Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Արմինե Հայրապետյան․ «Միխայիլ Էնդեի «Մոմո» հեքիաթի աղջիկն ուներ բացառիկ տաղանդ՝ լսելու ունակություն»․ զրույց

 

Ես շատ հեքիաթներ եմ կարդացել ու դեռ կարդում եմ անհագ ծարավով։ Յուրաքանչյուր հեքիաթի հետ հարստանում ես դարերի, հազարամյակների լույսով, այն հետքերով, որ հեքիաթը թողնում է քո մեջ… Մանուկ հասակում դու այդ հեքիաթի հերոսն ես ու նրա զինակիցը, վերապրում ու պայքարում ես նրա հետ, տանում ամենամեծ հաղթանակները՝ հանուն բարու և գեղեցիկի։ Չգիտես ինչու, մարդիկ կարծում են, թե մանկության հետ ավարտվում է հեքիաթի ժամանակը, սակայն, ո՛չ, այն միայն սկսվում է, երբ ամենապարզունակ մանակական հեքիաթի մեջ անգամ կարող ես գտնել քո հարցերի ու ձախողումների պատասխանը։

Սիրելի հեքիաթներ շատ ունեմ, ու չգիտեմ, թե որն առավել կարևոր կլիներ պատմել. առնվազն երեքն այսօր, հավանաբար, տեղին կլինեին, բայց կա մեկը՝ առանձնահատուկ կերպով սիրելի հեքիաթը… Ես այն կարող եմ կարդալ անթիվ անգամներ, որովհետև յուրաքանչյուր ընթերցումից հետո ուզում եմ մոռանալ բովանդակությունն ու վերընթերցել այն։ Սա մի հեքիաթ է բոլորի համար, բայց առավել շատ, կարծում եմ, մեծերի, նրանց համար, որոնք ամենից քիչ են արժևորում ամենաթանկ և անվերադարձ կորսվող գանձը՝ ժամանակը։ Խոսքը Միխայիլ Էնդեի «Մոմո» հեքիաթի մասին է։

Սա հեքիաթ է մի աղջկա մասին, ով ուներ բոլորի մեջ մի յուրահատուկ, բացառիկ տաղանդ՝ լսելու ունակություն։ Անկեղծորեն երազում եմ, որ բոլորը, հատկապես այսօր, կարդան այն՝ ոչ թե պարզապես իրենց երեխաների համար, այլ հանու՛ն նրանց, հանուն բոլոր նրանց, ովքեր թանկ են իրենց կյանքում։

Հեքիաթի աղջիկն արքայադուստր չէ, ով ապրում է շքեղ պալատներում և ոչ էլ կախարդված գեղեցկուհի։ Նա մի անտուն, փոքրիկ աղջնակ է, որ ծվարել է քաղաքի մոռացված մի անկյունում, հնագույն ավերակների մեջ, ուր հաճախ այցելում են հետաքրքրասեր զբոսաշրջիկներն ու չարաճճի, արկածներ որոնող երեխաները։ Աղջիկը ոչ ոք չունի, ու մինչ այստեղ հայտնվելն ապրել է մանկատանը, որտեղ իր նման շատ մանուկներ տխուր ու ցավոտ գոյություն էին պահպանում։ Ավերակների մերձակա բնակիչներն իրենց համեստ մասնակցությամբ օգնել են աղջնակին տեղավորվել այստեղ, սակայն շատ մեծ է հարցականը, թե ով՝ ում է ավելի օգնել… Գոյության խնդիրն այս հեքիաթի ամենևին էլ կարևորագույն մասը չէ։ Գորշ պարոնները, որոնք մարդկանցից խաբեությամբ խլում են նրանց ամենաթանկ բարիքը, ստիպում են իմ հեքիաթի հերոսուհուն գնալ ու գտնել ա՛յն իմաստունին, ով կօգնի իրագործել մեծագույն հրաշքն ու ազատել նրանց…

Գեղեցիկ է այս հեքիաթը, ոչ տխուր, ոչ ուրախ, սակայն անթիվ խոհերով լեցուն… Սա մի կախարդական արկղիկ է, որը բացելուց հետո, այլևս չես ուզում փակել, ուզում ես, որ այն շարունակվի՜, շարունակվի՜… Հեքիաթը՝ Մոմոյի ու ժամանակի մասին…

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև