Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Գայանե Մկրտչյան․ «Աղետ»․ պատմվածք

 

Դահլիճում հավաքվածների բվվոցն ակնթարթորեն կտրվեց:    
-Հարգելի՛ հայցվոր,- դիմեց դատավորը 80-ամյա Գրեյս Սթոունին՝ անբասիր ձյունաճերմակ մազերով, կարճլիկ, գիրուկ կնոջը,- ներկայացրե՛ք, խնդրեմ, Ձեր բողոքը:
-Շա՛տ բարի, հարգելի դատարան, հե՛նց հիմա ներկայացնեմ, բա եկել հասել եմ այստեղ, որ լռե՞մ: Ո՛չ, պատմելու եմ, ողջ եղելությունը հատիկ-հատիկ պատմելու եմ: Ձեր երկարամյա աշխատանքի ընթացքում այսպիսի բան հաստա՛տ լսած չեք լինի: Սա եզակի դեպք է, ե-զա-կի: Դուք միայն սրեք Ձեր լսողությունը և ականջ դրեք խեղճ տուժածիս ողբալի պատմությանը:- Էլ ավելի ընդգծելով մարտական կեցվածքը և առանց հայացքը թեքելու՝ կինը մատով ցույց տվեց ամբիոնից քիչ այն կողմ նստած ամուսնուն,- այս սրիկան…
-Դատարանի դահլիճում արգելվում է օգտագործել անձը վիրավորող բառեր,- ընդհատեց դատավորը,- պահպանե՛ք կոռեկտության սահմանները, հարգելի՛ հայցվոր, շարունակե՛ք, խնդրեմ, լսում եմ:
-Լավ, ինչպես կասեք, հարգելի դատարան: Ուրեմն այսպես, այս մարդը…,- տարեց կինը մի կերպ զսպեց կծու բառերի արտահոսքն իր շուրթերից,- Բիլ Սթոունը, որին ես անմնացորդ նվիրել եմ երիտասարդ տարիներիս ողջ եռանդն ու գեղեցկությունը…
-Պա՛հ, հո չասի՛ր,- փուչիկի պես պայթեց ալեհեր տղամարդը,- քեզ որ առա, ծոցից ծոց ելումուտ անելու՝ երկար տարիների փորձ ունեիր արդեն:
-Ամուսնությունից առաջ եղածը հաշիվ չէ՛, Բի՛լ,- գոչեց Գրեյսը:
-Իսկ մեր հարևան էն անտաշ Դեյլի հե՞տ ինչով էիր զբաղվում, երբ ժամերով կորչում էիր նրա տանը: Եթե գործի վրա չեմ բռնացրել, կարծում ես՝ պիտի հավատա՞մ քո հորինած բարբաջանքին՝ իբր խեղճ ամուրուն օգնում էիր խոհանոցում: Թեպետ, խոհանո՞ցն ինչ վատ տեղ է՝ տարատեսակ օգնությունների համար:
-Անամո՛թ զրպարտիչ,- լացակումեց կինը,- բա է՛ն ժամանակ խոսեիր, լեզուդ էր կապ ընկե՞լ, թե՞ մայրենիդ էիր մոռացել:
-Անմիջապես դադարեցրե՛ք ձեր լեզվակռիվը,- գոչեց դատավորը՝ համոզվելով, որ մուրճիկի հարվածներն ամենևին չեն օգնում ամուսիններին լռեցնելու գործին:- Պատասխանո՛ղ,- դիմեց նա տղամարդուն,- Դուք կխոսեք, երբ ես Ձեզ ձայն կտամ, իսկ մինչ այդ պարտավոր եք պահպանել քար լռություն, այլապես կտուգանվեք դատարանի կողմից: Իսկ Դո՛ւք, Հայցվո՛ր, խնդրում եմ, անցեք բո՛ւն նյութին:
-Ախր, ես չեմ կարող բուն նյութը ներկայացնել՝ առանց մանրամասնելու, թե ինչպիսի պայմաններում է ձևավորվել, ինչպես է հասունացել և վերջապես այստեղս հասել իմ վիրավորանքը,- նեղսրտած ձայնով գանգատվեց տիկին Սթոունը՝ դողացող ձեռքի շարժումով ցույց տալով կոկորդին հասած անարգանքի խեղդոցը:
-Լավ,- դժկամությամբ համաձայնեց դատավորը,- միայն աշխատեք հակիրճ պատմել:

Եթե դեմքի թթված արտահայտությունը մաքրեինք, տիկին Գրեյսն իր տարիքի համար բավականին համակրելի կին էր և հասակակից տղամարդկանց շրջապատում անկասկած զուրկ չէր մնա ուշադրությունից: Կարելի էր ենթադրել, որ պարահրապարակում էլ հրավերների պակաս չէր ունենա: Նրա շարժումները թեթև էին, աչքերում կայծ կար, շուրթերին՝ վարդագույնին ձգտող երանգ: Մի փոքր պարանոցն էր ոչ կոկիկ, իսկ այդտեղ, ինչպես նոր իմացանք, տարեցտարի նստվածք էր տվել աննկարագրելի խոր վիրավորանքի՝ կուլ չգնացող մրուրը:
-Մայրս ինձ տասն անգամ զգուշացրեց, ասաց. «Անուշիկս, մի դրա ինքնագոհ քթին ու կեռ-կեռ հոնքերին նայիր, դա չի կարող լավ մարդ լինել»: Չլսեցի մորս, ջահե՜լ էի, սիրահարվա՜ծ, հե՜յ գիտի, օրեր…,- մի անորոշ կետի աչքերը հառած՝ երանելի հիշողությունների օրորին տրվեց տիկին Գրեյսը:- Չենք լսում, չե՜նք լսում մեր մայրերին, իսկ նրանք երբե՛ք չեն սխալվում: Շա՜տ ուշ ենք դա հասկանում, երբ արդեն անդառնալիորեն խճճվել ենք՝ ինքներս մեր գլխին սարքած խնդիրների մեջ: Ա՛յ, ես էլ եմ մայր, 6 զավակ ունեմ, 13 թոռ, ո՞ր մեկն է ականջ դնում խորհուրդներիս: Ինձ համարում են գնացքից ուշացած ուղևոր, բայց ես լա՜վ էլ ժամանակի ռիթմով եմ շնչում ու արտաշնչում: Մի բան էլ իրենցից առաջ եմ, այո՜: Ո՛չ մի ֆիլմի պրեմիերա բաց չեմ թողնում, գիտե՞ք: Ընկերուհուս հետ եմ գնում: Ա՛յ, վերջերս «Ֆավորիտուհին» դիտեցինք, հոյակա՜պ ֆիլմ է: Եթե չեք նայել, անպայման նայեք, չեք փոշմանի: Իմացա՞ք, որ թագուհու դերակատարն Օսկար ստացավ, իմ սիրելի Օլիվիան: Ես համարում եմ, որ արժանի՛ էր. ընտի՜ր է խաղում: Ի դեպ, այս տարվա բոլոր մրցանակակիրները սրտովս էին, ինչը չէի ասի նախորդ տարվա մասին: Մերիին ասում եմ, Մերին ընկերուհիս է, էլի, ասում եմ…
-Հայցվո՛ր,- դատավորը թույլ չտվեց նրան ավարտել խոսքը,- Ձեր ընկերուհին որևէ կերպ առնչվո՞ւմ է Ձեր ապահարզանի գործին:
-Ոչ,- կմկմաց Գրեյսը,- ես, ես ընդամենը…
-Ուրեմն, բարի եղեք չշեղվել գործի էությունից,- կրկին ընդհատեց դատավորը,- Դուք պետք է ներկայացնեք պատճառը, թե ինչո՞ւ եք ապահարզան պահանջում Ձեր ամուսնուց:
Տիկին Սթոունն ակներևաբար նեղված էր օրենքի պաշտպանի՝ ոչ իր պատկերացրածի չափ բարեհամբույր վերաբերմունքից և չէր կարողանում հաշտվել կիսատ մնացած նախադասությունը դեն նետելու անողոք մտքի հետ:
-Ես ընդամենը Մերիին ասում էի, որ մերօրյա առնետներն իրենց խորամանկությամբ չեն զիջում այն ժամանակվա պալատական բանսարկուներին,- արագ-արագ վրա բերեց Գրեյսը, հաղթանակած շունչ քաշեց և շարունակեց,- ես արժանի չէի նման նենգ վերաբերմունքի, Բիլը ոտնահարել է իմ մարդկային արժանապատվությունը:
-Ինչպե՞ս է ոտնահարել, մանրամասնեք, խնդրեմ,- ասաց դատավորն ու… լեզուն կծեց, բայց արդեն ուշ էր. նա մեծ, սաստիկ մեծ սխալ էր գործել:
-Հարգելի՛ դատարան,- նոր ոգեշնչումով սկսեց տիկին Սթոունը,- ես մանկուց մեծ հարգանքով եմ վերաբերվել հաշմանդամ մարդկանց, անգամ՝ կենդանիներին: Յոթ-ութ տարեկան երեխա էի, երբ մեր հարևանի շունը՝ Նիկին, վթարի հետևանքով վնասեց առջևի ձախ ոտքը և սկսեց կաղալ: Մյուս երեխաները ծիծաղում էին նրա անհամաչափ քայլվածքի վրա, իսկ ես կարեկցանքից լաց էի լինում և ամեն օր մի կտոր երշիկ էի տանում նրան: Լաբրադոր ցեղատեսակի շուն էր՝ հեզ ու բարի աչքերով: Ոչ չար էր, ոչ՝ կծան: Խեղճը հաչել էլ չգիտեր: Եթե իմանար, գուցե վթարի չենթարկվեր:- Կինն անձեռոցիկով չորացրեց վայրկենապես այտերին հայտնված արցունքները:- Կամ, ո՞վ գիտե, գուցե դա նրա ճակատագիրն էր: Ինչպես ասում են՝ ճակատին գրվածը նույնը չէ, ինչ ավազին գրվածը: Այո… Կյանքումս անապատի ավազուտներ տեսած չկամ, բայց լողափի ավազների վրա շատ եմ քայլել: Օ՜, անպատմելի վայելք է, երբ ներբաններդ խրվում են թաց ավազի մեջ: Թե չէ, ո՞ւմ են պետք քարքարոտ լողափերը, որքան էլ ծովը հրաշալի լինի: Ո՛չ, լողափ ընտրելիս գումար չպետք է խնայել, լա՛վ հիշեք ասածս:
Պարոն Սթոունն անթաքույց հրճվանքով էր հետևում, թե ինչպես է դատավորը հաճախակի սրբում ճակատին անխնա դուրս տվող քրտինքը: Նրա նախկին առույգ տեսքից միայն սև վերնազգեստն էր թարմ մնացել:
Երբ տարեց կինը լողափի թեման ընդլայնեց ու հասավ հյուրանոցներին, իսկ ավելի ստույգ՝ հյուրանոցային ցանցերի՝ իրեն քաջ ծանոթ բաժնետերերին, դատավորն այլևս չկարողացավ զսպել իրեն և խիստ տոնով ասաց.
-Հարգելի՛ հայցվոր, մեր նիստի ժամանակն առաձգական չէ, կարո՞ղ եք մեկ նախադասությամբ ձևակերպել Ձեր բողոքը:
Գրեյսը խուճապի մատնվեց: Ինչպիսի՜ հիասթափություն: Ինքը դատարան է դիմել, որպեսզի գտնի իր իրավունքների լիարժեք պաշտպանություն, մինչդեռ այստեղ ինչ-որ ժամանակային սահմանափակում են դնում խոսելու իր իրավունքի՝ իր ամենաթա՛նկ ու դաժանաբար խոցված իրավունքի վրա:
Մի քանի ծանրամարս րոպե և մի քանի ումպ ջուր անհրաժեշտ եղան, որպեսզի նա վերագտնի ինքնատիրապետումը և կարողանա խոսել.
-Մի՞թե հնարավոր է մեկ նախադասության մեջ տեղավորել այն ահռելի ցավն ու սոսկալի ստորացումը, որ ես ապրեցի հունվարի 28-ի երեկոյան՝ Յութուբյան տեսանյութերից մեկում ճանաչելով իմ ամուսնուն՝ կարաոկե բարում երգելիս: Եվ գիտե՞ք՝ ինչ էր կատարում, իմ սիրած երգը…,- հուզմունքից խեղդվելով՝ կինը, այնուամենայնիվ, մեկ տող երգեց,- «Այ ջըսթ գոու, թու սեյ այ լավ յու…», Սթիվիի հենց այս երգը, պատկերացնո՞ւմ եք: Այդ պահին ես ինֆարկտ ստացա, այո՛, այո՛, իսկական ինֆարկտ, բժշկական եզրակացությանը չհավատաք: Այդ բժիշկները բան չեն հասկանում: Ուրեմն ես չգիտե՞մ՝ ինչ է կատարվել ինձ հետ: Ա՜խ, իմ խեղճ սիրտ, քնքուշս, դու ինչպե՞ս ես այդ մահացու հարվածից հետո շարունակում բաբախել,- ձեռքը սրտին դնելով՝ մղկտաց տիկին Սթոունը:
Դատը վարողը նույնպես ձեռքը սրտին կտաներ, եթե միայն կարողանար ազատություն տալ իր զսպված զգացմունքներին և չկաշկանդվել խիստ կանոնակարգից:
Գրեյսը, կարծես հավաքելով փշրված սրտի մասնիկները, շարունակեց.
-Այդ օրը ես պարզեցի, որ Բիլը միանգամայն առողջ մարդ է և հիանալի լսողություն ունի, ինչպես նախկինում, երբ մենք նոր էինք ծանոթացել: Այն երանելի օրերին միասին էինք գնում կարաոկե բար, և նա ինձ համար կատարում էր իմ սիրած երգը՝ «Այ ջըսթ գոու, թու սեյ այ լավ յու…»: Հետո մենք ամուսնացանք: Միայն մայրս չէր, որ դեմ էր իմ ընտրությանը: Դասընկերուհուս եղբայրը՝ Ջոնը, որ հավանաբար թաքուն զգացմունքներ էր տածում իմ նկատմամբ, բայց այդպես էլ, չգիտես ինչու, չխոստովանեց, ասում էր. «Ախր, դու շատ քնքուշ ու փխրուն էակ ես, ինչպե՞ս կարող ես կյանքդ կապել այդ անզգա գերանի հետ»:- Կինը մի պահ լռեց, ապա հայտնագործություն կատարածի ցնծությամբ բացականչեց,- ա՜խ, մի՞թե դա սիրո ամենաիսկական խոստովանություն չէր, ես ինչպե՞ս այն ժամանակ գլխի չեմ ընկել: Է՜, հիմարի մեկն եմ եղել, նրա հետ կատարյալ երջանիկ կլինեի, ոչ թե կտառապեի սրա ձեռքին:
-Տառապե՞լ… Ես քո թանին թթու ասած կա՞մ, ա՛յ կնիկ,- պոռթկաց պարոն Սթոունը, սակայն անմիջապես հիշեց տուգանքի մասին և ներողություն խնդրելով՝ սսկվեց:
-Ոչ թթու է ասել, ոչ քաղցր, հարգելի դատարան,- շարունակեց հայցվորը,- պատի պես լուռ է եղել: Հազիվ երկու ամսվա ամուսիններ լինեինք, երբ Բիլը սկսեց գանգատվել լսողությունից: Սկզբում «հը՞-հը՞» էր անում, հետո դա էլ կտրվեց: Իսպա՛ռ կտրվեց: Մնացի շիվար: Ես՝ կյանքով լեցուն, հմայիչ, շփվող… Բայց հո չէի՞ լքի նրան, եկեղեցում երդում էի տվել: Ես անգամ Նիկիին չէի լքում, ամեն օր մի կտոր երշիկ էի տանում… Շունը գոնե ձեռքերս էր լպստում, իսկ այս երախտամոռն ի՞նչ է արել ինձ համար: Նույնիսկ գիշերները ծպտուն չէր հանում, դե, նկատի ունեմ, այն գործով զբաղվելիս: Գիշեր-ցերեկ խուլ ու համր, օտարի նման: Ձեր մուրճիկն է անգամ հարվածելիս ձայն հանում, իսկ սրա բերանից մի հնչյուն իսկ չէր սպրդում: Փաստորեն, Ջոնի ասածը, որ ես ամուսնանում եմ անզգա գերանի հետ, մարգարեությո՜ւն էր: Ինչպե՜ս այն ժամանակ չեմ կռահել: Բա որ խելքս հասներ, այս ծուղակը կընկնեի՞: Վաթսուներկու տարի այս խաբեբան խոշտանգել է իմ անմեղ հավատը, վաթսուներկու տարի, պատկերացնո՞ւմ եք…

Դատավորի կրծքից մի անզսպելի հառաչ պոկվեց, և նա կարեկցանքով լի աչքերը հառեց… պարոն Սթոունին:

 

 

 

Ընթերցել նաև