Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Գագիկ Դավթյան․ «Մենախոսություն» գրքից․ պոեզիա

Պոեզիա

Լուսնյակի լույսը խաղաղ է այնքան,
որքան աշխույժ է մեղվապարսերի
բզզոցը՝
ծաղկած ծառերի շուրջը…

Ինչ – որ հրաշքով
ես կանգնած ծովի ափին,
տեսնում եմ հակառակ ափը…

Ինչ – որ հրաշքով
ես ապարների
սահմռկեցուցիչ շարժումն եմ տեսնում
ընդերքում երկրի…

Ինչ – որ հրաշքով
հողոտ ներբաններն իմ
թափառում են
Մեծ Արջի փոքրիկ համաստեղության
հեռաստաններում…

Ինչ – որ հրաշքով
ոչխարներն անգամ
հայացքներն իրենց գամել աստղերին
և հիանում են աստղերի լույսով…

Ինչ – որ հրաշքով
աշխարհի բոլոր թագավորները,
բոլոր դարերում,
հրամանները դարձրած կշռաքար
նախ իրենց խիղճն են կշռում խնամքով,-
ինչ – որ հրաշքով հասկանալով, որ
այս երկրի վրա ամենայն ինչ էլ մահ ունի,
միայն
մահը մահ չունի…

Ինչ – որ հրաշքով
աշխարհի բոլոր փոքր ու մեծ մարդիկ
իմ աչքերով են նայում այս պահին
կյանքին ու մահին,
աշխարհին այս հին
ու նաև… իրենց…

*

Քո մատների առասպելը

Քո մատները,
որ հերարձակ ու լանջաբաց
նվաղում են իմ ափերում,

քո մատները,
որ տիրաբար
հավիտյանս հավիտենից
ստիպել են իմ ափերին
դառնալ համակ լսողություն,

քո մատները
իմ ափերին
մի չլսված
առասպել են առասպելում…

Ես չգիտեմ,
թե մենք քանի լեռան աչքից
պիտի կախվենք
ու դողդողանք
արցունքի պես,

ես չգիտեմ,
կտոր – կտո՞ր պիտի լինենք
անդունդներում,
թե՞կհասնենք
մեր երազած հանգրվանին,
ես չգիտեմ…

Եվ քանի որ
Աստված ինքն էլ
չգիտի, թե որն է վերջը.

– Գնանք անտառ…

Ես ուզում եմ,
որ թաթախենք առասպելը քո մատների
համատարած սոսափի մեջ
մեծ անտառի…

*

Երանություն

……………………………………………………
… և մի սարսուռ անցավ իմ ողնաշարն ի վար,
ապա փշաքաղվեց իմ մարմինը…

Ես այնպես ջերմ էի
և այդ ջերմությունից այնպես էի հևում,
կարծես թե քայլ առ քայլ սառը ջրի միջով
ես դեպի խորքն էի գնում դանդաղ – դանդաղ…

Ես թևածում էի արծվի իրավունքով,
արծվի նման,
ես թևածում էի փակ աչքերով,
ես թևածում էի, երբ որտեղից որտեղ,
հուշիկ,
հանդիսավոր
ու համաչափ քայլքով
մի թուլություն եկավ,
եկավ ու շշնջաց.

– Տղա, ուշքի արի, հողն է ոտքերիդ տակ:

Ես աչքերս բացի:

Վայրի խնձորենին, որ ինձանից թաքուն
եկել ու տնկվել էր կողքիս,
խնդումներես ինձ աչքով էր անում…

*

Օրերի շղթա

Օր առաջին

Ես որոնում էի,
դու թափառում էիր,
հանդիպեցինք:

Ես ցանկացա…

Դու ցանկացար,
որովհետև ե’ս ցանկացա…

Շնչավորվեց,
հևաց,
շնչակտուր եղավ ժամանակը,
դատարկվեցիր իմ մեջ…

Օր երկրորդ

Դու որոնում էիր,
ես թափառում էի,
հանդիպեցինք նորից…

Դու ցանկացար…

Ես ցանկացա,
որովհետև դո’ւ ցանկացար…

Շնչավորվեց,
հևաց,
շնչակտուր եղավ ժամանակը,
դատարկվեցի քո մեջ…

Օր երրորդ

Մենք որոնո՞ւմ էինք,
թե՞ թափառում էինք
հանդիպեցինք դարձյալ…

Եվ երկուսիս դեմքին
տարօրինակ չափով իրար նման
երկու քմծիծաղներ բռնվեցին պարի,
ապա հարցականներ մրրկվեցին օդում,
և չթափված արտասուքներ
գոլորշիացան,
և գնացինք՝
ես իմ ճանապարհով,
դու՝ քո…

Օր չորրորդ և օրեր

Մենք որոնում էինք…

*
Թող ինձ

Մեր երազների գունավոր ու սին
ստվերներն անխոս
ծանրորեն սողում
ու ծվարում են մեզանից լքված
մեր խեղճ սենյակի
խեղճ անկյուններում…

Եվ լուսաբացի անգույն մատները
հուշիկ հպվում են երկրի երեսին
ու թրթռում են դրանից,
կարծես,
վարագույրները
մեզանից լքված մեր խեղճ սենյակի…

Ես քո ձեռքերին ջութակ եմ դարձել,
– թող ինձ,
թող ինձ,
թող…

Վերցրու ինչ կուզես,
քաղցր հուշերի դառնությունն ինձ թող…

Խավարի թեթև շղարշները լուռ
բարձրանում դանդաղ
ու նույնքան դանդաղ վերականգնում են
իրերի բոլոր նախաստեղծ ձևերն ու երանգները:

Եվ քիչ առաջ կույր հայելիները
ետ են ստանում
ընդունակությունն իրենց՝ ամեն ինչ
արտացոլելու…

Ես խուսափում եմ մինչև իսկ ինձնից,
– թող ինձ,
թող ինձ,
թող…

Վերցրու ինչ կուզես,
դառը հուշերի քաղցությունն ինձ թող,
մնացյալը՝ քեզ…

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև