Արձակ Կենսագրություն Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հուշագրություն

«Արցախ գնալուս հենց առաջին օրն ինձ կրակել է սովորեցրել Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը»․ Ենթասպա Աղավնի Սահակյանի պատերազմական հուշերը

Արայիկ Խանդոյանը և Աղանվի Սահակյանը
մարտի դաշտում

 

Երբ սկսվեց արցախյան շարժումը, աշխատում էի «Նաիրիտ» գործարանում: Ինչպես շատ գործարաններում, մեր մոտ եւս օգնություն էինք հավաքում Արցախի համար: Բերդաձորին պետք է օգնեինք՝ երբ դրամն ու օգնությունը տարանք օդանավակայան, որ ուղարկենք Արցախ, տեսա, որ ուղղաթիռի մեջ ազատ տեղ կա:

Ասացի՝ հենց այս պահին պատրաստ եմ ես էլ մեկնել այնտեղ, բայց մերժեցին՝ պատճառաբանելով, թե կցուցակագրեն ու անհրաժեշտության դեպքում կկանչեն:
Իհարկե, չհավատացի, բայց երբ տեսա, որ հավաքված իրերը շատ են, մտածեցի, ավելի լավ է տեղ չզբաղեցնեմ, իրերն այդ պահին ավելի կարեւոր են:

Որոշ ժամանակ անց գնացի «Արցախ կոմիտե»-ի շենք ու ասացի, որ այնտեղից դուրս չեմ գա, մինչեւ ինձ Արցախ չուղարկեն:

1992 թվականի ապրիլի 3-ն էր, ես գնացի պատերազմ: Նույն օրն ինձ տարան «26-ի» դիրքեր, որոնք Շուշիի դիմաց էին գտնվում՝ Շուշիի ու Ստեփանակերտի մեջտեղը: Որպես կամավոր ներկայացա Արկադի Տեր-Թադեւոսյանին:

*

44 տարեկան էի, երբ գնացի պատերազմ: Ընտանիքս վատ չէր կարող ընդունել պատերազմ գնալու որոշումս, որովհետեւ գիտեր, որ հասուն մարդ եմ ու, եթե ինչ-որ բան ասում եմ, ուրեմն պատրաստ եմ: Վստահ եմ, եթե ծնողներս ողջ լինեին, իրենք էլ կգային ինձ հետ:

Ծնողներս գաղթականներ են եղել, մեծացել են Գյումրիի մանկատանը, նրանցից շատ բան էի լսել կորցրած հայրենիքի ու թուրքերի մասին:

*

Պատերազմի ավարտից հետո էլ Արցախը չեմ լքել, շարունակել եմ ծառայել Մարտակերտի գնդում՝ որպես բուժակ: Երբ զոհվեցին իմ ընկերները՝ «26-ի» հրամանատար Յուրի Հովհաննիսյանն ու Կարինե Գեւորգյանը, Եռաբլուրում նրանց շիրիմի մոտ երդում տվեցի, որ պատերազմից հետո 10 տարի շարունակելու եմ նրանց գործը:

Զինադադարից հետո 10 տարի ծառայեցի Մարտակերտի գնդում, արդեն թոշակի պետք է անցնեի, բայց չլքեցի բանակը, քանի որ երդմանս ժամկետը չէր լրացել:

 

Արայիկ Խանդոյանը, Աղավնի Սահակյանը,
Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ Սասուն Միքայելյանը՝
Յուրի Հովհաննիսյանի նկարով

*

Պատերազմում կնոջ ներկայությունը կարեւոր է, բայց ամենից առաջ կարեւոր է մարդ ու հայ լինելը: Հայրենիքը միայն տղամարդունը չէ. կանայք էլ են օգտվում հայրենիքի բարիքներից, ուրեմն մենք էլ պետք է պաշտպանենք մեր հայրենի հողն ու ջուրը:

Միշտ ասում էին՝ «իզուր չէ անունդ Աղավնի. եկար ու խաղաղություն բերեցիր», ասում էի՝ անունս կապ չունի՝ ես եկել եմ հաղթելու, հետո հաղթանակած խաղաղություն ունենալու համար:

Իհարկե, շատ շնորհակալ եմ իմ հայրիկից, որ ինձ Աղավնի անվամբ է կնքել, բայց երբ անհրաժեշտությունը կա, աղավնիները պետք է արծիվ դառնան, հատկապես՝ պատերազմի դաշտում: Ես այն բուժքույրերից եմ եղել, որ միշտ կռվող զինվորի հետ մարտի դաշտում եմ եղել:

*

Շրջապատն ինքին ինտեգրում է քեզ իր միջավայրում: Թուրքի ապրանքից օգտվելու բարդույթ ունեի. երբ տարածք էինք ազատագրում ու ավար էր մնում, բնական է, որ բոլորն օգտվում էին նրանց սննդից, բայց ես, որքան էլ քաղցած լինեի, ոչինչ չէի ուտում: Իհարկե, օգտվողներին երբեք չեմ մեղադրել, բայց մինչեւ հիմա էլ թուրքական արտադրության ոչինչ չեմ գնում կամ օգտագործում:

*

Ես ու իմ ընկերները նման Հայաստանի մասին չենք երազել, մենք ազատ ու անկախ՝ միացյալ Հայաստանի համար ենք կռվել: Մենք այսպես երկիր ենք կորցնում՝ կեղծ մտավորականներ, իշխանավորներ… Մեր հողի ուժն է մեզ շնորհ տալիս, մեզ մարդ ու արվեստագետ դարձնում, երբեք չպետք է մոռանաք դա:

Արժանապատվությունից բարձր ու վեհ բան չկա այս կյանքում, տաշտակը, որից սնվում են շատ դավաճաններ, անվերջ լի չի լինելու: Պետք չէ անտեսել մայր հողի ուժն ու կարեւորությունը՝ այն դիտելով միայն սանտիմետրերով ու ռազմավարական նշանակության հանգամանքով: Ժողովուրդը պետք է ուշքի գա, այսքան տարի հաղթել ենք ու պահել մեր հողը, հիմա իրավունք չունենք դրա հետ անզգույշ վարվել:

*

Պատերազմն ինձ հաղթանակ տվեց՝ հայրենիքի ազատագրում: Դա մի վեհ զգացողություն է, որ ոչ ոք չի կարող վերցնել մեզանից: Այն մնայուն արժեք է, որ դաջվում է հոգուդ ու սրտիդ մեջ ու որեւէ բանով դրա առկայությունն ապացուցելու կարիք չկա:

*

Նախորդ տարվա հունվարին՝ Բերձորի դեպքերից հետո, երբ իմ շատ հերոս ընկերներին՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, նման անբարո ձեւով ընդունեցին, ես մամուլի ասուլիս հրավիրեցի ու հետ հանձնեցի իմ մարտական պարգեւները, որոնք միշտ հաճույքով եմ կրել: Այդ դեպքից հետո, երբ շատ ավելի արժանի շքանշանակիր հերոսների հանդեպ նման վերաբերմունք տեսա, այդ պարգեւներն իմ աչքին արժեզուրկ դարձան:

 

Աղավնի Սահակյանը եւ լուսանկարիչ
Զավեն Խաչիկյանը

*

Զինվորական համազգեստս միշտ շատ եմ սիրել: Ինձ թույլ էի տալիս այն կրել միայն տոնական օրերին ու հատուկ միջոցառումների ժամանակ, որը միշտ զարդարված էր լինում իմ պարգեւներով: Հիմա համազգեստս չեմ կրում՝ առիթը չկա:

Համազգեստին վայել եմ ինձ միշտ պահել: Շատերն, այդ թվում՝ կին ոստիկանները, այսօր համազգեստ են կրում, բայց չեն գիտակցում դրա պատիվն ու տված պարտավորությունը:

*

Հրաշալի ընկերներ եմ ունեցել: Արցախ գնալուս հենց առաջին օրն ինձ կրակել է սովորեցրել Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը: Առաջին փամփուշտը Շուշիի ուղղությամբ եմ կրակել, այդ ժամանակ Շուշին դեռ ազատագրված չէր:

Պատերազմն ինձ ազնիվ ընկերներ տվեց, ովքեր պայքարեցին ու դեռ պայքարում են իրենց հողի համար:

Մինչ Շուշիի ազատագրումը՝ ապրիլի 29-ին, շատ մեծ մարտ եղավ, Արայիկը հիվանդ էր, ուղարկել էին թիկունք: Չեմ հիշում՝ դիրքում ինչ էի անում, շրջվեցի՝ տեսնեմ կողքս կանգնած է: Ասաց՝ «Բա ուզո՞ւմ էիք մենակ կռվի գնայիք»:

Արայիկի հետ շատ մտերիմ էինք: Նա յուրահատուկ մարդ է, ինքը կռիվն էր գտնում, կռիվը՝ իրեն: Ամեն ինչի ելքն ինքնուրույն գտնում էր, դրա համար էլ Միայնակ գայլ էին դրել անունը: Ինձ շատ էր խնայում, գնում էր կռվի գալիս, ասում՝
«Քուր, գիտես գնացել էի էստեղ», ասում էի՝ անպետք երեխա, բա ինձ ի՞նչի չես ասել: Արայիկը 19 տարեկան էր, որ եկել էր պատերազմ… դուք նրա խոսքն ու գործը տեսեք ու էն մարդկանց, ովքեր հիմա որոշում են նրա ճակատագիրն ու նրան «ահաբեկիչ» անվանում:

Անգամ այն ազատամարտիկները, ովքեր տեսել են մեր տղաների նրանց հերոսությունը, հիմա ուրանում են: Ցավալի է, որ Հայաստանը շատերի համար բարիքի անսպառ աղբյուր է դարձել, որն օգտագործում են միայն իրենց օգտին:

*

Պատերազմը խլեց իմ լավ ընկերներին. նրանցից շատերն այսօր ֆիզիկապես ինձ հետ չեն: Հիմա էլ, ցանկացած իրավիճակում, զուգահեռ եմ անցկացնում անցյալի հետ ու մտածում՝ որ դեպքում ինչպես կվարվեին իմ ընկերները, ինչպես կգնահատեին իմ այս կամ այն քայլը: Մեր բոլոր զոհերի առջեւ ինձ հաշվետու եմ համարում, որովհետեւ այդ մարդիկ լուսավոր Հայաստանի համար են իրենց կյանքը տվել

Պատերազմի ժամանակ մարդիկ ամեն մի լավ նպատակ կապում էին Շուշիի հետ: Շուշիի ազատագրումն իսկապես բեկումնային հաղթանակ էր մեզ համար: Մեր՝ «26-ի» ջոկատը, Քյոսալարի կողմից մասնակցել է այդ գործողությանը, բայց ինձ համար Շուշիի ազատագրման իմաստն ավելի ազդեցիկ դարձավ, երբ շոշափեցի Ղազանչեցոց եկեղեցու պատերը՝ համոզվելու համար՝ իրո՞ք իրականություն է…

Շուշիի ազատագրումից հետո Արայիկ Խանդոյանի ու Շահումյանից 14 ամյա մի տղայի՝ Արսենի հետ, երեք օր այծիկների նման ուրախությունից վազում էինք այդ սարերի վրայով: Յուրահատուկ տոն էր. Շուշին ազատ էր, մերն էր ու այնտեղից մեր վրա կրակող չկար:

*

Ապրիլյան պատերազմի ժամանակ ցուցակագրվել էի Արկադի Տեր-Թադեւոսյանի մոտ, բայց մեզ չուղարկեցին Արցախ: Արցախում ինձ շատ լավ եմ զգում, այնտեղ հիանալի ընկերներ ունեմ, հիշողություններ իմ մարտական ընկերներից…

*

Գոհ եմ նրանից, որ ծանր վիրավոր ու զոհ ունենալն ինձ համար սովորական չդարձավ: Երբեք չեղավ, որ այդքան շատ վիրավոր ու կորուստ տեսնելն ինձ կարծրացներ, ինձ համար միեւնույն լիներ: Ո՛չ ծանրը, ո՛չ էլ թեթեւ դեպք ինձ համար սովորական չի եղել:

 

Արայիկ Խանդոյանը եւ Աղավնի Սահակյանը

 

Հատկապես մի դեպք է վրաս շատ ազդել: Ծանր մարտեր էին, ձորից վիրավոր հանեցինք՝ սրտի շրջանի եւ գլխի վերքեր ուներ: Բուժօգնություն էի ցույց տալիս՝ գիտակցելով, որ կյանքը փրկելու շատ փոքր հավանականություն կա:
Մի տղա եկել, ընկել էր նրա վրա, ամուր փաթաթվել ու լացելով «վայ-վայ» էր բղավում: Մի քանի անգամ խնդրեցի, որ հեռացնեն այդ տղային. ես վիրակապում էի, սրսկում,
նա խանգարում էր… Կարճ ժամանակ անց վիրավորը մահացավ: Մյուսը կրկին մոտ եկավ, ընկավ վրան ու սկսեց «ախպե՜րս» բղավելով լացել: Իմացա, որ որ նրանք եղբայրներ էին, երկար ժամանակ, ես էլ, մղկտալով լաց էի լինում ու մեղավոր զգում,
որ ասել էի հեռու տանեն նրան եղբորից…

*

Մի անգամ էլ ես եմ վիրավորվել. 1992-ին էր: Ալի Աղալիի մարտերն էին: Շատ վիրավորներ ունենք: Նրանից մեկին դուրս էի բերում մարտի դաշտից, երբ ես էլ վիրավորվեցի՝ թիկունքից ու թեւից: Ինձ Ստեփանակերտի հոսպիտալ տարան, բայց մի քանի օր անց հրամանատարս ու Ամարասի Արթուրը եկան, հոսպիտալից ինձ առաջնագիծ տարան: Եղբայրս, իմանալով որ վիրավորվել եմ, եկել էր, որ ինձ տուն տանի, բայց չգնացի: Կոմանդոսին էլ խնդրեցի, որ թույլ չտա ինձ տանեն:

Թեւիս բեկորը դեռ չենք հեռացրել:

*

Մարտի դաշտում կինը մեծ դեր ունի: Նա շատ հարցերում զսպում է տղամարդկանց, իր ներկայությամբ նրանց ճշգրիտ ու զուսպ պահել սովորեցնում: Շատ դեպքերում, երբ թուրքին հայհոյում էին ու տեսնում, որ իրենց կողքին կանգնած եմ, կիսատ էին թողնում խոսքն ու ներողություն խնդրում: Կային նաեւ աղջիկներ, որոնք իրենք էին հայհոյում, ինչը երբեք ընդունելի չի եղել իմ համար:

 

Լուսանկարը` Ա. Սահակյանի արխիվից

*

Կնոջ կոկիկությունը, ուշադրությունն ու հոգատարությունը շատ բան էր փոխում տղաների մեջ: Դեմ եմ, երբ ասում, են թե պատերազմը կոպտացնում է: Ընդհակառակը, այդքան վիշտ տեսնելուց հետո, այդքան զոհ ու վիրավոր ունենալուց հետո ավելի ես փափկում, իսկ երբ տեսնում ես, որ քո բուժած մարդը ոտքի է կանգնում ու կռվի դաշտ մտնում, ավելի հուզառատ ես դառնում:

*

Մի շատ լավ նկարիչ ունեինք՝ Արշակը, Մարսելից էր եկել: Երբ առաջին անգամ եկել էի «26-ի» դիրքեր, տղաներն ասել էին, որ իրենց բուժքույրը ֆրանսերեն գիտի ու Արշակին բերել մեզ մոտ: Նրա հետ ֆրանսերեն էինք խոսում, տղաներն էլ ինձ նախատում էին, թե՝ «մինչ այդ մեզ վրա զայրանում էիր, որ գրագետ հայրենով չենք խոսում կամ օտար բառեր ենք օգտագործում, հիմա ինչո՞ւ ես ֆրանսերեն խոսում»:

Արշակը մարտի դաշտում կենդանի կադրեր էր ֆիքսում: Ինձ էլ շատ էր նկարում:

*

Պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում, բայց վստահ եմ, եթե այն չլիներ, իմ հայ լինելը չէր տուժելու. ես էլի նույն հայրենասերը, իմ հողը, լեզուն ու մշակույթը սիրող մարդն էի լինելու:

Համալսարանն ավարտելուց հետո դպրոցներում եմ աշխատել՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ, հետո՝ «Նաիրիտ» գործարանի գրադարանի վարիչն էի: Այնտեղ գործի էի անցել, երբ շարժումը սկսվեց, սկսվեցին գործադուլները: Դրանից հետո աշխատեցի նաեւ կրթության նախարարության ծրագրամեթոդական բաժնում, որտեղից էլ գնացի պատերազմ:

Երբեք չեմ ափսոսել արածիս համար: Անխոս, հիմա էլ նույնը կանեի ու նորից մարտի դաշտ կգնայի: Հայրենիքն ամենակարեւոր բանն է, այն միակն է, որը փոխել հնարավոր չէ, որի համար պետք է կյանքդ տալ… Ոնց, որ իմ ընկեր Ժիրայր Սեֆիլյանն է ասում, «մինչեւ քո մեծ տան համար զոհողություն չանես, քո փոքր տունը պաշտպանելն իզուր է»:

*

Ես հերոս չեմ: Սովորական հայուհի եմ, ով կատարել է իր պարտքն իր հայրենիքի հանդեպ: Դրա դիմաց երբեք որեւէ մեկից ոչինչ չեմ պահանջել, քանի որ ինձ ոչ ոք չի դրդել այդ քայլին. գիտակցաբար գնացել եմ հայրենիքս պաշտպանելու:

 

Աղավնի Սահակյանը մարտական ընկերների հետ

 

Աղավնի Սահակյանը

 

Պարգեւներս վերադարձնելուց էլ եմ ասել՝ տվել եք, լավ եք արել, բայց եթե այդ պարգեւ տվողը դրա արժեքը չի գնահատում, ու ինձնից շատ ավելի մեծ լումա ունեցող հերոսին նվաստացնում է, ինչի համար ես պետք է կրեմ այդ պարգեւը: Ում համար շքանշանն է կարեւոր, թող մտածի դրա մասին: Իմ համար ամենակարեւոր շքանշանն ու արժեքն Արցախի ազատագրումն է, մեր հաղթանակը, իմ համար ամենամեծ արժեքն այս տղաներն են՝ իմ ընկեր Ժիրայրը, «Սասնա Ծռերը», որ հանուն հայրենիքի ներքին պայքարի են դուրս եկել, ինչն ավելի դժվար ու ծանր գործ է, քանի սահմանին կանգնելն ու հակառակորդի հետ կռվելը:

 

 

Աղբյուրը՝ Mediamax.am
Զրուցեց Սիրանուշ Եղիազարյանը
Լուսանկարները՝ Աղավնի Սահակյանի անձնական արխիվից եւ Մեդիամաքսի

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև