Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Արմենուհի Սիսյան․ «Յուրաքանչյուրը կոչված է ապրեցնելու իր հեքիաթը ու դրա իրավունքը տրված է նրան հենց իր ծնունդով»․ զրույց

 

Իմ կորցրած հեքիաթի հետքերն ինձ տարան այնտեղ, ուր չկար հեքիաթ. «Կյանքը հեքիաթ չէ,-ասացին,-սխալվել ես դու»: Շրջվեցի ինձ խղճացող հայացքներից, բայց ո°չ հեռանալու, այլ` փնտրելու մեկ ուրիշ կողմում:

Սիրտս ճմլվեց նրանց համար, որ չունեն հեքիաթ…

 

 «Մի բուռ լույս», Ա. Սիսյան

 

Ինչքան մեծանում, այնքան ավելի լուրջ եմ վերաբերվում հեքիաթներին: Մի անգամ ծանոթ մի խմբագիր ասաց ինձ. «Ինչու՞ հեքիաթ չես գրում»: Առանց վարանելու պատասխանեցի. «Հեքիաթ գրելու համար դեռ այդքան չեմ հասունացել»…

  Քանի դեռ փոքր ենք, լսում ենք հեքիաթը, մեծանալով, սկսում ենք կամ ապրել այն կամ  մերժել: Ո՞վ հնարեց, թե կյանքում ամեն ինչ պիտի ցավալի ու դաժան լինի, իսկ հեքիաթը՝ անիրական է ու կյանքում տեղ չունի: Հենց այդ պահից սկսած մենք փակում ենք դուռը բարու ու արդարության հանդեպ: Այդ մենք ենք սպանում հեքիաթը՝ ընդունելով, որ կանքում  չարիքն է գերիշխողը ու այդկերպ նրան հրավիրում մեր աշխարհ, մեր շուրջ: Իսկ չարիքը պարապ տեղ է փնտրում՝ խոր ու ամուր արմատներ գցելու համար: Մերժելով բարու հաղթանակը՝ մենք կոպտացնում ենք մեր սրտի լսողությունը, ու բարու թևածումը այլևս չի շոյում մեր միտքը: Թե կուզեք, մարդու կյանքը պիտի ուղղված լինի հենց բարու հաստատմանը՝ ամեն օր ու ամեն ժամ, սատանան յուրաքանչյուրիս թիկունքում դարանակալած հարմար պահի է սպասում՝ սևացնելու մեր մաքուր աշխարհը, ջնջելու հավատը բարու գերակայության հանդեպ: Ուզո՞ւմ ես հաղթի բարին, հաղթի՛ր, շուրջդ արդարությո՞ւն ես ուզում, եղի՛ր արդար, ուզում ես գեղեցի՞կ ապրել, ընտրի՛ր գեղեցիկը, շրջապատի՛ր քեզ նրանով… Յուրաքանչյուրը կոչված է ապրեցնելու իր հեքիաթը ու դրա իրավունքը տրված է նրան հենց իր ծնունդով: Այն հեքիաթը, որ շատ անձնական է, բայց և՝ տիեզերական, որ միայն իրեն է պատկանում, բայց և հավերժական է, որ փոքրուց սնել է իրեն ու լիացրել, բայց չի ավարտվել երբեք… Երանի նրան, ով ապրում է՝ պահպանելով հեքիաթի կանոնները: Հեքիաթ սիրողներն ամենաբարոյական մարդիկ են:

Շատ փոքր տարիքում ինձ պատմած հեքիաթները հիմա միահյուսված են ներկայանում՝ որպես մեկ ամբողջություն, բայց առանձնացնում եմ պապիկիս հեքիաթ պատմելու արարողությունը, երբ  բոլորում էր շուրջն իր թոռնիկներին ու պատմում նույն անվերջանալի հեքիաթը՝ իր հորինած զվարճալի անուններով, դանդաղ, ամեն բառն ու նախադասությունը երկարաձգելով, մինչև բոլորիս համբերությունը հատում էր ու սկսում էինք ծիծաղել նրա ասածների վրա… Այդ տարիքից, հավանաբար, իմ մեջ տպավորվել է հումորը՝ որպես հեքիաթի բաղկացուցիչ տարր: Ավելի «հասուն» մանկությանս պատումը եղել է Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը», որ միշտ մնաց սիրելի: Դա էլ, երևի, եղել է առաջին տեղեկությունը առ այն, որ սերը թախծալի բան է, իսկ այսօրվա դիտանկյունից՝ որ սերն ու մահը ձեռք ձեռքի են քայլում. որտեղ սեր, այնտեղ մահ, սիրո թիկունքում միշտ ծածուկ ժպտում է մահը, որ սերն էլ կարող է ծնվել նորից, ինչպես որ մարդը մահից հետո… 

Դեռ փոքրուց հեքիաթով դաստիարակում ենք փոքրիկին՝ սիրել  խիզախին, հիանալ գեղեցիկով, հանուն սիրելիի փորձություններ կրել, սուտ չխոսել ու համարյա բոլոր բարոյական չափանիշների հետ հաղորդակից դարձնում նրան: Եվ հանկարծ՝ վե՛րջ, մեծացար, ամեն բան անբարո է ու սուտ. նման սահմանազատման դեպքում նույնիսկ կյանքը կդառնա տհաճ մի պարտականություն: Հեքիաթը մեր կորսված հիշողությունն է, մեր մանկությունից բերած պատառիկը: Իսկ քանի որ «մենք բոլորս գալիս ենք մանկությունից», ուրեմն հեքիաթը մեր սկիզբն է. որքան երկարի, այնքան շողշողուն կուղենշվեն մեր ճանապարհները…

Հեքիաթը ինքնին ծայրից ծայր սեր է՝ հանուն ու համար, և այն կյանքին հակադրողները սահմանում են իրենց իսկ դատավճիռը՝ ապրելու կեղտոտ, մթին իրականության մեջ, ուր չկա ոչինչ զարմանալի կամ հրաշալի: Դրա հակոտնյան՝ հեքիաթը փայփայելն ու ապրեցնելն է: Այդ մե՞նք չենք ասում՝ հեքիաթային է, երբ հիանում ենք մի բանով… Այն պահից, երբ  դադարում ենք հիանալ կամ զարմանալ, ուրեմն դադարել ենք ապրել, պարզապես գերեզման դեռ չենք տեղափոխվել…

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև