Հարցազրույց Հրատարակչություն Նորություններ Շարժառիթ մատենաշար

Արփինե Գալստյան․ «Հետդ եմ»․ լույս է տեսել հեղինակի անդրանիկ գիրքը

 

Իմ առաջին գիրքը՝ «Հետդ եմ»․․․

 

Երևանյան Էսքիզ հրատարակչությունը  «Շարժառիթ» մատենաշարով լույս է ընծայել Արփինե Գալստյանի «Հետդ եմ» անդրանիկ ծողովածուն։

 

Գրքի վերնագրի վրա շատ երկար եմ մտածել, մերթընդմերթ տարբեր խորագրեր էին գալիս մտքիս, բայց սրտովս չէին լինում, միայն գիրքն ավարտելուց հետո եմ կարողացել վերնագիր ընտրել, ընդ որում այդ վերնագիրը տեսել եմ երազումս (ինձ միշտ օգնում են երազներս), ու երբ որոշեցի գիրքը վերնագրել «Հետդ եմ», այն ավելի հոգեհարազատ դարձավ ինձ։ Կարծում եմ՝ վերնագիրը ջերմություն, սեր է իր մեջ պարունակում, վստահություն ու ապահովության զգացում կա այդ բառերի մեջ։

Գրքի վերնագիրը մարդու արտաքինի պես կարևոր է՝ տպավորություն ստեղծող։ Կարևոր է նաև, որ շաբլոն չէ, հիշվող է։ Գրքի վերնագրից հետո ծնվեց նաև նշանաբանը.«Թեկուզ կորցնեմ ամեն ինչ, ինձ հավերժ պիտի ունենամ։ Ես ունեմ ինձ ու մենք հաղթելու ենք։ ՀԵՏԴ ԵՄ։ ՉՀԱՆՁՆՎԵՍ»։

«Հետդ եմ» վերնագիրը չի ենթադրում այն գաղափարը, որ մտածենք, թե մեզ շատ օգնողներ կան կամ որևէ բան մեր փոխարեն ինչ-որ մեկը կարող է անել։ Ամբողջ գաղափարն այն է, որ մենք ենք մեզ օգնողը, մենք ենք մեզ առաջ տանողը, մենք ենք մեր պատմությունը ստեղծողն ու դրա գլխավոր հերոսը։ Մենք ենք մեզ ասողը՝ հետդ եմ, գնա՛, հասի՛ր, տե՛ս, վերցրու՛, հաղթի՛ր, ավարտի՛ր։

Գրքի նպատակը ընթերցողի միտքը հարստացնելն է, ցույց տալը, որ մարդիկ հավասար հնարավորություններ ունեն ու, որ արևը բոլորին է ջերմացնում։ Ուզում եմ մարդիկ սովորեն իրենք իրենց դաստիարակել ու օրինակ ծառայելով բոլորին՝ բացասականն արմատախիլ անեն։ Ուզում եմ արհեստական վախերով չապրենք ոչ մեկս, դրանք քայքայում են մեզ։ Եվ, վերջապես, ուզում եմ իմանանք, որ կյանքում կարևորը IQ-ն չի, որ ինտելեկտն ունի տարբեր բաժիններ, որոնք մեկը մյուսին լրացնելով միայն թույլ կտան լինել իսկապես ինտելեկտուալ անձ։

 

Մոտիվացիա․․․

 

Ինձ շատ են հարցնում՝ մոտիվացնելո՞ւ համար է գիրքը. մոտիվացնելու համար էլ է, սակայն նպատակն է օգնել յուրաքանչյուր ընթերցողի ստեղծել սեփական մոտիվացիան. անշուշտ,  դրանք տարբեր երևույթներ են։ Երբ մենք մոտիվացվելու տարբեր աղբյուրներ ենք գտնում, դրանք մի օր, միևնույնն է, ցամաքում են. ցանկացածիս նպատակը սեփական մոտիվացիայի աղբյուր ստեղծելն է, որից հավերժ բխելու է այն մոտիվացիան, որը մեզ համար անսպառ շարժիչ ուժ կարող է դառնալ։ Դրան հասնելու լավագույն միջոցը ներդաշնակության ձգտումն է։ Հերիք է միայն մի պահ ապրել ներդաշնակության մեջ ու դու հավերժ դրան կձգտես, որն էլ քեզ կտա մոտիվը՝ պատճառը, առիթը շարժվելու ու այլևս ոչ ոք չի կարողանա գցել կամ նվազեցնել քո մոտիվացիան, որովհետև այն քո մտքում է, քո մտածելակերպն է։

 

Ես ինձ գրող չեմ համարում․․․

 

Ես ինձ գրող չեմ համարում, համենայնդեպս ԴԵՌ։ Գրող դառնալու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներն ունեմ, բայց միանգամից ոչինչ չի լինում, ճանապարհ է պետք անցնել։ Այս գիրքը համարում եմ սեփական փորձի փոխանակում, մտքերս անմահացնելու և այն սերունդներին ժառանգելու պատասխանատու գործ։ Միանշանակ գրող դառնալու ցանկությունն ինձ համար նպատակային է ու այդ ճանապարհը գրագետ ձևով սկսելու քայլերն իմ կողմից արդեն արված են։ Միտք ունեմ տարբեր թեմաներով գրել, ես սիրում եմ իմ մտքերը, դրանց խորությունն ու փիլիսոփայությունը, իսկ ամենից շատ անկեղծությունը։ Կարծում եմ՝ գրողը նախևառաջ անկեղծ մարդ պիտի լինի, որ ընթերցողին գրքի միջոցով իր սիրտը տա։ Անկեղծությունն իմ բարեկամն ու թշնամին է միաժամանակ։ Բայց չէ՞ որ երբեմն թշնամին ավելի ուժեղ դաս է տալիս, քան բարեկամը։ Սա իմ առաջին գիրքն է ու ես սպասում եմ այնպես, ինչպես մայրն իր առաջնեկին։

 

 

«Հետդ եմ» գրքի շրջագայությունը․․․

 

Գրախանութներում գիրքս չի վաճառվելու, համենայնդեպս առայժմ։ Ո՞րն է դրա նպատակը։ Ես մեծ ցանկություն ունեմ, որ գիրքս գովազդվի և տարածվի ընթերցողների խոսքի միջոցով։ Այս պարագայում կարևոր չէ, որ մեծ քանակությամբ վաճառք լինի հենց սկզբից, վստահ եմ, որ խոսքի գովազդը մի քանի անգամ արդյունավետ կլինի։ Վաճառքով կզբաղվեմ անձամբ ես ու իմ գործընկեր հրատարակչությունը։ Բազմաթիվ հետաքրքիր մտքեր կան ընթերցողներիս հետ շփվելու և գրքի վաճառքն իրականացնելու մասին։ Գիրքը առաքվելու է անվճար ՀՀ տարածքում և մարզերում, արտերկիր նույնպես կուղևորվի։

 

 

Հաջողության հավատը․ մաքառումների ճանապարհ․․․

 

Ակնկալիքներով, առհասարակ, վաղուց չեմ ապրում կամ առաջնորդվում, ես ունեմ լիարժեք վստահություն գրքիս հաջողության վերաբերյալ։ Այն կարճ ժամկետում շատ հայտնի, սիրված ու պահանջված է դառնալու ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Ընդ որում տարբեր լեզուներով թարգմանվելու է։ Գիտեք, մի կարևոր բան կա, որ գիրքս առանձնացնելու է շատ գրքերից. մեկ անգամ կարդալով չի վերջանալու գրքի հանդեպ հետաքրքրասիրությունը, այն այնպիսի ֆորմատ ունի, որ մի քանի տասնյակ անգամ կարող է ընթերցվել միևնույն մարդու կողմից։ Ինքս մոտ 100 անգամ կարդացել եմ, եթե ոչ ավել ու այս պահին էլ անհամբեր սպասում եմ, որ հայտնվի ձեռքումս ու արդեն ընթերցողի աչքերով կարդամ և ինձ դուր եկած հատվածներն առանձնացնեմ։ Միանշանակ, տարբեր կարծիքներ կձևավորվեն գրքիս մասին, բոլոր կարծիքներն էլ հանգիստ կընդունեմ։ Ես գիտեմ՝ ինչ եմ գրել ու ինչու։

Պատահական չէ թեմաների ընտրությունն ու հերթականությունը։ Մեկը մյուսին շարունակելով՝ լրացնում են միմյանց։ Երբ մարդը որոշում է կայացնում հաջողության հասնել, իսկ դա ամենադժվար որոշումներից է, նա պետք է պատկերացնի՝ ի՞նչ է իրեն անհրաժեշտ այդ հաջողության աստիճանները բարձրանալու և այնտեղից չգլորվելու համար։ Այս երեք թեման ինքնաբացահայտման ու ինքնաճանաչողության ուղին են, որ կարող են ցանկացածին լիարժեքության հասցնել։ Մտքի հարստացման ու դրա անսահմանության մոտիվացիան հենց այս երեք թեմաներով ուղղորդվելով հնարավոր է ձեռք բերել ու այլևս չկորցնել։ Արդիական ու այս օրերի բացասականը մեղմելու համար հրաշալի միջոց են երեք թեման էլ։ Այս տարի դրականի կարիքն ունենք բոլորս ու շատ մեծ չափաբաժնով։

ինձ համար հաջողությունը դրան հասնելու որոշում կայացնելն է, կարևոր չէ՝ ինչպես, եթե այն չի անցնում խղճի, բարոյականի ու պատվի սահմանները։ Հաջողությունը սահմանում չունի, սահմաններ՝ ևս։ Շատերը տրտնջում են անհաջողություններից, ու հանձնվելով՝ իրենց անհաջողակ են հայտարարում, այնինչ բազմաթիվ անհաջողությունները դեպի հաջողություն տանող միակ ճանապարհն է։ Անհաջողությունները հաջողության դպրոցում կարճ դասամիջոցներն են, որոնց ընթացքում հնարավոր է շատ բան հասցնել ու շատ բան սովորել։ Անհաջողակներ չկան, կան ոչ համբերատարներ, ինչպես ասում է գործընկերներիցս մեկը։ Հաջողության իմ բանաձևը համառությունն է․ դու պետք է վստահ լինես՝ ինչ ես ուզում, ու որ դա քեզ պետք է։ Համառորեն ուզել ու հավատալ քո հաջողությանը, քո հաղթանակին, որ դա քեզ պետք է, գտնել դրան հասնելու բոլոր տարբերակները, թեկուզ բախվելով բոլոր չաշխատող տարբերակներին։

 

Հաղթանակը․․․

 

Կյանքիս նպատակն է լիարժեքության ամենադժվար ուղին հաղթահարել, հասնել ներդաշնակության, ճանապարհորդել ամբողջ աշխարհով, ճանաչված լինել իմ գործերով և անհայտ թողնել իմ կատարած բարեգործությունները ողջ աշխարհում։Մոտ երեսուն տարի է, որ ես նավավարում եմ իմ կյանքի ծովում։ Այն եղել է և՛ հանգիստ, և՛ փոթորկուն, և՛ վախեցնող, և՛ անկանխատեսելի, և՛ մռայլ, և՛ պարզ․․․
Նավավարման իմ նպատակը հաղթանակներիս ալիքներով ծածկվելն ու դրանցով թրջվելն է եղել, բայց շատ անգամ եմ վախեցել դրանց մեծությունից ու ալիքները խաղաղվել են․․․ Հիմա պատրաստ եմ ու հեռվում տեսնում եմ ահռելի ալիքներ՝ դեպի ինձ եկող, փոխհատուցող հաղթանակի ալիքներ, որոնք այնքան ուրիշ են, որ պիտի լինի մի նոր Այվազովսկի, որը կնկարի ի՛մ հաղթանակի 9-րդ ալիքը։

 

Գիրքը, որ դեռ կգրեմ․․․

 

Միանշանակ, պատրաստվում եմ շատ գրքեր գրել։ Երազանքս է իմ կյանքի պատմության հիման վրա գիրք գրել։ Զարմանալի է, բայց այդ դեպքում մինչ գիրքը ծնվի, վերնագիրը գիտեմ (բայց դեռ չեմ ասի)։ Սիրո մասին էլ անպայման գրելու եմ։ Շատ պլաններ ունեմ։ Աստված թող առաջնորդի ինձ։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

Ընթերցել նաև