավելի գունատ, և ով ավելի լալահառաչ կասի՝ «Ես կործանված եմ»: Կործանված, ինչ ապուշություն: Կործանված 18 տարեկանում: Մի՞թե երկրագնդի վրայից վերացան սերը, փառքը, աշխատանքը: Մի՞թե ամեն բան վերջացել է: Մի՞թե այլևս երիտասարդի համար գոյություն չունեն բնությունը, ծաղիկները: Վերջ տուր: Մենք կթախծենք Արվեստի մեջ, քանզի նրան այդ կողմից լավ ենք ճանաչում, բայց կյանքում կմատնենք մեզ զվարճանքների. թող թռչեն շշերի խցանները, ականջ ծակեն փողերի ձայները, մերկանան մարմնավաճառները, գրողը տանի: Իսկ եթե հանկարծ գիշերը մթնշաղի, ձնի ու մառախուղի մեջ մեզ վրա հասնի ունայնությունը, ոչինչ, թող գա, բայց ոչ հաճախ: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է սիրտը մաքրել կատակի քերիչով, որպեսզի չմամռակալի:

 

 

Թարգմանությունը՝  Ագապի Յեգանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև