Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Վիպակ ֆանտաստիկա

Արսեն Ամատունի․ «Երևան 2084»․ ֆանտաստիկ վիպակ

 

Մաս 1

Անահիտ

 

Առավոտյան Անահիտն արթնացավ ազանի ձայնից։ Չնայած արդեն սովորական է դարձել այս ձայնը , մեկ է, ինչ-որ բան նրա ներսում չէր ընդունում մոլլայի ողբանվագ երգը։

Ինչևէ, այսօր նա շատ անելիքներ ունի, պետք է վեր կենալ, դպրոցում նա պետք է մասնակցի «Սեր եւ միություն» բեմադրությանը։   

Մտնելով խոհանոց, Անահիտը տեսավ տատիկին՝ իր սիրելի աթոռին նստած ինչ-որ բան նայելիս։

— Տա՛տ, այդ ի՞նչ ես նայում։

— Պապիկիդ նկարները, ջանս։

— Դու երբեք նրա մասին չես պատմում, իսկ հայրիկն ասում է, թե նա վատ մարդ է եղել, «ԼԵՌ»-ի անդամ, տեռորիստ։

— Դու հորդ քիչ լսիր, նա ոչինչ չի հասկանում։

— Լաաավ — ասաց Անահիտը — դու կգաս բեմադրությա՞նը, հայրիկն էլ է լինելու։  

— Նուրի բեյի հավեսը չունեմ..

— էէէէէ տատիկ, ինչ է արել քեզ նա, հայրիկին աշխատանք է տվել, մեզ շատ է սիրում։

— Հա սիրում ա, շաատ…

— Լավ ես թռա տատ, սիրում եմ։

Տատիկը, արցունքները թաքցնելով՝ հայացքը սևեռեց դեպի պատուհան, որտեղից լավ երևում էր Ջումա մզկիթը, որը  3 տարի առաջ կառուցվել էր Նուրի բեյի հիմնադրամի միջոցներով։

Նա հիշեց իր սիրելի ամուսնուն, մտովի արտաբերելով․

— Ինչո՞ւ ինձ մենակ թողեցիր, ավելի լավ էր ես էլ քեզ հետ գայի։

Անահիտն արագ քայլերով իջավ բակ, որտեղ նրան էր սպասում Նազիմը։ 

— Սալամ Անահիտ։

— Սալամ Նազիմ։

— Ոնց ե՞ս, ինչ կա, — հարցրեց Անահիտը։

— Լավ, ամբողջ գիշեր պատրաստվում էի, քանի որ հայրիկն այսօր գալու է, ուզում եմ նրան դուր գա։ Նրանք շարժվեցին դեպի դպրոց։

Ճանապարհին անցնում էին Նուրի բեյի արձանի մոտով, նա հայտնի գործարար էր, շատ սիրված այս թաղամասում, թաղամասի շենքերի մեծ մասը նրա ընկերությունն էր կառուցել։

Նրանք նստեցին ավտոբուսը և շարժվեցին դեպի դպրոց։ Դպրոցը գտնվում էր քաղաքի կենտրոնում, նախկին Օպերայի հարևանությամբ՝ Եղբայրության պողոտայի վրա։

Վարորդը ռադիո էր լսում։ Լուրերով պատմում էին «ԼԵՌ»-ի տեռորիստների հետ մղվող պայքարի մասին, Զանգեզուրում և Ղարաբաղում։

— Սրանք ինչ են է ուզում — մռթմռթաց վարորդը, — չեն թողնում հանգիստ ապրենք։

Նա փոխեց ռադիոալիքը, հնչեց թուրք հայտնի երգչի երգը, վարորդը հանդարտվեց։

— Արի այստեղ իջնենք, քայլենք-ասաց Անահիտը։  

Նրանք իջան հրապարակի մոտ։

— Այստեղ տեռորիստ Նժդեհի արձանն է եղել, պատկերացնում ե՞ս Անահիտ։

— Ես նման թեմաներից հեռու եմ, ավելի լավ է արի ներկայացմանը պատրաստվենք։

Խոսելով Աբովյանի պողոտայով քայլեցին դեպի դպրոց։ Անցնելով կինո «Ստամբուլը», հատեցին Սուլեյմանի պողոտան և թեքվելով ձախ անցան թուրքական գույնզգույն  ռեստորանների մոտով, որոնցից մի քանիսը Նազիմենց ընտանիքինն էր։                                                    

Մի փոքր խորքում՝ շենքերի արանքում ինչ-որ ծեծկռտուք էր, ոստիկաններ կային։ 

— Գնանք Անահիտ, գնանք տեսնենք ինչ է կատարվում, — աշխուժացավ Նազիմը։

— Ախր կուշանանք, Նազի՛մ։

— Չենք ուշանա:

Նազիմը բռնեց Անահիտի ձեռքը և նրանք գնացին դեպի նրբանցք:

— Նայիր գյավուր «ԼԵՌ» են բռնել, Անահիտ։ 

— Տղան  պատի վրա տրաֆարետի օգնությամբ նկարել էր արգելված Նժդեհի պատկերը, այդ իսկ պատճառով ոստիկանը նրան քաշում էր դեպի մեքենա, բայց նա ընդդիմանում էր։

Հավաքված բնակիչները այնպես էին նայում, կարծես թատրոն են եկել։

— Ինչ եք նայում, ոչխարներ, թուրքի ծառա եք դարձել, ինչ եք նայում, — գոռում էր տղան։ 

Մարդիկ նայում էին անտարբեր հայացքներով։ Մի պահ Տիգրանին հաջողվեց դուրս պրծնել ու վազել դեպի կողքի բակ։

— Գնանք Անահիտ, — ասաց Նազիմը և նրանք վազեցին կողքի բակի ուղղությամբ։ Ոստիկանը փորձում էր հասնել տղային։ Կողքի բակում արագ շարժվող մեքենան կտրեց բոլորի ճանապարհը։ Մեքենայից դուրս եկան կիսառազմական հագուստով մի քանի հոգի և մի քանի հարվածով չեզոքացրեցին ոստիկանին։ Տղան ուրախացավ, ընկերներին տեսնելով, բայց ժամանակը սուղ էր, պետք էր արագ հեռանալ, քանի դեռ այլ ոստիկաններ չէին եկել։ 

— Սրանց հետ ի՞նչ անենք, — հարցրեց Արևը, — Տիգրա՞ն սրանց հետ ինչ անենք։

Նազիմը սարսափից քարացել էր։   

Անահիտը նույնպես քարացել էր, բայց ո՛չ սարսափ էր զգում, ո՛չ էլ վտանգ։

Տիգրանը նայեց երեխաներին, մոտեցավ նրանց։

— Ովքե՞ր եք։

— Մենք դպրոցական ենք, մենք ոչ մեկին բան չենք ասի, աղա, խնայիր մեզ, — դողացող ձայնով ասաց Նազիմը։

— Ես քեզ ինչ աղա, օսման, — մռնչաց Տիգրանը։ — Թողեք թող գնան։ ժամանակ չկա։

— Գնացինք Անահիտ, — դողալով արտաբերեց Նազիմը։ Անահիտը կարծես քարացել էր, հայացքը հանդիպել էր Տիգրանի հայացքին, ինչ-որ մոգական բան էր կատարվում։ Նա շատ էր լսել այս շարժման մասին, սակայն իրեն հեռու էր պահել այս թեմայից։ Բայց հիմա մի բան ներսից հուշում էր, ասում էր ուշադիր նայիր այս մարդկանց, ինչ որ հրապուրանք էր արթնանում նրանց հանդեպ, չնայած որ թե՛ հայրիկը, թե՛  ուսուցչուհին շատ անգամ էին ասել, որ նրանք ռադիկալ հանցագործներ են։                            

— Գնացինք Անահիտ։

Մեքենան արդեն գնացել էր, բայց Նազիմի սարսափը չէր անցել։

— Մաշալլահ, էս գյավուրնեը չիմացան ում տղան եմ, պատկերացնում ես ինչ կանեին ինձ հետ այս ահաբեկիչները։

— Ահա, — անտարբեր արտաբերեց Անահիտը։

— Հայրիկը միշտ ասում է, որ այս գյավուր ահաբեկիչները շատ վտանգավոր են

— Ահա, — կրկնեց Անահիտը։  

— Դպրոցը հենց ավարտեմ կգնամ Ֆրանսիայի էմիրություն, սա ապրելու տեղ չի։

Անահիտը լուռ լսում էր, իսկ Նազիմը շարունակում էր խոսել մինչ հասան դպրոց։ 

Դպրոցի բակում մարդիկ արդեն հավաքվել էին։ Շուտով ժամանելու էր դպրոցի հովանավոր Նուրի բեյը։ Անահիտն ու Նազիմը մոտեցան ուսուցչուհուն․

 — Բարև ձեզ, տիկին Աննա։

 — Բարև Անահիտ ջան, օ՜հ Սալամ Նազիմ աղա։ 

Քիչ անց մոտեցավ Նուրի բեյի շքեղ ավտոմեքենան։ Անահիտի հայրիկն առաջինն իջավ մեքենայից և շտապեց դեպի երկրորդ դուռը, բացեց դուռն ու մի փոքր կռանալով ասաց․

— Համեցեք փաշա։

Նուրի բեյը դուրս եկավ մեքենայից, բարձրահասակ ու թիկնեղ տղամարդ էր։ Շատ հայտնի էր երկրում, շատ ազդեցիկ մարդ էր և թիկնապահները շրջապատել էին նրան։ 

Տնօրենը վազեց նրան ընդառաջ․

— Սալամ Փաշա, ամեն ինչ պատրաստ է։

— Մաշալլա, Ամալյա խանում, մաշալլա։

Բոլորը շարժվեցին դեպի դպրոց։

Դահլիճը լի էր հանդիսականներով։

Անահիտը խաղալու էր հայտնի բեմադրության գլխավոր հերոսուհու դերը։ Սա գրեթե ամենասիրված    ներկայացումն էր քաղաքում, որը պատմում էր հայ աղջկա ու թուրք տղայի սիրո մասին։

Անահիտը Նազիմի հետ դուրս եկավ բեմահարթակ, ծափահարություններ հնչեցին ։ 

Անահիտի համար ժամանակը կարծես կանգ առավ, նրա գլխում հնչեցին Տիգրանի բառերը․-Ի՞նչ եք  նայում թուրքի ծառաներրրրրր…

Նա նայում էր հայրիկին ու վերհիշում բակի տեսարանը, ինչպես էր հայրը վազում մեքենայի դուռը բացելու, ինչպես էր տնօրենը վազում Նուրի բեյին ընդառաջ՝ կռանալով։ Ասես ինչ-որ նոր հայացքով Անահիտը տեսավ այն, ինչ միշտ աչքի առաջ է եղել։  

  

— Բայց այդ տղան ճիշտ էր ասում, սա իրոք այն է ինչ նա ասաց, մենք մեզ ստրուկի պես ենք պահում։ Ասես կույր եմ եղել,- մտածեց նա, — ոնց կարող էի ես այս ամենը չտեսնել։

— Անահիտ պետք է սկսել, — ասաց Նազիմը կամացուկ, — Անահի՛տ․․․ — Անահիտը նայեց Նազիմին․

— Կներես, բայց ես․․․ Ու դուրս վազեց։

Նուրի բեյն հոնքերը կիտեց․ 

— Այս ի՞նչ եղավ, աղջիկդ էլի գժվե՞ց։

— Հիմա փաշա, հիմա կբերեմ նրան, ներիր փաշա, -ասաց հայրը և վազեց Անահիտի ետևից:                

Անահիը դուրս եկավ փողոց, նստեց առաջին իսկ պատահած տաքսին ու գնաց տուն։   

Մտավ խոհանոց, ու սառած կանգնեց։    

Տատիկն աչքերը բարձրացրեց ու նրանց հայացքները քարացան։

— Կպատմե՞ս պապիկի մասին, — դողացող ձայնով ասաց Անահիտը։    

Տատիկը աչքերով նրան դրական պատասխանեց տվեց:

 

 

*

 

 

Մաս 2

Երևան 2084

«Լեռնահայաստան»

 

Անահիտը նստեց տատիկի ոտքերի տակ, գլուխը դրեց նրա ծնկներին, փակեց աչքերն ու հանդարտ պատրաստվեց պատմությունը լսելուն։

— Լսի՛ր, ջանս, ուշադիր լսի՛ր, — տատիկը շունչ քաշեց ու սկսեց։

Պապիկդ ապրում էր Արցախում, դուք հիմա Ղարաբաղ եք ասում։ Հին Տեղեր գյուղում, հիմա Կյոխնե Տեղլեր է  անունը։ Թուրքերը հարձակվել էին մեր երկրի վրա։

— Մի զարմացիր ջանս, գիտեմ ձեզ դպրոցում ուրիշ բան են պատմում, բայց իրականում նրանք հարձակվել ու գազանի պես ավերում էին մեր երկիրը, այլ ոչ թե եկել էին մեզ ահաբեկիչներից փրկելու, ինչպես ձեր դասագրքերում է գրված, իսկ այն մարդը, ում ՄԵԾ ՓՐԿԻՉ կոչում եք, ընդամենը նրանց գործակալն էր, բայց այդ ամենը մենք հետո հասկացանք, երբ արդեն շատ ուշ էր։

Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերին…

 

 

*

 

 

2020, նոյեմբերի 9

Արցախ՝ գյուղ Հին Տեղեր

 

Գյուղի տների մեծ մասը «Սմերչի» համազարկային կրակի տակ վերածվել էին ավերակների, բնակիչները տեղահանվել էին, գյուղում մնացել էին տարբեր վայրերից ժամանած կամավորները։ Ստեփանակերտից, Երեւանից ու սփյուռքից եկած հայեր էին։

Կամավորների ջանքերով պահպանվել էր Հադրութի շրջանի գրեթե կեսը՝ կարևորագույն բարձունքներով։ Թուրքերը ամեն օր փորձում էին առաջ գալ, բայց կորուստներ կրելով, հետ էին շպրտվում։Հայկը մնացել էր գյուղում։ Երբ գյուղը որոշել էին տարհանել, նա փախել ու թաքնվել էր, որպեսզի Երեւան չտանեն։

Իսկ հետո նա գնացել էր հրամանատարի մոտ եւ ասել, որ ուզում է օգնել զինվորներին ինչով կկարողանա։

Քանի որ այստեղի սար ու ձորը հինգ մատի պես գիտեր, օգնում էր տղերքին աննկատ շարժվել ու հանկարծակի հարվածներ հասցնել թուրքերին։

 

Հերթապահության օրն էր, պետք է բարձրանային Դիզափայտի գագաթին տեղակայված դիրքը։

— Հայկ, ուսապարկումդ տեղ կա՞, — հարցրեց Հովիկը։

— Նայած ինչ ես ուզում դնել, — ասաց Հայկը՝ նայելով ուսապարկին։

— Արջուկ ու էս մի քանի վաֆլին։

— Արջո՞ւկ։

— Այսօր Հակոբի ծնունդն է, ուզում եմ շնորհավորենք, արջուկն էլ որպես հումորային նվեր եմ ուղարկում,-ժպտաց Հովիկը։

— Տո՛ւր, մի կերպ կտեղավորեմ։

Նրանք դուրս եկան նկուղից, խումբն արդեն պատրաստ էր։

Միանալով խմբին, շարժվեցին դեպի դիրք։

Ճանապարհը մոտ մեկ ժամ էր տևում։ Քայլում էին շարքով՝ իրարից մոտ 5-10 մետր հեռավորություն պահելով, քանի որ անօդաչուների կողմից հարված ստանալու վտանգը մեծ էր։

Երբ նրանք հասան բարձունք, արդեն երեկո էր, արևը դեռ լուսավորում էր բարձրաբերձ լեռները, բայց շուտով մայր կմտներ։

— Հը, ի՞նչ կա տղերք, ինչ են խոսում, — հարցրեց խմբապետ Խորենը, որին բոլորը Խորեն քեռի էին ասում։

-Խառը բաներ, Խորեն քեռի,-ասաց Հակոբը,- պաշտոնյաները գրում են Շուշին ընկել է, բայց զանգեցինք ընկերոջս, ասաց քաղաքում կռվում են, … չգիտեմ։

 — Չեմ հասկանում, — հոնքերը խոժոռեց Խորեն քեռին, — ինչի՞ ձորը չեն փակում, տասը օր է ասում ենք շտաբին, եկեք էս դիրքը պահենք, մենք իջնենք ձոր…

— Նույնն էլ մեր մոտ էր Խորեն քեռի, — ասաց Հովիկը, — ես երեկ եմ եկել, նույնն էլ մեզ մոտ էր՝ Կարմիր շուկայում։ Մենք էլ էինք խնդրում մեր տեղը զորախումբ բերել, մենք իջնենք ձորը փակենք, չհասնեն Շուշի։ Մենք էլ քիչ էինք, երկու ուղություն չէինք կարող պահել։

— Հապա նայեք, — ասաց Արթուրը՝ հեռադիտակը աչքերին պահած։

— Ի՞նչ է պատահել,-հարցրեց  Խորեն քեռին։

— Շուշի՜ն…. ինչ-որ բան պայթեց։

— Հապա ինձ տուր, — Խորեն քեռին վերցրեց հեռադիտակը և տեղում քարացավ։

— Ի՞նչ է կատարվում։

Խորեն քեռին իջեցրեց հեռադիտակը։

— Շուշիին խփեցին, բալիստիկով են խփել, հը՜մ, այսինքն… մերոնք են խփել։

Բոլորը լռեցին։ 

— Ժամանակն է շարժվենք, շուտով կմթնի, — ասաց խմբապետ Վահեն։

Խորեն քեռին եւ նրա խումբը գրկեցին եկած խմբի տղերքին, վերջին խորհուրդները տվեցին եւ շարժվեցին դեպի գյուղ։

Հայկենց խումբը մնաց գագաթին, նրանք 12 հոգի էին։

Մի մասը գնաց հենակետեր, մյուս մասը մնաց թաքստոցում։

Մինչ Հայկը դրսում էր, Հովիկը Հակոբին հարցրեց.

— Հա՛կ, էս երեխուն խի՞ չեն տարել քաղաք։

— Նրա մոտ այդ մասին չխոսես,-շշուկով պատասխանեց Հակոբը, — նրանց տան վրա արկ է ընկել։ Այդ պահին բոլորը տանը են եղել…

— Հասկացա, — աչքերն իջեցրեց Հովիկը։

— Դու որտեղի՞ց էս, այդ ի՞նչ տարօրինակ բառբառ է, — հարցրեց Հակոբը։

— Աբխազիայից եմ, — ժպտաց Հովիկը, — ես համշենահայ եմ։

— Համշենահայը Աբխազիայից Արցախում, իրոք որ շատ ենք սփռված, ախպեր։

Հայկը տագնապահար ներս մտավ ։

— Տղեեերք,- … նոր գյուղից կապի դուրս եկան, ասացիիին…, — աչքերը լցվեցին։

— Ի՞նչ ասացին,- միաձայն հարցրեցին բոլորը ։

— Ասեցին կռիվը կրվել ենք, սաղ կոր.. կրվեցինք մենն..ք, մենք կրվել ենք։

Երեխան խոսքն ավարտելուց հետո այնպես գոռաց, որ ներկաները արթնացան, քանի որ հայտնած լուրից ասես մի պահ անջատվել էին։

 

 

*

 

2020, դեկտեմբերի 9 

Հին Տեղեր

 

 

Սենյակում նստած էին Խորեն քեռին, հրամանատարը եւ այլ խմբապետեր։ Թեժ զրույց էր գնում։

— Մենք հիմա ի՞նչ անենք, — ասաց խմբապետ Վահեն, — թողենք-գնա՞նք, հրամանատար։

— Ո՞ւր գնանք, է ախպերներ էս լեռներն ու տները թուրքին թողենք, — մռնչաց Խորեն քեռին։

Հրամանատարը հոնքերը խոժոռել, լուռ լսում էր։

— Ես մի էսպիսի  հարց ունեմ տղերք։ Նոյեմբերի 9-ից քարտեզի վրա մեզ չեն նկարում ո՛չ ռուսները, ո՛չ էլ մեր հայերը, ասես մենք գոյություն չունենք։ Էս ահռելի տարածքն ու մեզ անտեսում են։ Մի հատ Արմավիրի մարզի չափ հող ենք պահել, խի՞ մեզ տեր չեն կանգնում։

— Միգուցե պետք ա գաղտնի պահեն, — փորձեց առարկել Խորեն քեռին։

— Ինչ գաղտնի, Խորեն քեռի։ Լավ էլ գիտեն մեր մասին, ուղղակի ձեւ են տալիս, որ չկանք, որովհետեւ իրանց տենց ա պետք։

— Է՜, լավ է Վահե, ի՞նչ ես խոսում։

— Մեր մասին լավ էլ գիտեն, — միացավ մեկ ուրիշ խմբապետ- տասը օր առաջ չեք հիշում «ՍիվիլՆեթից» եկան նկարեցին էլ, հիմա Երեւանում էլ կիմանան, որ մենք էստեղ ենք, չեն թողի անտեր։

— Տղեք,- հրամանատարը նայեց սուր հայացքով, — մեր գործը կռվելն է, ոչ թե գուշակություններ անելը։ Մենք պետք է պահենք մեր հողը, Դիզափայտի կարեւորությունը կարծում եմ բոլորդ եք հասկանում, քանի որ այն մեր ձեռքն է, Արցախի ողջ հարավը մեր հսկողության տակ է։

Իսկ ինչ վերաբերում է, կգան թե չեն գա, ես չգիտեմ, խոստացել են գալ, բայց մենք պետք է պահենք ինչքան կկարողանանք։ Մեր տվյալներով երեկոյան թուրքերը կանցնեն գրոհի, հիմա մեր խնդիրն է շրջանաձեւ պաշտպանություն կազմակերպել եւ հնարավորինս պահել դիրքերը, գալիս են մոտ 1000 հոգով, այնպես որ դժվար է լինելու, բայց մինչ հիմա էլ խաղ ու պար չէր։ Հետ գնալու տեղ չունենք, տղե՛րք։

 

 

*

 

 

Երևան, 2020, դեկտեմբերի 31 

 

Եռաբլուր

 

 

Հայկը կանգնած էր Հակոբի ու Հովիկի հետ, իրենց ընկերոջ մոտ, ով առյուծաբար կռվում վիրավորվեց եւ ցավոք չփրկվեց։

— Կներես մեզ ախպեր, — ասեց Հովիկը։

— Ամեն ինչ վերջացած չի, Հո՛վ, — ասաց Հակոբը, — մենք դեռ կկռվենք ու ամենը հետ կբերենք։ Աչքերը փայլեցին։

— Մի մոռացիր, որ մեր տասնյակ ախպերներին գերի տարան, մենք դեռ թուրքի հախից կգանք։

Եռաբլուրն ինչ է տատիկ,- ընդհատեց Անահիտը։

— Դուք հիմա ասում եք Գյավուոր դագ, մինչդեռ դա այն վայրն էր, որտեղ ննջում էին ազգիդ լավագույն նվիրյալները, ջանս, ովքեր պաշտպանում էին մեզ՝ չխնայելով իրենց։ 

Հետո ձեր մեծ առաջնորդը հայտարարեց, որ նրանք բոլորը հանցագործ են եղել ու խանգարել են մեզ մեր եղբայր թուրքերի հետ հանգիստ ապրել։

— Կներես, որ ընդհատեցի, — ասաց Անահիտը, — շարունակիր խնդրում եմ։

 

 

*

 

 

2020, հունվարի 11

Երևան

 

 

Հակոբենց բնակարանում էին հավաքվել ջոկատի տղաները, այնտեղ էր նաեւ Հայկը, քո պապիկը, այդ օրը ես առաջին անգամ տեսա նրան։

Ես դեռ փոքր էի՝ 12 տարեկան։

Ինձ չէին թողում ներս մտնել, բայց ես դռան հետեւից լսում էի նրանց խոսակցությունը։

— Տղեք, պետք է մի բան անել, — ասաց Հովիկը։ — Ես խոսել եմ Խորեն քեռու խմբի տղեքի հետ, նրանք պատրաստ են մեզ միանալ։

— Ի՞նչ անենք Հով, — հարցրեց Հակոբը։

— Պետք է հայտարարենք պայքարի մեկնարկը եւ գնանք Լեռնահայաստան, Նժդեհի հոգին Խուստուփի լանջերից մեզ ուժ կտա, զենք ունենք, մարդ ունենք, կկանխենք դավաճանների ծրագիրը։

Բայց մարդիկ կկանգնե՞ն մեր կողքին, — հարցրեց Հայկը, — անցած շաբաթ մտա խանութ, երբ վաճառողուհին լսեց բարբառս, անպատվեց ինձ, ասաց՝ ղարաբաղցի շուն ռադ եղիր մեր Հայաստանից,- հոգոց հանեց։

— Հայկ, այդ բառերը ասողը հայ չի կարող լինել, մեկ ազգ, մեկ պետություն, ով սրան դեմ է, նույնպես թուրք է ախպերս, էդ կինը, որ քեզ էդպիսի բան ա ասել, վաղը Երեւան եկած թուրքի ոտքն ա պաչելու։

— Լեռնահայաստանում նմանները տեղ չեն ունենա, — բացականչեց Հակոբը։ — Դե՜, ուրեմն լավ հիշեք այս օրը, այսօրվանից հայտարարում ենք Լեռնահայաստանի վերածննդի օր, չգիտեմ երբ եւ ոնց կլինի, բայց մենք ուժով եւ կամքով հետ կբերենք ե՛ւ մեր հողերը, ե՛ւ մեր արժանապատվությունը։

Այդպես ծնվեց «ԼԵՌ»-ը։

Հաջորդ օրը նրանք մեկնեցին Սյունիք։ Անցան տարիներ։

Քսանմեկ տարեկան էի, քաղաքը շատ էր փոխվել, կյանքը, մարդիկ ասես ուրիշ իրականություն լիներ։

հանդիպեցի նրանց գաղտնի վայրում։ Մեկ շաբաթ անցկացրեցինք միասին, պապիկդ շատ էր փոխվել, ավելի հզոր ու վճռական էր դարձել։ Նա խմբի առաջնորդն էր։ Մենք սիրեցինք իրար, գաղտնի վայրում ամուսնացանք եւ ինչքան էլ ես խնդրում էի ինձ տանել իրենց հետ, մերժեց։ Այդպես հանդիպում էինք գաղտնի վայրում, ես եւ իմ գաղտնի ամուսինը, հետո ծնվեց հայրդ, իսկ հետո…

Դմփ-դմփ-դմփ։ Լսվեցին դռան թակոցի ձայները։

— Երևի հայրիկն է, — ասաց Անահիտը։

Հայրը մտավ խոհանոց.

— Այդ ի՞նչ արեցիր Անահիտ, դու գժվե՞լ ես։ Հիմա Նուրի Բեյն ինչ կմտածի, ուզում ես իմ բոլոր պլանները ջուրը գցե՞լ։

Կատաղի գոռգռում էր։

— Աղջկան հանգիստ թող, վայրենի՛, — խառնվեց տատիկը։

— Դու մի խառնվիր, այդ դու ես մեղավոր ու ձեր անիծված, կամակոր արյունը։

— էդ ո՞նց ա էդ արյունից քեզ չանցավ, այ հիստերիկ, — զայրացավ տատիկը։

— էդ էր պակաս, ձեր նման լինեի, հիմա կա՛մ սոված կլինեինք, կա՛մ մեռած։

— Ավելի լավ չէր լինի, քան Նուրի Բեյի ստրուկը լինեիր, ապերախտ։

— Ես ստրուկ չե՛մ, — բղավեց, — շուտով բարեկամ կդառնամ քաղաքի ամենահարուստ մարդուն, Նուրի բեյին, երբ գիժ թոռնուհուդ կպսակեմ Նազիմի հետ եւ բոլորից էլ լավ կապրեմ, կտեսնենք ով է ստրուկը։

— Սիիիրտս, — տատիկը փակեց աչքերը, — աաա՜խ։

— Շուտ բժիշկ կանչիր, Անահի՛տ, տեսար տատիկին ինչ վիճակի հասցրեցիր, էս էիր ուզո՞ւմ։

 

 

*

 

Մաս 3

Կրակի՛ր, Տիգրան

Երեւան 2084  

«Վերածնունդ»

 

 

Խոր աշուն էր, երկինքը պատել էին գորշ ամպերը։

Գորշ էր դրսում եւ նույնը ներսում։

Անահիտը կանգնած էր գլխիկոր, տեր հայրը հոգեհանգստի կարգ էր կատարում։

Հավաքվածները լուռ հետեւում էին նրա ձեռքի շարժումներին։

Հայրիկը կանգնած էր տեր հոր մոտ եւ նայում էր դատարկ աչքերով։

Այստեղ էր նաեւ Նուրի բեյը՝ իր թիկնազորով, նա երբեք առիթը բաց չէր թողնում ցույց տալու, որ ինքը Երեւանի հայկական համայնքի լավագույն բարեկամն է։

Անահիտը մտքում մի բան էր կրկնում անվերջ.

— Ինչքա՜ն բան չհասցրեցի խոսել քեզ հետ, ինչքա՜ն ժամանակ եմ կորցրել, տատի՛կ։

Մարդկանց հետեւում, հեռվում տարօրինակ ուրվական երեւաց։ Անահիտը սևեռեց հայացքը, հստակ չէր երևում ով է, բայց ներքին ձայնը ասում էր՝գնա նրա մոտ։

Մինչ մտքերը խառը գնում-գալիս  էին Անահիտի գլխում, ոտքերն արդեն տանում էին դեպի տեսիլք։

Հորդառատ անձրեւ սկսվեց, բայց ասես Անահիտը դա չնկատեց։ Նա մոտենում էր։

Տղան կանգնած էր անշարժ, գլուխին գլխարկ կար, իսկ դեմքին՝ դիմակ, աչքերին կիբեռ ակնոցն։

Երբ նա մոտեցավ տղային, նրանց մեջ լուռ խոսակցություն սկսվեց։

Դա Տիգրանն էր, որին ոստիկանը փորձում էր բռնել, երբ Անահիտը եւ Նազիմը հայտնվել էին նրբանցքում։

— Դո՞ւ։

— Դու ի՞նչ ես անում այստեղ, — հարցրեց Անահիտը։

— Դու լավ գիտես, — Տիգրանը սևեռեց հայացքը։

— Ես ուզում եմ… 

— Իսկ հա՞յրդ։

— Նա կապ չունի:

Տիգրանը մոտեցավ Անահիտին եւ շշուկով ականջին ասաց.

— Ժամը 7-ին:

— Որտե՞ղ։

— Անահի՜տ, — լսվեց Նազիմի ձայնը։

Անահիտը պտտվեց, Նազիմն արագ քայլերով շարժվում էր դեպի աղջիկը՝ ընթացքում բացելով անձրեւանոցը։

Անահիտը գլուխը պտտեց, բայց Տիգրանն այլեւս չկար։

— Այդ ո՞վ էր, — հարցրեց Նազիմը։

— Այստեղ մարդ չկար, անտարբեր պատասխանեց Անահիտը եւ շարժվեց։

Նրանք մոտեցան մեքենային։

— Նազի՛մ, դու Անահիտին տար սրահ, մենք շուտով կգանք, — ասաց Անահիտի հայրը եւ վազեց Նուրի Բեյի մոտ։

Սրահում հավաքվել էին Անահիտենց բարեկամներն ու ծանոթները, հերթով մոտենում էին նրա հորը, ցավակցանքի խոսքեր ասում, ապա ողջունում նրա կողքին նստած Նուրի Բեյին։

Մոտենում էր պայմանավորված ժամը։

Նազիմն Անահիտին մենակ չէր թողնում, ամեն կերպ հանգստացնում էր նրան, բայց Անահիտի հոգում փոթորիկ էր, ասես այս ամենը երազ էր։ Նա զգում էր, որ այն ինչ իրեն շրջապատում է, ասես զարհուրելի երազ է։

— Նազի՛մ դու ինձ սպասիր, ես հիմա կգամ։

— Լավ։ Ես այստեղ եմ։

Անահիտը, դանդաղ քայլելով շարժվեց դեպի շենքի հետնամուտքը եւ աննկատ դուրս եկավ։

Քայլեց մինչեւ փողոց եւ հայացքով սկսեց փնտրել Տիգրանին։

Արդեն ժամը 18:59 էր։

— Որտե՞ղ եք, — մտքում հարցնում էր Անահիտը։

Արդեն 19:01 էր, Անահիտը որոշեց փողոցն անցնել, բայց ասես չնկատեց, որ լուսացույցը կարմիր էր։

Պիիիիիիի՜, լսվեց ազդանշանը։

Մեքենան հասցրեց կանգնել կես մետր Անահիտին չհասած։ Նա սառեց տեղում։ Մեկ վայրկյան անց, Անահիտի ձեռքը ինչ որ մեկը պինդ բռնեց եւ տարավ դեպի մեքենա։

Տիգրանն էր։

 

 

*

 

Երևան

Թաքստոց համար 13

 

 

Անահիտը նստած էր աթոռին, մինչ Տիգրանը եւ խմբի մյուս անդամները ինչ-որ բան էին քննարկում ապակյա սենյակում։

Նրա հայացքը շրջում էր սենյակում։

Ամենուրեք ինչ-որ սարքավորումներ էին ու զենքեր։

— Ինչի՞ ես նրան այստեղ բերել, — Արևը կատաղած նայեց աղջկան։

— Տիգրա՛ն, դու չգիտես նա ում աղջիկն է, ինչի՞ ես բերել, — Արևին միացավ Արմենը։

— Գիտեմ, նաեւ գիտեմ ում թոռն է, — առարկեց Տիգրանը:

Արեւն աչքերը կախեց։

— Դու բոլորիս վտանգի տակ ես դնում, Տիգրա՛ն, անմիտ բան ես արել։

— Ես էլ նրան չեմ վստահում, — ասաց Արմենը։

— Ձեզ ինչ է եղել, — Տիգրանը նայեց նրանց, -դուք ձեր հավատը լրիվ կորցրե՞լ եք։ Արեւ դու քեզ հիշիր, երբ ես կապվեցի քեզ հետ, դու նրանց մոտ էիր աշխատում, ես պետք է քեզ չհավատայի՞։

— Դու գիտես Տիգրան, բայց մեկ է ես չեմ հասկանում քեզ, ամեն դեպքում ես կենտրոնին կհայտնեմ այս մասին, — ասաց Արեւն ու դուրս եկավ։

— Արմե՞ն։

— Արեւը ճիշտ է, — ասաց Արմենը եւ շարժվեց դեպի դուռը, հետո կանգ առավ եւ ավելացրեց, — դու էլ ես ճիշտ։

Արեւը, անցնելով Անահիտի կողքով, խեթ հայացքով նայեց աղջկան։

Տիգրանը մոտեցավ.

— Ինչ-որ բան էն չի՞, — հարցրեց Անահիտը, 

— Դու, քո հայրիկը․․․

— Հայրիկն ի՞նչ։

— Կարեւոր չի, արի գնանք, ես քեզ բան պետք է ցույց տամ։

Նրանք անցան մի այլ սենյակ, որտեղ տարօրինակ սարքեր կային։

— Այս ի՞նչ է, — հարցրեց Անահիտը

— Սա իմ աշխատանքն է, ես ուզում եմ սրա օգնությամբ ամենն ուղղել, վերջ տալ այս իրականությանը։ Մենք պայքարում ենք նրանց դեմ տասնյակ տարիներ, բայց Հալիդ փաշայի տեղը գալիս է Ռուսլան փաշան, իսկ նրա տեղը մեկ ուրիշը՝ Նուրի բեյը:

— Ինձ կբացատրես ո՞վ եք դուք ի վերջո եւ ինչի՞ դեմ եք պայքարում, — հարցրեց Անահիտը:

— Իրականությունն աղավաղված է։

 Մարդկանց հիշողությունից մաքրված է՝ ինչ է եղել իրականում, ով ենք մենք եւ ինչ ենք բերել մեր գլխին։

— Կպատմե՞ս, — խնդրեց Անահիտը։

— Այն ինչ հիմա կասեմ, կարող է դու չպատկերացնես, բայց․․․

Թուրքերը երբեք մեր՝ հայերիս, բարեկամները չեն եղել։ Նախորդ դարում նրանք սպանել են 1.5 մլն հայ։

— Ի՜նչ։

— Լսի՛ր, — շարունակեց Տիգրանը։ — Թուրքերը, առաջին իսկ օրվանից, երբ հայերիս հետ հանդիպել են, կոտորել են մեզ, խաբել իբրեւ բարեկամներ ենք, հետո նորից կոտորել։ Իսկ մեր մեջ միշտ գտնվել են միամիտներ, որոնք նորից հավատացել են նրանց եւ նորից խաբվել։

Վերջին անգամ 2020-ին էր։

Երբ նրանք մեզ նորից կոտորեցին եւ նորից խաբեցին ու ասացին բարեկամ ենք եւ նորից դա հաջողվեց նրանց։

Հետո ամեն ինչ ստի քողով պատվեց. Մանկապարտեզից, դպրոցից սկսած սկսեցին քարոզը, որպեսզի բոլորը մոռանան ինչ է եղել, սեւը կոչվեց սպիտակ, ստրկությունն՝ ազատություն, իսկ սուտը՝ ճիշտ։

Այն մարդկանց, որոնք չընդունեցին այդ դավը, կոչեցին ահաբեկիչ, մի մասն էլ գնաց ու ձուլվեց այլ ազգերի։

Այդ հիմա է, որ Երեւանի կեսը թուրք ու պակիստանցի է, հիմա են մզկիթները ավելի շատ, քան եկեղեցիները, հիմա է Նուրի բեյը եղբայրության մասին խոսում, բայց գաղտնի նոր ջարդ պատրաստում։

— Իիի՞նչ։

— Նրանք պլանավորում են մոտակա մեկ ամսվա ընթացքում երկիրը մաքրել մնացած հայերից ։

Անահիտը պապանձվեց.

— Հայրի՞կը։

— Նա գիտի, — հայացքը թեքեց Տիգրանը, — Նուրի բեյը խոստացել է, որ քեզ ու հայրիկիդ կպահի իր տանը։ Դրա դիմաց հայրիկդ ցուցակագրում է չգրանցված հայ բնակիչներին, որոնք փոխել են ազգանունները կամ թաքցնում են իրենց հայ լինելը։ Նրանք այդպիսով հույս ունեն, որ կփրկվեն։

— Բայց ինչո՞ւ դուք ոչինչ չեք անում, — Անահիտն աչքերը լցրեց, — ինչո՞ւ չեք ասում մարդկանց։

— Նրանք խուլ են ու կույր, մեզ ռադիկալ են անվանում, շատերն օգնում են, որ մեզ բռնեն, մնացածն էլ անտարբեր են, իսկ ով գիտակից է, չգիտի ինչ անել։

— Տիգրա՛ն մենք պետք է մի բան անենք։

— Շարժումը որոշել է սպանել Նուրի բեյին, նրանք հույս ունեն, որ դա կօգնի կանխել արհավիրքը։ Բայց  դա ժամանակավոր կլինի, նրա տեղը մեկ ուրիշը կգա։

— Ուրի՞շ տարբերակ կա։

— Կա։ Մենք պետք է այս ամենը ի սկզբանե թույլ չտանք։

— Բայց ինչպե՞ս։

— Նայի՛ր։ — Տիգրանը միացրեց տեսագրությունը։

— Սա եղել է նոյեմբերի 7-ին։ Թուրքերը հայտարարում են, որ գրավել են Շուշին։ Դա ամենակարեւոր քաղաքն էր այդ պատերազմում։

Այդ ժամանակ քաղաքը դեռ գրավված չէր, բայց ըստ պայմանավորվածության, հայկական զորքին հրաման էր տրվել դուրս գալ քաղաքից ու այն հանձնել։ Թուրքերը  առաջնորդի հետ պայմանավորվել էին, որ նրանց համար Հադրութից մինչեւ Շուշի միջանցք կբացվի։

Հայկական զորքերին, ձորի երկու կողմերից կանգնած, հրաման էր տրվել հետ քաշվել եւ ձոր չիջնել։

Որպեսզի կասկած չառաջանա, այդ ամենն արդարացվում էր իբրեւ թուրքերին ծուղակը գցելու պլանով, մինչդեռ ծուղակը մեր դեմ էր պատրաստվում։

Թուրքերը պետք է ամեն գնով հասնեին Շուշի եւ այդ պատրվակով, թե իբրեւ նրանք գրավել են Շուշին, պատերազմը կասեցվեր։

Զուգահեռ, ձորի երկու կողմերում կանգնած զորքի մատակարարումը եւ համալրումը կամ կասեցվել էր կամ թուլացվել։

Հանճարեղ բեմադրություն էր։

Ինչևէ, ես պլան ունեմ ինչպես այդ ամենը խափանել։ Ես ստեղծել եմ մի սարք, որը մեզ կարող է տեղափոխել այդ օրը եւ կանխել այդ նզովյալ պլանը, թույլ չտալ նահանջի հրաման տալ։

 

 

*

 

Երեք օր անց

 

 

Սենյակում նստած էին Արեւը, Արմենը եւ Տիգրանը։ Անահիտը շուտով պետք է միանար։

— Տիգրա՛ն, դու էլի հին երգն ես երգում, — ասաց Արեւը, — քո սարքը դեռ փորձարկված չէ։ Մենք չենք կարող հույսերս դրա վրա դնել։

Եթե չսպանենք Նուրի բեյին, նա 3 օրից կիրագործի իր ծրագիրը։

— Նուրի բեյին սպանելով մեկ է խնդիրը չի լուծվի, ուղղակի ժամանակ կշահենք, Արեւ։

— Եկեք հանդարտվենք, — փորձեց հանգստացնել Արմենը։

— Այս խոսակցությունն ինձ արդեն հոգնեցրել է, ամեն անգամ նույնն է, — հոգոց հանեց Արեւը։

Ներս մտավ Անահիտը։

— Ես երեւի գնամ,- ասաց Արեւը, — քո նոր ընկերուհուն կպատմես քո ֆանտազիայի մասին, ես պետք է պատրաստվեմ։ Մի քանի ժամից Նուրի բեյը արձանի մոտ կլինի ։

Արեւը դուրս եկավ՝ խոժոռ մի հայացք գցելով Անահիտի վրա։

Հրապարակ։

Ժողովուրդը հավաքվել էր հրապարակում, մեծ առաջնորդի արձանի մոտ։ Նուրի բեյը պետք է ճառ արտասաներ, որի վերջում պետք է ազդարարեր կոտորածի մեկնարկը։

Նա պետք է արտաբերեր բառեր, որոնք ազդանշան էին լինելու նախօրոք պատրաստված խմբերի համար։ 

Հրապարակին մոտեցավ Նուրի բեյի մեքենան։ Բազմամարդ թիկնազորն արդեն սպասում էր նրան։

Ամեն ինչ պատրաստ էր։ Պայթուցիկը դրված էր բեմի տակ եւ ճիշտ պահին պետք է ընդհատեր նրա ճառը ։

Արմենը քայլում էր ամբոխի մեջ՝ հեռավորություն պահելով Նուրի բեյից։

Խմբի մյուս անդամները նույնպես խառնվել էին ամբոխին։

Նուրի բեյը բարձրացավ բեմ։

— Եղբայրնե՛ր, սալամ ալեյկում եւ բարի լույս ձեզ։ Բարձրացրեց ձեռքերը, տարիներ առաջ այս օրը սկսվեց մեր երկրի նոր կյանքը։

Մենք հաղթեցինք ահաբեկիչներին եւ վերջապես միավորվեցինք։

Հայ եւ թուրք եղբայրներ, մեզ դարեր շարունակ խանգարել են հանգիստ ապրել միմյանց հետ, մինչդեռ մենք իրապես եղբայրներ ենք։ Ալլահը վկա, այլեւս չի լինի մի բան, որ մեզ կխանգարի, մենք հավերժ միասին կլինենք իբրեւ իրական եղբայրներ։

Էնվեր Փաշան․․․

Անահիտը կանգնած էր ամբոխի մեջ եւ լսում էր նրա ճառը՝ սպասելով պայթյունին։

Մեկը հետեւից մոտեցավ նրան եւ գրկեց՝ ինչ-որ բանով ներծծված կտորով փակելով բերանը։ Անահիտի աչքերի դիմաց սեւացավ։

Մեկ ժամ անց Նուրի բեյի առանձնատուն։

Անահիտը դժվարությամբ բացեց աչքերը։

Կարծես մշուշ էր։ Նա նստած էր աթոռին՝ձեռքերը կապված։ Կողքի աթոռներին նստած էին խմբի մնացած անդամները։

Նուրի բեյը նստած էր բազմոցին, օգնականները ինչ-որ բան էին պատմում նրան։

— Փաշա՛, նրանք արթնացան, — ասաց թիկնապահը։

Անահիտը ահավոր գլխացավ էր զգում։ Նա չէր հասկանում ինչ է կատարվում եւ ինչպես էր հայտնվել այստեղ։

Նուրի բեյը դանդաղ հայացքը բարձրացրեց, ապա հանգիստ վեր կացավ եւ հանդարտ մոտեցավ նստածներին։

— Գյավուր շներ, — ժպտաց նա, — դուք այդպես էլ բան չհասկացաք։

Դուք կարծում էիք ինձ կկարողանաք խանգարել։ Դուք ձեր պատմությունից դասեր չեք քաղում։  

Մենք արդեն հազար տարի է ձեզ հաղթում ենք նույն զենքով, իսկ դուք ամեն անգամ չեք հասկանում դա։

Նստածները զայրացած նայում էին Բեյին։

— Արձակե՛ք Անահիտին — ասաց Բեյը։

 Արեւը զայրույթով նայեց Անահիտին։

— Ես այդպես էլ գիտեի։ Դավաճաաաաա՜ն։

Տիգրանը գլուխը բարձրացրեց եւ նայեց Անահիտին.

— Դո՞ւ, — արտաբերեց նա։

Անահիտը գլխով ցույց էր տալիս, որ նա կապ չունի, բայց…

Ներս մտավ Անահիտի հայրը՝ Նազիմի հետ։

— Անահի՜տ, — դեպի Անահիտը վազեց Նազիմը։

Անահիտը մեկ քայլ անելուց հետո գլխապտույտից ընկավ, Նազիմը հասցրեց բռնել նրան։

— Շնորհակալ եմ փաշա, — ասաց Անահիտի հայրը, — ամեն ինչ պատրաստ է։ Ցուցակը տվել եմ Ուսմանին, բոլոր հայերի գաղտնի հասցեները տվել եմ, Փաշա՛։

— Մաշալա, — ասաց Նուրի բեյը, — ուրեմն բոլոր գյավուրներին կմորթենք։ Գյավուրներ, լսեցինք դուք ուզում էիք ինձ կանգնեցնել, իսկ հիմա՝ այս վայրկյանին, ձեր ցեղի արյունն է հոսում քաղաքի փողոցներում։

Երբ արեւը ծագի, այլեւս ձեր սրբապիղծ ոտքը չի կեղտոտի մեր հողը, Ալլահը վկա։

Ասես ամենը վերջացած էր, Տիգրանը հասկանում էր, որ իրենք ձախողել են, սիրտը պայթում էր, բայց ձեռքերը կապված էին։

Հանկարծ կրակոց լսվեց։ Նուրի բեյն ընկավ ։

Թիկնապահը կրակեց ու վազեց դեպի դուռը։ Արագ փակեց դուռը եւ արագ մոտեցավ Տիգրանին՝ կապանքները քանդելու։

Նազիմը սարսափած պատին էր սեղմվել՝ Անահիտին գրկած, իսկ Անահիտի հայրը, վախից գլուխը բռնած՝ նստել էր անկյունում։

Երբ բոլորի կապանքները արդեն քանդված էին եւ Արեւն ու Արմենն էլ էին արդեն ոտքի վրա, Արեւն առաջին բանը որ արեց, հասավ ու բռնեց Անահիտի կոկորդից։

— Դո՛ւ, — բղավեց նա, — այս ի՜նչ արեցիր։

— Արե՛ւ, — բացականչեց Տիգրանը։

 Մի՛ պաշտպանիր, Տիգրա՛ն, նա մեզ կործանեց։

— Նա մեղք չունի, — լսվեց Անահիտի սարսափած հոր ձայնը, — ես ուղղակի գաղտնալսող սարք էի դրել նրա հագուստի մեջ, որ ամեն ինչ լսեի եւ հայտնեի Նուրի բեյին։ Նրան ձեռք մի տվեք։ Ես ուզում էի փրկել աղջկաս….

Տիգրանը վերցրեց զենքը, որ կրակի։

— Կանգ ա՛ռ, — բղավեց Անահիտը։

Նա մի կողմ հրեց Արեւի ձեռքը եւ դանդաղ մոտեցավ Տիգրանին, մեղմ շարժումով վերցրեց զենքը եւ հանդարտ քայլվածքով մոտեցավ հորը։

— Կներես ինձ, ես ուզում էի մեզ փրկել, — ասաց նա դողացող ձայնով։

— Շշշշ, — Անահիտը գրկեց հորը, — ես քեզ կփրկեմ հայրիկ, դու այլեւս ոչ մեկին ցավ չես պատճառի։ Հայրն արտասվեց։

Անահիտը սեղմեց ձգանը։

— Աաաաաա՜։

— Շշշշ, — քնիր։ Նա հորը դրեց  հատակին եւ պտտվեց դեպի Նազիմը։

— Անահիտ, ես քեզ շատ եմ սիրում, ուզում եմ միասին լինենք, երեխաներ ունենանք, ես մեղք չունեմ։

— Դու ամեն ինչ գիտեիր, եւ…

— Գիտեի, հա գիտեի, բայց ես թույլ չէի տա վնասել քեզ։

— Իսկ մնացած հայերը ինչ է մա՞րդ չէին Նազիմ, որ հիմա կոտորվում են։ Հը՞ն։

— Ես մեղավոր չեմ, դա հայրիկն է արել։ Ներիր ինձ Անահիտ։

Անահիտը սեղմեց ձգանը.

Շատ ենք ներել, օսմա՛ն,-ասաց նա։

Մի պահ տիրող լռությունից հետո, Անահիտին հասավ Արեւը, վերցրեց զենքն ու գրկեց.

— Ներիր քույր, ներիր, որ քեզ չէի հավատում։

Տիգրանը գրպանից հանեց իր սարքը։

—  Մենք այլընտրանք չունենք, պետք է փորձենք։

Նուրի բեյի թիկնապահները փորձում էին բացել աշխատասենյակի դռները ։

— Լիցքավորումը քիչ է, երկու մարդ կկարողանա տեղափոխել, ասաց Տիգրանը։

— Դու Անահիտի հետ փորձիր, մենք կդիմավորենք սրանց, — ասաց Արեւը։

Տիգրանը մոտեցավ Անահիտին, բռնեց նրա ձեռքը եւ սեղմեց կոճակը, սենյակի դուռը կոտրեցին։

Կրակոցներ, աղաղակներ։

Հերոսաբար նրանց դիմավորեցին Արեւը, Արմենը եւ թիկնապահ Ռաֆիկը։ Հերոսաբար էլ ընկան։

 

 

*

2020, հոկտեմբերի 7

 

Երևան 

 

Անահիտն ու Տիգրանը նախապես մուտքագրված տվյալների համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 7-ին հայտնվեցին մեծ առաջնորդի սենյակում։

Նա նստած էր Թուրքիայից ժամանած իր ղեկավարի հետ։

Նրանք դավադրության մանրամասներն էին մշակում,մեկ ժամից պետք է հրաման տրվեր Շուշիից նահանջելու համար։

Հանկարծակիի եկած մեծ առաջնորդը ինչպես նաեւ նրա ղեկավարը սառեցին տեղում։

— Չշարժվե՛ք, — Տիգրանը զենքն ուղղեց նրանց վրա։

Անահի՛տ, արի այստեղ։ Նա զենքը տվեց աղջկան։ Պահիր սրանց վրա, եթե շարժվեն կրակիր։ Իսկ ինքը մոտեցավ համակարգչին։ Նա ուղիղ եթերով հայտնեց դավադրության մասին, ապա ակնդետ նայեց առաջնորդին։

— Հենց հիմա հրաման տուր ձորը փակել, Շուշի զորք ուղարկել, շրջափակել քաղաքը։ Եթե ասածներս չանես…., — ուժգին հարվածեց առաջնորդին, — արաաա՛գ։

Առաջնորդը սարսափած սեղմեց հեռախոսի հատուկ կոճակը։

— Ձորը փակե՛ք, շրջափակե՛ք, օգնություն ուղարկե՛ք Շուշի, — հրամայաց նա ու մատը հանեց կոճակից։

— Տի՛կ, — ասաց Անահիտը, — մենք էլ կանհետանանք չէ՞, քանի որ ամեն բան կփոխվի։

— Այո՛, սիրելիս, բայց դա կարեւոր չէ։

Տեսանյութն արդեն ողջ հայ ազգը տեսել էր, ամեն ինչ վերջացած էր։

Միջանցքում վազող մարդկանց ձայներ լսվեցին։ Մոտենում էին։ 

Անահիտն ու Տիգրանը սկսեցին անէանալ…

Դուռը կոտրելով՝ զինվորական համազգեստով մարդիկ բացեցին այն։

— Ձեզ այդ ի՞նչ եք թույլ տալիս, — բղավեց առաջնորդը։

Սենյակ մտածներից մեկը մոտեցավ սեղանին եւ առանց խոսելու հանեց զենքը եւ կրակեց երկուսի վրա։

 

 

*

 

2020, նոյեմբերի 9

 

Բաքու

 

 

Ժողովուրդին այլևս հայտնի էր, որ Շուշիի մասին լուրը ակնհայտ սուտ էր ու պարզ էր նաեւ, որ զոհերի թիվը թաքցրել են իրենցից եւ արդեն երկու օր է հայկական ուժերը անցել են հակագրոհի ու արդեն մոտենում են Գանձակին, իսկ որոշ հասել են Քուռ գետ։

Զորքը խուճապի էր մատնվել, անկանոն փախչում էին, Շուշի հասած 2000 հոգին ընկել էին շրջափակման մեջ եւ ոչնչացվել։

Հավաքված ամբոխը մտավ Ադրբեջանի կառավարության շենք, Ալիեւի առանձնատուն… Լինչի դատաստանն անխուսափելի էր։

 

 

*

 

Նոյեմբերի 14

 

 

Զինադադար կնքվեց։ Նոր սահմանը անցնում էր Քուռ գետի ափով։ 

Ադրբեջանի կազմալուծումը չէր կարող ուշանալ։

Իսկ Երեւանում ձերբակալվեցին նենգ դավադրության բոլոր մասնակիցները։

 

Ընթերցել նաև