Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Գաբրիելե Դ՛աննունցիո․ պոեզիա

Օ՜ նվաղկոտ լուսնի մահիկ

 

Օ՜ նվաղկոտ լուսնի մահիկ երկնամերձ,

որ փայլում է անապատի ջրերում,

օ՜ արծաթե մանգաղ, այդ ի՞նչ ըղձավետ

հունձք է դողում քո մեղմ լույսից՝ ներքևում…

 

Կարոտաբաղձ տերևների լուռ համերգ,

անտառային ծաղիկների հառաչանք,

ո՛չ լաց, ո՛չ երգ, ծովի թառանչ հևիհև,

հսկայամեծ լռության մեջ ո՛չ մի ձայն:

 

Հյուծված սիրուց, հաճույքներից երկրամերձ,

ժողովուրդն է, մշտակենդան, մրափում…

Ո՛վ մահացող մահիկ, այդ ի՞նչ ըղձավետ

հունձք է դողում քո մեղմ լույսից՝ ներքևում…

 

 

*

 

Արշալույսն է մեղմիվ լույսն ստվերից զատում

 

 

Արշալույսն է մեղմիվ լույսն ստվերից զատում,

Եվ բաղձանքն իմ ցասկոտ՝ երազանքից անթև:     

Օ՜ քաղցրանուշ աստղեր, ժա՛մ է մահանալու:

Երկնքում կամոքվի սերն աստվածապարգև: 

 

Վառվող բիբեր, ո՛վ դուք, անվերադարձ խամրող:

Տխու՛ր աստղեր, հանգչե՛ք, չեք աղտոտվել քանի:

Մեռնեմ պիտի: Պետք չէ տեսնեմ օրը բացվող,

Հանուն գիշերային սիրո իմ երազի:

 

Մինչ երկիրը դժգույն թավալվում է ցածում,

Փակի՛ր ինձ, ո՜վ գիշեր, գրկում քո մայրական:

Թող իմ բորբ արյունից ծնվի նոր արշալույս,     

Եվ իմ կարճ երազից՝ արևն հավերժական:

 

*

 

Զուր են աղոթք ու ողջակեզ

 

 

Զուր են աղոթք ու ողջակեզ,  

Զուր ես բացում սիրտդ կոտրած:      

Երկինքները խոնավ են դեռ՝        

Արտասուքի՞ց գուցե մեր թաց: 

 

Կռնատ է մեր ցավը, բանտված:   

Այն թռչելու չունի թևեր: 

Լա՛ց, աղոթի՛ր: Ո՛չ մի Աստված

Աստղի ուղին դեռ չի շեղել:   

 

Փոշիներում լքված այդպես            

Բերանքսիվայր մնա պառկած: 

Պատճառավոր մայրն ազատվեց

Մեղսաբեռից իր համբուրած:

 

Առանց աստծո՝ տարտարոսում,   

Քեզ մնում է խորը քնե՜լ:     

Ողջը երազ է, մոռացում.

Անմոռուկն է աշխարհ բռնել:  

 

*

 

Հովիվները 

 

 

Սեպտեմբերն է, մենք էլ գնանք: Ժամ է գաղթելու:

Աբրուցցիի հողում են իմ հովիվներն հիմա,

փարախները թողած՝ դեպի ծովն են ընթանում.

ցած են իջնում Ադրիայի ծովափն ամայի,

կանաչ՝ ինչպես արոտները բարձրլեռնային: 

 

Նրանք խմել են լիուլի Ալպյան աղբյուրից,

այնպես որ համն այդ ջրերի հայրենապապակ

սփոփանք է վտարանդի սրտերին նրանց,

չթողնելով որ ծարավեն ճամփեքին երկար:

Ուստի ցուպ ու ճիպոտն առած՝ ճանապարհ ընկան:

 

Հին ճամփեքին ընթանալով՝ հարթավայր հասան,

խաղաղավետ ու խոտածածկ երկայնքով գետի, 

ոտքի բացած կածաններով նախնյաց կորովի:  

Ա՜խ այդ ձայնը, այն առաջին հովվի, որ տեսավ, 

տեղ հասնելուն պես ճանաչեց դողը բաց ծովի:  

 

Առաջանում է հոտն ահա երկայնքով ափի:

Կանգնած է օդն ու չի շարժվում ոչինչ, ոչ մի ծեղ:

Արևն այնպես է փայլեցնում բուրդը կենդանի,

որ այն հազիվ է տարբերվում ավազից ծովի:  

Ծովալոգանք, ավազաթումբ, քաղցրահունչ ձայներ:   

 

Ա՜խ ինչու՞ իմ հովիվների հետ չեմ ես, այնտե՜ղ:

 

 

*

 

Անձրև փշատերև անտառում

Էլեոնորա Դուզեին

 

 

Լռի՛ր: Շեմին անտառի

ես չեմ լսում հնչեցրած

բառերը քո մարդկային, 

բայց լսում եմ նորանոր

բառեր դեռևս չասված,

որ կաթիլներն են ձայնում

ու տերևներն հեռավոր:

Լսի՛ր: Անձրև է գալիս

ցաք ու ցրիվ ամպերից:

Անձրևում է մոշենուն

անձրևում է սոճուտին

թեփուկավոր ու փշոտ,

անձրևում է մրտենուն

աստվածասքանչ,

որոճների լույս թփերին

իրար գլուխ ժողովված,

գիհիներին խտասաղարթ

հատապտղով բուրավետ,

անձրևում է մեր դեմքերին

անտառոտ,

անձրևում է մեր ձեռքերին

մերկացյալ,

հագուստներին մեր բարալիկ

ու թեթև,

թարմ մտքերին մեր զվարթ,

որ հոգին է մեր բաց անում   

նորովի,

հեքիաթին այն գեղեցիկ 

որ դեռ երեկ

դյութում էր քեզ, որն այսօր ինձ է դյութում

օ՜ Հերմիոնե:

 

Լսու՞մ ես դու: Անձրևում է

կանաչներին ու բույսերին 

մենավորիկ

ճարճատահունչ, որ տևելով՝

փոփոխվում է օդի մեջ

ըստ սաղարթի խտության՝

նոսրից մինչև հաստաբեստ:

Լսի՛ր: Երգին լացակումած

ժիր պարսերն են ճպուռների

արձագանքում,

լացն հարավի այս քամու 

նրանց բնավ չի վախեցնում,

ոչ էլ երկինքը մոխրագույն:

Եվ սոճին

ունի մի ձայն, մեկ այլ ձայն էլ՝

մրտենին, ևս մեկն էլ

գիհին ունի, գործիքներ են

սրանք տարբեր

մատների տակ անհամար:

Ընկղմված ենք

մենք ոգու մեջ

անտառային,

քո կենդանի կյանքը հարբած,

և քո դեմքը անձրևներից

հարբած է, թաց

տերևի պես,

և մազերդ են

անուշ բուրում, ինչպես լուսեղ

մաքրափայլը մոշածաղկի,

օ՜ երկրային դու արարած

Հերմիոնե

անվանյալ:

 

Լսի՛ր, լսի՛ր: Համերգն այս

օդաճախր ճպուռների

կամաց, հուշիկ

ավելի է խլանում

արցունքների տարափից,

որ աճում է, ուժգնանում,

բայց խառնվում է մի երգ 

ավելի կոշտ ու կոպիտ

քան աղակույտն այն խոնավ

ստվերների հեռավոր:

Ավելի մեղմ ու մռայլ՝

թուլանում է ու ցնդում:

Դեռ մի հնչյուն է միայն

Դողում ու չքվում:

Նորից հառնում, դողում, չքվում:

Ծովի ձայնը չի լսվում:

Եվ չի լսվում ամբողջական ճյուղի տակ

ախորժահունչը

արծաթե անձրևի,

որ մաքրում է

աղմկահունչը՝ երկրորդ

ճյուղը տատանող,

ավելի խիտ ու ստվար:

Լսի՛ր:

Համր է դուստրը օդի,

սակայն դուստրը խաղաղավետ տղմուտի,

հեռու է շատ, գո՛րտն ահա,

երգում է խոր ստվերում,

ի՞նչ իմանաս թե որտեղ, ինչպե՞ս իմանաս…

Եվ անձրև է կաթկթում թարթիչներին քո,

Օ՜ Հերմիոնե:

 

Անձրևում է սևաթույր թարթիչներին քո,

կարծես լաց ես լինում դու,

բայց հաճույքից, ոչ ճերմակ,

այլ համարյա թե կանաչ,

ասես նավակ բարձրանաս:

Եվ կյանքն ամբողջ թարմ է մեր մեջ

քաղցրաբույր,

սիրտը, կրծքի տակ տրոփող, դեղձ է կարծես՝

ձեռք չկպած,

աչքերը մեր՝ ունքերի մեջ,

աղբյուրների են նման՝ խոտերում ցայտող,

ատամները՝ շուրթերի մեջ,

դալար նուշեր լինեն ասես:

Եվ մենք ահա թփից թուփ ենք ընթանում,

կամ սերտաճած կամ բաժան

(և կանաչ ուժը կոպիտ

սրունքներն է մեր ձուլում, 

ծնկներն իրար խճճում)

ի՞նչ իմանաս թե որտեղ, ինչպե՞ս իմանաս…

Անձրևում է մեր դեմքերին

անտառոտ,

անձրևում է մեր ձեռքերին

մերկացյալ,

հագուստներին մեր բարալիկ,

ու թեթև,

թարմ մտքերին մեր զվարթ,

որ հոգին է մեր բաց անում   

նորովի,

հեքիաթին այն գեղեցիկ 

որ դեռ երեկ

դյութում էր քեզ, որն այսօր ինձ է դյութում,

օ՜ Հերմիոնե:

 

*

 

Մնա՛

 

 

Մնա՛: Իմ կողքին հանգստացիր:

Մի՛ հեռացիր:

Ես կհոգամ քո մասին: Կպաշտպանեմ ես քեզ:

Դու կզղջաս ամեն, ամեն ինչի համար՝ բացի, որ ինձ մոտ ես եկել՝

ազատ ու հպարտ:

Սիրում եմ քեզ: Իմ մտքով չի անցել երբեք, որ քոնը չեմ ես. 

արյանս մեջ չունեմ մի իղձ, որ քեզ համար չլինի:

Եվ իմացի՛ր: Ես իմ կյանքում չունեմ ուրիշ ուղեկից,

ուրախություն չունեմ այլ:                                            

 

Մնա՛ այստեղ:

Հանգստացի՛ր: Մի՛ վախեցիր ոչնչից:

Եվ այս գիշեր սրտիս վրա դու ննջիր:

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև