Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Արփինե Վարդանյան․ «Իմ Երևանը»․ էսսե

#Սարի_թաղ

#ուրիշ_ԵՐԵՎԱՆ #անտեսանելի_անկյուն

 

«ԻՄ Երևանը» ՍԿՍՎԵԼ է Սարի թաղից։ Առանջին կուրս։ Երևան։ Նոր քաղաք։ Նոր միջավայր։ Եվ այդ ամենի հետ կապված տարբեր ֆանտազիաներ։ Եվ ահա, մայրաքաղաքի իմ պատկերացումներին Սարի թաղը մի տեսակ «չէր բռնում»: Ոնց որ քաղաքում չէ, որ ապրելու էի. ճանապարհը՝ թեքության վրա, տները՝ իրար գլխի: «Բա ու՞ր են մայրաքաղաքին «հատուկ» տները, ճանապարհները․․․»- մտածում էի ես։

Երկու տարի անց ուղղակի հյուր դարձա։ Ու երբ գնում եմ, Նար-Դոս փողոցով եմ բարձրանում, անցնում նեղ բակերի միջով․․․ Շատ է լինում, որ ճանապարհին ծանոթ սարիթաղցիների եմ տեսնում՝ Արփիկ հորքուրիս հարևաններին, որոնց համար երբեմն ինքս եմ սուրճ պատրաստել, հյուրասիրել, հետները միասին խմել, խոսել, քննարկել ինչ-որ բան։ Ու ինձ համար Սարի թաղը միայն Արփիկ հորքուրը չի: Սարի թաղը ինձ համար նաև Օֆիկ տատն ու Հակոբ պապն են, Սոնիկ տոտան՝ առավոտներն աշխատանքի վազող էն բարի հարևանը, որ միշտ պիտի գա ու հարցնի.

-Արփի՛կ ջան, ո՞նց ես: Բան պե՞տք է, բերեմ․․․ Վա՛յ, էրեխեն էլ է ստեղ (ես էլի), ինչ լավ է՝ մենակ չես․․․

Մի խոսքով, մինչև հիմա էլ, որ գնում եմ, առանց «բարև»-ի ու «ո՞նց եք»-ի իրար կողքով չենք անցնում։

Ու, իսկակապես, բախտավորություն է, երբ կա մեկը, ում համար դու ուղղակի սպասված «հյուր» չես, այլ շա՛տ հարազատ մեկը, որ այնքան սիրելի է…

Ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս Արփիկ հորքուրիս տնից), ոտքի վրա օրորվելով, մի քիչ դժվարությամբ քայլելով պետք է, անպայման, ճանապարհի.

-Այ Արփի՜կ հորքուր ջան, նե՜րս գնա, ես կգնամ,-պնդում եմ։

-Չէ՛, էսքան տեղն էլ գամ ու․․․-ինքն էլ իրենն է պնդում։ Ու աչքերն այդ պահին այնքա՛ն տխուր են թվում։

 

Հիմա երբեմն ինձ «չի հիշում»։ Մեկ-մեկ անտարբեր կարող է նայել, մի տեսակ զարմացած ու հարցական հայացքով՝ թե բա ո՞վ ես… Շատ դեպքերում սովորել եմ արդեն… Էն, որ հարմարվում ես, որ, հա՜, «օտար» ես արդեն, «առաջվանը չես» (չնայած որ ցավալի է), ու ՆԱ էլ կարող է մեկ-մեկ այն սպասողը չլինել, որ առաջ հազար անգամ ներսուդուրս էր անում. «Արփինեն ի՞նչ եղավ… Սոված-ծարավ… Բա հագա՞ծը՝ թեթև… Կհիվանդանա…»:

Մի բուռ բարություն՝ փոքրիկ հասակ, նիհարիկ մարմին, կնճռոտված դեմք, մշուշի միջից քեզ նայող հարազատ աչքեր… Չէ՛, էլի օտար չի նայում։ Գիտեմ, զգում եմ, որ այն պահերին, երբ հիշողությունն ինչ-որ մի պահ գալիս է, ջերմություն ու սեր է զգում… Ինձ նայելիս, ինձ հետ խոսելիս. «Արփինե՜, ո՞ւր էիր բա… Սովա՞ծ ես, հոգնա՞ծ ես…»:

Ծնունդն էր, զանգել էի՝ շնորհավորելու։ Չճանաչեց.

-Ո՞վ է, ո՞վ… Սուսա՞ն… Ա՞ստղ… Արփինե՛ն…

Վերջապե՛ս։ Ու մի տեսակ շունչ եմ քաշում անունս լսելիս.

-Արփինեն է, Արփի՜կ հորքուր, ծնո՜ւնդդ շնորհավոր…

Բայց մի քիչ հետո նորից է հարցնում.

-Ո՞վ է…

Ու այսպես խոսակցության ողջ ընթացքում։

-ԻՄ ԱՂՋԻԿԸ դեռ ինձ կզանգի…,-այսպես ասաց զրույցի վերջում։-ԻՄ ԱՂՋԻԿԸ դեռ ինձ կզանգի…

Ինձ նկատի ուներ…

Չգիտես ինչու, հանկարծ վախով մտածեցի, որ կգա մի օր, երբ երթուղայինը կանցնի Սարի թաղով, ու ես էլ չեմ ասի. «Կանգառո՜ւմ կկանգնեք»: Սարսափելի է գիտակցել, որ չեմ ունենա մեկին, ով ինձ այդչափ կսիրի ու կհասկանա: Հարազա՜տ տուն, Ի՜մ Երևան, վերադարձի ճամփա այլևս չեմ ունենա. «առիթ չի լինի». նա էլ չի լինի: Իսկ քանի դեռ ՆԱ ապրում է, ուղղակի շնորհակալ եմ կյանքից, որ ինքը ԿԱ։ Իսկ ԻՄ ԵՐԵՎԱՆԻՑ բոլորը չունեն։

 

Ընթերցել նաև