Հարցազրույց

«Արժանապատիվ ապրելով են հաղթում». զրույց Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանի հետ

Գրականություն և կերպարվեստ. երբ հանդիպում են բառն ու գույնը․․․

 

— Կերպարվեստը և գրականությունն իրարից տարբեր, բայց, միևնույն ժամանակ, իրար օգնող, լրացնող, հարստացնող ոլորտներ են: Գույնը և՛ խոսք է, և՛ հույզ, և՛ երաժշտություն, և՛ տառապանք:

 

 

21-րդ դարի մարդու ներշնչանքը․․․

 

— Յուրաքանչյուր մարդու ներաշխարհը սեփականացված տարածք է. բանաձևել այն անհնար է: Այդ իսկ պատճառով այս հարցին դժվար է պատասխանել. նայած թե այդ տարածքում ինչ արժեքներով ու կողմնորոշիչներով են առաջնորդվում… Իսկ ներշնչանքի աղբյուր կարող են լինել մարդիկ՝ ծանոթ ու անծանոթ, մարդկային փոխհարաբերությունները կամ, օրինակ, նոր վայրերը՝ դարձյալ այնտեղ ապրող մարդկանցով: Այսօր, գուցե, ավելի բազմաշերտ է այս պրոցեսը ու ավելի բարդ, քան երբևէ. թվում է՝ ամեն բան արդեն հորինել են, ստեղծել… Իհարկե՝ դա միայն առաջին հայացքից… Մարդն ինքն ի՛ր համար կարող է դառնալ ներշնչանքի աղբյուր, օրինակ, երբ ձգտում է կատարելագործվել՝ կռիվ տալով ոչ միայն իր սխալների, այլև, ինչո՛ւ ոչ, ձեռքբերումների ու հաջողությունների հետ: Կարծում եմ՝ այսօր այս պայքարն ուղղակի անհրաժեշտություն է:

 

 

Երազանքի հասարակության մոդելը․․․

 

— Հասարակության հիմքում անհատն է՝ իր պատասխանատվությամբ ոչ միայն ու ոչ այնքան սեփական անձի, այլև դիմացինի հանդեպ… Մենք պիտի սկսենք ավելի կարգապահ լինել, շատ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենանք այն գործին, որը մեզ է բաժին հասել, և, իհարկե, չդադարենք երազել: Չէ՞ որ երազանքը շարժիչ ուժ է. առանց դրա անհատն ու հասարակությունը չեն կարող գոյատևել:

 

 

Գեղարվեստի ակադեմիան՝ աշխատավա՞յր թե՞ տուն․․․

 

— Ես մի փոքր այլ դիտանկյուն կտամ ձեր հարցին՝ փորձելով խոսել աշխատանքի ու ընտանիքի մասին, քանի որ ինչքան էլ սիրես աշխատանքդ, ինչքան էլ այն քեզ բերկրանք պարգևի, միևնույն է, այն ընտանիքի հետ նույն նժարի վրա չպետք է դնել: Տունն ու աշխատանքը երկու՝ իրարից խիստ տարբեր որակներ կրող աշխարհներ են, երկու տարբեր էներգիաներ՝ հավասարապես կարևոր և անփոխարինելի: Ընտանիքն էլ, աշխատավայրն էլ պահանջում են սեր, ուշադրություն և սահմանում պարտականություններ, որոնք պետք է անմռունչ կատարել՝ թույլ չտալով, որ մեկը մյուսին խանգարի:

 

 

Կյանքը պատերազմից առաջ և հետո․․․

 

— Կյանքը չի փոխվում, փոխվում են իրավիճակները: Պետք է ապրել վշտի բեռն ուսերին… Արժանապատիվ ապրելով են հաղթում: Մենք հարատևելու կոչված ազգ ենք:

 

 

Ամենասիրելի կտավը կամ նկարիչը․․․

 

— Յուրաքանչյուրն ունի իրեն հոգեհարազատ ստեղծագործությունը և հեղինակը, որոնք, սակայն, կարող են փոխվել՝ կապված մեր գեղարվեստական ընկալումների փոփոխման հետ: Ժամանակը երբեմն ի զորու է փոխելու գեղեցիկի ընկալման սահմաները, ոչ թե գեղեցիկի անատոմիան, նրա էությունը, այլ մարդու կողմից այն ընկալելու և նկատելու չափումները: Դրան նպաստում են նաև մեդիան և տեղեկատվական այն հոսքը, որն այսօր անկառավարելի է:

 

 

Ձեր կարդացած վերջին գիրքը․․․ 

 

— Ես շարունակ վերընթերցում եմ իմ սիրելի հեղինակներին, նրանց ստեղծագործություններն իմ ուղեկիցներն են: Իսկ վերջին կարդացած գիրքս Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքն էր:

 

 

Հետադարձ հայացք․․․

 

— Կցանկանայի նորից վերապրել դժվարություններով և հիասթափություններով լեցուն իմ գեղեցիկ տարիները:

 

 

 

Լուսանկարները՝  Էդիկ Վարդանյանի արխիվից

© Երևանյան Էսքիզ 2021

 

 

Զրուցեց՝  Մարգարետ Ասլանյանը

 

 

    

Ընթերցել նաև