Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Բըրնարդ Մելըմուդ․ «Որդիս մարդասպան է»․ պատմվածք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա արթնանում է՝ զգալով, որ հայրը նախասրահում է, ականջ է դնում: Ականջ է դնում,  երբ  որդին խոր քուն է մտնում: Ականջ է դնում,  երբ  վեր է կենում ու շոշափելով որոնում տաբատը: Կոշիկները չի հագնում: Չի գնում խոհանոց՝ ուտելու: Նայում է հայելուն կիսախուփ աչքերով: Մի ժամ նստում է զուգարանակոնքին: Թերթում է գրքի էջերը՝ չկարողանալով կարդալ: Ականջ է դնում իր տառապանքին, մենությանը: Հայրը կանգնած է նախասրահում: Որդին լսում է՝ ինչպես է նա ականջ դնում:

Որդիս օտար է, ինձ ոչինչ չի ասում:

Ես բացում եմ դուռը և տեսնում հորս նախասրահում: Ինչո՞ւ ես այստեղ կանգնած, ինչո՞ւ աշխատանքի չես գնում:

Որովհետև ամռան փոխարեն արձակուրդ եմ վերցրել ձմռանը, ինչպես միշտ եմ անում:

Գրողը տանի, ու այն անցկացնում ես այս խավար, գարշահոտ նախասրահում՝ հետևելով իմ ամեն մի քայլի՞ն: Կռահելով այն, ինչ չես կարող տեսնել: Ինչո՞ւ ես անընդհատ լրտեսում:

Հայրս գնում է ննջասենյակ և քիչ անց գաղտագողի ու անաղմուկ նորից  գալիս է նախասրահ, ականջ է դնում:

Երբեմն լսում եմ նրան իր սենյակում, բայց նա չի խոսում ինձ հետ և չգիտեմ՝ ինչ է կատարվում հետը: Սարափելի զգացողություն հոր համար: Գուցե մի օր նա նամակ գրի ինձ, Իմ սիրելի՛ հայրիկ…

Հա՛րրի, իմ սիրելի՛ որդի, բացի՛ր դուռդ: Որդիս բանտարկյալ է:

Կինս առավոտյան գնում է՝ մնալու ամուսնացած աղջկաս մոտ, որ չորրորդ  երեխային է սպասում:  Մայրը եփում է, մաքրում տունը և հոգ տանում երեք երեխաների համար: Աղջիկս ծանր է տանում հղիությունը, արյան ճնշումը բարձր է, մեծ մասամբ պառկած է: Բժիշկն է խորհուրդ տվել: Կինս ամբողջ օրը բացակայում է: Նա անհանգստանում է Հարրիի համար: Անցած ամառ քոլեջն ավարտելուց հետո նա մենակ է, նյարդային, խորասուզված իր մտքերի մեջ: Երբ հետը խոսում ես, հիմնականում գոռում է, այն էլ եթե պատասխանում է: Թերթեր է կարդում, ծխում, փակվում է սենյակում: Երբեմն-երբեմն դուրս է գալիս փողոց՝ զբոսնելու:

Լավ զբոսնեցի՞ր, Հա՛րրի:

Զբոսնեցի:

Կինս խորհուրդ տվեց նրան՝ աշխատանք փնտրի, և մի քանի անգամ նա գնաց, բայց երբ ինչ-որ առաջարկներ եղան, հրաժարվեց դրանցից:

Պատճառն այն չէ, որ չեմ ուզում աշխատել: Այլ, որ վատ եմ զգում:

Ինչո՞ւ ես վատ զգում:

Զգում եմ այն, ինչ զգում եմ: Էդ եմ զգում:

Գուցե առողջությունդ լավ չէ, որդի՛ս: Գուցե բժշկի՞ դիմես:

Ես խնդրել էի՝ ինձ այլևս այդպես չանվանես: Հարցը առողջությունս չէ: Ինչ էլ լինի, ես չեմ ուզում խոսել էդ մասին: Աշխատանքը  սրտովս չէր:

Ուրեմն մի ժամանակավոր  բան գտիր, կինս ասաց նրան:

Նա սկսեց գոռգոռալ: Ամեն ինչ ժամանակավոր է: Ինչո՞ւ մի ժամանակավոր բան էլ ես ավելացնեմ: Աղիքներս են ժամանակավոր: Էս անիծյալ աշխարհն է ժամանակավոր: Էս ամենին վերադիր՝ ես չեմ ուզում ժամանակավոր աշխատանք: Ուզում եմ ժամանակավորի հակառակը, բայց ո՞ւր է այն: Որտեղի՞ց գտնես:

Հայրս ականջ է դնում խոհանոցում: Իմ ժամանակավոր որդի:

Մայրս ասում է՝ ավելի լավ կզգաս, եթե աշխատես: Ես ասում եմ՝ չեմ զգա: Դեկտեմբերին քսաներկուսս լրացավ, քոլեջն ավարտեցի, և  գիտես՝ ուր կարող ես մտցնել էդ դիպլոմը: Գիշերները նայում եմ լրատվական հաղորդումներ: Ամեն օր հետևում եմ պատերազմին: Դա մեծ փոշիացնող պատերազմ է փոքրիկ էկրանին: Ռումբերի անձրև է տեղում, և բոցը բորբոքվում է դեպի վեր: Երբեմն հակվում եմ առաջ ու ձեռքիս ափով դիպչում պատերազմին: Սպասում եմ ձեռքիս մոխրանալուն:

Իմ մոխրացած ձեռքերով որդի:

Կարծում եմ՝ մոտ օրերս ինձ կզորակոչեն, բայց դա ինձ  չի հուզում, ինչպես առաջ: Չեմ գնա: Կգնամ Կանադա կամ մեկ այլ տեղ, ուր կարող եմ:

Նրա վիճակը վախեցնում է կնոջս, և վերջինս ուրախությամբ է առավոտ կանուխ գնում աղջկաս տուն՝ հոգ տանելու նրա երեխաների համար: Ես մնում եմ որդուս  հետ տանը, բայց նա չի խոսում ինձ հետ:

Զանգի՛ր Հարրիին և խոսի՛ր նրա հետ, կինս ասում է աղջկաս:

Մի օր կփորձեմ, բայց մի՛ մոռացիր, որ իմ ու նրա միջև ինը տարվա տարբերություն է: Կարծում եմ՝ նա ինձ էլ է մոր պես ընդունում, և մեկն էլ բավարար է:  Ես սիրում էի նրան, երբ  փոքրիկ տղա էր, բայց հիմա դժվար է հարաբերվել մեկի հետ, որ չի  փոխադարձում քեզ:

Նրա արյան ճնշումը բարձր է: Կարծում եմ՝ վախենում է զանգել:

Ես երկշաբաթյա արձակուրդ եմ վերցրել: Փոստում եմ աշխատում՝ նամականիշերի վաճառքի բաժնում: Տնօրենին ասացի, որ լավ չեմ զգում, ինչը սուտ չէ, և նա ասաց, որ կարող եմ հիվանդության արձակուրդ վերցնել: Ես ասացի, որ այդ աստիճան վատառողջ չեմ,  միայն կարճատև արձակուրդի կարիք ունեմ: Բայց իմ ընկեր Մո Բըրքմենին ասացի՝ տանն եմ մնում, քանի որ անհանգիստ եմ Հարրիի համար:

Ես հասկանում եմ քեզ, Լե՛ո: Ես էլ եմ անհանգիստ ու մտահոգ երեխաներիս համար: Երբ երկու հասունացող աղջիկ ունես, դու այլևս քո ճակատագրի տերը չես: Այդ ամենով հանդերձ ապրել է պետք: Ուրբաթ գիշեր կգա՞ս փոկեր խաղալու: Լավ միջավայր է: Մի՛ զրկիր քեզ հաճելի հանգստից:

Տեսնեմ՝ ոնց կլինեմ ուրբաթ, ինչ իրավիճակ կլինի: Չեմ խոստանում:

Աշխատիր գալ: Այդ ամենը կանցնի, մի քիչ ժամանակ է պետք: Թե ամեն ինչ կարգավորվի, արի: Եթե անգամ չկարգավորվի, ամեն դեպքում արի՛, այդպես կարող ես  թոթափել լարվածությունն և անհանգստությունը, որ չի լքում քեզ: Քո տարիքում սրտիդ համար հեչ լավ չէ այդքան անհանգստանալը:

Դա անհանգստության վատագույն տեսակն է: Երբ անհանգստանում եմ ինձ համար, գիտեմ՝ ինչու եմ անհանգիստ: Նկատի ունեմ՝ չկա առեղծված: Կարող եմ ինքս ինձ ասել. Լե՛ո, դու կատարյալ ապուշ ես, դադարի՛ր անհանգստանալուց մանրուքների համար  — ինչի՞ համար՝ մի քանի դոլարի՞: Առողջությա՞նս. որ միշտ էլ գոհացրել է ինձ, չնայած լավ էլ եմ եղել, վատ էլ: Տարիքի՞ս. որ շուտով վաթսուն կդառնամ ու  այլևս երբեք երիտասարդ չեմ լինի: Եթե հիսունինը տարեկանում չես մահացել, վաթսուն էլ կդառնաս: Դու չես կարող կանգնեցնել ժամանակը, երբ այն վազում է քեզ հետ: Բայց երբ անհանգստանում ես ուրիշի համար, դա վատագույն տեսակն է: Դա է իրական անհանգստությունը, քանի որ եթե չի ցանկանում ասել, դու չես կարող ուրիշի ներսը թափանցել և պատճառը հասկանալ: Չգիտես՝ որտեղ է փոխարկիչը՝ անջատելու համար: Միայն անհանգստությունդ է ուժգնանում:

Այդպես սպասում եմ նախասրահում:

Հա՛րրի, մի՛ անհանգստացիր այդքան պատերազմի համար:

Խնդրում եմ՝ ինձ մի՛ ասա՝ ինչի համար անհանգստանամ, ինչի համար չանհանգստանամ:

Հա՛րրի, քո հայրը սիրում է քեզ: Երբ փոքր տղա էիր, ամեն երեկո երբ տուն էի գալիս, դու վազում էիր ինձ մոտ: Ես քեզ գիրկս էի առնում ու բարձրացնում մինչև առաստաղ: Դու սիրում էիր դիպչել առաստաղին քո փոքրիկ ձեռքով:

Ես չեմ ցանկանում այլևս լսել այդ մասին: Հենց դա՛ չեմ ուզում լսել: Չեմ ուզում լսել այն մասին, երբ ես փոքր էր:

Հա՛րրի, մենք ապրում ենք օտարների նման: Ես պարզապես ուզում էի ասել՝ հիշում եմ լավ օրերը: Հիշում եմ, որ մենք չէինք վախենում ցույց տալ, որ սիրում ենք մեկս մյուսին:

Նա ոչինչ չի ասում:

Արի ձվածեղ սարքեմ:

Ձվածեղը վերջին բանն ա, որ ուզում եմ:

Ուրեմն ի՞նչ ես ուզում:

Նա հագավ վերարկուն: Վերցրեց գլխարկը կախոցից և իջավ փողոց:

Հարրին քայլեց Օուշըն Փարքվեյով իր երկար վերարկուով և շագանակագույն ծալքով գլխարկով: Հայրը հետևում էր նրան: Եվ դրանից նա սաստիկ կատաղում էր:

Նա արագ-արագ քայլում էր լայնարձակ փողոցով: Այդ մայթը, որտեղ ներկայումս բետոնե հեծանվային ճանապարհ է, նախկինում  ձիավարության արահետ էր եղել: Եվ մի քանի ծառեր կային, որոնց ճյուղերը մասնատում էին արևազուրկ երկինքը: X Ավընյուի անկյունին մոտ, որտեղից զգալի էր Քոնի Այլնդից[1] եկող բույրը, նա հատեց փողոցը և քայլեց դեպի տուն: Նա ձևացրեց՝ իբր չի տեսել հորը փողոցը հատելիս, չնայած կատաղած էր: Հայրը անցավ փողոցը և հետևեց տղային տունդարձի ճամփին: Երբ հասավ տուն, մտածեց, որ Հարրին արդեն վերևում է: Նա  իր սենյակում է և դուռն էլ փակել է: Եվ անում է այն, ինչ բազմիցս արել է:

Լեոն հանեց իր փոքրիկ բանալին և բացեց փոստարկղը: Երեք նամակ կար այնտեղ: Նա նայեց՝ տեսնելու՝ պատահաբար դրանցից մեկը իր որդին չէր գրել իրեն: Սիրելի՛ հայր, թույլ տուր բացատրել: Պատճառը, որ այսպես եմ ինձ պահում….Այդպիսի նամակ չկար: Մեկը «Փոստային ծառայողների բարեգործական միությունից» էր, որը դրեց իր գրպանը: Մյուս երկուսը Հարրիի համար էին:  Առաջինը զորակոչային հանձնաժողովից էր: Նա տարավ նամակը տղայի սենյակի մոտ, թակեց դուռն ու սպասեց:

Մի քիչ էլ սպասեց:

Որդու մրթմրթոցին ի պատասխան՝ նա ասաց՝ զորակոչային հանձնաժողովից նամակ ունես. նա պտտեց գնդաձև բռնակը և ներս մտավ: Տղան պառկած էր իր մահճակալին՝ աչքերը փակ:

Թող սեղանի վրա:

Ուզում ես՝ բացեմ քեզ համար, Հա՛րրի:

Ո՛չ, չես ուզում: Թող սեղանի վրա: Գիտեմ՝ ինչ է գրված:

Ուրիշ նամակ էլ ես գրե՞լ նրանց:

Էդ իմ գրողի տարած գործն ա:

Հայրը թողեց այն սեղանին:

Որդուն ուղղված մյուս նամակը նա տարավ խոհանոց, փակեց դուռը և կաթսայով ջուր եռացրեց: Մտածեց, որ արագորեն կկարդա, զգուշորեն կսոսնձի, ապա կիջնի ներքև և կդնի հետ՝ փոստարկղի մեջ: Երբ կինը վերադառնա աղջկա տնից, կբացի փոստարկղը իր բանալիով, կվերցնի այն ու կբերի Հարրիին:

Հայրը կարդաց նամակը: Դա կարճ նամակ էր աղջկանից: Նա ասում էր, որ Հարրին իրենից երկու գիրք է վերցրել ավելի քան վեց ամիս առաջ, ու քանի որ դրանք  շատ  թանկ են իր համար, խնդրում է վերադարձնել իրեն: Կարո՞ղ է հնարավորիս շուտ ուղարկել, որպեսզի ինքը նորից չգրի:

Երբ Լեոն կարդում էր աղջկա նամակը, Հարրին մտավ խոհանոց և երբ տեսավ հոր դեմքի զարմացական ու մեղավոր հայացքը, խլեց նամակը նրա ձեռքից:

Ես պետք է սպանեմ քեզ էս լրտեսության համար:

Լեոն շրջվեց՝ խոհանոցի փոքրիկ պատուհանից նայելով դուրս՝ դեպի  բազմաբնակարան շենքի խավար բակը: Երեսը վառվում էր, սիրտը` խառնում:

Հարրին հայացքով կարդաց նամակը ու պատռեց այն: Ապա նաև պատռեց բացիկը՝ մակագրված՝ միայն հասցեատիրոջը:

Եթե մի անգամ էլ այդպես անես, չզարմանաս, որ քեզ սպանեմ: Զզվել եմ լրտեսելուցդ:

Հա՛րրի, հորդ հետ ես խոսում: Նա դուրս եկավ տնից:

Լեոն բարձրացավ նրա սենյակ ու սկսեց զննել: Զննեց զգեստապահարանը և ոչ մի արտասովոր բան չգտավ: Պատուհանի մոտ դրված գրասեղանին թուղթ կար, որի վրա Հարրին էր գրել. սիրելի՛ Էդիթ, եթե մի նամակ էլ գրես, սատանա՛ն տանի, կսպանեմ քեզ:

Հայրը վերցրեց գլխարկն ու վերարկուն և դուրս եկավ տնից: Սկզբում նա մանրիկ քայլերով էր վազում, վազում էր, ապա քայլում, մինչև փողոցի մյուս կողմում տեսավ Հարրիին: Նա հետևում էր որդուն որոշակի հեռավորությունից:

Նա հետևեց որդուն մինչև Քոնի Այլնդ Ավընյու և հասցրեց տեսնել, թե ինչպես է նստում Քոնի Այլնդ տանող տրոլեյբուսը: Լեոն սպասեց հաջորդին: Նա մտածում էր տաքսի նստել և հետևել տրոլեյբուսին, բայց ոչ մի տաքսի չէր անցնում: Հաջորդ տրոլեյբուսը եկավ տասնհինգ րոպե անց, և նա գնաց դեպի Այլնդ: Փետրվար ամիսն էր, և Քոնի Այլնդը թաց էր, սառն ու ամայի: Միայն մի քանի մեքենա էր անցնում Սըրֆ Ավընյուով, մի քանի մարդ էլ փողոցում էր քայլում:  Ձյուն էր սկսում տեղալ: Լեոն փաթիլվող ձյան միջով քայլում էր փայտե զբոսուղով՝ փնտրելով որդուն: Գորշ, արևազուրկ ծովափերը դատարկ էին: Հոթ-դոգի կրպակները, հրաձգարանները, լողարանները՝ փակ: Արծաթին տվող օվկիանոսը տարուբերվում էր հալվող կապարի նման, հետո մի պահ ասես  քարանում: Հանկարծ ուժգին քամի էր փչում  ջրերի վրայով, և այնպես էր թափանցում հագուստից ներս, որ քայլելիս նրա ողջ մարմինը սարսռում էր: Կապարե ալիքները սպիտակով էին ծածկվում քամուց, և մեղմ ալեծփանքը գրեթե անաղմուկ բախվում էր ամայի ափերին:

 Այդ քամու ներքո հասավ Քոնի  Այլնդի ափի գրեթե մյուս ծայրը ՝ փնտրելով որդուն. հետո քայլեց դեպի հետ: Բրայթըն Բիչ տանող  ճանապարհին նա մի մարդ տեսավ ծովափին կանգնած՝ ոտքերը  փրփուր ալիքների մեջ: Լեոն շտապեց ափամերձ զբոսուղու աստիճաններով ներքև՝ դեպի ծովափի  ակոսավոր ավազը: Աղմկահույզ ափին կանգնած մարդը Հարրին էր՝  կոշիկները ամբողջությամբ ջրածածկ:

 

Լեոն վազեց որդու մոտ: Հա՛րրի,  ես մեղավոր եմ: Կներես, որ նամակը բացեցի:

Հարրին չեր շարժվում: Նա կանգնել էր ջրի մեջ՝ հայացքը հառած կապարե ալիքների ծփանքին:

Հարրի, ես վախենում եմ: Ասա՝ որն է պատճառը: Որդի՛ս, գթա՛ ինձ:

Ես վախենում եմ աշխարհից, մտածեց Հարրին: Այն վախեցնում է ինձ: Նա ոչինչ չասաց:

Սաստիկ քամին օդ հանեց հոր գլխարկը և այն թռցրեց  ծովափի վրայով: Թվում էր, որ գլխարկը կանցնի ալիքների տակ, բայց հետո քամին այն  քշեց-տարավ զբոսուղով՝ գլորելով թաց ավազի վրա, ասես անիվ: Լեոն փորձեց հասնել իր գլխարկի հետևից, վազեց մի կողմ ապա՝ մյուս, հետո՝ ջրի մոտ: Քամին այն բերեց ոտքերի առաջ, և նա որսաց գլխարկը: Հիմա նա լացում էր: Շնչակտուր մաքրեց արցունքներն իր սառցե մատներով և վերադարձավ ջրեզրին կանգնած որդու մոտ:

Նա միայնակ մարդ է: Այդպիսին է նա: Նա միշտ միայնակ կլինի:

Որդին ինքն իրեն մենության է դատապարտել:

Հա՛րրի, ի՞նչ կարող եմ ասել քեզ: Սա է ամբողջը՝ ո՞վ է ասել, թե կյանքը հեշտ է: Այդ երբվանի՞ց: Ինձ համար հեշտ չի եղել, քեզ համար էլ հեշտ չէ: Սա է կյանքը, այդպիսին է այն – ավելին ի՞նչ կարող եմ ասել: Բայց եթե մարդը չի ուզում ապրել, ի՞նչ կարող է անել, եթե մեռած է: Ոչինչ: Ոչինչը ոչինչ է, ապրելն ավելի լավ է:

Արի տուն գնանք, Հա՛րրի ասաց նա: Այստեղ ցուրտ է: Դու կմրսես՝ ոտքերդ ջրերում:

Հարրին կանգնել էր անշարժ, և քիչ անց հայրը գնաց: Երբ նա հեռանում էր, քամին գլխարկը կրկին թռցրեց և թողեց՝ գլորվելու ափի երկայնքով:

Հայրս ականջ է դնում՝ նախասրահում կանգնած: Նա հետևում է ինձ փողոցներում: Մենք հանդիպեցինք ջրեզրին:

Նա վազեց իր գլխարկի հետևից:

Որդիս կանգնել է՝ ոտքերը օվկիանոսի ջրերում:

 

 

 

Ծանոթագրություն

 

 

[1] Թերակղզի Բրուքլինում:

 

 

Թարգմանությունը՝  Նունիկ Ավետիսյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև