Հարցազրույց Հոգևոր զրույց Մշակույթ

Արտակ Բարսեղյան․ «Աշխարհի գենը լրացնող ամենաբացառիկ ստեղծագործությունը մարդն է»․ հոգևոր զրույց

Բառ որ միշտ ցավեցրել ու լցրել է ինձ, սպառվելու ժամանակ ապտակել ու նորից կանգնեցրել մեկնարկի՝ ՆԵՐԴՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ։ Կռվարար բնազդս  երես տալով ամեն անգամ, ստիպում է ներկայիս հետ հաշվի նստել ու քննարկել տեսլականը, որ երեկ էր ու պիտի դառնա վաղը, իսկ այսօր միայն գտնել այդ սերը, որ իսպառ ցնդել է մեր ներսից, սրանք այն շիվերն են, որ ծնում է հենց գեղեցիկի, մաքուրի, պարզի, տեսակի ներդաշնակը։ Գիշերը հոգիդ անզուսպ ցանկություններիցդ  խռով  չի մտնի անկողին, որտեղ բանականությունը զուտ կեղևի դեր չի ունենա։

 Շատ անգամ վախեցել եմ, որ ստեղծած գույները անհամապատասխան կլինեն իմ ծնած պատկերներին, այն բնությանը,որ ինձ հետ նստած երկխոսությոան ժամանակ լռում է, իսկ ես գողանում եմ իրական կատարյալը, որպեսզի հարստացնեմ  սովորական թուղթը կամ կտավը,  հաճոյանալով ուրիշների ծափահարություններին, որն այս դեպքում երբեմն զուտ կորզելու նախապայման կթվա։ Վախեցել եմ,որ իմ խզբզանքով կվիրավորեմ  հենց են բնությանը, մտածելով, որ ոչինչ էլ չի ստացվի, որն արփի է, մի երակ, որտեղ սնում են իմ և ինձ պես մտածողներին։

 Ինձ լրացնող, բացերս փրկող  իրավիճակ է ներկապնակը ու հասարակ տախտակի կառուցումից դուրս մի հսկայական կտակարան, կարող է ոչինչ չանեմ, տրամադրվեմ, պատրաստվեմ, դիմանամ, համբերություն աղերսեմ արարման համար և մի պահ դադարեմ, ինչպես անպետք մի տեսակ ու գրկեմ թևերով ստեղծած կիսատը։ Ես անգամ չեմ կարող պատկերացնել ինձ, իմ գրասեղանը կամ արվեստանոցը, որտեղ կծկված ամեն սափորի մեջ խիտ-խիտ ցցված վրձինները իմ ներկան բացակա կդնեն։ Յուրաքանչյուր գույն իր տերը ունի, յուրաքանրյուր տեր իր վաստակը, իսկ անտեր գործերը արդեն քանի տարի նույն փոշոտ վերմակի շերտով շարունակում են փնտրել իրենց սպասող դատարկ պատերը։

Անսահման շատ, անբացատրելի լեզվով միշտ ատել եմ չափազանց լռությունը, միշտ վախեցել եմ կուրացնող օդի մեջ կանգնած այդ արտասովոր երևույթից, իրապես կարոտ եմ հանգստին, բայց իմ հանգիստը հարաբերական իմ գույների և իմ սիրած աշխատանքի մեջ է, որպես սկզբնաբառ, որպես մեկնարկ լռում եմ,բայց այդ լռությունը խոսուն է ներքուստ։ Լռում եմ որովհետև, ինքս ինձ փորձում եմ հասկանալ, ամենակարևորը փորձում եմ ինձ լսել, որպեսզի հետո ասելիքս շատախոսություն ու ավելորդ, անտեղի, անպետք չլինի, որ կարողանամ իմ հանդիսատեսին առանց տողատակերի հասու դարձնել այն ինչ կարողանում եմ ստեղծել, չեմ սիրում վերացական գործելավոճը, սին ասելիքները, որոնք անձիդ հետ բացարձակապես կապ  չունեն։

Մանկուց սիրել եմ այս արտահայտման պատմելու ձևաչափը, սա ուրիշ նամակագրություն է, ուրիշ բացիկ, պատմելու այլ աշխարհի զգացածը, ապրածն ու պոռթկումները, մեկ բառով՝ Ներշնչանք։  Եթե խոսենք նմանություններից, դրանք տարբեր էլ չեն, նման  կոնտրաստների մասին խոսելուց անգամ զգույշ պիտի լինես՝ ավելորդ ոչ մի շտրիխ կիրառելու համար։ Առհասարակ ստեղծման համար ես ագահ եմ, շատ ժամանակ անկուշտ եմ, թեկուզ կատարելության հասցրած ստեղծածը, միշտ ինչ-որ կիսատ բան մնում է։ Երաժշտության առումով, ինչպես իմ կտավներում, այնպես էլ երգի մեջ գերադասում եմ պարզ ու զգացմունքային, եթերային էսքիզները, թեկուզ երբեմն թախիծը, գերակշռում է և դրաման, չափազանց հուզում է հանդիսատեսին , բայց այդպես ավելի շոշոփելի է, ավելի սնուցող, ու բացի սառը բանականությունից, խոցում է հոգու ներշնչանքը և դատելու հնարավորություն տալիս։

Կարող է զարմանալի թվալ, բայց բազմաթիվ կիսատ աշխատանքները մերթընդմերթ են տեսնում վրձնիս շոյանքը, դա այն բանի ապացույցն է, որ միաժամանակ զբաղվում եմ այլ աշխատանքներով և հետաքրքիր պատմությունները հենց այդ կիսատների անտրակտում է ծնվում, և ինձ ամենաոգևորողները, ուժ տվողները այդ  գործերն են, դրանք են ստիպում ստեղծել նորը՝ իրենց վրա վերցնելով այն համբերությունը, որը դեռ երկար ժամանակ չէր բացակայել իրենց շրջանակներից։ Տարօրինակ զգացողություն է, այլ իրավիճակ, այլ խոսք և ընդհանրապես ուրիշ ներշնչանք, երբ սեղանին դրված են դաշտային ծաղիկները, որոնց այլ ստեղծագործությունների հետ դավաճանել անհնար է։

Մեր օրերում ինձ լրացնող գույները այն երեխաներն են, որոնց կրթում եմ, փորձում եմ իմ կիսատությունը նրանցով լրացնել, չեմ ափսոսում ամենակարևորի համար՝ ժամանակի, որը նվիրում եմ իրենց, մեծ սեր կա այդ ամենի տակ, գույների, խեցեգործության, ձևերի, մտքի ու իրենցից սովորելու անդադար հարցերը, որ բացահայտում է դառնում իմ վաղվա օրվա համար։

Երևանյան աղմուկներում ես փնտրում եմ լռելու, հանդուրժելու կարողությունը, ինձ թվում է լեզու ունենար քաղաքս՝ մի լավ բոլորիս կհայհոյեր, շքամուտքներում թափվող մաղձը կուրացրել է մայթերը, այսքան գեղեցիկ ու ներդաշնակ կյանքը սկսել է հանդուրժել մի տեսակլի, որը անռիթմ եռուզեռ է առաջացրել թևանցուկ զբոսանքին, մայթեզրին ցցված լամպերը համաձայնվել են լուսավորել մեր ճեմող քմահաճույքները միայն այն բանի համար, որ մեր ցնդելուն պես պիտի գրկեն թևածող փողոցների լռությունը ու գիշերվա հետ բանավեճի բռնվեն։ Սիրում եմ կյանքը, սիրում եմ այն ամենը, ինչ կա իմ կյանքում, բայց ամենից շատ սիրում եմ այդ կյանքը պահողներին, փրկողներին ու դատապարտողներին, որոնց մեջ ես գտնում եմ իմ ռիթմը, իմ տեսլականերն ու հայացքները, որոնք երբեք չեն խախտի հավատարիմներիս ներդաշնակ լռությունը։

Կյանքում ստեղծված ամենաբացառիկ ու անքննելի ստեղծագործություններից մարդն է իր գույնով, հոտով, հենց այն որակը, այն վերացող տեսակը, որ ամեն գույնի մեջ լրացնում է աշխարհի գենը։ Ինչ խոսք, քնքշանք ես ապրում միայն կին ասելիս, կնոջ մասին մտածելուց։ Շատ դեպքերում կարծում եմ տղամարդու օծանելիքն է կինը, որ բնության մեջ երբեք չի խանգարել ոչ մի ծաղկի հոտի, գարնան մեկնարկն է կինը, այն զարկերակը, որ արարման հույս է ներշնչում տղամարդուն, հավատի, սպասելիքների, գնահատանքի կիզակետն է կինը։ Ես երբեք չեմ կարողացել տողերով բացատրել և հիմա նույնպես անկարող եմ նկարագրել զգացողություններս․ փշաքաղվելու աստիճան ապրեցնող է կինը, աշխարհի սիրտն է կինը․․․

Մեզ պակասում է ինչ-որ կիրք․․․ Մենք շատ անգամ  շփոթում ենք մի հասարակ վերաբերմունք, մենք առհասարակ այսօրվա ցանկությունները բնազդի վերածված խառնում ենք իրական պոռթկուների, ցասման հետ, այսօր միայն կարող ես լսել մի հասարակ արտահայտություն, որը, ցավոք, բուտիկների մակարդակ է պարունակում․

” ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ” — ռեժիմ, կարգ ու հերթականություն պարունակող օրակարգդ լրացնող կարգախոս, պարտադիր չէ գիտակցել դրա արժեքը, մտնել դրա ծանրության տակ ու պատասխանատվություն կրել, թերևս հարաբերական է ասածս նաև, բայց առաջին մասում ավելի հանդիպող, նուրբ հարց է իրական կրքին տիրապետելը, դա ապրվելու, կյանքը ամբողջապես զգալու, վաղը նորից շարունակելու ու ամբողջ կյանք այդպես փշաքաղված սպասելու մեջ է, հաճելի զգացողություն է կիրքը, մեռած բջիջը վերածնելու հատկություն ունի։ բայց լավ հիշեք միշտ պիտի պահել այդ տենդը, այլապես կվերածվի հետևյալին՝

“Գնալով ավելի քիչ է ոսկին իմ բռի մեջ, մինչ զգեստիս կեղծ զարդերն են շատանում”․․․

Ես օրերից մեկ օր կհանդիպեմ Աստծո հետ, դրանում կասկած չկա, չկա նաև անհերքելի և կամայական որոշում՝ մեղսավոր եմ, թե անմեղ։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ ամենափառահեղ և մկրտված շնորհակալությունս ծնողներիս համար կլինեն, նրանք իմ արվեստի գլուխգործոցներն են, ամենաբացառիկ ու իրական արվեստը։ Շնորհակալ եմ իմ բաժնի համար, իմ պատառի, այն կյանքի, որ կնքեցին իմ բարուրում․․․

Ամենասիրելի գիրքը՝ “Դարի երգիչը”՝  Շառլ Ազնավուր։ Անգամ այս առումով եմ անկուշտ, մի քանի գրքերի էջանշաններ սպասում են հասնել վերջնակետին։ Սիրելի գրքեր՝ դա հարաբերական է իմ ապրելակերպի մեջ, որովհետև շատ են, հոգեհարազատը Ռեմարկի “Հաղթական Կամար”, Վարդգես Պետրոսյանի “Ապրած և չապրած տարներ” գործերն են,  Հեմինգուեյի ստեղծած գրականությունը։ Ընթացքային են Վարդեգես Պետրոսյանի “Կրակե շապիկ”, Կաֆկայի “Դղյակը”, Շառլ Բոդլեռի “Չարի ծաղիկներ”, Շառլոթ Բրոնթեի “Ջեյն էյր”   և այլ գործեր։

Ուզում եմ սիրենք իրար, ուզում եմ որ ներդաշնակ լինենք մեր ներաշխարհի հետ, այլ ոչ թե շպարը լրացնող զարդի հետ, պճնանքին զոհ չգնանք՝ հաճոյանալով վայրկյանը, հիշենք, որ մարդկանց չեն ընտրում միայն այն բանի համար, որ պատկանելիությունը աղոթքից վեր է դասվում, այլ ընդունենք նրանց այնպիսին, ինչպիսին արարել է Տերը, գնահատենք այն ամենը, ինչ ունենք, գնահատենք չեղածը, եթե առկա է, ներկան արհամարհելը անեծք է անցյալին և քամահրանք վաղվա օրվան․․․ Կյանքը այն արվեստն է, որտեղ բոլորը թողնում են իրենց գիծը, բարոյական կամ չմոռացվող բիծը․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝  Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի

© Երևան 2019

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև