Հոդված Վերլուծություն

«Բռնի՛ր ձեռքս ու չվախենաս մահից»․ Ռուբեն Սևակ հայորդու և բանաստեղծի կերպարը Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպում

 

Ալեքսանդր Թոփչյանի այս վեպը առանձնահատուկ տեղ ունի հայ արդի գրականության և պատմության, իսկ ավելի ճշգրիտ` ցեղասպանության առավել մանրամասն նկարագրության ու դեպքերի ճշմարիտ արձանագրման գործընթացի մեջ: «Եվ անգամ մահից հետո» վեպը ստիպում է մեզ կլանվել, առավել լրջորեն ըմբռնել 1915թ. տեղի ունեցած դեպքերին, ավելի մոտիկից ճանաչել հայ բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Չիլինկիրյանի, հենց նրա` Սևակի կյանքին` նախքան ցեղասպանությունը: Մինչ անդրադառնալը պատումին, կարելի է ասել, որ Թոփչյանը ինչ-ինչ առումներով հոգեբան է և դա կապացուցենք: Պատմության նկարագրության հոգեբանական ընթացքը մենք զգում ենք ամեն տողերում, նկարագրություններում, թվում է, թե Թոփչյանը մասնակիցն է եղել այդ դեպքերին և կողքից հետևել է բանաստեղծի կյանքին: Եթե ուզում եք ճանաչել Սևակին, ապա անպայմանորեն պետք է ընթերցվի այս վեպը, քանի որ Սևակ կերպարի մեջ (ում կերպարի վերլուծությունը անպայամանորեն կտրվի) ամփոփված է ոչ միայն նրա անցած ուղին, այլև` հայ պատմության ճակատագրական ընթացքը. ինչպես է զարգանում թուրքերի ատելությունը, որին ճանաչում ենք Սևակի թուրք ընկերոջից` Քենանից, թե ինչպես մի կողմ դնելով ազգային պատկանելիությունը Սևակը սիրավեպ է ունենում կոմսուհի Ալիսի հետ, ինչպես նաև ամենակարևորը` մենք տեսնում ենք, որ Շվեյցարիայի Լոզան քաղաքում բնակվելով` Սևակը չի կորցնում ազգային ինքնությունը, արժեքները, չի տարվում եվրոպական ապրելակերպով, չի ցանկանում եվրոպացու նման հարբել ու աննպատակ քարշ տալ իր գոյությունը, ընդհակառակը, նա ստեղծում է «Արմենիա»  կուսակցությունը և օգնություն է սկսում ուղարկել Եվրոպայում սովորող հայ ուսանողներին: Սա իսկապես հայեցի գործ է, իսկական ազգասիրական մոտեցում:

Ամբողջ վեպը լի է բարձունքներով և անդունդներով, ամեն տեսարան ունի ինտրիգային բնույթ, ամեն հերոս ունի իր ճշմարտությունը, սակայն ամենակարևորը դրանք այն դեպքերն են, որոնք նկարագրվում են նախքան Սևակին կսպանեին:

Թոփչյանը ըմբռնել է 20-րդ դարի հայերի աշխարհընկալումը ու Սևակի միջոցով ներկայացրել է այդ հոգեբանական վերելքներն ու անկումները:

 

 

Սյուժեն և փիլիսոփայական ենթատեքստերը

 

Սյուժեն բավականին հագեցած է և՛ քաղաքական ժամանակի փաստացի նկարագրությամբ, և՛ Սևակի ստեղծագործական աճի, ինչպես նաև ժամանակային ընկալման անկրկնելի տեսարաններով: Ամեն տեսարանում անպայմանորեն գործում է ինչ-որ միտք կամ երկխոսություն, որը բացահայտում է հերոսի և ժամանակի փիլիսոփայական ենթատեքստը:

Սյուժեն մի փոքր զիջում է այն գերհզոր արժեհամակարգին, որը ներկայացնում է Թոփչյանը: Հենց առաջին էջից վեպը ներկայացնում է թե՛ ժամանակային դադարը, թե՛ մարդկային ընկալումը այդ ժամանակի մասին: Դեռ չէր սկսվել Սևակի ժամանակը: Այն սկսում է հետևյալ կերպ. «Քսաներորդ դարի սկիզբն էր, սակայն մարդկանց մեջ դեռևս մնացել էր վախն ու անհանգստությունը խառնված ակնածանքը` տեղից-տեղ շարժվելու ժամանակատարածական պարզ գործողության հանդեպ»[1]:

Բացահայտելով ժամանակաշրջանի տակ թաքնված «վախը»`  մենք իսկապես սկսում ենք մտածել, որ այդ դարաշրջանում մարդիկ ընդամենը ապրում էին` ունենալով և՛  անհանգստություն սեփական կյանքի հանդեպ, և՛  ակնածանք դարի բացահայտման`տեղից-տեղ շարժվող մեքենայի հանդեպ: Բացահայտում ենք նաև մարդուն` 20-րդ դարում ապրող միայնակ ու փոքրիկ մարդուն: Հեղինակը նշում է. «Ուղևորին օրերով ու շաբաթներով կարող էին անտեսել, սակայն մեկնելուց առաջ տանը, կայարանում, մինչև վերջին վայրկյանը պիտի նրան տեսնեին, գրկեին, համբուրեին, բերնեբերան լցված ճամպրուկների ու պայուսակների մեջ մի քաղցրավենիք, մի ոգելից խմիչք, մի թալիսման, մի նվեր պիտի խոթեին»7:

Պատմությունը 22-ամյա երիտասարդի` Ռուբեն Չիլինկիրյանի, ով, հետագայում կրում է Սևակ կեղծանունը և դառնում հայ ճանաչված բանաստեղծ, իսկ Եվրոպայում` ճանաչված բժիշկ, Շվեյցարիայում, հետագայում նաև Պոլսում նրա ապրած կյանքի մասին է: Սևակի վերաբերմունքը դեպի եվրոպացիները, որը բացասական չէր, խոսում էր նրա լայն աշխարհընկալման և մարդու նրա ճանաչման փորձի մասին: Ռուբեն Սևակին ուղարկում են Շվեյցարիայի Լոզանի բժշկական համալսարան` ութնամյա կրթական ծրագրով ուսանելու, որի ընթացքում Սևակը բացահայտում է իրեն որպես բանաստեղծի, չնայած դրանից առաջ մենք իմանում ենք, որ նա բազմաթիվ բանաստեղծություններ էր գրել և ուղղակի չէր տպագրել, ինչպես նաև որոշ բանաստեղծություններ ուղարկել էր հայկական տպարան ու դրական արձագանքներ էր ստացել:

Սյուժեում գործում են փաստագրական տվյալներ, որոնք շեղատառերով են ներկայացված: Դրանք հիմնականում կապված են այն տեղեկությունների հետ, որոնք լրատվամիջոցները կամ պատմությունը ուղղակիորեն չեն ցանկացել ներկայացնել դիվանագիտական նկատառումներով. օրինակ՝ «Լոզան են ժամանել հինգ կայզերական բանակ և հատուկ հետախուզություն են անցկացրել գերմանացիների հանդեպ, ովքեր բաց էին թողել հրթիռ ու կասկած կար, որ ինչ-որ նպատակներով` որոշելով են օգտագործել դրանք: Սա տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրություն է, քանի որ այն ժամանակ լրատվամիջոցները հայտնել են, թե իբր հրթիռները բաց են թողնվել սահմանային լեռների լանջերից` փռված անտառներում, սակայն իրականում դա ողբերգական դեպք կգրանցվեր, քանի որ անտառի հատվածը մոտ էր քաղաքին»122: Կարելի է եզրակացնել, որ  նման գաղտնի տեղեկությունները, ինչպես նշում է Թոփչյանը, «տխմարների»   ձեռքով աղավաղված տեղեկություններ են, որոնց  տեղյակ էին թե’ Սևակը, թե’ Սիամանթոն, թե’ հայ ուսանողներն ու քաղաքի  բնակիչների կեսը:

Սևակը ունի ընկերներ, որոնցից մեկը թուրք է` Քենանը: Սակայն չի կարելի ասել, որ նա Քենանի հետ  վատ հարաբերությունների մեջ է եղել:  Նրանք այդքան մտերիմ չէին, սակայն միմյանց վստահում էին այնքան, որ Քենանը մի անգամ խոստովանում է` տեսնելով, թե ինչպես են եվրոպացիները ծիծաղում իր թուրքական ֆեսի վրա, որ նորաձև չէ:  Սևակը նկատելով, որ Քենանը ֆեսը գցում է պատուհանից դուրս, նրան ասում է.

«-Գլխարկը չի մեղավոր, այլ գլուխը,- ինչին ի պատասխան Քենանը ասում է.

-Գլուխն արդեն փոխվել է, ժամանակն է և գլխարկը փոխել…Ես երբեք չեմ սիրել այդ ֆեսը: Ավելի շուտ եվրոպական գլխարկներ եմ սիրել, սակայն հայրս է ստիպում, ասում է, թե մեր` օսմանցու հպարտությունն է, որ հենց սրանով ենք տարբերվում մյուս ազգերից»23:

Ընթերցողը, հեղինակը և Սևակը գիտեն, որ մինչ ցեղասպանությունը ազգային պատկանելությունը`թշնամանք չի հարուցում, քանի որ կարևորվում էր մարդկային փոխհարաբերությունները: Սևակը առանձնահատուկ է նրանով, որ ուշադրություն չի դարձում ազգային պատկանելիությանը, եթե ընկերը «սրտին մոտ» էր կամ ազնիվ: Հենց ինքն էլ, ծնված լինելով Թուրքիայում, ամենևին  չի փորձում վատաբանել թուրքին, քանի որ Չիլինկիրյանների հայկական գերդաստանը կարևորում էր մարդկային արժանիքները` ազնվությունը, արդարամտությունը, անկեղծությունը հարաբերություններում, և նրանց օտար էր ազգային ու ռասսայական խտրականությունը:

Լոզան քաղաքը վեպում ներկայանում է տարբեր պատկերներով: Հատկապես տպավորիչ է թեյարանի նկարագրությունը, որտեղ թեյը այդքան համեղ չէր, որքան սուրճը: Նրանք նույնիսկ ասացվածք էին հորինել. «Եթե Լոզան ես եկել ուսանելու, ապա համալսարան կարող ես չմտնել, սակայն «Old-India» անպայման պիտի մտնես»44: Հենց այս տեսարանում է, որ բացահայտում ենք Սևակի չխոստովանած մտքերը, դրանք իր բանաստեղծություններն էին, որոնք գրեթե մեկ տարի ապրում էին Սևակի մեջ, բայց լույս աշխարհ դեռևս չէին եկել, Թոփչյանը նշում է. «Ոչ մեկին չխոստովանած հույսեր ուներ, թե Եվրոպան պիտի նոր թափ հաղորդի իր բանաստեղծություններին, բայց Եվրոպան քնարական դեմք չուներ»45:

Հետաքրքիրն այն էր, որ Սևակը չի գրում այնքան ժամանակ, մինչև չի ճանաչում նրա դեմքը, իսկ երբ ճանաչում է, ստեղծում է իր կեղծանունը` Սևակ, և գրում է նոր բանաստեղծություններ: Սևակը սկսում է ճանաչել Եվրոպան, երբ կորցնում է իր սիրած աղջկան` Լիզետին, ով սենյակ վարձակալող տանտիրուհու աղջիկն էր: Լիզետը մեռնում է դժբախտ պատահարից, և Սևակը ստիպված էր լինում տեսնել նրա մեռած մարմինը դիահերձարանում. դա նրա առաջին շփումն էր մահվան հետ, ինչը ցնցում է նրա հոգի: Դրանից հետո Սևակին հուզում է մի հարց, թե ով է ինքն իրականում` «փրկի՞չ, սո՞ւրբ, մխիթարո՞ղ, թե՞ սիրահարված երիտասարդ», ու ոչ ոք թույլ չի տալիս, որ նա որոշի, թե ով է ինքը, իսկ միգուցե` բոլորը միասի՞ն…

Տեսարաններում կան զվարճալի ենթատեքստեր, որոնք բացահայտում ենք երկխոսությունների միջոցով: Դա տեղի է ունենում, երբ Սևակը թեյարանում տառապանքով մի երկու տող է գրում, ու հայտնվում է Քենանը`  բերելով իր թուրք ընկերոջը`Ահմեդ Մաքթուբին, որին ներկայացնում է որպես Թուրքիայի լուսավոր դեմքերից մեկը: Ահմեդը հայտնում է, որ «ուրախ է այն առումով, որ հայերին կարող է համարել կայսրության ամենահավատարիմ և օգտակար հպատակներից մեկը», ինչին ի պատասխան` Սևակը, նայելով Քենանի ֆեսին,  ակնարկում է. «Քենանի հայրն էլ է այդպես մտածում»: Վեպի տեսարաններից մեկում, որը կարելի է համարել ամենահետաքրքիր տեսարաններից, և որը հայի ճակատագրի ճյուղավորված ներկան է բնութագրում. Ռուբեն Սևակը հիվանդանոցում հանդիպում է հայ հիվանդի հետ, ով անընդհատ երգում էր «Կռունկ»-ը և կրկնում «կռունկ» բառը: Այս հանդիպումից Սևակը հասկանում է, որ եվրոպական գռեհիկ կրքերի, պոռնկության, անառակաբարո բարքերի միջավայրում ապրող և այդ ամենը չընդունող հայ մարդու միակ փրկությունը Կոմիտասի «Կռունկ»-ն էր՝ պանդուխտ հայի հոգու մորմոքը (ի դեպ, սիմվոլիկ է նաև Սևակի այցելած սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որում կատարում էին Բեթհովենի հինգերորդ` «Ճակատագիր» սիմֆոնիան), աշխարհով մեկ սփռված, սակայն հայրենիքի կարոտը սրտում հայի ճակատագիրը: Այդ մարդը վանեցի Համբարձումն էր ով, հետաքրքիր է, որոշել էր բուժվել Շվեյցարիայում, սակայն երկրի ազատությունը մտել էր երակների մեջ. հարբեցողություն, կանայք, շփացած կյանք, և հիվանդությունը ավելի ևս վատթարացել էր: Թոփչյանը հրաշալի է նկարագրում այն պահը, երբ Համբարձումի հարազատները ծնողները, եղբայրները, Սևակն ու հայ մի քանի ուսանողներն էին: Դրանից հետո է, որ Սևակը որոշում է հիմնել «Արմենիա» կուսակցությունը և օգնության ձեռք մեկնել աշխարհով մեկ սփռված հայերին:

Մանրակրկիտ է նկարագրված ժողովի տեսարանը, որտեղ մի խումբ կովկասահայեր քննդատում են հայ բուրժուաներին, ովքեր, ծախելով Հայաստանը, ոչ միայն ապրում էին Բաքվում, այլև իրենց ինքնությունը ուրանալով` Բաքվի նավթահանքերը միջազգային բանվորության վրա էին ծախում, իսկ հետո վերադառնում էին Շվեյցարիա ու ֆիզիկական հաճույքներն էին լրացնում: Դրանք «կեղտոտ» փողեր էին, որոնք ոչ մի ձևով չէին կարող օգնել հայ ուսանողներին, ովքեր կրում էին հայի ճակատագիրը` իր ողջ բարդությամբ` հասկանալով, որ դա կարող է կործանել իրենց: Թոփչյանը նկարագրում է այն հայերին, ովքեր ապրել են Եվրոպայում և ամոթալի կերպով խայտառակել են ազգային արժեքները: Նա նշում է. «Ժնևի «Hotel de Bergue», որն ամենաճոխ և հարուստ հյուրանոցներից մեկն էր, չկար մի այնպիսի մեծահարուստ հայ, ով չլիներ այնտեղ և չվայելեր իր ճոխ կյանքը: Չկար մի հայ, ով չմտներ կազինո, պարտվեր ու դուրս գար այնտեղից` ասես ինչ-որ հաղթանակ էր տարել: Դա հայը ցույց էր տալիս բոլորին, կարծես ակնարկելով, որ փող ունեցողը միայն այնտեղ կարող էր մտնել»: Այդ ամենը լոկ զզվելի ցուցամոլություն էր, սակայն կային նաև այնպիսի հայ մեծահարուստներ, ովքեր օգնում էին ուսանողներին, ու հենց նրանց էր փնտրում Սևակը:

 

 

Անդրադարձ Սևակ անհատին

 

Ամբողջ վեպի ընթացքում Սևակը փորձում է բացահայտել իրեն, թե ով է ինքը. Ռուբեն Չիլինկիրյա՞նը, մի հասարակ բժիշկ, ով եկել էր Լոզանի բժշկական համալսարան մասնագիտանալո՞ւ, թե՞  հայի արմատներով, ինքն իրեն զոհաբերող հայ ապագայի լուսավորության համար, «Արմենիա» կուսակցության հիմնադիր, ուպարզապես լիրիկ բանաստեղծ Ռուբեն Սևակը: Այս հարցը տալիս է նաև կոմսուհի Ալիսը, ում հետ Սևակը հետագայում սիրավեպ է ունենում: Նա ասում է Սևակին. «Նայում եմ ձեզ, Ռուբեն, և զարմանում, թե ինչ դաժան կատակ է խաղացել բնությունը` միևնույն արտաքինի տակ երկու տարբեր մարդիկ դնելով»117:

Սևակը իսկական լույս էր Եվրոպայում սովորող հայ ուսանողների համար, լույս էր նաև Սիամանթոյի կյանքում: Երկու հայրենասերների` Սիամանթոյի` Ատոմ Յարճանյանի ու Սևակի ճակատագրական հանդիպումը ամենազգացմունքային ու տխուր տեսարաններից մեկն է, որտեղ շոշափվում էր հայազգի դժվար արժեքայնությունը կրող դաժան իրականության խնդիրները: Մի տեսարանում, որտեղ Սիամանթոյին տեղափոխում էին «La Belle Esperance» առողջարան, Սևակը որոշում է այցելել նրան և քանի որ Սիամանթոյին ճանաչում էին բոլորը, անգամ նրան բուժող բժիշկը, որ սկսում է պատկերավոր խոսել, պատմում է նրան Ատոմ Յարճանյանի մասին` ավելացնելով. «Բոլորը գիտեն նրան, բարեկամս, Ձեզ շատ հաճելի անակնկալ է սպասվում»151։

Եվ անակնկալը իսկապես հաճելի էր ինչպես Սևակի, այնպես էլ Սիամանթոյի համար։ Ամեն մեկը իրար ճանաչում են իրենց իսկ ստեղծագործություններով։  Սիմվոլիկ է այն պահը, երբ Սևակը առողջարան հասնելու համար պետք է հաղթահարի բլրակը, որպեսզի հասնի Սիամանթոյին։ Այդ բլրակը հենց այն դժվար ճանապարհն է, որը պետք է հաղթահարի Սևակը, որպեսզի դառնա Սիամանթոյի նման հայրենապաշտ ու սիրված։ Սևակը հաղթահարում է այդ բլրակը ու հասնում է հայրենակցին։ Այդ դժվարությունը հաղթահարել էր նաև Սիամանթոն ու այդ իսկ պատճառով սիրված էր ոչ միայն հայրենակիցների կողմից, այլև եվրոպական շատ երկրներում, որը փաստում է վեպը։ Սիամանթոն նայում է Սևակին, բայց չի կարողանում տեղը բերել, մինչև Սևակը չի կարդում նրա բանաստեղծություններից ամենահզորը.

«Զա՛րկ, թեև գիտեմ, որ հերոսները հերոսներու միա՛յն կրնան

ընդհարվիլ,

Զա՛րկ սա անարգ ճակատագիրը ջախջախելու և Չարիքն

ըմբերանալու համար…»159

Եվ կատարվում է պատմության մեջ դեռևս չարձանագրված, այնքան հուզական մի երևույթ. Սիամանթոն փորձում է հասկանալ, թե ով է այդ երիտասարդը, ով իր նուրբ ձայնով կարդում էր նման հզոր տողեր, ու Սիամանթոյի այն հարցին, թե ինչ է նրա անունը, Սևակը անվան փոխարեն պատասխանում է իր բանաստեղծությամբ.

«Վերջալույս է, կքալեմ. հովը վայրագ կփչե.

Միապաղաղ ամպերու սառնության մեջ մարմարի,

Հորիզոնին վրա լուռ, արեգակին ցոլքը չէ՞,

Որ այսօր ալինչպես միշտդողդղալով կմարի»160։

Սիամանթոն հենց Սևակի բանաստեղծությամբ է ճանաչում նրան և բացականչում է.

«Ողջույն քեզ, Ռուբեն, իմ բանաստեղծ եղբայր»։

Տեսարանը իրական է, այն հնարված լինել չի կարող. երկու բանաստեղծ, մեկ ճակատագիր, ու ինչեր կարող են գործել այդ բանաստեղծները` նկարագրելու համար իրենց ճակատագիրը, Սևակը նշում է.«Մեր անունը մեր տողերն են»160։

Հետաքրքիր դրվագներ կան` կապված Դանիել Վարուժանի կեսագրությանը, ով մահվան է գնում Սևակի հետ, ով կիսում է հայի թշնամու կողմից տրված ճակատագիրը ու դաժանաբար սպանվում նրա ձեռքով։

Կարելի է առանձնացնել Դանիելի հետ Սևակի այն երկխոսությունը, երբ հարց է գնում հայբանաստեղծների, ժողովրդի կացության մասին, նրանց պարտականությունների ու օրենքների մասին, ուրանալու կամ հավերժորեն ծառայելու խնդրին։ Խոսվում այն մասին, որ Ռուբեն Սևակը պիտի մեռնի, եթե հարկ է, ու պետք է ապրի Ռուբեն Չիլինկիրյանը։ Ռուբենը համաձայնվում է, և Վարուժանը հայտնում է.

«Ռուբեն, ինչ թեթևությամբ ես խոսում մահվան մասին։

Թեթևությամբ չեմ խոսում, Դանիել, պարզապես այդ կյանքը, ավելի շուտ ամոթալի գոյությունը, որ պիտի ձեռք բերեմ ուրանալու գնով, մահվանից ավելի վատ է »575:

Իսկ ինչպե՞ս է ծնվում Ռուբեն Չիլինկիրյանի կեղծանունը. երազից, որտեղ նա կնոջ մարմնական խոչընդոտից փորձում է դուրս պրծնել, սա աբսուրդին նմանվող երազ է, որտեղ Ռուբենը բացահայտում է իրեն, ահա այդ նկարագրությունը.

«Ի՞նչ ուժ էր, ի՞նչ տարերք, աստվածային ինչպիսի՞ վճիռ էր, որ իրեն ստիպում էր նույն երազը երկու անգամ իրար վրա տեսնել։ Ի՞նչ պատգամ ուներ այդ երազը։ Ինչպե՞ս ինքը չի հասկանում, թե Տերն ի՞նչ է հաղորդում իրեն երկու այդ կրծքերի պատկերով, որոնցից մեկը` կաթնածորը, կյանքի ակն էր, Սեր-ակն էր` կենսատու կաթով, մյուսն` այդպես հաղթապանծ, հսկայական Մահն էր, իր Սև-ակով…Եվ ինքն այդ աղբյուրից խմեց ինքը Սեր-ակը չընտրեց, այլ Սև — ակը և սևով պատեց իրեն…»85։

Հետո «զգույշ վեր կացավ, բացեց նույն էջը և ստորագրեց իր բանաստեղծության տակ ստորագրեց. Ռուբեն Սևակ»։

Այո՛, մահը ի վերջո հետապնդեց Սևակին, բազմաթիվ հայերի, ու այդ մահը ֆեսով էր, յաթաղանով, գազանի արնոտ աչքերով, դիակի ծարավով, որոնք ամեն օր տեսնում էր Սևակը դիահերձարանում՝ պրակտիկայի գնալու ընթացքում, ու ի վերջո, երբ մահը հասնում է նրան ու Դանիել Վարուժանին՝ծնվում է այս երկխոսությունը.

Դանիելն ասում է .

«Որքան կուզեի, որ մեր ձեռքերը հիմա կալված չլինեին։

Սևակը պատասխանում է.

Ոչինչ, Դանիել, այդպես էլ կարելի է քայլել, միայն թե զգույշ չընկնես, սրանց ուրախություն չպատճառես։

Չէ, դրա համար չեմ ասում, Ռուբեն, պարզապես շատ կուզեի, որ վերջին պահին իրար ձեռք բռնած դիմավորենք մահը, այդպես ավելի դյուրին կլիներ։

Դանիել, ես բռնել եմ քո ձեռքը, մի՞թե չես զգում, թե ինչպիսի զորությամբ լցվեցինք, ավելի ուժգին սեղմենք, ավելի ուժգին»588։

   Սևակը մինչև վերջ հավատաց այդ ուժին, այդ անտեսանելի ուժին, որը միասնականությունն էր, բայց ոչ թե տեսանելի, այլ հենց անտեսանելի` հոգևոր միասնականությունը։ Պատմությունը այդպիսին էլ հիշեց Սևակին՝ նուրբ քնարերգու, ու միաժամանակ հզոր հայրենասեր Ռուբեն Չիլինկիրյանին։

 

 

Ցեղասպանություն հոգու և մարմնի

 

 Մինչ խոսելը ցեղասպանության կազմակերպման և այդ ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների մասին կարելի է նշել մի քանի փաստեր, որոնք վկայում են Ռուբեն Սևակի անկոտրում կամքի ու ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժի մասին: Այդ արտաքին ուժը կապված է հայի արժանապատվության, նրա պատմական առաքելության, ազգային հոգեկերտվածքի, և ինքնության հաստատման հետ:

Վեպում հրաշալի է ներկայացված մի դեպք. Կլաուսը, ում պատվիրել էր Յաննիի հայրը  հետևել Սևակին, և իմանալ նրա սիրային կապերի մասին՝ կապված Սևակի ապագա կնոջ ` Յաննի Ապելի հետ, բարոյական խայտառակ  պարտություն է կրում ոչ  միայն Ռուբեն Սևակի և նրա ընկերների մոտ, այլև ողջ Եվրոպայով մեկ: Ռուբեն Սևակը պայքարելով իր սերը պահելու մաքուր ու ազնիվ ձգտումով՝  մենամարտի է կանչվում Կլաուսի կողմից, և ջախջախում է նրան՝ այդպիսով օրինակ ծառայելով Եվրոպայում գտնվող հայ և օտարազգի հայ ուսանողներին: Սա  մենամարտ էր, որը կարող է երկու մեկնություն ունենալ: Առաջինը՝ մենամարտը խորհրդանշում էր հայի  դերը Եվրոպայում ու նրա անընդհատ պայքարը իր ինքնությունը պահելու համար: 

Այդ ժամանակ էր, որ Եվրոպան, իսկ ավելի կոնկրետ` Գերմանիան, սկսել էր չթերագնահատել Օսմանյան կայսրությանը, որի մութ խաղերի մասին Ռուբեն Սևակը շատ լավ գիտեր, գիտեր նաև, որ դա ցեղասպանության հաստատաման սկիզբն էր: Երկրորդ` բացահայտում է  Ռուբեն Սևակ անհատին, նրա հայացքները, մի մարմնում գոյող երկու անհատի առանձնահատկությունները` կատարյալ բժիշկ Ռուբեն Չիլինկիրյան և բանաստեղծ, հայրենապաշտ` Ռուբեն Սևակ: Նա երեսունը չբոլորած, հասցրել էր Եվրոպային պարտադրել մշակութային և արարչագործ հայի տիպը:

Հիրավի, այս իմաստով մենամարտը նշանակում էր սովորական ուսանողի պայքարը իր սիրած աղջկա` Յանիի հոր` Ֆրանց Ապելի կողմից ուղարկված հետապնդողի` Կլաուսի միջև: Այն խորհրդանշում էր բամբասանքների և սուտ լուրերի ջախջախումը: Ռուբեն Չիլինկիրյանը խայտառակում է բամբասողին և սուտ լուր տարածողին, որն էլ վերջակետ է դնում այդ վատ սովորությանը:

Այս իրադարձությունից հետո միայն կարելի է խոսել Օսմանյան կայսրոթյան ներքին կյանքի և Ռուբեն Սևակի ճակատագրական որոշումների մասին:

Նշենք մի փաստարկ ևս.  Ռուբեն Սևակի կյանքը բաժանված է երկու մասի, և եթե մի շերտը Ռուբեն Չիլինկիրյան մարդու և բժշկի կյանքն է, ով դժվարությամբ, բայց հաղթանակով ամրապնդեց իր սերը, ընտանիք կազմեց և սկսեց ապրել պարզ ընտանեկան կյանքով, աշխատում էր հիվանդանոցում ու գոհ էր իր կյանքից, ապա մյուսը պայքարող բանաստեղծ Ռուբեն Սևակի կյանքն էր, ով այդպես էլ չկարողացավ ապրել հասարակ, սովորական կյանքով, քանի որ հայի ճակատագիրը հետապնդում էր նրան` հիշեցնելով ազգային ցավի մասին:

 Նա կայացնում է ճակատագրական որոշում. երբ Էրֆրուտից գնացքով վերադառնալով Լոզան՝ նկատում է գերմանալեզու մի թերթ, որի ներածությունը չի հասկանում, բայց միայն   մեկ բառը նրա հարցերի տխուր պատասխանն էր` «Adana»: Այս տեսարանը իրական էր այնքանով, որքանով երիտթուրքերի հռչակած եղբայրական համադաշնությունը և խաղաղ ծրագրերի իրականցման փաստն էր մեծ խաբեություն հատկապես հայության համար: Այդ «խաղաղ ծրագրերը» հայերի բնաջնջման արյունալի ծրագիրն էր, իսկ «եղբայրական համադաշնությունը» Գերմանիայի հետ պատերազմ սկսելն էր Ռուսաստանի և Ֆրանսիայի դեմ: 

Առավել ողբերգական ազդեցություն են ունենում Գերմանիայի փողոցներում փակցված Ադանայի ջարդերի լուսանկարները. «Այրված ու ավերված տներ, նույնիսկ թաղեր, դիակների կույտեր, խոշտանգված հարյուրավոր, հազարավոր դիակներ, դիակներով ծանրաբեռնված սայլեր, անպաշտպան դիակների կողքին խրոխտ կեցվածքով կանգնած թուրք սպաներ, սպանված մոր դիակից կառչած և սվինահարված ծծկեր երեխա, կտրատված գլուխներ` ձմերուկի պես իրար վրա դարսված, և կողքին դարձյալ սպաներ ու զինվորներ»348: Ոչ ոք անտարբեր չէր անցնում այդ լուսանկարների կողքով, նույնիսկ փոքրիկ աղջիկը, որ նայելով նկարներին՝ հարցնում է, թե «Ովքե՞ր են սպանվածները»և պատասխանին, թե «Հայերն են» աղջիկը արտաբերում է մի բառ, որը լուսանկարներում ամեն զոհվածի աչքերի մեջէ`«Ինչո՞ւ»:

Սա էր իրականությունը և այդ իրականությունը ծանոթ էր Ռուբեն Սևակին, այդ իրականության փաստն է, որ նրան ստիպեց հրաժարվել ամեն ինչից՝ այլ երկրում հանգիստ ու ապահով կյանքից, մշտական աշխատանքըից Լոզանում, նույնիսկ պետական պաշտոնից, որը նրան առաջարկել էր Օսմանյան կայսրության պաշտոնյաներից  մեկը: Նա թողնում է ամեն ինչ և վերադառնում Պոլիս:

Պոլի՜ս…թուրքերի կողմից զավթած և հայերի համար գերեզման դարձած իրականություն: Սարսափելի զարգացումներ տեղի են ունենում Չանղըրիում, երբ Օսմանյան կայսրության սպաները դուրս էին քշում իրենց տներից հայ բնակիչներին` ստելով, որ նրանք կվերադառնան իրենց տները: Ոչ ոք չվերադարձավ:

Սարսափելի ու դաժան տեսարան էր, երբ թուրք սպաներից երկուսը, նկատելով աքսորականների մեջ հղի կնոջ, գռազ են գալիս սպիտակ ձիու վրա, թե կնոջ փորում տղա է, մյուսը պնդում է , թե աղջիկ է: «Սպան հղի կնոջ որովայնը բացելով` հանում է արյունաշաղախ պտուղը»ու հայտնում, որ «տղա» է, իսկ գռազը պարտվածը պտուղը մտցնում է կնոջ բերանը՝ ասելով. «Առ, կե՛ր, քո պատճառով փառահեղ ձիս կորցրի»:

Այս տեսարանից հետո ենք միայն պատկերացում կազմում, թե ինչ զոհողությունների կարող են գնալ հայերը, որպեսզի չկորցնեն իրենց ինքնությունը, քրիստոնեական հավատը և ինչերի կարող էգնալ գազանաբարո թուրքը՝բնաջնջելով հազարամյակների քաղաքակրթության կրողին՝ հային: Նման նահատակներից էր Ռուբեն Սևակը, ով մինչև վերջ, անգամ Չանղըրիի աքսորում, պահպանում է հայի ինքնությունը, չի սպանում իր մեջ քրիստոնեական սուրբ հավատը (ինչպես  Հակոբիկը սպանեց իր հոգին, իսկ հետո ինքնասպան եղավ մարմինը): Նրա կողքին կային նաև այլ նահատակներ` Դանիել Վարուժան, Բյուզանդ Քեչյանը, Հովհան վարդապետը և շատերը: Անգամ այն պայմաններում, երբ Սևակը բուժում է թուրք Արաբաջիբաշիի աղջկան (ով սիրահարվել էր Ռուբեն Սևակին), անգամ երբ առաջարկում է կրոնափոխ լինել, նոր կյանք սկսել իր աղջկա հետ, Սևակն անդրդվելի էր, մերժում է իր սկզբունքներին դեմ ամեն առաջարկ: Արաբաջիբաշին մեկ օր նրան նկուղում է պահում (նկուղում Սևակը նկատում է փոշու մեջ կորած Կոմիտասի ձայնապնակը), բայց նա ոչ մի րոպե չի կորցնում հավատը, հայի իրեն տրված ճակատագիրը` ընդունելով  մահը, բայց ոչ հոգևոր բնաջնջումը. «Արժեքներ կան, որ ոչ մի բանով չի կարելի փոխարինել… Մեր քրիստոնեական հավատն այդ արժեքն է և հանուն նրա, անհրաժեշտության դեպքում, զոհաբերվում է ամեն ինչ, այդ թվում և կյանքը»575:

Ամփոփելով այս զեկուցումը՝ եզրակացնենք, որ արդի հայ արձակը՝ ի դեմս Ալեքսանդր Թոփչյանի, գեղարվեստական տարածություն է բերել այնպիսի մի կերպարի, որ առավելագունս ներկայացնում է  հայ մարդուն և մշակութաստեղծ հային, և նրա ճակատագրի շրջադարձային փուլերի իրադարձություններով  ստեղծում է  Մեծ եղեռնի  իրական պատկերը: 

 

 

 

Ծանոթագրություն

 

Գրականության ցանկ

1․ Թոփչյան, Ա.Ս «Եվ անգամ մահից հետո», Երևան, «ՀԳՄ» հրատ. 2005թ. էջ 603

[1] [Թոփչյան, Ա.Ս «Եվ անգամ մահից հետո», Երև; «ՀԳՄ» հրատ. 2005թ. 603 էջ :Այս գրքից արված քաղվածքների էջերը կնշենք տեղում]:

 

 

Վերլուծական հոդվածը՝   Հասմիկ Կարապետյանի

 

Ընթերցել նաև